Ադրբեջանական ԶԼՄ-ների նախընտրած զբաղմունքն իրենց բոլոր խնդիրները հայերի վրա բարդելն է

Ադրբեջանական ԶԼՄ-ների նախընտրած զբաղմունքն իրենց բոլոր խնդիրները հայերի վրա բարդելն է

Հեյդար Ջեմալ. Հայերի գլխավոր խնդիրը ծովից ծով Հայաստան ստեղծելն է

Մշտապես հետևելով ադրբեջանական մամուլի հրապարակումներին՝ չես դադարում զարմանալ հիմարությանն ու ուղղակի վայրագ ատելությանը հայ ժողովրդի հանդեպ: Բերվում են ռուսական ու համաշխարհային քաղաքական վերնախավի առավելապես իրենց սկանդալային համբավով հայտնի գործիչների խոսքեր, որոնք գումարի դիմաց պատրաստ են ում ասես փնովել ու ինչ ասես ծախել: Նախօրեին նորից ի հայտ եկավ «Ռուսաստանի իսլամական ժառանգություն» Համառուսաստանյան հասարակական շարժման նախագահության անդամ ու համանախագահ Հեյդար Ջեմալը:

PanARMENIAN.Net - Խելացի տեսքով հիմարություններ բարբաջող Ջեմալի խոսքերը կրկնելը նշանակում է նրան գովազդել, սակայն, այնուամենայնիվ, կմեջբերեմ, հայկականի հանդեպ ոչ միայն Բաքվի, այլև անձամբ Ջեմալի ատելության ամբողջ խորությունը ցույց տալու համար: Ինքը Ջեմալը, ի դեպ, ծնունդով ԼՂՀ-ից է: Նշենք նաև, որ մինչև 1989-ի հունիսը նա ԽՍՀՄ ՆԳՆ-ում հաշվառված էր որպես շիզոֆրենիայով հիվանդ և երկրորդ խմբի հաշմանդամ:

Բուն թեմային անցնելուց առաջ մեջբերենք Ջեմալի որոշ հայտարարություններ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին.

«Եթե Մոսկվան չլիներ, ղարաբաղյան հակամարտությունը վաղուց հանգուցալուծված կլիներ: Ռուսաստանն այստեղ որպես հակաերաշխավոր է ներկայանում, որի շնորհիվ ծխում են Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ հակամարտությունները: Հայաստանն ընդունակ չէ գոյատևել բնակչության այս քանակով, որը նվազել է մինչև մեկ միլիոնը, քաղաքական ճգնաժամի պայմաններում և գոյատևման եզրին գտնվող տնտեսությամբ:

…եթե չլիներ Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին, հայկական պետության գոյության հարցը կփակվեր: Սակայն Մոսկվայի համար շատ շահավետ է պահպանել ու աջակցել հայկական այդխոցին՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակով: Վրաստանի համար այդպիսի խոց են Հարավային Օսեթիան ու Աբխազիան:

…Ադրբեջանն ընտրեց դաշինքն ամերիկա-իսրայելյան տանդեմի հետ ի վնաս իսլամական աշխարհի հետ հարաբերությունների: Մինչդեռ ամերիկա-իսրայելյան տանդեմն ամենեևին շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, ինչպես և Ռուսաստանը: Սակայն, համաշխարհային ճգնաժամը պետք է խախտեր Հայաստանին սատարելու Ռուսաստանի հնարավորությունը և Լեռնային Ղարաբաղի խնդիրը կփակվեր: Դա պետք է լիներ 2009-ի մարտին:

…Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին որպես պետություն Հայաստանի վերանալը կլինի, իսկ հողն Ադրբեջանին հանձնելը»:

Նմանատիպ առաջարկ Ջեմալն ունի նաև Իսրայելի համար: Այդ տարածքներում ապրող հայերի ու հրեաների համար նա հետևյալ սցենարն է առաջարկում.

«…Ըստ էության, հայերը կարող են հիանալի ապրել Իրևանի խանության, այսինքն՝ Ադրբեջանի տարածքում: Ի սեր Աստծո, նրանք կարող են այնտեղ հանգիստ ապրել, կոշկակարությամբ զբաղվել ու դուդուկ նվագել: Ուղղակի որպես ինքնիշխան պետություն Հայաստանը չպետք է գոյություն ունենա, ահա և վերջ: Նույն կերպ չպետք է գոյություն ունենա նաև Իսրայելը՝ դա հավատավոր մահմեդականների հիմնարար պահանջն է: Հրեաները կարող են ապրել այնտեղ բացառապես միասնական Պաղեստինի պետության քաղաքացիների կարգավիճակում:

…Հայերը մարգինալ էթնիկ խումբ են, նրանք թշնամանքի մեջ են մարդկության հետ: Հայերն Աստծո թշնամիներն են»:

Իսկ «Նովոստի-Ազերբայջանին» տված վերջին հարզազրույցում Ջեմալըն արդեն անսահման հիմարության հասավ: Պարզվում է՝ ՀԱԷԿ-ում զինամթերքի համար նախատեսված պլուտոնիում է արտադրվում, Հայաստանում կան միջուկային զենքի արտադրության համար բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաները և հենց այդ պատճառով է Իրանն այդպիսի բարեկամական հարաբերությունների մեջ Հայաստանի հետ: Էլ չենք ասում, որ ակադեմիկոս Սախարովի կինը՝ Ելենա Բոնները, որն ազգությամբ հայ էր, օգնել է հայ ֆիզիկոսներին… միջուկային զենք ստեղծել: Ահա այսպես:

Եվ հետո շարունակությունը. «Հերիք է կերակրենք Կովկասը» արշավի նախաձեռնողներն ու ֆինանսավորողները հենց հայերն են: Նրանք շրջանառության մեջ դրեցին Ռուսաստանից Հյուսիսային Կովկասն անջատելու գաղափարը, ֆինանսավորեցին այդ արշավը․ նրանք են Հյուսիսային Կովկասում ապակայունացման կազմակերպիչները, որտեղ նպաստում են արտակարգ իրավիճակին ու մշտական հակաահաբեկչական գործողություններին, քանի որ շատ շատ են ռուսական ներքին գործերի մարմիններում, և վարում են ակնհայտ հակակովկասյան քաղաքականություն:

Այդ քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանի ու Կովկասի միջև բախում առաջացնելուն: Դա հարկավոր է հայերին, քանի որ նրանք առաջին հերթին ուզում են գրավել ՌԴ Կրասնոդարի երկրամասը, Ստավրոպոլի մարզը, Դոնի Ռոստովը, որտեղ արդեն մրցունակ համայնքներ ունեն, որոնք պայքարում են այդ շրջաններից դաղստանցիներին, վայնախներին, հյուսիսկովկասյան մյուս ժողովրդներին դուրս մղելու համար: Նրանք օգտագործում են Տկաչովի պես նահանգապետներին որպես կովկասցիներին Հարավային Ռուսաստանից դուրս մղելու գործիք: Հայերին այնտեղից ոչ ոք դուրս չի մղում, նրանք այնտեղ գրավել են լավագույն օբյեկտները, հսկայական գումարներ են ներդնում ձեռնարկությունների մեջ, կաշառում են պաշտոնյաներին, այսինքն գլխավոր նպատակն է՝ վանել այդ տարածքները ՌԴ-ից ու ծովից ծով Հայաստան ստեղծել: Նրանց խնդիրը Ղարաբաղը պահպանելը չէ, այլ Ադրբեջանը ոչնչացնելն է։ Նրանք ցանկանում են, որ Ադրբեջանն անհետանա, իսկ դրա համար որպես գործիք օգտագործում են Ռուսաստանը:

Ղրիմում նրանք նույնպես համախմբված համայնք ունեն, որը վերջին տարիներին խոչընդոտում էր Ղրիմի թաթարների վերադարձին: Տեղի հայ համայնքը պայքարում էր Ղրիմի թաթարների իրավունքների վերականգնման դեմ, այդ նպատակով դաշինք կազմեց «Ռեգիոնների կուսակցության», այսինքն՝ Յանուկովիչի մոսկվայամետ կուսակցության հետ, որն արգելակում էր Ղրիմի թաթարների վերադարձը:

Ըստ իս, Թուրքիայի վարչապետ Էրդողանը սխալ է գործում, փորձելով կապեր հաստատել հայության հետ, ձեռք մեկնելով նրանց ինչ-որ ներողություններով: Որովհետև հայերն արդեն թքել են այդ մեկնած ձեռքի վրա ու երբեք չեն սեղմի այն: Նրանք ասում են. «ոչ թե ձեռք է պետք մեկնել, այլ ծնկի գալ, աղերսել, հատուցել, վարվել այնպես, ինչպես գերմանացիները 1945-ից հետո»: Բայց սկզբում թող հաղթեն թուրքերին, ինչպես կոալիցիայի երկրները Գերմանիային 1945-ին, իսկ հետո վերցնեն իրենց հատուցումը»:

Այս ամբողջ պատմության մեջ միայն մեկ բան է սփոփում. ոչ ոք Ռուսաստանում, առավել ևս՝ աշխարհում, լուրջ չի ընկալում Հեյդար Ջեմալի խոսքերը: Այն ամենը, ինչ նա ասում է, ուղղակի օդում խոսակցություններ են, ընդ որում այնքան կոպիտ, որ ուղղակի զարմանում ես: Եվ այստեղ մի միտք է առաջանում. իսկ ի՞նչ կասեր Ջեմալը, եթե հայերը նրան ադրբեջանցիներից շատ վճարեին:

Եվ վերջինը. 2012-ի մարտի 27-ին ԱԴԾ աշխատակիցները խուզարկեցին Հեյդար Ջեմալի բնակարանները՝ ծայրահեղական բովանդակության գրականություն որոնելով, սակայն արգելված նյութեր չգտան: ԱԴԾ մամուլի ծառայությունը պարզաբանեց, որ Ջեմալին կասկածում են «ահաբեկչության հրապարակային արդարացման, ինչպես նաև ծայրահեղական ու ահեբակչական գործողությունների իրականացման հրապարակային կոչերի համար»: Ջեմալի դեմ գործ հարուցվեց ՌԴ ՔՕ 205.2 («աջակցություն ահաբեկչական գործողությանը») և 280 հոդվածներով («ՌԴ սահմանադրական կարգի բռնի փոփոխության հրապարակային կոչեր):

Եթե այս մարդն է ստանձնում Ադրբեջանի պաշտպանությունը, ապա ազերիների քարոզչամեքենան ոչինչ չի հասկանում: Ծովից ծով Հայաստանը Բաքվի համար սևեռուն գաղափար է դարձել և դրա դեմ ոչինչ չես անի…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---