10  28.07.14 - Կոտայքում մ․թ․ա․ IX-VII դարի ուրարտական անհայտ ամրոց են պեղել
Կոտայքում ուրարտական` նախկինում անհայտ ամրոց են պեղել. Մ.թ.ա. IX-VII դար

Կոտայքում ուրարտական` նախկինում անհայտ ամրոց են պեղել. Մ.թ.ա. IX-VII դար

Սոլակ-1 նորահայտ հնավայրում հնագետները դեռևս պեղել են ամրոցի միայն մեկ սենյակը

Կոտայքի մարզում հետախուզական նախագծի (KSP) շրջանակում հայ-իտալական արշավախումբը նոր հնագիտական համալիր է հայտնաբերել: Նախնական դիտարկումների համաձայն` ամրոցը կարելի է թվագրել Ուրարտական ժամանակաշրջանով (Ք.ա․ IX-VII դդ.), ամենայն հավանականությամբ այն ամրոցային համակարգի մաս է կազմում, որը կապում էր հարավում գտնվող ուրարտական ամրոցները (Էրեբունի, Կարմիր բլուր, Արամուս) Սևանի ավազանում գտնվող ամրոցներին։ Հայ – իտալական համագործակցության նպատակը նորահայտ ամրոցն ամբողջությամբ պեղելը, ապագյում այն վերականգնելը և թանգարայնացնելն է։

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի հետ զրույցում արշավախմբի հայկական կողմի ղեկավար Արթուր Պետրոսյանը նշեց, որ Սոլակ-1 նորահայտ հնավայրում պեղված հուշարձանն իր ստանդարտներով, չափերով, բնորոշ է ուրարտական ժամանակաշրջանին, բայց կառուցման տեխնիկայով, խեցեղենով ուրարտական չէ, այլ` տեղական: Կարելի է ասել` ուրարտական ստանդարտներով տեղական հուշարձան է, ինչն ինքնին բավական հետաքրքիր ու աննախադեպ երևույթ է:

«Հնարավոր է` ուրարտացիները գրավել են ամրոցը, կառավարիչ նշանակել: Դեռևս շատ բան ասել չենք կարող: Բայց մի բան հաստատ է` գործ ունենք ուրարտական փուլի հետ: Հատկանշական է նաև, որ հնավայրում պեղվել է նաև հետուրարտական շրջանի խեցեղեն»,- նշեց հնագետը:

Հնավայրից հայտանբերված ածուխի նմուշն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության, ինչից հետո արշավախումբը կկարողանա ավելի կոնկրետ նշել հուշարձանի թվագրումը:

Հայ-իտալական հնագիտական արշավախումբը (Kotayk Survey Project- KSP) 2013-ից աշխատանքներ է իրականացնում Հրազդան գետի վերին հոսանքում: Նպատակն է կատարել ընդլայնված և մանրամասն հետազոտություն Հրազդան գետի վերին ավազանում և կազմել նշված հատվածի հնագիտական քարտեզ։ Այս տարի արշավախումբը հնագիտական հետազոտություն է իրականացրել Հրազդան, Բջնի, Քաղսի և Սոլակ համայքներին պատկանող տարածքներում և պեղումներ է իրականացնում Սոլակ համայքի տարածքում գտնվող Սոլակ-1 նորահայտ հնավայրում։

Արշավախումբն արդեն պեղել է տնտեսական նշանակության սենյակ` մինչև 1,8 մ բարձրությամբ պատերով, մուտքով, հստակ երևում է հատակը, որի վրա կա հրդեհի հետք` վառված գերանը, ինչը նշանակում է` ծածկը փայտից է եղել:

«Չեմ կարող ասել` իր բուն նշանակությամբ ծառայել է որպես խոհանոց, թե մեկ այլ բան: Դռան աջ մասում կա փոքրիկ հորանման մաս, որը կարող էր անոթները պահելու համար ծառայել»,- մանրամասնեց Արթուր Պետրոսյանը:

Պեղումների արդյունքում գտել են խեցեղեն. «Հստակ կարող ենք ասել, որ վերականգնումից հետո կունենանք 15 ամբողջական անոթ: Խեցեղենն արդեն իսկ պատրաստվում է վերականգնման: Մեկ ամսից կունենաք ռեստավրացիա արված անոթները, կհրատարակենք ու կհանձնենք Պատմության թանգարանին»:

Ուրարտուն (Արարատյան թագավորություն, Արարատ, Բիայնա) պետություն էր Հայկական լեռնաշխարհում ( մ.թ.ա. IX-VI դարեր)։ Ուրարտու է կոչվել հարևան Ասորեստանի կողմից։ Առաջին հազարամյակի առաջին քառորդում վերածվել է Առաջավոր Ասիայի հզորագույն պետություններից մեկի, սակայն հետագայում թուլանալով` անկում է ապրել և կործանվել մ.թ.ա. VI-րդ դարում։

Տեղանքի ընտրությունը

Արշավախմբի հայկական կողմի ղեկավարը նշում է, որ տեղը պատահական չեն ընտրել, քննարկել են` ինչ խնդիրներ կան լուծելու:

«Սևանի ավազանում ունենք ուրարտական հուշարձաններ: Կա Արամուսը, Էլառը, իսկ այս շրջակայքում, կոնկրետ այս հատվածում չկար ուրարտական հուշարձան: Իսկ մենք գիտենք, որ ուրարտացիներն ամրոցների միջև միշտ փորձում էին կապ ստեղծել: Անհնար էր, որ այդ միջակայքում կապող օղակ չունենային: Նաև այս տարածքում վաղ շրջանի հետ կապված շատ քիչ էին նեոլիթյան փուլի հուշարձանները: Մեր ծրագրի նպատակը Կոտայքի մարզի, այդ շրջանի հնագիտական քարտեզը ստեղծելն է: Չկա կոնկրետ ժամանակաշրջան: Ծրագրի վերջում կունենաք գիրք, որում կընդգրկենք բոլոր փուլերի հուշարձանները` պալեոլիթից` միջնադար»,- նշեց հնագետը:

Սակայն գիրքը կլինի նվազագույնը 5 տարի անց, քանի որ ըստ պայմանագրի 5 տարի պետք է տեղանքը հետազոտեն, հետո միայն ընտրեն 1 կամ մի քանի կարևոր հուշարձան ու դրանց վրա կենտրոնանան:

«Մեր բախտը բերեց ու այս տարի գտանք այս հուշարձանը, որն ուրարտական ամրոց է: Սկզբում մտածում էինք, որ ճանապարհային կայան է, սակայն Հայկ Ավետիսյանը, որ Արամուսն է պեղում և ուրատական շրջանի ամենալավ մասնագետն է, ինքն էլ հաստատեց, որ սա հենց ուրարտական շրջանին պատկանող ամրոց է: Սկսեցինք ավելի ուշադիր նայել, կենտրորնանալ դետալների վրա ու պարզվեց, որ բարձունքը` այդ փոքրիկ բլուրը, ամբողջությամբ ընդգրկում է համալիրը, պաշտպանական համակարգ կա, գծագրվում են տեռասաները, մուտքը: Հուշարձանը մեծ է, ամենաքիչը 5 հա տարածք է ընդգրկում: Չափագրել ենք, և ըստ մեզ` հնավայրի տարածքը, այն բնակատեղին, որը մենք տեսնում ենք, 15 հա է զբաղեցնում»,- մնարամասնում է Արթուր Պետրոսյանը:

Պեղե՞լ ես` պահպանիր

Եթե մի բան պեղում ես, պետք է պահպանես, չես կարող բաց թողնել: Հնագետը նշում է, որ դա թե հնագիտության, թե մշակույթի նախարարության պահանջն է: Եվ աշխատանքների այս փուլի ավարտից հետո արշավախումբը փակել է հնավայրը:

«Կան հուշարձանը փակելու` կոնսերվացիայի տարբեր մեթոդներ: Մենք ընտրեցինք իտալական մեթոդը` ծածկեցինք շնչող շորով, որի միջով ջուրն անցնում է, ջերմոցի էֆֆեկտ չի ստեղծվում ու հուշարձանը չի փչանում»,- նշեց հնագետը:

Խոսելով հեռահար նպատակների մասին, Պետրոսյանը պատմեց, որ նպատակն է վերականգնել ամրոցի սկզբնական տեսքը.

«Այն քարերը, որ ընկած են շարվածքից, պատրաստվում ենք վերականգնել: Իտալացի մասնագետները նշում են, որ մեր բախտը բերել է` չոր շարվածքի հետ գործ ունենք, սակայն չոր շար վերականգնելու մասնագետներն են շատ քիչ: Օրինակ` ամբողջ Իտալիայում ընդամենը մի մասնագետ կա: Բայց դա կլինի ոչ այնքան մոտ ապագայում: Նվազագույնը 5 տարի կպահանջվի հուշարձանն ամբողջությամբ պեղելու համար: Մենք քարտեզագրելու ենք այդ ամբողջ տարածքը: Կոմպլեքսային ուսումնասիրություն կանենք: Քանի որ հնագիտության մեջ չկան միաշերտ հուշարձաններ»,-ասաց արշավախմբի հայկական կողմի ղեկավարը` նշելով, որ պեղումները շարունակելու են հաջորդ տարի օգոստոսին:

KSP նախագիծն իրականացվում է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Միջերկրածովյան և արևելյան երկրների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի, Իտալիայի արտաքին գործերի նախարարության միջև գործակցությամբ (ղեկավարներ Ա.Պետրոսյան, Ռ. Դան): Ծրագրի ընթացքում մինչ այժմ ուսումնասիրվել է 56 հնավայր, որոնցից մի քանիսը ընդհանրապես անհայտ էին, հստակեցվել են նախկինում հայտնիների թվագրությունը, հայտնաբերվել են նորերը։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Կարո Սահակյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---