10  #արվեստ #գյումրի #երիտասարդներ
Գյումրի․ Մշակութային մայրաքաղաքը, արվեստն ու այն ստեղծողները

Գյումրի․ Մշակութային մայրաքաղաքը, արվեստն ու այն ստեղծողները

PAN Photo-ն, բնականաբար, լուսանկարեց երիտասարդ արվեստագետներին իրենց իսկ արհեստանոց-արվեստանոցներում

Դժվար արդեն մոռացած լինեք, որ 2013-ին Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն էր։ Ծրագիրը մեկնարկեց հունիսի 30-ին, ավարտվեց՝ նոյեմբերի 12-ին։ Այդ ընթացքում 50 միջոցառում էր նախատեսված, որից 14-ը կազմակերպչական բնույթի ու նախապատրաստական էին: Այսպիսով, «Գյումրին` 2013-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի շրջանակում 36 միջոցառում անցավ։

PanARMENIAN.Net - «Ի սկզբանէ էր բանը» պոեզիայի, «Դուետ» թատերական միջազգային փա­ռատոնները, «Art EXPO» միջազգային ցուցահանդեսը, «Նավասարդյան խաղերը», «Մանկա­պա­տանեկան արվեստի հանրապետական ինտեգրատիվ փառատոնն» անցնում էին առաջին անգամ: Ծրագրի շրջանակում նաև վերաբացվեց Գյումրու Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» համար 6 երաժշտական դպրոցը:

Որոշեցինք հասնել Գյումրի, գտնել մշակույթի հետ անմիջական կապ ունեցող գյումրեցի երիտասարդ արվեստագետների ու մի քանի հարց տալ՝ ինչպիսի՞նը կուզեին տեսնել իրենց հարազատ Գյումրին, արդյո՞ք նրանց ինչ-որ բան տվեցին այդ միջոցառումներն ու ինչ է պակասում մշակութային մայրաքաղաքին մշակույթը զարգացնելու համար։ PAN Photo-ն էլ, բնականաբար, լուսանկարեց նրանց իրենց իսկ արհեստանոց-արվեստանոցներում։

Սուսաննա Մարտիրոսյան, գրաֆիկա

Կուզեի, որ Գյումրին մնար, ոնց կա, ոչինչ չփոխվեր, միայն իմ գույնն ավելանար: Այսինքն, այն արդեն ավելացած է, ուղղակի «պինդ» մնար: Իմ Գյումրին մնացած քաղաքներից տարբեր է. ինչո՞վ՝ հենց ինձնով՝ իմ աչքերով, իմ հայացքով ու տեսակետներով: Այստեղ ուղղակի ռիթմն է պակասում։ Այն ավելացել էր «Գյումրին՝ 2013-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» օրերին. մարդիկ աշխուժացել էին, միջոցառումների էին մասնակցում: Ես էլ այդ ընթացքում լավ ժամանակ անցկացրի, նոր ընկերներ գտա, նաև «մասնագիտական», ում հետ կապը պահպանում եմ։ Բայց այդ օրերն անցան, ու ամեն ինչ միանգամից մարեց։ Ուղղակի կուզեի մի քիչ ավելի երկար տևեր, քաղաքը միանգամից դատարկվեց...

Լևոն Ֆլջյան, գրաֆիկա

Չեմ կարծում, թե «Գյումրին` 2013-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» միջոցառումներն ինչ-որ օգուտ տվեցին, շատ պայմանական բնույթի էին: Մեկն ինձ, օրինակ՝ չէին հետաքրքրում, չնայած մասնակցեցի ցուցահանդեսներից մեկին, որովհետև չէի կարող չմասնակցել՝ իմ քաղաքում էր, կազմակերպիչն էլ՝ դասախոսս։

Իսկ վերաբերմունքս այդքան էլ դրական չէ, քանի որ չեմ հասկանում այդ գումարների ծախսն ու արդյունավետությունը։ Սկզբում մտածեցի՝ գուցե սխալվում եմ, հետո հասկացա՝ չէ, այդպես էլ կա։

Ընդհանուր առմամբ, կազմակերպվածություն չկար, ամենը մեկանգամյա էր։ Չեմ էլ կարող ասել՝ ինչն էր կոնկրետ պակասում ու ինչ պիտի արվեր. կարծում եմ՝ ավելի շատ մոտեցման հարց էր՝ պետք էր ավելի մեծ աշխատանք տանել։

Օրինակ, հատուկ կառույց ստեղծել, որը նախ կհետազոտեր, թե ինչն է կարելի զարգացնել, ու նոր կզբաղվեր այդ ամենով։ Միջոցառումներն անցան՝ ոչինչ չմնաց, հետք էլ․ ինչ բերել էին՝ հավաքեցին, տարան հետները։ Ծախսերն իրենց չարդարացրին․․․

Իսկ ինչ վերաբերում է հենց քաղաքին, ապա Գյումրիում պետք է փոխել հետխորհրդային վատը՝ կառույցները, ավանդույթները, որոնք հնացել են, մնացել են միայն աբսուրդները, որոնցով քաղաքն առանձնանում է…

Հրաչ Վարդանյան, նկարիչ

«Գյումրին` 2013-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» շրջանակում մասնակցեցի մի խմբակային ցուցահանդեսի, բայց դա մասնակցություն չեմ համարում։ Գյումրին մշակութային մայրաքաղաք դարձնելուց առաջ պիտի նախ մարդկանց անհրաժեշտությունները հաշվի առնեին, ինչը չարվեց, քանի որ մեր երկրում ամեն ինչ ձևական է։ Չեմ բողոքում, ուղղակի կարծում եմ, որ այդ միջոցառումը քաղաքի համար հաջողված չէր․ այն անցավ, գնաց, ու որևէ հետք չթողեց։ Կարելի էր, օրինակ, դասախոսություններ անցկացնել, ուսումնասիրություններ անել. պետք է քաղաքի իրական արժեքը հասկանային, ինչպես նաև այստեղ ապրող մարդկանց արժեքը, բայց չարեցին։

Իսկ Գյումրին իրականում շատ խորհրդավոր քաղաք է, որևէ ստանդարտի չենթարկվող: Այստեղ թարմություն կա, Արագած սար կա, որը քաղաքի թագն է, որով այն տարբերվում է մյուսներից: Ավելորդը միայն սուտն է, որ քաղաքին հարազատ չէ։

Վահագն Ղուկասյան, գեղանկարիչ

«Գյումրին՝ 2013-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» շրջանակում միջոցառումներից շատերին եմ մասնակցել՝ 2 ցուցահանդեսի, քանդակի միջազգային սիմպոզիումի․ մնացածին ոչ ուղղակի, բայց առնչվել եմ։ Մասնագիտական տեսանկյունից քանդակի սիմպոզիումը որակական առումով շատ բան տվեց, արտասահմանից հայտնի մարդիկ էին եկել, որոնցից ինչ-որ բաներ սովորեցինք, կապեր հաստատեցինք։ Թե քաղաքի, թե մեզ՝ արվեստագետներիս վրա այդ ամենը դրական ազդեց։ Հիմա էլ Գյումրիում պիտի քանդակի պուրակ ստեղծվի, որը քանդակի թանգարան կդառնա, կարծում եմ՝ այս ամենը շարունակական կլինի։

Նաև հույս ունենք, որ քանդակի սիմպոզիումն ամենամյա կդառնա։ Մի քանի ծրագրեր կային, որ չկայացան․ մասնավորապես՝ Գեղարվեստի ակադեմիան ու Գյումրիի նկարիչների միությունն ուզում էին նաև նկարչության միջազգային սիմպոզիում անցկացնել, բայց չստացվեց։ Ամեն դեպքում, քաղաքի համար այդ ամենն աշխուժություն էր։ Ուղղակի այստեղ պետք է փոխել մշակույթի հանդեպ մարդկանց վերաբերմունքը: Քաղաքում յուրահատուկ կոլորիտ կա, տաղանդավոր մարդկիկ, հումորով ու ջերմ։

Գոհար Մարտիրոսյան, գրաֆիկա

«Գյումրին՝ 2013-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» անունը կրում էր, բայց ենթատեքստային առումով։ Պետք է խորանաս այստեղի կյանքի մեջ՝ հասկանալու, որ այդ անունը քաղաքը կրում է մեծատառով։ Կարծում եմ, միջոցառումները Գյումրիին հեռանկարներ տվեցին ։ Այստեղ կան այն արվետսգետները, որոնք չկան աշխարհում՝ իրենք մաքուր մշակույթի կրող են, որը «դրսի» ազդեցությունը չունի, քանի որ Գյումրին փակ քաղաք է։ Իհարկե, կային բաներ, որ կարելի էր անել։ Մեր քաղաքը կոմունիկատիվ չէ ու լավ կլիներ, որ երկարատև փառատոններ լինեին, որոնք դրսի հետ կապ կապահովեին։

Կան կարծրատիպեր, որոնք կուզեի կոտրվեն։ Օրինակ՝ Գյումրին նորը չի ընդունում։ Ինքս էլ վատ էի տրամադրված այդ օրերին կազմակերպված միջոցառումներին, կարծում էի՝ ցածր մակարդակով են արվել։ Բայց այդքան էլ այդպես չէր՝ լավ բաներ էլ կային։ Արդյունքում իմ մեջ էլ ինչ-որ կարծրատիպ կոտրվեց, ուզում եմ, որ մյուսների մոտ էլ այդպես լինի։

Մամիկոն Միքայելյան, քանդակագործ

Միջոցառումներից ոչ մեկին չեմ մասնակցել, բայց այդ օրերին ինչ-որ դրական շարժ կար քաղաքում։ Ամեն դեպքում, եթե ասվում է արվեստի ու արհեստի մայրաքաղաք, ուրեմն այն իր կոլորիտով ու միջավայրով պիտի լինի այդպիսինը։

Կարծում եմ՝ այդ օրերին Գյումրին մի քանի որով ազատվեց միօրինակ լինելուց, դա արդեն իսկ տեղաշարժ էր։ Մեր քաղաքն ամեն ինչով տարբերվում է, շատը՝ մտածելակորպով: Ավանդապահ քաղաք է, այստեղ մարդիկ ավելի խստապահանջ են: Բայց կուզեի մի բան փոխվեր՝ մարդկանց մտածելակերպը, որ արվեստագետին ինչ-որ յուրահատուկ աչքով չնայեն. ինքն ընդամենը շրջապատի մի մասնիկն է: Մի քիչ էլ կուզեի արվեստը հասկանային:

Մի բան էլ՝ ինչ-որ բան անելուց առաջ մեր ղեկավարները լավ կլիներ մի քիչ մտածեին․ օրինակ՝ քաղաքը միջոցառման վերջին օրով չսկսեին տեսքի բերել ու ասֆալտ փռել․ ծույլ աշակերտի պես ամենը վերջին օրվա էին թողել։ Մեր երկրում միայն այն ժամանակ դրական տեղաշարժ կլինի, երբ ամեն անհատ, ամեն մարդ իր գործով զբաղվի ու լուրջ վերաբերվի իր մասնագիտությանը, դա է միակ «բանալին»։

Ալեքսեյ Մանուկյան, գեղանկարիչ

Մարդկանց հույսն ու հավատը կորել է: Գյումրին համարում են արվեստի ու արհեստի քաղաք, բայց իրականում դա այդպես չէ: Ամեն ինչ կոսմետիկ է, կպցրեցին մշակութային քաղաքի պիտակը, սակայն պետական մակարդակով գործ չարվեց:

Այդ միջոցառումներից ոչ մեկին չեմ մասնակցել, որովհետև քաղաքային իշխանությունների հետ կապ չունեմ։ Բացի այդ, տարվա կեսը Եվրոպայում էի՝ նախագծերով։ Շատ ոգևորված ու խանդավառված էլ չէի այդ ամենով։ Դա գյումրեցիներին համոզելու, ծանր սոցիալական վիճակները մեղմացնելու, «դուխ տալու» միջոց էր, որովհետև Գյումրին շատ ծանր վիճակում է։

Մինչև ինչ-որ ստատուս տալը պիտի ինֆրաստրուկտուրա զարգացնել, հետո նոր մնացածը։ Միջոցառումները կառավարման տեխնոլոգիաներից մեկն էին՝ մյուս խնդիրները կոծկելու համար։ Այդ ընթացքում ոչ մի գյումրեցի ժամանակակից արվեստագետ անհատական ցուցահանդես չունեցավ։ Մենք այստեղ որպես արվեստագետ պահանջված չենք։ Իշխանություններին ձեռնտու չէ, որ մտավորականներն ակտիվանան։ Գյումրիում ծանր կացության մեջ են, իսկ ես, օրինակ, իմ արվեստով սոցիալական հարցեր եմ բարձրացնում, ինչն իրենց ձեռնտու չէ։

Կարեն Բարսեղյան, նկարիչ

Միջոցառումների մասին հասարակությունը տեղեկացված չէր, կարճ ժամանակահատվածում էր ամեն ինչ արվել ու տեղյակ չէին պահել։ Գիտեինք, որ Գյումրին պիտի մշակութային մայրաքաղաք դառնա, ծրագիր ունեինք, որն ուզում էինք առաջարկել ու դրանով մասնակցել։ Բայց երբ իմացանք՝ արդեն ուշ էր, չկարողացանք ներկայացնել։

Կարծում եմ՝ սովորական միջոցառում էր։ Այն ոչ մի կերպ չօգնեց ոչ քաղաքին, ոչ էլ արվեստին։ Իսկ ես կուզեի Գյումրին արվեստի քաղաք դառնար, ճիշտ արվեստի քաղաք: Առաջ այն տարբերվում էր իր կոլորիտով, բայց հիմա սկսել են փչացնել:

Ուղղակի արվեստի հետ կապ չունեցող ինչ-որ քայլ էր քաղաքականությունում, որ պետք է անեին։ Այն ոչ մի հետք չթողեց։ Դա միայն իմ կարծիքը չէ, կարող եք Գյումրիում սովորական անցորդին կանգնեցնել ու հարցնել՝ բոլորը կասեն, որ ոչ մի հետք չմնաց։

Արաքսյա Ասատրյան, նկարչուհի

2013-ին կազմակերպված միջոցառումներին չեմ մասնակցել՝ քաղաքում չէի։ Առհասարակ կարծում եմ, որ նման միջոցառումները շատ են անհարժեշտ, բայց միայն եթե այդ ամենն իրոք որակով արվի, իսկ ես չեմ կարող հաստատ ասել, որ դրանք այդպիսինն էին ։ Եթե այդ ծրագիրը լավը լիներ, ինչ-որ բան կփոխվեր, ինչը չեմ տեսնում։ Հա, ինչ-որ բան փոխվում է, բայց դեռևս միայն դեպի վատը։ Կուզեի, որ այստեղ կյանքն ավելի ակտիվ լիներ ու մարդիկ այնքան հնարավորություններ ունենային, որ չթողնեին ու գնային:

Աշոտ Միքայելյան, նկարիչ-քանդակագործ

«Գյումրին՝ 2013-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» երևույթն ինքնին դրական է (բայց լոգոտիպը շատ խղճուկ էր), ուղղակի այդ դաշտը Հայաստանում մոնոպոլիզացված է, ինչպես և մնացած ամեն ինչը: Բայց նման միջոցառումներին առհասարակ լուրջ չեմ վերաբերվում:

Գյումրին այն ժամանակ մշակութային քաղաք կամ մայրաքաղաք կդառնա, երբ քավոր-սանիկային հարաբերություններն էլ չգործեն: Հիմա քաղաքը մի տեսակ «սառած» վիճակում է. հա, փորձում ենք ինչ-որ կյանք տալ, բայց դեռ 1988-ի վերքերը չեն լավացել: Այստեղ հիմնականում մտածում են օրվա հացի մասին, շատերի համար դա գրեթե անլուծելի խնդիր է: Էլ ժամանակ ու տրամադրություն չի մնում արվեստի կամ մնայում գաղափարների համար:

Ցուցահանդեսներն ինքնանպատակ են դառնում, մտածում ես՝ խոսե՞լ, եթե քեզ չեն լսում: Բայց շարունակում ենք խոսել, ասել, գոռալ՝ հուսալով, որ մի տեղ կլսվենք: Ամեն դեպքում՝ չեմ հուսահատվում, մեր քաղաքում լույս եմ տեսնում, դրա համար էլ մինչև հիմա այստեղ եմ: Հավատում եմ ապագային՝ մի օր լավ է լինելու:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, Հրանտ Խաչատրյան, Վարո Ռաֆայելյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---