70 տարի առաջ Նորմանդիայում սկսվեց դաշնակիցների Overlord դեսանտային գործողությունը

70 տարի առաջ Նորմանդիայում սկսվեց դաշնակիցների Overlord դեսանտային գործողությունը

Overlord գործողությունը խոշորագույն դեսանտային գործողությունն է համարվում պատմության մեջ, որին մասնակցել է մոտ 3 մլն մարդ

70 տարի առաջ Նորմանդիայում սկսվեց դաշնակիցների Overlord դեսանտային գործողությունը, ինչը փաստացի նշանավորեց երկրորդ ճակատի բացումը հիտլերյան Գերմանիայի դեմ: Գործողությունը սկսվեց 1944 թ. հունիսի 6-ի վաղ առավոտյան և ավարտվեց 1944 թ. օգոստոսի 31-ին, որից հետո դաշնակիցները հատեցին Սենա գետը, ազատագրեցին Փարիզը և շարունակեցին առաջխաղացումը մինչև ֆրանս-գերմանական սահման:

PanARMENIAN.Net - Overlord գործողությունը խոշորագույն դեսանտային գործողությունն է համարվում պատմության մեջ, որին մասնակցել է մոտ 3 մլն մարդ, որոնք հատեցին Լա Մանշ նեղուցը, Անգլիայից հասնելով Նորմանդիա:

Նորմանդական գործողությունն իրականացվեց երկու փուլով. «Նեպտուն» գործողությունը, այդպես էր կոչվում Overlord գործողության սկզբնական փուլը, մեկնարկեց 1944 թ. հունիսի 6-ին (D-Day), ավարտվեց 1944 թ. հուլիսի 1-ին: Նպատակն էր հարթակի ստեղծումը մայրցամաքում, դա շարունակվեց մինչև հուլիսի 25-ը: Երկրորդ փուլը «Կոբրա» գործողությունն էր՝ գրոհն ու հարձակումը Ֆրանսիայի տարածքի վրա, ինչն իրականացվեց «Նեպտունի» ավարտից անմիջապես հետո:

Միաժամանակ օգոստոսի 15-ից մինչև աշուն ամերիկյան ու ֆրանսիական զորքերը հաջողությամբ իրագործեցին Հարավֆրանսիական գործողությունը, որպես հավելում Նորմանդիայի գործողությանը: Այնուհետև դաշնակիցների զորքերը, որոնք գրոհում էին Ֆրանսիայի հյուսիսից ու հարավից, միացան ու շարունակեցին առաջխաղացումը մինչև Գերմանիայի սահմանը՝ ազատագրելով Ֆրանսիայի ամբողջ տարածքը:

Դեսանտային գործողությունը ծրագրելիս դաշնակիցների հրամանատարությունը օգտագործեց Միջերկրական ծովի ռազմական թատերաբեմում ձեռք բերած փորձը Հյուսիսային Աֆրիկայում 1942 թվականի նոյեմբերին, ափհանումը Սիցիլիայում 1943 թ. հուլիսին և Իտալիայում 1943-ի սեպտեմբերին, որոնք մինչ Նորմանդիայի գործողությունը խոշորագույն դեսանտային գործողություններն էին համարվում: Հաշվի առնվեց նաև ԱՄՆ ՌԾՈւ փորձը Խաղաղ օվկիանոսի ափամերձ տարածքում:

Գործողությունը խիստ գաղտնի էր: 1944 թ. գարնանն անվտանգության նկատառումներով նույնիսկ ժամանակավորապես դադարեցվեց տրանսպորտային կապն Իռլանդիայի հետ: Բոլոր զինծառայողները, որոնք հրաման էին ստացել ապագա գործողության համար, տեղափոխվում էին ճամբարներ, որտեղ նրանց մեկուսացնում էին, նրանց արգելված էր լքել ռազմակայանը: Գործողությանը նախորդեց հակառակորդի ապատեղեկացման խոշոր գործողությունը դաշնակիցների զորքերի ներխուժման տեղի ու ժամանակի մասին (Fortitude գործողություն):

Դաշնակիցների հիմնական ուժերն էին ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Կանադայի բանակներն ու ֆրանսիական Դիմադրության շարժումը: Մայիսին ու հունիսի սկզբին դաշնակիցների զորքերը կենտրոնացած էին առավելապես Անգլիայի հարավային շրջաններում նավահանգիստներից ոչ հեռու: Ափհանումից անմիջապես առաջ դաշնակիցները զորքերը տեղափոխեցին ռազմակայաններ Անգլիայի հարավային ափին, որից ամենակարևորը Պորտսմուտն էր: Հունիսի 3-5-ը ներխուժման առաջին էշելոնի զորքերը արդեն նավերի վրա էին: Հունիսի լույս 6-ի գիշերը դեսանտային նավերը կուտակվեցին Լա Մանշում: Դեսանտի ափհանման կետերն էին հիմնականում Նորմանդիայի լողափերը, որոնք ստացան «Օմահա», «Սորդ», «Ջունո», «Գոլդ» և «Յուտա» ծածկանունները:

Ներխուժումը Նորմանդիա սկսվեց գիշերային զանգվածային պարաշյուտային դեսանտից, օդային գրոհներով ու գերմանական ափամերձ դիրքերի գնդակոծությամբ, իսկ հունիսի 6-ի վաղ առավոտյան սկսվեց դեսանտն արդեն ծովից: Ափհանումը տևեց մի քանի օր՝ գիշեր ու ցերեկ:

Նորմանդիայի համար ճակատամարտը շարունակվեց մոտ երկու ամիս և ավարտվեց Փարիզի ազատագրմամբ ու Ֆալեզի կաթսայի անկումով 1944 թ. օգոստոսին:

Դաշնակիցների ներխուժման պլանը մշակելիս շեշտը դրվում էր այն հանգամանքի վրա, որ հակառակորդին հայտնի չեն երկու կարևորագույն բաղադրիչները՝ գործողության վայրն ու ժամանակը: Գաղտնիության ու անսպասելիության ապահովման համար մշակվեց և կյանքի կոչվեց պատմության մեջ խոշորագույն ապաիրազեկման գործողությունը՝ Fortitude, Կոմիտե ХХ: Պլանի հիմնական մասը մշակել էր բրիտանացի ֆելդմարշալ Բերնարդ Մոնտգոմերին: Դեսանտի հաջող ափհանումից հետո Էյզենհաուերի համհարզը նրա գրպանում հայտանաբերեց պարտության դեպքի համար գրված տեքստը: «Մեր ափհանումը Շերբուր-Գավր հատվածում չնպաստեց պլացդարմը պահելուն և ես ետ քաշեցի զորքերը: Գրոհելու իմ որոշումն այդ վայրում և այդ պահին հիմնված էր իմ ունեցած տեղեկությանների վրա: Զորքերն, ավիացիան ու նավատորմն արեցին ամեն ինչ, ինչ թույլ էր տալիս արիությունն ու հավատարմությունը պարտքին: Եթե որևէ մեկը մեղավոր է այս անհաջող փորձի համար, ապա դա միայն ես եմ»:

Իսկ 1944 թ. փետրվարի 14-ին տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն գերմանական կազմակերպչական կառույցների համար՝ Աբվերը (ռազմական հետախուզությունն ու հակահետախուզությունը) անցան Կայսերական անվտանգության գլխավոր վարչության հսկողության տակ, այսինք նացիստների հետախուզությունն ու հակահետախուզությունը: Ծովակալ Կանարիսը ազատվեց զբաղեցրած պաշտոնից, իսկ հուլիսին նրան ձերբակալեցին Հիտլերի պաշտոնանկության նպատակով դավադրության կասկածանքով: Անշուշտ, այս միակցումը դժգոհություն առաջացրեց մարդկանց մոտ և խառնաշփոթ ստեղծեց գերմանական հետախուզության ծառայության շարքերում, որոնք առանց այդ էլ արդեն խճճված էին հակառակորդի ապատեղեկատվության պատճառով:

1944 թ. մայիսի 1-ից հունիսի 6-ը Կրիգսմարինեն (ռեյխի ՌԾՈւ) ստացավ ընդհանուր առմամբ 173 հաշվետվություն հետախուզական տվյալներով դաշնակիցների «ներխուժման» մասին: Ասվում էր, որ ափհանումը տեղի է ունենալու Սոմի և Բելգիայի միջև մայիսի 10-21-ը, ափհանում չի լինելու մինչև հուլիս-օգոստոսը, դա տեղի է ունենալու մայիսի կեսին, ափհանումը նշանակված է Շերբուրում մայիսի 20-ին, ավիադեսանտն ափ կիջնի Ֆրանսիայի հյուսիսում մայիսի 19 և 20-ին, ափհանումը կսկսվի Դանիայում, հունիսի 15-ից ոչ ուշ, դեսանտը հետաձգվել է գերմանական պաշտպանական դիրքերի ամրապնդման պատճառով, դա տեղի կունենա մայիսի 21-ից հունիսի 20-ը, ափհանումը տեղի կունենա ամռանը, ափհանումը կկատարվի օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը, առաջիկայում դեսանտ չի լինի:

Հեշտ է հասկանալ գերմանական հատուկ ծառայությունների շփոթությունը նման հակասական տեղեկությունների մեծ հոսքի պայմաններում: Վերմախտի Գերագույն հրամանատարությունը մեղադրեց Կրիգսմարինեն առ այն, որ վերջինս չի կարողանում հստակ որևէ բան իմանալ դաշնակիցների մասին: Արդյունքում ստացված 173 զեկույցների մանրակրկիտ վերլուծություն կատարվեց: Գաղտնի եզրակացության մեջ, որն ընդամենը 7 օրինակից էր բաղկացած, ասվում էր. 102-ը ամբողջությամբ սուտ են՝ 59 տոկոսը, 7 չափազանց լղոզված՝ 4 տոկոսը, 26-ը պարունակում էին հնարավոր, բայց ստուգման ենթակա տեղեկություններ՝ 15 տոկոս, 24-ը՝ մասնակիորեն ճշգրիտ տեղեկություններ էին հաղորդում, որոնք կարելի էր հաստատել միայն… փաստացի ափհաման պարագայում՝ 14 տոկոս, 14-ը՝ հստակ էին, բայց այդ մասին հայտնի դարձավ միայն դեսանտից հետո՝ 8 տոկոս:

Զեկույցներից մեկում նշված էր ափհանման ճշգրիտ վայրը, բայց այն ստացվեց միայն հունիսի 6-ին: Բոլոր հետախուզական տվյալների աղբյուրը Կոմիտե ХХ էր: Վերջին՝ ճշգրիտ հաղորդագրությունը նույնպես կոմիտեի գործակալն էր ուղարկել, նպատակ ունենալով պահպանել գերմանացիների վստահությունը, հետագայում կրկին նրանց մոլորեցնելու համար: 1945 թ. մարտի 23-ին Կրիգսմարինեի գլխավոր հրամանատարը Վերմախտի Գերագույն հրամանատարությանը զեկույց ուղարկեց. «Մենք ստիպված ենք ենթադրել, որ իրազեկիչների մեծ մասը հավանաբար կրկնակի գործակալներ են, որոնք մեզ են փոխանցում թշնամու սարքած տեղեկատվությունը»: «Հակառակորդը ուշադիր հետևել է գաղտնիության պահպանմանը նախապատրաստական փուլում ու դեսանտի ժամանակ»,-ասվում է փաստաթղթում:

Bodyguard և Fortitude ապատեղեկատվական գործողությունները մշուշեցին գերմանացի հետախույզների հայացքն ու նրանց ամբողջ ուշադրությունը կենտրոնացավ Պա դը Կալեի վրա:

Հունիսի 5-ին՝ ափհանման նախօրեին, Ֆրանսիայի տարածքում 59 գերմանական դիվիզիա էր տեղակայված, որից ընդամենը 7-ն էր Նորմանդիայի տարածքում՝ չորսը դիրքերում: Գերմանացիները տեղի տվեցին ապատեղեկատվությանը ու զգալիորեն գերագնահատեցին դաշնային զորքերի քանակը Մեծ Բրիտանիայում: 1944թ. մայիսի 30-ին հետախուզությանը հաջողվեց հափշտակել Տոկիո ուղարկված դեսպան Օսիմայի զեկույցը Հիտլերի հետ հանդիպման մասին: Ինչպես ասվում էր փաստաթղթում, ֆյուրերը վստահ էր, որ Մեծ Բրիտանիայում դաշնակիցների տնօրինության տակ կա 80-90 դիվիզիա, և, որ, չնայած հնարավոր ուշադրությունը շեղող գործողություններին Նորվեգիայում ու Նորմանդիայում, հարվածի գլխավոր ուղղությունը լինելու է Պա դը Կալեն:

Հիտլերի կարծիքը հակառակորդի ուժերի մասին հիմնված էր գերմանական հատուկ ծառայությունների վերլուծության վրա: Իրականում դիվիզիաների քանակը ընդամենը 47 էր: Ապատեղեկատվությունը հաջողությամբ պսակվեց: Հիտլերն, այնուամենայնիվ, կասկածներ ունենում էր: Ինչ-որ պահի, նրա ուշադրությունը գրավեց Շերբուրը: Նա վստահ էր, որ դաշնակիցները կցանկանան գրավել այդ նավահանգիստը, սակայն, հիմնականում նույն կարծիքի էր. «Հիմնական ուժերը ափ դուրս կգան Պա դը Կալեում…ափհանումը ցանկացած այլ վայրում շեղելու նպատակ կունենա»:

Դաշնակիցների հաջողությունը հնարավոր դարձավ միայն խորհրդային զորքերի հաջողության շնորհիվ Արևելյան Եվրոպայում: 1944 թվականի ամռանը գերմանական ուժերի մեծ մասը կաշկանդված էր արևելքում ընթացող մարտերով, որտեղ իրականացվում էր Բելառուսի, Մերձբալթիկայի ու Արևելյան Լեհաստանի ազատագրման «Բագրատիոն» գործողությունը:

Կարինե Տեր-Սահակյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---