Հետխորհրդային հանրաքվեներն ու Արևմուտքը․ Տարբեր ընկալումներ

Հետխորհրդային հանրաքվեներն ու Արևմուտքը․ Տարբեր ընկալումներ

ԱՊՀ երկրներից բացի «անջատման» հիվանդությունը համակել է նաև Արևմուտքի երկրներին՝ Իսպանիային, Կանադային, Մեծ Բրիտանիային

Հետխորհրդային բոլոր այն երկրների առաջնորդները, որոնք զրկվեցին այն տարածքներից, որ ճիզվիտաբար նրանց էր հանձնել Ստալինը «հնազանդության» համար, մի ընդհանուր բան ունեն: Ամեն անգամ իշխանության գալով Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, նախագահները, իսկ հիմա արդեն նաև Ուկրաինայի նոր իշխանությունները բարձրագոչ հայտարարում են՝ մեր հողից ոչ մի թիզ չենք զիջի: Քչերն են հիշում, որ հողն իրենցը չէ ու տալ-չտալու հարց չկա՝ ուղղակի այդ տարածքում ապրող ժողովուրդը վերադարձրել է այն, ինչն անարդարացիորեն խլել էին իրենից:

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը բաժին ընկավ Ադրբեջանին Բաքվի նավթի պատճառով, որը միշտ հաջողությամբ են խաղարկել ադրբեջանցի առաջնորդները, այս դեպքում դա Նարիման Նարիմանովն էր: Նախիջևանի մասին չկրկնվեմ՝ Ադրբեջանն այն ստացավ որպես ընծա քեմալիստական Թուրքիայից, որը ոչ մի իրավունք չուներ այդ շրջանի հանդեպ:

Վրաստանը ստացավ Աբխազիան ու Հարավային Օսեթիան «հնազանդության» դիմաց՝ գոհացնելով վրաց ազգայնականներին, ինչպես և Ջավախքի տարածաշրջանը: Հարավային Օսեթիայի դեպքում առավել ևս անհասկանալի է՝ օսերին կիսեցին ու մի մեծ գլխացավանք ստացան:

Պարզ չէ Մերձդնեստրի հարցը՝ 1939 թվականին Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի ստորագրումից հետո ԽՍՀՄ-ին միացան Բեսարաբիան, Արևմտյան Ուկրաինան ու Բելառուսը: Այնուամենայնիվ, Դնեստրի ձախակողմյան մասը որոշեց անկախանալ Մոլդովայից: Բանն այն է, որ ԽՍՀՄ տարիներից Մոլդովայի ամբողջ արդյունաբերությունը կենտրոնացած է հենց Դնեստրի ձախ ափին, իսկ Բեսարաբիայում գերակշռում էր գյուղատնտեսությունը, դա Ռումինիայի ամենաաղքատ գավառն էր:

Իսկ Ղրիմի դեպքում «լավ չստացվեց». Նիկիտա Խրուշչովը որոշեց «հիշել հայրենիքն» ու նրան նվիրեց Ղրիմի թերակղզին, չնայած այդ քայլի ողջ անհեթեթությանը: Այժմ, նաև այն ժամանակ, դա բացատրում էին ու բացատրում են թերակղզու զուտ տնտեսական դժվարություններով, ինչն անլուրջ է. չի կարող հանգստավայրն անշահութաբեր լինել: Այլ բան, որ զբոսաշրջությունն Ուկրաինայում, ինչպես և ընդհանուր առմամբ ԽՍՀՄ-ում, բոլորովին չէր զարգանում: Իսկ այժմ Ուկրաինայի նախագահի թեկնածուներն անընդհատ կրկնում են՝ չենք տա, չենք զիջի: Դե ինչ, նրանց գործն է: Այդպես էին ասում ու ասում են նաև Միխայիլ Սահակաշվիլին ու Իլհամ Ալիևն՝ ապարդյուն, արդյունք չէր էլ կարող լինել:

Բայց ահա թե ինչն է հետաքրքիր՝ պարզվում է, որ հանրաքվեները տարբեր են լինում: Այնտեղ, որտեղ ձեռնատու է Արևմուտքին, հանրաքվեի արդյունքներն ու անջատումը ճանաչվում են, դրա վառ օրինակն է Կոսովոն: Մյուս բոլոր դեպքերում ժողովրդի կամարտահայտությունը ոչ մի նշանակություն չունի:

Այնուամենայնիվ, ԱՊՀ երկրներից բացի «անջատման» հիվանդությունը համակել է նաև Արևմուտքի երկրներին՝ Իսպանիային, Կանադային, Մեծ Բրիտանիային: Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների մեծ մասը արտահայտվեց Կատալոնիայի անկախությունը որոշող հանրաքվե անցկացնելու դեմ: Իսպանիայի պատգամավորների քննարկումները կոնգրեսում ավարտվեցին հանրաքվեի հակառակորդների համոզիչ հաղթանակով՝ 299 դեմ, 47-ը՝ կողմ, մեկ ձեռնպահ: Երեք կատալոնական կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք կողմ էին ինքնավար տարածաշրջանի անջատմանը, քվեարկության ավարտին հավաստիացրեցին գործընկերներին, որ սրանով գործը չի ավարտվում, և որ սկսված գործընթացն անդառնալի է:

Եթե անդրադառնանք պատմությանը, որին դեպքերի մեծ մասում ապավինում են անկախացման ձգտողները, XII դարում Բարսելոնայի կոմսի ու Արագոնի թագավորական տոհմերի ժառանգների ամուսնության արդյունքում Կատալոնական կոմսությունը միացավ Արագոնի թագավորությանը, որը միջին դարերում հզոր առևտրային ու ծովային տերություն էր: Կատալոնա-արագոնական թագի քաղաքական ու իրավաբանական անկախությունը պահպանվեց մինչև 1714 թվականը, երբ գահ բարձրացավ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V-ը: Այդ օրվանից արդեն կատալոնացի ժողովուրդը ստիպված եղավ պայքարել իր իրավունքների ու ազատությունների վերականգնման համար: Առաջին անգամ Կատալոնիան փորձեց անջատվել Իսպանիայից 1871 թ., սակայն բանակցությունների արդյունքում մնաց Իսպանական թագավորության կազմում: Այնուամենայնիվ, պայքարը շարունակվում է:

Եվս մեկ օրինակ՝ Քվեբեկի նահանգը Կանադայում: Քվեբեկի կուսակցությունը (QP), որը հանդես է գալիս Կանադայի այդ նահանգի ինքնավարության ընդլայնման օգտին, ընդհուպ մինչև անկախացումը, ջախջախիչ պարտություն կրեց ընտրություններում: Երկուշաբթի տեղի ունեցած քվեարկության արդյունքում անջատողականները հավաքեցին ձայների 25,4 տոկոսը՝ ստանալով 30 տեղ խորհրդարանում: Հաղթեց Ազատական կուսակցությունը, որին սատարեց ընտրողների 41,5 տոկոսը: Ֆիլիպ Քուայրի գլխավորությամբ ազատականները ստացան 70 տեղ խորհրդարանում: Առաջիկա տարիներին անկախացման կողմնակիցները ստիպված կլինեն հրաժարվել Կանադայից անջատվելու վերաբերյալ հանրաքվեի մտքից: Նախորդ քվեարկությունները՝ 1980 և 1995 թթ. անցկացվել են հենց Քվեբեկի կուսակցության նախաձեռնությամբ: Երկու անգան էլ անկախության կողմնակիցները փոքրամասնություն կազմեցին, սակայն 19 տարի առաջ տարբերությունն ընդամնեը 1,16 տոկոս կազմեց:

Եվ վերջապես Շոտլանդիան, որն անկախության հանրաքվե է մտադիր անցկացնել 2014 թ. սեպտեմբերի 18-ին: Եթե Շոտլանդիան անկախանա Մեծ Բրիտանիայից, երկրի պետական պարտքը կկազմի 143 մլրդ ֆունտ ստերլինգ և նա ստիպված կլինի հրաժարվել անգլիական արժույթից: Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարն արդեն հայտարարել է, որ Բրիտանիայի հետ միասնական արժույթի մասին խոսք լինել չի կարող: Եթե բնակիչների մեծ մասը քվեարկի անկախացման օգտին, Շոտլանդիան անկախ կհռչակվի 2016 թվականի մարտի 24-ին: Մինչ այդ Էդինբուրգն ու Լոնդոնը կպայմանավորվեն անջատման պայմանների մասին: Երկրի այժմյան սահմանները գոյություն ունեն 1707 թվականից, երբ ստորագրվեց Անգլիայի և Շոտլանդիայի միջև Համաձայնության ակտը:

Իսպանիան, Կանադան ու Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն խեղդի անկախությունն արյան մեջ՝ տնտեսական լծակներն ավելի հուսալի են ու գործուն: Սակայն, հենց այդ մասին չեն մտածում հետխորհրդային տարածքում:

Եվ վերջինը. Մոլդովայի հարավում կոմպակտ բնակվող էթնիկ բուլղարացիները պահանջում են Քիշնևից հատուկ կարգավիճակ շնորհել շրջանին Մոլդովայի կազմում: Տարակլիա քաղաքի բնակիչների 72 տոկոսը բուլղարացիներ են և նրանք չեն ուզում միանալ մեկ այլ շրջանի: Բուլղարացիները պահանջում են Մոլդովայի խորհրդարանից օրենք ընդունել Մոլդովայի կազմում նրանց հատուկ կարգավիճակ շնորհելու մասին: Եթե խորհրդարանը մերժի, ապա Տարակլիայի բնակիչներն իրենց իրավունք են վերապահում հանրաքվե անցկացնել՝ Գագաուզիա ինքնավար տարածքային կազմավորմանը միանալու մասին:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---