Քեսաբ. Պղծված սրբությունները

Քեսաբ. Պղծված սրբությունները

«Ջեբհաթ ան Նուսրի» խմբավորման գրոհայինները ջախջախել են Հայ ավետարանչական եկեղեցու Սբ Երրորդությունն ու «Միսակյան» մշակութային կենտրոնը:

Ֆրանսիական « L’observatoire de la Christianophobie կայքը հրապարակել է Քեսաբի ազատագրումից հետո քաղաքի ավերված ու պղծված եկեղեցիների լուսանկարները:

PanARMENIAN.Net - Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվեց ու ապաստանեց Լաթաքիայում: Քեսաբում մոտ 2,5-3 հազար հայ է բնակվում, կա 11 հայկական գյուղ, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ, հիվանդանոցներ: Հայկական եկեղեցու գմբեթի խաչի փոխարեն գրոհայինները սև դրոշ կանգնեցրին:

Հունիսի 16-ին Սիրիայի բանակի ու ԶՈւ գերագույն հրամանատարությունը հայտարարեց, որ մեծ թվով ավազակային կազմավորումների անդամների ոչնչացնելով ու նրանց տեխնիկան ու զենքը շարքից հանելով, բանակային ստորաբաժանումները վերականգնել են անվտանգությունն ու կայունությունը Քեսաբ քաղաքում: Հրամանատարության հայտարարության մեջ կարևորվում է այդ հաջողությունը կապված այդ բնակավայրի առանձնահատուկ աշխարհագրական դիրքի հետ, քանի որ ձախողվեց Թուրքիայի հետ սահմանին դեպի ծով ելքով պլացդարմի ստեղծումն ահաբեկիչների կողմից:

Քեսաբում սակրավորները վնասազերծել են ականներն ու պայթուցիկ սարքերը: Այժմ տների ու փողոցների ականազերծումը գործնականում ավարտված է: Աշխատանքն են վերսկսել կոմունալ ծառայությունները: Քաղաքում արդեն էլեկտրականություն կա: Ըստ Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի, արդեն քաղաք է վերադարձել հայրենիքը լքած 600 ընտանիքից 250-ը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ հանդիպման ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացավ, որ քեսաբահայերը կվերադառնան իրենց տները: Հիմա կարող ենք ասել, որ Ասադը կատարեց իր խոստումը:

Հարձակումը Քեսաբի վրա անհարմար վիճակ ստեղծեց Թուրքիայի համար: Քեսաբը լքած հայերն ու ալևիները մեղադրեցին կատարվածի համար Թուրքիայի կառավարությանը Էրդողանի գլխավորությամբ: Հայերը փախան Լաթաքիա և հետո արդեն պատմեցին ВВС-ի թուրքական ծառայությանը ինչպես է կատարվել հարձակումը և ինչպես նրանք ստիպված եղան լքել իրենց տները:

«Մենք պատրաստ չէինք հարձակման, առավոտ վաղ մենք արթնացանք ուժգին պայթյուններից: Մենք հեռացանք Քեսաբից գիշերանոցներով, առանց գումարի և թանկարժեք իրերի, առանց անձնագրերի…Մենք ուղղակի ուզում էինք փրկվել»,-պատմում է Քեսաբի բնակչուհին: Հայերի մի մասը, հուսալով, որ մարտերը շուտով կդադարեն, մնացին Քեսաբում, Լաթակիա ուղարկելով կանանց ու երեխաներին:

«3 տարի թուրք-սիրիական սահմանին հանգիստ էր, իսկ հիմա մենք վախենում ենք վերադառնալ: Ճիշտ է, մեզ ասում են, որ կարելի է վերադառնալ, բայց 7 հայ և 2 ալևի անհայտ կորել է, չգիտենք, թե ինչ է պատահել նրանց հետ: Ո՞վ մեզ անվտանգության երաշխիքներ կտա: Ես տեսա, թե ինչպես էին հայկական եկեղեցուց տանում արժեքավոր իրերը, սրբապատկերները, գորգերը, իսկ հետո եկեղեցին այրեցին: Ոչնչացրեցին ամբողջ եկեղեցական գույքը»,-պատմում է քահանա Գևորգը:

Հայաբնակ քաղաքի ազատագրմանը մսնակցել են նաև տեղաբնակների ինքնապաշտպանական ջոկատներն ու սիրիացի շիաները Հեզբոլլահից, հայտնում է Ora Pro Siria-ն՝ հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս XIX Թարմունիի վրա հղումով:

Սբ Միքայել եկեղեցի այցելության ժամանակ նա հայտնաբերել է պղծված սրբապատկերներ, կոտրված խաչեր, հրկիզված աստվածաբանական գրքեր: Եկեղեցու տարածքն այլևս պիտանի չէ ժամերգություններ անցկացնելու համար: Ըստ պատրիարքի, իսլամիստների միակ նպատակն էր կանխել եկեղեցու հետագա օգտագործումը որպես Աստծո տաճարի: Թեմական դպրոցը նույնպես քանդվել է:

«Ջեբհաթ ան Նուսրի» խմբավորման գրոհայինները ջախջախել են Հայ ավետարանչական եկեղեցու Սբ Երրորդության եկեղեցին և «Միսակյան» մշակութային կենտրոնը:

Ներսես Պետրոս XIX հույս է հայտնել, որ փախստականների մեծ մասը կվերադառնա Քեսաբ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net, Photo: Fraternità Maria Gabriella
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---