Լավրովի այցը Բաքու մտահոգության առի՞թ է Հայաստանի համար

Լավրովի այցը Բաքու մտահոգության առի՞թ է Հայաստանի համար

Պետք է խոստովանել, որ Բաքուն կարողանում է ներկայանալ շահավետ դիրքերից

Հունիսի 17-18-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կայցելի Բաքու: Այցն ինքնին տեղավորվում է ԱՊՀ երկրների միջև համագործակցության շրջանակում և բխում է տարածաշրջանում ու աշխարհում ստեղծված իրավիճակից: Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի, սա ՌԴ ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների արդեն չորրորդ հանդիպումն է ընթացիկ տարում:

PanARMENIAN.Net - Այնուհետև կայացած ճեպազրույցումԼուկաշևիչը հայտարարել է. «Ադրբեջանը ՌԴ ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում: 2013-ին երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 3,5 մլրդ դոլար և աճել 4 տոկոսով 2012-ի համեմատ: Ռուսաստանի արտահանումը կազմել է 2,9 մլրդ դոլար (աճը 2,2 տոկոս), ներկրումը՝ 0,64 մլրդ դոլար (աճը՝ 13,1 տոկոս): Ադրբեջանի հետ արտաքին առևտրային գործունեություն է ծավալում մոտ 500 ընկերություն ՌԴ 71 սուբյեկտից: Այժմ նախապատրաստվում է Տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ XVI նիստը: Գործակցության կարևոր բաղադրիչներից է ՌԴ սուբյեկտների գործակցությունն Ադրբեջանի հետ: Դիտարկում ենք միջտարածաշրջանային կապերը մեր երկրների միջև ինտեգրացիոն գործընթացների ամրապնդման համատեքստում: ՌԴ-ն մեծ հույսեր է կապում Ռուս-ադրբեջանական V միջտարածաշրջանային համաժողովի հետ, որը տեղի կունենա հունիսի 23-24-ը Գաբալայում»:

ՌԴ ԱԳՆ այս հայտարարությունից հետո Հայաստանում դժգոհության ալիք բարձրացավ. եթե Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ապա Հայաստանն ո՞վ է: Միանգամից հիշվեց 1 մլրդ դոլարի զենքի վաճառքն Ադրբեջանին Մոսկվայի կողմից, և Երևանում ՌԴ դեսպանի, մեղմ ասած, ոչ այնքան կոռեկտ հայտարարությունը, թե սա «ուղղակի բիզնես է», և այն, որ Պուտինը կարող էր կշտամբել Նազարբաևին Աստանայի գագաթաժողովում, երբ վերջինս խոսում էր Լեռնային Ղարաբաղի մասին ԵՏՄ-ին անդամակցության համատեքստում…

Եթե հանգիստ ընկալենք այս ամենը, ապա արտառոց ոչ մի բան տեղի չի ունեցել. Ադրբեջանին ով ասես զենք է վաճառում և ինչու Ռուսաստանը դա չպետք է անի, անհասկանալի է: Դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը նույնպես Հարավային Կովկասում ՌԴ քաղաքականության շրջանակում է: Յուրաքանչյուր երկիր իր շահերն ունի և եթե Երևանը չի կարողանում որոշ հարցերում պնդել իրենը (ինչը, ճիշտն ասած, վիճահարույց է), ապա դա Երևանի մեղքն է, ոչ թե Ռուսաստանի: Հայ քաղաքական գործիչներն ու քաղաքագետները չեն ցանկանում հրապարակավ հայտարարել, որ ոչ ոք պարտավոր չէ իր արարքները համադրել Հայաստանի շահերի հետ: ԱՄՆ-ն, օրինակ, Թուրքիայի դաշնակիցն է, սակայն, այնուամենայնիվ, ուժերի ներածին չափով առաջ է տանում անկախ Քրդստանի ստեղծման գաղափարը, էլ չասած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերը: Թուրքիան, քաղաքական գործիչների ելույթներից բացի, ԱԳՆ մակարդակով, օգտագործում է նաև ԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական լոբբիի հնարավորությունները սեփական շահերն առաջ տանելու համար:

Սակայն, Հայաստանը, բավարար հիմքեր չունենալով, հայտարարում է, որ «Ռուսաստանը պետք է որոշակիացնի, թե ով է իր ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում»: Ըստ ՀՅԴ «Հայ Դատի» գրասենյակի քաղաքական հարցերի ղեկավար Կիրո Մանոյանի, Լուկաշևիչի վերջին հայտարարությունը և նախկինները մտահոգում են Երևանին, քանի որ պետք է ինչ-որ տրամաբանություն լինի, թե ինչպես կարելի է նույն մոտեցումն ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում:

Հայտարարությունն առավել քան տարօրինակ է՝ ինչու չունենալ միանման մոտեցում, եթե այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունն այդպիսին է: Ինչպես արդեն ասվել է, Հայաստանը ոչ մի առավելություն չունի Ռուսաստանի համար Ադրբեջանի, կամ ՌԴ այլ գործընկերների համեմատ: Կրեմլը, ինչպես և Սպիտակ տունն ու Բրյուսելը, իրենց քայլերն անում են բացառապես ելնելով սեփական շահերից: Եվ միշտ է այդպես լինելու: Միակ բանը, ինչ պետք է անի Երևանը, աշխատի ներկայանալ որպես լուրջ տարածաշրջանային խաղացող: Այն ժամանակ գուցե ուղղվածությունը և փոխվի, բայց ոչ ավելի շուտ: Ճիշտ է, չի կարելի ասել, թե Ադրբեջանն ինչ-որ մեծ նշանակություն ունի տարածաշրջանային առումով. ածխաջրածինների ուռճացված պաշարներ, բռնատիրական ռեժիմ, այլախոհության ճնշում, այս ամենը լավագույնս չի ներկայացնում Բաքվին միջազգային ասպարեզում: Սակայն դեռևս Արևմուտքը, չգիտես ինչու, ի դեմս Բաքվի է այլընտրանք տեսնում «Գազպրոմին» և դա շատ վատ է առաջին հերթին Արևմուտքի համար:

Պետք է խոստովանել, որ Բաքուն կարողանում է շահավետ դիրքերից ներկայանալ: Հայտնի չէ, թե որքան դա կտևի, որովհետև չի կարելի անվերջ շահարկել «նավթի ու գազի անհամար պաշարների» թեզը, առավել ևս, որ գազի պաշարներով ու արդյունահանմամբ, Ադրբեջանն աշխարհում 33-րդն է, իսկ նավթի՝ 22-րդը, և դա նվազման միտում ունի:

Հազիվ թե Սերգեյ Լավրովի, իսկ հետո էլ Դմիտրի Ռոգոզինի, այցը ինչ-որ նոր բան տա. գուցե միայն բանակցությունների ետնաբեմում քննարկվի ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության գաղափարը, սակայն, հավանաբար, պայմանավորվել չի ստացվի, նույնիսկ Նազարբաևի միջնորդությամբ: Բայց ամեն ինչ շատ ավելի պարզ կարող է լինել՝ Ռուսաստանն աշխատում է զերծ պահել Ադրբեջանին դեպի Արևմուտք շրջադարձից…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---