Սկանդալ Մոսկվայի Չայկովսկու անվան  կոնսերվատորիայում

Սկանդալ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում

Ինչո՞ւ չկայացավ Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգը

Երաժշտասերներն ուրախությամբ էին տեղեկացել, որ 2014 թ. մայիսի 20-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում տեղի կունենա երեկո՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի 145-ամյակին:

PanARMENIAN.Net - Բայց շատերի համար առավել կարևոր էր այն, որ Մոսկվայի կոնսերվատորիայում հանդես է գալու ԼՂՀ պետական երգչախումբը: Էլեկտրոնային ԶԼՄ-ներից շատերը տեղեկություններ հրապարակեցին այդ մասին՝ հայտնելով, որ դա լինելու է Արցախի Հանրապետության երգչախմբի առաջին ելույթը Մոսկվայում:

Հայ համայնքի ներկայացուցիչների հետ մեկտեղ համերգին ոգևորությամբ սպասում էին նաև Կոմիտասի տաղանդի մոսկվացի երկրպագուները: Եվ հանկարծ, մայիսի 20-ին, համերգից անմիջապես առաջ Մոսկվայի կոնսերվատորիայի ղեկավարությունը մերժում է համերգի կազմակերպիչներին և թույլ չի տալիս Կոմիտասի 145-ամյակին նվիրված երեկոն անցկացնել Ռախմանինովի դահլիճում:

Մինչ մայիսի 20-ը ՌԴ հայկական հասարակական կազմակերպությունները մեծ աշխատանք էին կատարել՝ տեղեկություններ տարածելով ու մարդկանց հրավիրելով: Սակայն Մոսկվայի կոնսերվատորիայի որոշումը խափանեց բոլոր ծրագրերը: Բանն այն է, որ կազմակերպիչները ֆիզիկապես չհասցրեցին զգուշացնել հրավիրվածներին, որ համերգը չի կայանալու, և որ այլ տեղ են փնտրում: Շտապ կարգով համերգը տեղափոխվեց Մոսկվայի առաջնորդանիստ Սբ Պայծառակերպության հայկական եկեղեցու մեծ դահլիճ:

Շատերը, այդ թվում նաև ես, չիմանալով, որ միջոցառումը չեղյալ է հայտարարվել, գնացի Մոսկվայի կոնսերվատորիա: Եկածների մեջ քիչ չէին տարեց մարդիկ Մոսկվայի մտավորականության շրջանակներից, շատերը եկել էին երեխաների հետ: Եկածների մի մասը հեռաձայնում էր, պարզում, թե ինչպես կարելի է հասնել համերգի նոր վայրը: Ժողովուրդը սկսեց ցրվել, ոմանք տաքսի էին նստում, մյուսները շարժվեցին դեպի ավտոմեքենաները, իսկ երրորդները՝ դեպի մետրո: Ամբոխի մեջ մի տղամարդ շատ բարձրաձայն քննարկում էր հեռախոսով համերգի տեղափոխման պատճառները: Ըստ նրա, կոնսերվատորիայի ղեկավարությունը մերժել էր կազմակերպիչներին պարտավորությունները չկատարելու համար, ավելի ճիշտ գումարը դահլիճի վարձակալության համար չփոխանցելու համար: Եվ այստեղ խոսակցությանը միջամտեց մի երիտասարդ, որը բացատրեց տղամարդուն, որ դա ճիշտ չէ, քանի որ իր տեղեկություններով գումարը ժամանակին է փոխանցվել: Սակայն երկու երեխաներով համերգի եկած ընտանիքը շատ երկար վրդովվում էր, համարելով որ երիտասարդը ճիշտ չէ, քանի որ հենց այնպես համերգը չեղյալ չեն համարում: Մայիսը Մոսկվայում շատ շոգ ամիս դուրս եկավ, բայց անկախ դրանից մարդիկ այնուամենայնիվ եկել էին Մոսկվայի կենտրոն: Ղարաբաղի հայերի համայնքի ներկայացուցիչներից շատերը նույնիսկ մերձակա շրջաններից էին եկել, և մի մասը որոշեց տուն գնալ: Հականալի էր նրանց տրամադրությունը՝ չէ որ ամբողջ օրը կարելի է կորած համարել:

Որոշելով լրագրողական հետաքննություն անցկացնել՝ ես ուղղվեցի դեպի համերգի անցկացման նոր վայր, անտեսելով մոսկովյան խցանումները: Դահլիճը արդեն գրեթե լեցուն էր, բայց ցանկացողներն անընդհատ ավելանում էին: Վատ տրամադրությունն ու հոգնածությունը միջադեպից մոռացվեցին, երբ հնչեց երգչախմբի կախարդական կատարումը: Կոմիտասի ստեղծագործությունն առանձնակի տեղ է զբաղեցնում հայկական և համաշխարհային մշակույթում: …Ես մեծ հաճույք ստացա երգչախմբի կատարումից: Նրանց երգը ասես երկնքում սավառնող հրեշտակների երգ լիներ: Նրանց ձայների հնչեղ արձագանքն ասես մեր լեռներում թռչունների դայլայլը լինի: Տեքստում շատ հնչեցին հիանալի խոսքեր մերձավորի հանդեպ սիրո մասին, մարդկանց միջև բարեկամության ու որպես արարչության հիմք սիրո մեծության մասին: Բոլոր երգերը կատարվեցին a capella, առանց երաժշտական ուղեկցության: Ես տեսա, որ շատերը չէին կարողանում զսպել զգացմունքներն ու արցունքները:

Ինձ համար Կոմիտասի անունն ընդմիշտ կապված է Հայոց ցեղասպանության հետ: Ես հիանալի հիշում եմ պատմությունները Կոմիտասի կյանքի մասին, որ պատմում էր իմ առաջին ուսուցչուհին: Ես մանկուց արդեն գիտեի, որ Կոմիտասն անձամբ տեսել ու վերապրել է Ցեղասպանության սարսափները, իսկ ծանր պահին եղել է իր ժողովրդի կողքին: Կոմիտասը ներառել է իր բազմաչարչար ժողովրդի ողջ տառապանքը, իր աչքերով է տեսել թուրք քոչվորների վայրագությունները: Հայ ժողովուրդը, որը դարերով ապրել է իր բնօրրանում բնաջնջման դատապարտվեց երիտթուրքերի կողմից, որը հետագայում անվանվեց Հայոց ցեղասպանություն: Առաջին քայլը եղավ մոտ 450 հայ մտավորականների ձերբակալությունը 1915 թ. ապրիլի 24-ին և հետագայում նրանց գնդակահարությունը:

Կոմիտասն անձամբ էր ճանաչում զոհերից շատերին, իսկ նրա մերձավորներից մեկի, գրող, քաղաքական գործիչ, ու Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապի գլուխը բարբարոսները քարերով կոտրեցին: Միջազգային հանրությունը ստիպեց Թուրքիային վերադարձնել ու ազատ արձակել Կոմիտասին, սակայն նա չդիմացավ իր ժողովրդի տառապանքներին ու խելագարվեց…

Համերգից հետո մարդիկ դեռ երկար ժամանակ չէին ուզում ցրվել, նրանք հիացմունքով իրենց տպավորություններն էին կիսում համերգից, ինչպես նաև քննարկում էին Մոսկվայի կոնսերվատորիայի մերժման դրդապատճառները: Ես մոտեցա կազմակերպիչներից մեկին, որի հետ խոսակցության ընթացքում պարզվեց, որ Կոնսերվատորիայի մերժումը ստանալուց հետո կազմակերպիչները մոտեցել են այդ հաստատության ղեկավարությանը պարզաբանելու համար խնդիրը: Որպես ապացույց ներկայացվել է բանկի գրությունն այն մասին, որ գումարը փոխանցվել է կոնսերվատորիային դեռ 2014 թ. մայիսի 13-ին: Բացի այդ, առաջարկվել է նաև երկրորդ տարբերակը՝ մինչ գումարը կնստի կոնսերվատորիայի հաշվին, գրավ թողնել կանխիկ գումարի տեսքով: Սակայն, կտրուկ մերժում են ստացել:

Նույն օրը, տուն վերադառնալով ես մի քանի հղումներ ստաց ընկերներիցս, որտեղ կրկին ասվում էր վարձակալության համար չվճարելու մասին: Վերլուծելով տեղեկությունները՝ ես եկա եզրակացության, որ Մոսկվայի կոնսերվատորիայի ղեկավարությունը, մեղմ ասած, խորամանկում է, իսկ համերգը չեղյալ է հայտարարվել ադրբեջանական կողմի պահանջով: Իսկ իբր չստացած գումարը արադարանալու միջոց է միայն:

Որոշ ադրբեջանական կայքերը հիստերիկ նյութեր էին զետեղում. «Վաղը Բաքվի ու Մոսկվայի միջև դիվանագիտական սկանդալ կարող է լինել» ճչացող վերնագրերով՝ արտահայտելով ազերիներին հատուկ վախն ու վրդովմունքը: Պարզվում է, որ Լեռնային Ղարաբաղից ժամանած երգչախմբի ելույթն այնքան էր վախեցրել Ապշերոնի քաղաքական գործիչներին, որ նրանք գործի էին դրել ադրբեջանական դեսպանության ողջ արսենալը դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի («մեղրածոր սոխակի») ու Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսի գլխավորությամբ:

Երբեմն նման ակտիվությունն ուղղակի ծիծաղելի է: Երևի նրանք պետք է կոնսերվատորիայի առջև բազմահազարանոց հանրահավաք կազմակերպեին: Հասկանալի է, որ այդ ագրեսիվ գործողությունների նպատակը Կոնսերվատորիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր:

Ահա թե ինչ է գրում ադրբեջանական կայքերից մեկը. «Բացի այդ, մենք կապվեցինք Մոսկվայի կոնսերվատորիայի համերգային գործունեության դեպարտամենտի տնօրեն Վիտալի Կատկովի հետ, որին իրազեկեցինք, որ անթույլատրելի է բեմ տրամադրելը ղարաբաղցի անջատողականներին: Իր հերթին Կատկովը պատասխանել է, որ տեղյակ չի եղել փաստին և խոստացել է համապատասխան միջոցներ ձեռնարկել ելույթը չեղյալ հայտարարելու համար»:

Իսկ 4 ժամ անց, նույն կայքը պաթոսով հայտնում է, որ աղբյուրը կոնսերվատորիայում հայտնել է. «Մենք չգիտեինք, թե հատկապես ով է ելույթ ունենալու Ռախմանինովի դահլիճում: Երբ իմացանք, որոշում կայացվեց չեղյալ հայտարարել վաղվա միջոցառումը: Տեղեկատվությունն այդ մասին արդեն հեռացվել է մեր կայքից»:

Ահա ուրեմն խորհուրդ եմ տալիս Մոսկվայի կոնսերվատորիային վերլուծել vesti.az կայքում հրապարակված վերոնշյալ նյութերի բովանդակությունը: Բանն այն է, որ ոչ միայն ես, այլ նաև շատ ուրիշներ այնպիսի տպավորություն ստացան, որ Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիան ադրբեջանական դեսպանատան մասնաճյուղն է:

Այս ամենն ապացուցում է, որ կոնսերվատորիայի մերժման պատճառները հորինված են: Հանուն ճշմարտության ես ցանկանում էի հանդիպել կոնսերվատորիայի դեպարտամենտի տնօրեն, պարոն Վիտալի Կատկովի հետ և մի քանի հարց տալ նրան.

-Հաստատո՞ւմ է նա արդյոք, որ համերգը չեղյալ է հայտարարվել ադրբեջանական կողմի պահանջով:

-Հաստատո՞ւմ է արդյոք նա իր խոսքերը, որ հրապարակվել են vesti.az կայքում՝ «թե տեղյակ չի եղել, որ բեմը տրամադրվել է ղարաբաղցի անջատողականներին և խոստացել է համապատասխասն միջոցներ ձեռնարկել ելույթը չեղյալ հայտարարելու համար»:

-Եթե նա հաստատում է, որ մերժման պատճառն իրոք ֆինանսական հարցերն են եղել, ապա ինչո՞ւ հրապարակավ չի հերքում ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունը:

Պահպանելու համար լրագրողական հետաքննության բոլոր նորմերը, ես մի քանի անգամ՝ մայիսի 23-ին և 26-ին, հեռաձայնել եմ կոնսերվատորիայի դեպարտամենտի տնօրեն Կատկովին: Պարոն Կատկովի քարտուղարը սկզբում պատասխանեց, որ նա տեղում չէ, հետո պարզելով իմ ով լինելն ու զանգի նպատակը, մի քանի րոպեից պատասխանեց, որ շատ է զբաղված: Եվ անմիջապես հավելել է, որ կոնսերվատորիայի դահլիճի տրամադրման մերժման վերաբերյալ պատասխանն ուղարկել են ՀՀ դեսպանատուն: Ես ավելի շատ զարմացա, պատասխանելով որ ռուսաստանցի լրագրող եմ ու ոչ մի կապ չունեմ հայկական դեսպանատան հետ, և ըստ ՌԴ գործող օրենսդրության լրագրողական հետաքննության շրջանակում կցանկանայի մի քանի հարց ուղղել պարոն Կատկովին՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված նրա արտահայտությունների վերաբերյալ: Վերջին անգամ ես զանգահարել եմ մայիսի 27-ին, բայց քարտուղարը, կրկին իմանալով, որ այդ հարցով եմ զանգում, ասաց միայն՝ «առանց մեկնաբանությունների» ու դրեց լսափողը:

Ես հասկացա, որ մշակութային միջոցառումը Մոսկվայի կոնսերվատորիայի որոշ պաշտոնյաների մեղքով վերածվել է քաղաքական սկանդալի, ինչն ամենևին պատիվ չի բերում մշակույթի այդ օջախին:

Ի դեպ, մայիսի 20-ին համերգից հետո ես հասցրեցի զրուցել տարբեր մարդկանց հետ ու իմանալ նրանց կարծիքն այս ամենի մասին: Տարեց մի մարդ, որն ինքը մոտեցավ ինձ և ներկայացավ Վիկտոր Ալեքսեևիչ, վրդովված էր Մոսկվայի կոնսերվատորիայի ներկայացուցիչների պահվածքով ու ներողություն խնդրեց նրանց փոխարեն: Նա դեռ երկար խոսեց այն մասին, որ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ ու ռազմավարական գործընկերներ, որ փոքր Հայաստանն ի տարբերություն մյուս պետությունների չվախեցավ և 12 երկրների թվում սատարեց ՌԴ դիրքորոշմանը Ղրիմի հարցում: Իմ մյուս զրուցակիցը՝ Վարդանը հայտարարեց, որ չի պատկերացնում, որ Ղրիմի երգչախմբի ելույթի ժամանակ Երևանում կարող էր նման բան պատահել: Ըստ նրա Երևանում անվճար ամեն ինչ կտրամադրեին համերգի համար… Կին գրողը ասաց, որ պետք չէ քաղաքականությունը խառնել երաժշտության ու մշակույթի հետ: Որպես օրինակ նա բերեց Գերգիևի հանդեպ անբարյացակամ վերաբերմունքն Արևմուտքում Ղրիմի հարցում նրա դիրքորոշման պատճառով: Շարունակելով թեման, կցանկանայի հիշեցնել Մոսկվայի կոնսերվատորիայի որոշ պաշտոնյաներին, որ Վալերի Գերգիևը նամակ էր գրել՝ կոչ անելով երկրներին շարունակել երկխոսությունը, նշելով, որ երաժշտությունը կարող է միայն նպաստել ժողովրդների բարեկամության ամրապնդմանը:

Նույն օրը ես հանդիպեցի Ղարաբաղի երգչախմբի երկու անդամների հետ: Նրանք ասացին, որ համերգներով եղել են տարբեր երկրներում, և սա առաջին դեպքն է, երբ անսպասելի կերպով համերգը չեղյալ է հայտարարվում: Նրանցից մեկը պատմեց, որ 90-ականներին, երբ ազերիները գնդակոծում էին Ստեփանակերտը, նա, որ այն ժամանակ 7 տարեկան տղա էր, երգում էր նկուղում, որովհետև երգեցողությունը օգնում էր հաղթահարել վախը…Եվ, չնայած զոհերին, երաժշտությունը վստահություն էր ներշնչում մարդկանց վաղվա օրվա հանդեպ…

Ամփոփելով լրագրողական հետաքննության արդյունքները՝ կարելի է հետևյալ եզրահանգումն անել. համերգը Մոսկվայի կոնսերվատորիայում, նվիրված Կոմիտասի 145-ամյակին, չեղյալ հայտարարվեց քաղաքական մոտիվներով: Եվ ադրբեջանցիները որպես երախտագիտության նշան կարող են պարոն Վիտալի Կատկովին մի տակառիկ սև խավիար ու մի դույլ ադրբեջանական կեռաս ուղարկել:

Արամ Խաչատրյանը PanARMENIAN.Net-ի համար
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայանա Ղազախստանում

Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայանա Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---