Գյուղացուն խաբու՞մ են. Գյուղվարկերը թեկուզ կայացել են, բայց դեռ երկար են ու թանկ

Գյուղացուն խաբու՞մ են. Գյուղվարկերը թեկուզ կայացել են, բայց դեռ երկար են ու թանկ

Երկու-երեք տարին չնչին ժամանակ է․ օրինակ, անասնապահության մեջ ներդրված գումարները սկսում են օգուտ տալ միայն 4-րդ տարուց սկսած, ասում է գյուղացին

Որքան էլ գյուղատնտեսության վարկավորումը Հայաստանում զարգացած է, այն շարունակում է խոցելի մնալ, քանի որ թե տոկոսադրույքներն են ընդհանուր առմամբ բարձր, թե տրամադրվող ժամանակահատվածն է կարճ, թե գյուղացիների ու ֆերմերների անտեղյակությունն է մեծ:

PanARMENIAN.Net - 15 տեղական, ազգային ու միջազգային կազմակերպությունից կազմված «Գյուղատնտեսական դաշինքի» անդամներից մեկի` Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի` 6 մարզի ավելի քան 50 համայնքում բնակվող 1000 ֆերմերի շրջանում անցկացրած ֆինանսական գրագիտության թեմայով սեմինարների արդյունքները ցույց են տվել, որ ֆինանսական գրագիտության առումով իրավիճակը գյուղական համայնքներում անհուսալիորեն մտահոգիչ է:

«Բանկերն ու վարկային կազմակերպությունները, ոչ թափանցիկ աշխատաոճով, վարկավորման բարդացված գործիքների միջոցով, ըստ էության, խաբում են գյուղացուն: Վարկառուն իրականում չի պատկերացնում, թե ինչ է արժենում որպես վարկ վերցվող գումարը»,- նշել է դաշինքը տարածած հայտարարության մեջ:

2011-ին ստեղծված «Գյուղատնտեսական դաշինքի» կազմակերպությունները միավորել են իրենց ջանքերն ու փորձը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:

Դաշինքն առաջարկում է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով վարկային պայմանագրում ոչ միայն անվանական, այլև տարեկան փաստացի տոկոսադրույքի մասին նշելու պարտադրանքը կիրառել նաև գյուղատնտեսական վարկավորման պարագայում:

«Օրինակ՝ բանկ կա, որն ասում է 12 տոկոս վարկ է տալիս, մյուսն էլ ասում է՝ 14 տոկոս։ Հիմա գյուղացին ի՞նչ իմանա, թե որ վարկը ավելի էժան կնստի իր վրա: Բացի այդ, վարկատու կազմակերպությունները պետք է թափանցիկ լինեն», – ըստ Tert.am-ի` ասել է Դաշինքի անդամ, «Հորիզոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Մովսեսյանը:

Ու մինչ գյուղնախարարությունից ասում են, որ Դաշինքի առաջարկությունն առանձին ուսումնասիրության և համակողմանի քննարկման անհրաժեշտություն ունեցող հարց է, հաճախ վարկ վերցնող գյուղացիներից ոչ բոլորն են համաձայնում կամ գիտակցում, որ, գուցե, իրենց մոլորեցնում են:

Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ Աղվան Առաքելյանը չի էլ հիշում այն ժամանակները, երբ բանկերին գումար պարտք չի եղել: Նրա ընտանիքը ձմերուկ, սեխ ու պղպեղ է աճեցնում, որի համար էլ սովորաբար գյուղատնտեսական վարկեր է վերցնում ու դրանք վերադարձնում բերքը վաճառելուց հետո:

«Մի միլիոն դրամ վերցնում ես` երկու տարվա մեջ 150 հազար պիտի իրանց տաս դրա համար»,- PanARMENIAN.Net ին ասաց Առաքելյանը:

Նա նշեց, սակայն, որ իրենք նախապես ներկայացվածից ավելի տոկոսագումար չեն վճարել. «Դրանց վատն այն է, որ պիտի իրանց ասած ժամանակին պարտականություններդ կատարես` մուծես, որ պարտք ու պահանջ չունենաս, թե չէ էլ չեն տա: Մեր վերցրածի պայմանը սենց է` ամսական չես տալիս, վերջում ես տալիս, ես էլ բերքի սեզոնին ծախում` տալիս եմ, էլ պարտք չեմ մնում, մինչև մյուս տարի նորից եմ վերցնում»:

Ըստ PanARMENIAN.Net ին գյուղատնտեսության նախարարությունից տրամադրված տվյալների` ներկայումս գյուղատնտեսական վարկերը բաժանվում են երկու խմբի.

• պետական ծրագրերի շրջանակում տրամադրվող վարկեր, օրինակ, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ ՀՀ կառավարության կողմից ընդունված կարգին համապատասխան տրամադրվող վարկեր,

• տարբեր բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից գյուղացիներին տրամադրվող վարկեր, որոնք իրականացվում են պետական ծրագրերի շրջանակից դուրս:

Գյուղատնտեսության վարկավորման ծավալը Հայաստանում գերազանցում է 100 մլրդ դրամը: 2013-ին գյուղատնտեսության պետական բյուջեի հատվածն ընդամենը 12 մլրդ դրամ է, ու դրանից 1,2 մլրդ-ն է ուղղակի օգնություն` 635 մլն դրամը վարկերի տոկոսադրույքի ֆինանսավորում և 550 մլն դրամը սերմացուի ձեռքբերում: Կառավարությունը վճարում է տարեկան 14 տոկոսով տրվող սուբսիդավորվող վարկերի 4-6 տոկոսը:

Հայաստանում գյուղատնտեսական վարկավորման առաջին բանկերից մեկի` ACBA Credit Agricole Bank-ի Կոտայքի մարզի Գեղարդ միավորման նախագահ Արթուր Հարությունյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ իրականում գյուղացիներն իմանում են` որքան տոկոս են վճարելու, սակայն, օրինակ, ստիպված համակերպվում են միջնորդավճարների հետ:

«Օրինակ, եթե 4 մլն դրամ վարկ են տալիս, 3 տոկոս միջնորդավճար են պահում` 120 հազար դրամ, բայց այդ գումարի վրա տոկոսն աշխատում է: Մարդիկ գիտեն` իհարկե, սրա մասին, ուղղակի տարբերակ չունեն»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ հիմա մինչև 2,5 մլն դրամ վարկ են տրամադրում վարկային լավ պատմություն ունեցողներին:

Նրա կարծիքով` գյուղվարկերի տոկոսադրույքներն իջեցնելուն ու ավելի մեծ գումար տրամադրելուն զուգահեռ նաև շատ կարևոր է, որ վարկերի ժամկետները երկարացվեն:

«Երկու-երեք տարին շատ չնչին ժամանակ է, օրինակ, անասնապահության մեջ ներդրված գումարները սկսում են օգուտ տալ միայն 4-րդ տարուց սկսած: Քանի որ մարդկանց ավելի քիչ ժամանակով են տալիս, ստիպված բանկերի վարկերի տոկոսները մարելու համար վարկային կազմակերպություններից են վարկ վերցնում: Ընտանիքներ կան, որտեղ երեք անդամն էլ վարկ ունի»,- պատմում է Հարությունյանը:

Որպես հնարավոր լուծում նա դիտարկում է` նույն բանկերի կողմից վարկերի վերահաշվարկումն ու ժամկետների երկարացումը:

«Բանկերը շատ դանդաղ են փոխում պայմանները: Մի քանի տարի իրար վրա երկու տարով էին տալիս, հիմա հազիվ դարձրել են երեք տարի»,- նշեց Հարությունյանը:

Գյուղատնտեսության վարկավորմամբ հիմնականում զբաղված են մի քանի կազմակերպություն ACBA Credit Agricole Bank-ը, Յունիբանկը, ՎՏԲ-Հայաստան բանկը, Ինեկոբանկը, Արդշինինվեստբանկն ու այլ բանկեր, ինչպես նաև Ֆինկա, Արեգակ, Կամուրջ վարկային կազմակերպությունները: Գյուղացիական վարկատուներից ամենամեծ պորտֆելն ունի ACBA բանկը` մոտ 52 մլրդ դրամ: Վարկերը տրամադրվում են 1-7 տարի ժամկետով:

Բանկի և վարկային կազմակերպությունների վարկավորման մեխանիզմներն արմատապես տարբերվում են: Վարկային կազմակերպություններն իրականացնում են միկրովարկավորում, որի տոկոսադրույքները կենտրոնական բանկի կողմից չեն սահմանափակվում և կարող են գերազանցել տարեկան 30 տոկոսը:

«Բարձր տոկոսադրույքների վերաբերյալ բողոքները հիմնականում այս սեգմենտին են վերաբերում: Սակայն հարկ է նշել, որ միկրովարկավորումը (կարճ ժամկետով, առավելագույն պարզեցված ընթացակարգերով, սակայն բարձր տոկոսադրույքով փոքր վարկեր) ամբողջ աշխարհում էլ թանկ է սովորական վարկերի նկատմամբ, իսկ ԱՊՀ որոշ երկրներում դրանց տոկոսադրույքը գերազանցում է 50 տոկոսը»,- նշեց տնտեսագետ Սամվել Ավագյանը:

Նրա տվյալներով` միկրովարկավորումը Հայաստանի գյուղատնտեսության վարկավորման մեջ էական դերակատարում չունի և չի գերազանցում ընդհանուր վարկերի 7-8 տոկոսը:

Հայաստանի Ֆինանսական հաշտարարի համակարգի գրասենյակ վարկերին վերաբերող խնդիրներով գյուղացիները հաճախ չեն դիմում:

Գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Աշոտ Ղոչիկյանը PanARMENIAN.Net ին ասաց` անգամ տեսահոլովակ են պատրաստել, որով զգուշացնում են գյուղացիներին` գյուղվարկերը նպատակային օգտագործել, քանի որ հակառակ դեպքում կարող են խնդիրներ ունենալ.

«Նպատակային չեն օգտագործում, վարկային մասնագետը գնում է, իրականացնում է մոնիտորինգ ու ամբողջ գումարը հետ է ուզում, քանի որ պիտի կոմբայն գնեին ու չեն գնել, օրինակ»:

Ղոչիկյանը նաև խորհուրդ է տալիս, որ գյուղացիները համեմատեն վարկերն ու իրենց ամենահարմար ընտրությունը կատարեն, ու ուշադրություն դարձնեն այնպիսի պայմաններին, ինչպիսիք, օրինակ, միջնոդավճարնեն ու վարկերը վաղաժամ մարելու պայմաններն են: Սակայն, ըստ «Գյուղատնտեսական դաշինքի», հենց այս հարցերում է, որ գյուղացիների ֆինանսական գրագիտությունը բավարար չէ:

Սամվել Ավագյանն ասում է` աշխարհի երկրների մեծ մասում գյուղատնտեսությունը պետությունից լուրջ աջակցություն է ստանում, նույնիսկ զարգացած երկրները չեն հրաժարվում սուբսիդավորումից, վնասների փոխհատուցումից: Նրա տվյալներով` Թուրքիան, օրինակ, պետականորեն սուբսիդավորում է գյուղացիական տնտեսությունների 90 տոկոսը, Ադրբեջանում պետական բյուջեից տարեկան մոտ 600 մլն դոլար են տալիս գյուղատնտեսության աջակցության համար, Վրաստանում` մոտ 300 մլն դոլար, իսկ Իրանն ընդհանրապես փակ շուկա է ստեղծել իր տեղական արտադրության գյուղմթերքների համար: Մինչդեռ Հայաստանում այդ աջակցությունը շատ փոքր է:

Այս պայմաններում, ըստ Ավագյանի, զարգացել է գյուղատնտեսության վարկավորման մեխանիզմը.

«Այդ առումով առաջ ենք ԱՊՀ բոլոր պետություններից ու մեր հարևաններից: Գյուղատնտեսության վարկավորումը մինչև այսօր էլ գյուղատնտեսության ֆինանսավորման հիմնական գործիքն է, ու դրա շնորհիվ Հայաստանում գյուղատնտեսության ապրանքայնության աստիճանը զգալի գերազանցում է հարևան երկրներին»:

«Ապրանքայնությունը ցույց է տալիս, թե բերքի որ մասն է հանվում շուկա: Արարատյան դաշտում ունենք գյուղատնտեսության ապրանքայնության գրեթե 90 տոկոս, այնինչ հարևան Վրաստանում այդ ցուցանիշը 30 տոկոսի կարգի է: Այն, որ Արարատյան դաշտի գյուղացիությունը, մասամբ նաև լեռնային ու նախալեռնային շրջանների գյուղացիությունը կարողացել է բաց շուկայական պայմաններում կենսունակ մնալ, մեծապես հետևանք է վարկավորման արդյունավետության»,- նշեց տնտեսագետը:

Անդրադառնալով տոկոսադրույքներին ու վարկերի ժամկետներին` Ավագյանն ասում է` գյուղացիությունն ավելի արտոնյալ վարկեր կարող է ստանալ միայն եթե պետության կողմից սուբսիդավորվող վարկերի տեսակարար կշիռն ավելանա:

«Բայց գյուղատնտեսության համատարած սուբսիդավորում սկսելը ևս ռիսկեր է պարունակում, քանի որ գյուղացիությունը սովորում է այդ սուբսիդիաներին և դրանցից կախմանմեջ ընկնում: Գյուղացիական վարկավորումն անհամեմատ ավելի արդյունավետ միջոց է, քան անհատույց սուբսիդավորումը»,- ասում է փորձագետը:

Նրա խոսքով, գյուղացու վճարունակության պահպանման համար շատ ավելի կարևոր է մթերման ճիշտ կազմակերպումը, մթերողների կողմից ժամանակին վճարումը և մթերման ճիշտ գների սահմանումը. «20 դրամով ծիրան հանձնող գյուղացին շատ ավելի է կորցնում, քան 30 տոկոսով վարկ վերցնող գյուղացին»:

Սառա Խոջոյան / PanARMENIAN.Net
Հղումներ թեմայով.
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---