16  12.02.13 - Աֆրիկյանների վտանգված տունը (Տերյան 11)
14  11.06.12 - Աֆրիկյանների վտանգված տունը (Տերյան 11)
Աֆրիկյանների ակումբ. Քանդումն անօրինական է, վերականգնումը` կասկածելի

Աֆրիկյանների ակումբ. Քանդումն անօրինական է, վերականգնումը` կասկածելի

Ի սկզբանե Առաքել Աֆրիկյանը մտադրվել է Եկամտաբեր տուն (Доходный дом) կառուցել, բայց հետագայում շենքը վերածվել է ակումբի

Երևանի Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբի շենքը քանդում են, կամ, ինչպես ասում են քանդողները` ապամոնտաժում: Իսկ քանդում է «Միլենիում կոնտրակշեն» ընկերությունը` ՀՀ կառավարության 07.10.2004թ. հ.1616-Ն որոշման համաձայն: Դեռևս տասը տարի առաջ հուշարձան շենքն ընդգրկվել է Երևանի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում։

PanARMENIAN.Net - Շենքի ճարտարապետը Վասիլի Միրզոյանն է․ կառուցման տարեթիվը հստակ հայտնի չէ՝ 1890-ականների վերջ - 1900-ականներ։ Աֆրիկյանների հարուստ տոհմը մեծ ռեսուրսներ է ներդրել շենքը կառուցելու համար: Ժամանակին ակումբը Երևանում միակ նախշազարդ շենքն էր, ֆասադի կառուցման վրա քանդակագործներ են աշխատել:

Ի սկզբանե Առաքել Աֆրիկյանը մտադրվել է Եկամտաբեր տուն (Доходный дом) կառուցել, բայց հետագայում շենքը վերածվել է ակումբի: Այսինքն, ինչպես նախատեսվում էր, բնակարանները վարձով չեն տրվել, ու շենքը դարձել է ակումբային բիզնես:

Ակումբային շենքում ուրբաթ-շաբաթ օրերին հին երևանցիները հավաքվել, շփվել, տարբեր հարցեր են քննարկել: 1922-ի հոկտեմբերի 18-ին (մոտ մեկ ամսվա ընթացքում) Աֆրիկյանների ակումբն ազգայնացվել է ու դարձել Արտակարգ իրավիճակների կոմիտեի շենք (ЧК):

Ասում են՝ նկուղային հարկում բանտ է եղել. ի դեպ, 2012-ին գտնվել է բանտային խցերից մեկի դուռը, ինչն էլ հաստատում է խոսակցությունները: Նաև խոսակցություններ կան, որ հենց այդ խցերում մեծ քանակությամբ մարդիկ են գնդակահարվել (հանցագործներ, բուրժուազիայի ներկայացուցիչներ):

Ըստ շենքի նախկին բնակիչների, երբ Արտակարգ իրավիճակների կոմիտեին նոր շենք են տվել, ակումբի բնակարանները հատկացվել են կոմիտեի աշխատակիցներին, այդպիսով Աֆրիկյանների ակումբը դարձել է բնակելի շենք:

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ հուշարձան-շենքը մոտ 4 մետրով փողոցի երթևեկելի մասում է՝ դրանով իսկ խախտելով կառուցապատման գիծը.

«Քաղաքաշինական խնդիրների լուծման նպատակով որոշվել է շենքը տեղափոխել Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվող «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս, ըստ որի, շինության ապամոնտաժման և թաղամասում այն վերականգնելու նպատակով, քաղաքապետարանի և մշակույթի նախարարության կողմից համաձայնեցվել է նախագիծ և տրվել համապատասխան թույլտվություն»։

Մի՞թե Տիգրան Բարսեղյանը տեղյակ չէ, որ 21.10.2008թ.-ին ԱԺ-ն վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որի 5-րդ հոդվածում մասնավորապես նշված է` «յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել…»:

Ստացվում է, որ 4 մետրն ապամոնտաժման համար բավարար հիմք չէ, իսկ Սահմանադրության հոդված 6-ով ամրագրված է. «Միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»:

«Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանն էլ, արդարացնելով քանդումը, նշել է, որ քարերը տարվելու են Սեբաստիա 37 («Գլենդել Հիլզ»-ի տարածք), իսկ այդ ընթացքում արդեն կսկսվի «Հին Երևանի» շինարարությունը։

«Մանրակերտն արդեն նայվել է և մշակույթի նախարարության կողմից, և քաղաքաշինական խորհրդի, վերջնական հավանության արժանացել և որոշում ընդունվել։ Կոնկրետ այս ապամոնտաժվող շենքի համար կատարվել է վերականգնման նախագիծ, համաձայնեցվել և մշակույթի նախարարության, և քաղաքապետարանի հետ, ստացվել ապամոնտաժման թույլտվություն, այսինքն՝ ամեն ինչ օրինական է։ Իսկ ապամոնտաժումը կատարվելու է իմ ղեկավարությամբ։ Այսքան հուշարձան է քանդվել, սա առաջին դեպքն է, որ կազմվել է ապամոնտաժման նախագիծ, և հենց այդ նախագծով էլ պետք է ապամոնտաժվի։

Շենքի ճակատն այնպիսի զարդաքանդակներ ունի, որ հնարավոր չի ուղղակի քանդել, քանի որ որևէ վարպետ չի կարող վերականգնել։ Ստեղծվել է պրոֆեսիոնալ վարպետների մի խումբ՝ Գագիկ Շիրինյանի գլխավորությամբ, որը, կրթությամբ ճարտարապետ լինելով, երկար տարիներ, Կասկադից սկսած, զբաղվում է քարտաշությամբ, որպեսզի աշխատանքները հասցվեն կատարողական պրոֆեսիոնալ բարձր մակարդակի»,- ասել է Վարդանյանը, գրում է «Հրապարակը»։

Հետաքրքիր է` ինչպես են քանդվել մյուս բոլոր այն շենքերը, որոնք նույնպես իբր պետք է վերականգնվեն «Հին Երևանում», եթե սա առաջին դեպքն է, ինչպես նշել է Լևոն Վարդանյանը, որ «կազմվել է ապամոնտաժման նախագիծ, և հենց այդ նախագծով էլ պետք է ապամոնտաժվի»: Ինչպե՞ս է քանդվել նույն ՀԱՊԿ ակադեմիայի կառուցվող շենքի տեղում գտնվող նախկինում Աճառյանի անվան դպրոցի շենքը, որը նույնպես, ինչպես պնդում են քանդողները, պետք է վերակառուցվի…

Երևի թե դա արդեն կարևոր չէ, սակայն «Հին Երևանի» իրագործելիության հնարավորությունն արդեն կասկածի տեղիք է տալիս:

Մյուս հարցը. Վարդանյանի պնդմամբ` ապամոնտաժվող շենքի համար կազմվել է վերականգնման նախագիծ, համաձայնեցվել մշակույթի նախարարության հետ: Եթե համաձայնեցվել է, ինչո՞ւ է նախարարությունն արգելում ապամոնտաժումը: Մի՞թե այն ժամանակ թույլատրել են առանց հարցը խորապես ուսումնասիրելու… Ճիշտ է` այդ արգելքն էլ ընդամենը 2 օր տևեց. նախարարությունում ասում էին` ինչ-որ թուղթ է պակասում, «Միլենիումից» թուղթն արագ բերեցին, ներկայացրեցին, և նորից կարող են հանգիստ խղճով քանդել:

Հետագայում Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նիստում մշակույթի նախարարության Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը փորձել է արդարանալ` ներկայացնելով, թե ինչպես է որոշվել հուշարձանի տեղափոխումը:

Նրա խոսքով, տեղափոխման ենթակա հուշարձանների ցուցակի մեջ ընդգրկելու պահին շենքն ուղղակի օբյեկտ էր, հուշարձան չէր իրավաբանորեն. «Տեղափոխման ցանկում ներառված օբյեկտները զուգահեռ մտան նաև պատմամշակութային հուշարձանների ցանկ»: Այդ ժամանակ իրավական դաշտը դեռ կարգավորված չէր, իսկ քաղաքապետարանն արդեն քաղաքաշինական ծրագրեր էր մշակել և տարածքներ հանձնել որոշ կառուցապատող կազմակերպությունների:

«Տարածքները հանձնելու ժամանակ որևէ պայման չկար և չկար փաստաթուղթ, որ այնտեղ հուշարձան գոյություն ունի: Իրավիճակ էր ստեղծվել, որ կառուցապատողը ներդրում էր արել, իսկ հիմա հանկարծ այստեղ հուշարձան է ի հայտ եկել: Ես հասկանում եմ այդ բարդ խնդիրը, կառուցապատողը կարող էր դատի տալ և փոխհատուցում պահանջել: Հարցը բազմիցս քննարկել ենք նաև սեփականատերերի հետ, մի մասը համաձայնեց, որ իր ծրագրի մեջ ընդգրկի հուշարձանը: Շատ հուշարձանների հարց լուծվեց: Մյուսը մասը չէր համաձայնում տարբեր պատճառներով: Ստեղծվեց կոմպրոմիսային տարբերակ: Եթե Տերյան 11-ն ուղղակի ցուցակից հանվեր, այսօրվա դրությամբ հուշարձանի կարգավիճակ չէր ունենա, այդպիսի կոմպրոմիասային տարբերակ եղավ՝ ընդգրկել տեղափոխվողների մեջ, որ գոնե պահպանվի»,- մանրամասնել է Կարո Այվազյանը:

Այսօր շենքն իրոք աղետալի վիճակում է և վտանգավոր, քանի որ տարածքը նախկինում տնօրինող «Դվին հոլդինգը» շենքի բնակիչների հետ փոխհատուցման պայմանագիր է կնքել միայն այն դեպքում, երբ վերջիններս համաձայնվել են քանդել իրենց իսկ բնակարանները: Արդյունքում շենքը մոտ տասը տարվա ընթացքում բերվել է վթարային վիճակի…

Իսկ այս ընթացքում «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամների անունից Հայաստանի հելսինկյան կոմիտեն և «Ուրբանլաբ Երևան» ՀԿ-ն հայց են ներկայացրել Վարչական դատարան: Հայցով պահանջվում է առ ոչինչ ճանաչել հուշարձանի տեղափոխման մասին Կառավարության համապատասխան որոշումն ու այն ապամոնտաժելու մասին քաղաքապետարանի թույլտվությունը: Միջնորդություն է ներկայացվել կասեցնել քանդումը` մինչև դատարանի վերջնական որոշումը: Նրանք դեռ սպասում են պատասխանի, սպասում են` օր ու գիշեր հերթապահելով ակումբի շենքի մոտ ու թույլ չտալով հանել քարերը:

Քրիստինե Քյուրքլյան, Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան, Հրանտ Խաչատրյան, Վարո Ռաֆայելյան / PAN Photo
20  24.06.14 - Տիգրան Համասյանի ելույթը և ցուցարարների բողոքի ակցիան Աֆրիկյանների շենքի բակում
16  24.06.14 - Ցույց Աֆրիկյանների տան դիմաց
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---