Հաղթանակից դեպի կործանո՞ւմ

Հաղթանակից դեպի կործանո՞ւմ

Արդյոք վերջացել է պատերազմը, թե պարզապես այլևս արկեր չեն պայթում, ու մարդիկ նկուղներում չեն գիշերում:

1994-ի հունվարի 26-ի առավոտն էր... Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում ձմեռային ցրտաշունչ առավոտյան քամին իր սուլոցով կարծես հուշում էր ոչ բարի օրվա մասին: Ես և մեծ եղբայրս` Վրույրը, արթնացանք գրադի կրակահերթի ձայներից. դրանք արդեն սովորական էին և առանձնակի ուշադրության չարժանացան, քանի որ հեռվից էին լսվում:

PanARMENIAN.Net - Հայրս մարտի դաշտում էր, իսկ չորս տարեկան քրոջս նախորդ օրը գյուղ էին տեղափոխել` տատիկի ու պապիկի մոտ ժամանակավոր մնալու: Նախաճաշից հետո մայրս ինձ ու եղբորս թողեց մեր տան մոտակայքում գտնվող մեկուսի ստորգետնյա ապաստարանում (բլինդաժ), որտեղ արդեն քանի տարի մեկ ընտանիքի պես հավաքվում էին թաղամասի բնակիչները` պաշտպանվելու թշնամու կրակոցներից, իսկ ինքը հարևան կանանց ասաց, որ ուշադիր լինեն մեր նկատմամբ մինչև իր վերադարձը և հետ գնաց տուն` ավարտին հասցնելու կիսատ թողած գործերը:

Մենք, թաղի ընկերների հետ միասին, միանգամից անցանք հիմնական զբաղմունքին. բաժանվեցինք թիմերի ու սկսեցինք կռիվ-կռիվ խաղալ: Խաղի կանոններն այնպես էին, որ յուրաքանչյուրս թաքստոց էինք գտնում մեզ համար ու բլինդաժի վերևում կանգնածի Батарея огонь գոռոցից հետո պատասխանատու պարտականություն էինք ստանձնում` վերացնելու հակառակորդ թիմի կռվողներին. նկատելով «թիրախ զինվորին»` գոռում էինք «ահամ» և նրա անունը:

Մինչև խաղը սկսելը յուրաքանչյուր թիմակցի առաջին լրջագույն պարտականությունն էր գտնել հակառակորդի աչքից ապահով թաքստոց: Բլինդաժից մոտ 20 մետր հեռավորության վրա տրակտոր կար, որը երբեք չէր աշխատել, ու մեզ թվում էր, թե այն հենց «թաքնվելու» համար է այդտեղ տեղադրված: Ես հասցրեցի թաքնվել տրակտորի առջևի փոքր ակի հետևում, որը շատերի ու մասնավորապես իմ ամենասիրելի թաքստոցն էր (չնայած այն փոքր էր, բայց ակի վրայի անցքից բացվում էր մեծ տեսադաշտ, ու միևնույն ժամանակ ինքդ մնում էիր անտեսանելի և անխոցելի):

Արդեն անցել էր մի քանի րոպե, և երկու թիմերն էլ «զոհեր» ունեին «ահամ» մահացու արտահայտությունից. ես, վայրկյան իսկ չթարթելով աչքերս, բաց չէի թողնում ինձ ընձեռված հնարավորությունը` հսկելու հակառակորդի տարածքը` օգտագործելով բացված տեսադաշտը: Անմիջապես դիմացս` ինձնից մոտ երկու մետր հեռավորության վրա, թաղի երկու ծերունիներ էին զրուցում, իսկ ավելի հեռվում` բլինդաժի մոտակայքում, կանայք էին հավաքվել: Այդտեղ` մի անկյունում, միայնակ խաղում էր 4-ամյա փոքրիկ Քրիստիկը` փոքր քույրիկիս` Տաթևիկի ընկերուհին (քանի որ քույրս գյուղ էր մեկնել, նա միայնակ էր խաղում մինչև ընկերուհու վերադարձը):

Հանկարծ լռությունն ընդհատվեց, բայց այս անգամ ոչ մեկն «ահամ» չէր գոռացել: Արձակված ձայնը չափազանց բարձր էր` ենթադրելու, թե որևէ մեկի հերթական կրակոցն է հակառակորդ թիմի ուղղությամբ: Ավա՜ղ, այս մեկն իրական էր… Թշնամու թնդանոթի արկը պայթեց բլինդաժի մոտ` փողոցի մեջտեղն ու հենց իմ տեսադաշտի կենտրոնում, և մեկ ակնթարթում շուրջբոլորը մթնեց: Առանց գիտակցելու, թե շուրջս ինչ է կատարվում, շարունակում էի դիտել անցքից. ես, որ այդ ժամանակ 7 տարեկան էի, հաշված վայրկյաններում ցավոք հասցրեցի տեսնել այն, ինչ շատերը, բարեբախտաբար, չեն տեսնում ամբողջ կյանքի ընթացքում: Արձակված ծխի ու փոշու արանքից դաժան տեսարան էր բացվել. փոքրիկ Քրիստիկին, որը չարաբաստիկ արկից մի քանի մետր հեռավորության վրա էր գտնվում, պայթյունի ալիքը բարձրացրեց օդ և տապալեց գետնին: Վայրկյաններ հետո ես տեսա Իրա «տոտային»` մեր ընկերներից մեկի` Մհերի մորը (Մհերը թաքնվել էր մոտակա չգործող կրպակի հետևում), որը, ձեռքերը լայն բացած և «Մհերիկ» գոռալով, վազում էր դեպի երբեմնի կրպակը (այն ցանց էր դարձել բազմաթիվ բեկորների հարվածից, իսկ Մհերն ,ավաղ, արդեն հավերժացել էր): Դիմացս կանգնած երկու ծերունիները տապալվել էին գետնին: Քիչ հեռու՝ բլինդաժի մոտ, հարևաններից մեկի բեռնատար ավտոմեքենան էր, որն եկել էր` վիրավորներին թափքի մեջ տեղափոխելու հիվանդանոց. նրանց թվում նաև իմ առաջին ուսուցչուհի ընկեր Ոսկանյանն էր, որը մեզ տառաճանաչ էր դարձրել` ուսումնական պարապմունքներն անցկացնելով իրենց տան նկուղում:

Ես մի պահ ներքև նայեցի և տեսա, որ սպորտային կոշիկս տարօրինակ կերպով ծակվել ու կարմրել է. դեռ տաք էր, ցավ չէի զգում: Ամենից շատ այդ պահին ինձ հուզում էր եղբորս որպիսությունը, որը մինչև խաղի սկիզբը թաքնվել էր նույն տրակտորի հետնամասի մեծ ակի հետևում, սակայն լսելով արկի պայթյունից առաջ արձակվող բարձր սուլոցը` վազել էր դեպի բլինդաժ:

Չգտնելով նրան մեծ ակի հետևում` ես վարպետորեն ցատկեցի տրակտորի առջևում ընկած երկու ծերունիների դիակների վրայով և վազեցի դեպի բլինդաժ, որի մուտքի առջև սարսափելի տեսարան էր բացվել: Փոքրիկ Քրիստիկը փակ աչքերով ընկած էր գետնին, իսկ նրա գլխից վարար արյուն էր հոսում, ինչպես ջուրը կհոսեր ծորակից… Անմիջապես բլինդաժի առջևի բլրակի վրա հանկարծ նկատեցի մուգ կապույտ գույնի, վրան դեղին գծով գլխարկ: Նետվեցի առաջ ու վերցրեցի այն… Եղբորս գլխարկն էր… Արյունոտ էր… Արդեն բարձրաձայն լացելով վազեցի ներս, որտեղ իրարանցում էր: Չնկատելով ոչինչ` Վրույր էի գոռում ու հարցնում, թե որտեղ է նա: Մեր հարևանի կինն ինձ հանգստացնում էր` վստահեցնելով, որ եղբայրս լավ է. թեթև վիրավորվել է, ու նրան տեղափոխել են հիվանդանոց: Ես չէի հավատում, քանի որ անընդհատ աչքիս առաջ արյունոտ գլխարկն էր: Հարևանի կնոջը միացան այլ կանայք ու փորձեցին ինձ հանգստացել, երբ ես լացելով նետվեցի դուրս ու սկսեցի վազել դեպի տուն: Չգիտեմ դեռևս տաք էր ոտքս, թե չափից շատ էի վշտացած ու տագնապած, բայց արյունահոսող ոտքիս վրա ցավ չէի զգում:

Ես հասել էի բլինդաժն ու մեր տունն իրարից բաժանող բլրի գագաթը, երբ տեսա մայրիկիս, որը, լսելով արկի պայթյունը, վազում էր դեպի դեպքի վայրը: Ինձ տեսնելուն պես ուրախության արցունքներով ճչաց, ամուր գրկեց ու բացականչեց. «Փա՜ռք քեզ, Աստվա՛ծ, այս մեկը ողջ է…»: Ես, չգիտեմ թե ինչու, բայց հասցրեցի այդ պահին նրան ասել, որ կոշիկս ծակվել է` իբր թե զգացնել չտալով, որ գիտեմ, որ բեկորը ոտքիս է դիպչել: Մայրս հարցրեց, թե որտեղ է եղբայրս: Ես, որ ներքուստ համոզված էի, որ եղբայրս արդեն չկա, կարծես թե գիտակցում էի, որ մեծ ցավ կպատճառեմ իրականության մասին խոսելով, որովհետև առանց այդ էլ դրանից ուղիղ երկու շաբաթ առաջ մայրս կորցրել էր քսանամյա մինուճար եղբորը` Կարենին, որը թողել էր Երևանում ուսումն ու կամավոր գրվելով տեղական ջոկատներից մեկում` զոհվել էր մարտի դաշտում` ծով վշտի մեջ թողնելով ծնողներին ու երեք քույրերին… Ես ասացի, որ Վրույրի հետ ամեն ինչ լավ է, միայն արյունոտ գլխարկը ընկած էր բլինդաժի առջև: Ինչպիսի՜ միամտություն… Հիմա եմ գիտակցում, թե այդ պահին ինչեր անցավ մորս մտքով, ու ինչ կատարվեց նրա հոգում: Ես ի չիք դարձրեցի Վրույրին կենդանի տեսնելու նրա մեջ դեռևս առկայծող հույսը: Բառերով չեմ կարող նկարագրել մորս դեմքի արտահայտությունն այդ պահին. կարծես աշխարհը մեկ ակնթարթում փուլ եկավ նրա գլխին: Արցունքոտ աչքերով ինձ ասաց` շտապեմ տուն, որ տատիկը վիրավոր ոտքս խնամի, իսկ ինքը վազեց դեպի բլինդաժ Վրույրի հետևից…

Տանը տատս ինձ դիմավորեց կիսով չափ լիքը օղու տարայով: Հանելով կոշիկս` մենք տեսանք ոտնաթաթիս խորը վերքը, որն առաջացել էր բեկորի հարվածից. արյուն էր հոսում: Ես հիշում եմ, թե ինչպես հաշված վայրկյանների ընթացքում տարայի պարունակությունն արդեն ոտքիս էր լցվել, ու այն փաթաթվել վիրակապով… Հիվանդանոցը քաղաքի մյուս ծայրում էր, իսկ տրանսպորտային միջոցն այդ պահին հազվագյուտ երևույթ էր… Տատս ինձ իր շալակն առած տեղափոխել էր ճանապարհի կեսը, երբ պատահաբար անցնող զինվորական բեռնատարը մեզ օգնեց ու հասցրեց հիվանդանոց:

Դրանից հետո, ինչպես կինոյում է լինում, ինձ հիշում եմ վիրահատած ոտքով հիվանդանոցում պառկած` շրջապատված հարազատներով: Ես, թերևս, այդ պատահարի ամենաթեթև վիրավորներից էի, ու բժիշկների անմիջական ուշադրության կենտրոնում չէի: Ինձ ասացին, որ Վրույրը բեկորից ստացած ոտքի կոտրվածքով կողքի հիվանդասենյակում պառկած է, և որ նրան մի քանի ժամից պետք է տեղափոխեն Ստեփանակերտի հիվանդանոց, քանի որ Մարտունու հիվանդանոցում արդեն տեղ չկար, և նրա կոտրվածքն ավելի լուրջ մասնագիտական միջամտության կարիք ուներ:

Մի քանի ամիս հետո թե ես, թե եղբայրս լիովին ապաքինվեցինք` դժբախտ պատահարից պահպանելով միայն փոքրիկ սպիներ ու անմոռանալի դառը հիշողություններ…

Անցել է 20 տարի: Այժմ մտածում եմ` արդոք վերջացել է պատերազմը, թե պարզապես այլևս արկեր չեն պայթում, ու մարդիկ նկուղներում չեն գիշերում: Մի՞թե պատերազմի ավարտը թվացյալ է: Արդյոք Հայաստանը, որպես անկախ պետություն չի քայլում դեպի ոչնչացում` առանց արկերի, բայց փոխարենն իր իսկ պետական այրերի ձեռքերով: Արդյոք դարեր ապրած և, վերջապես իրեն պատմականորեն ընձեռված հնարավորությունն օգտագործելով, պատվով հաղթանակած ազգն իրավունք ունի խաղաղ պայմաններում ինքնաբնաջնջվելու: Ինչպիսի անհեթեթություն:

Ցավոք, սա հոռետեսություն չէ, այլ դառը իրականություն: Եթե փորձենք համադրել երկրի «հուսադրող» մակրոտնտեսական ցուցանիշներն ու արդեն գրեթե երկրաչափական պրոգրեսիայով աճող արտագաղթի տեմպերը, ապա կտեսնենք, որ մեր հայրենիքը կործանվում է: Միաժամանակ, մի ամբողջ առանց այն էլ ուռճացրած աշխատակազմով պետական ապարատը տարեցտարի գրանցում է անհավանական հաջողություն արվեստի նոր ուղղության` «կեղծ թվերի նկարչության» մեջ: Հիվանդը մեռնում է, երբ բժիշկները չեն կարողանում ախտորոշել և բուժել հիվանդությունը, կամ եթե այդ հիվանդությունն անբուժելի է համարվում: Իսկ մենք ազգովի գիտենք, թե որն է մեր երկրի օրեցօր հյուծվելու պատճառը: Պետք է պարզապես միավորվել և ուղիներ փնտրել` ազատվելու ներքին դավադիր թշնամուց, որին անպայմանորեն կհետևի ապաքինումն ու վերածնունդը:

Եկեք կյանքի անարդարություններից գանգատվելու փոխարեն բարձրաձայնենք առկա խնդիրները, միայնակ տրտնջալու փոխարեն գոռանք ու գոչենք ազգովի, քանի որ միայն բարձր ձայնը կարող է լսելի լինել խուլ ձևացնողին, իսկ հիասթափվելու ու նահանջելու փոխարեն շարունակենք գործել. գործել ամենքս մեր ուժերի ներածի չափով, որպեսզի վաղն առիթ ունենանք մեր հաջորդ սերնդին հպարտությամբ պատմելու փառքով ապրածի և արարածի մասին:

Տիգրան Արզումանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---