Դոկտոր Շորազի արկածները Եվրոպայում կամ մեկուսարան Ավստրիայում Մալթայի առանձնատան փոխարեն

Դոկտոր Շորազի արկածները Եվրոպայում կամ մեկուսարան Ավստրիայում Մալթայի առանձնատան փոխարեն

Նորմալ ընդդիմադիրները սովորաբար փախչում են Հայրենիքից, քանի որ կոշտ առճակատման մեջ են մտնում իշխանության հետ: Ռահատ Ալիևը հեռացավ երկրից այլ դրդապատճառներով՝ նա ուղղակի ավազակ էր

Շատերն այսօր դետեկտիվ պատմություն, գրեթե թրեշ-թրիլեր են անվանում հետաքննությունն այսպես կոչված դոկտոր Շորազի գործով: Այս անձն այն սակավաթիվ օտարերկրացիներից է, որոնք պաշտպանություն էին փնտրում Եվրոպայում՝ փորձելով թաքնվել քրեական հետապնդումից: Եվ նրանցից մեկը, ում դա տևական ժամանակ հաջողվում էր:

PanARMENIAN.Net - Ինչո՞ւ եմ ես այս մասին անցած ժամանակով խոսում: Դե, հավանաբար, այն պատճառով, որ այդ պարոնը վերջերս փոխեց իր բնակավայրը՝ Մալթայում հարմարավետ առանձնատան փոխարեն նրան հարմարավետ մեկուսարան տրամադրեցին ավստրիական Յոզեֆշտատ բանտում, իսկ Վիեննայի շրջանային դատարանն արդեն մի քանի անգամ որոշում է կայացրել նախնական կալանքը երկարացնելու մասին: Չնայած դոկտոր Շորազի փաստաբանների գրավի դիմաց նրան ազատելու փորձերին, նրանց դա չի հաջողվում: Չափազանց լուրջ մեղադրանքներ են առաջադրվում այդ մարդուն:Ավստրիայի իրավապահ մարմինները համոզիչ հիմքեր ունեն ենթադրելու, որ գործ ունեն մարդասպանի հետ: Ինչպես վկայում են քրեական գործի նյութերը, Շորազն ու նրա մեղսակիցները երկու գործարարի կյանք են խլել, հոգեմետ դեղեր տալով նրանց, հետո խեղդամահ են արել՝ դիակները թաքցնելով կրի տակառներում: Տակառները թաղել են անմարդաբնակ վայրում: Սպանության նպատակը մեկն էր՝ հարստանալու մոլուցքը: Զոհերին կտտանքների են ենթարկել, պահանջել են կեղծ ընկերություններին փոխանցել իրենց բաժնեմասը բիզնեսում, իսկ հետո ուղղակի ազատվել են նրանցից:

Հեռավոր Ղազախստանում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, դոկտոր Շորազին գիտեն որպես Ռահատ Ալիև: Նա խոշոր պաշտոնյա էր ու գործարար, որն, ինչպես տեսնում ենք, հարստանալու համար, ոչնչից չէր խորշում: Եվ երբ, ի վերջո, նա փախավ երկրից, նրա անձնական կարողությունն արդեն միլիոնավոր դոլարների էր հասնում: Ընդ որում, նրան կասկածում էին մի շարք հանցագործությունների մեջ, որտեղ սպանությունը դրվագներից մեկն էր միայն: Ղազախստանի դատարանը հեռակա կարգով դատապարտեց նրան 40 տարվա ազատազրկման:

Սակայն, Եվրոպան, ինքներդ եք հասկանում, ժողովրդավարության միջնաբերդն է, ուստի յուրաքանչյուր փախստական, նույնիսկ եթե նա իրոք հանցագործ է, դիտարկվում է անմեղության կանխավարկածի համաձայն: Առավել ևս, որ Ալիևը շատ հարուստ մարդ է: Իսկ օլիգարխներին ընդհանրապես միշտ ավելի հեշտ է շրջանցել օրենքը:

Դե հիմա հաշվեք՝ դոկտոր Շորազը փախավ Ղազախստանից 2007-ին, իսկ մեկուսարանում հայտնվեց միայն 7 տարի անց: Բնականաբար, հարց է առաջանում, եթե հիմք կար մեղադրելու Ալիևին սպանության մեջ, ապա ինչո՞ւ անհապաղ սպառիչ միջոցներ չձեռնարկվեցին ընդհուպ մինչև լիակատար ու համակողմանի հետաքննություն: Ինչի՞ էին սպասում այս տարիներին Ավստրիայի իրավապահ մարմինները:

Ինչպես պարզաբանում են իրավաբանները, Ղազախստանը մինչև 2011 թ. պայքարում էր Ալիևի արտահանձնման համար, սակայն մերժում ստացավ: Օլիգարխը, հավանաբար, արդեն հաղթանակ էր տոնում, բայց հաշվի չառավ, որ ըստ միջազգային պայմանավորվածությունների Ավստրիան, հրաժարվելով արտահանձնումից, պարտավոր էր սեփական հետաքննություն անցկացնել: Եվ այն, որ դոկտոր Շորազը մեկուսարանում հայտնվեց, շատ բան է հուշում: 3 տարում դժվարին հետաքննություն անցկացնելով, ուսումնասիրելով բազում փաստեր և հարցաքննելով շուրջ 100 վկաների, ներառելով բարձրակարգ փորձագետների, Վիեննայի դատախազությունը օլիգարխին ձերբակալելու եվրոպական թույլտվություն տվեց: Դա չմտածված արարք չես համարի: Առավել ևս, որ Ալիև-Շորազի կալանքը երկարացրած դատարանը փաստորեն հաստատեց նրա կալանավորման հիմնավորումը:

Հասկանալի է, որ մեղադրյալի փաստաբանները շարունում են պաշտպանությունը, կարծելով, թե քրեական հետապնդումը քաղաքական աստառ ունի և ամենուր սուտ ու կեղծիք են տեսնում: Նրանց կարծիքով, Ալիևը քաղաքական հետապնդման զոհ է, ընդդիմադիր, և բոլոր ապացույցները շինծու են: Սակայն, պետք է ասել, որ քրեական ոստիկանության դաշնային վարչությունը Վիեննայի դատախազության հանձնարարությամբ, մանրակրկիտ գնահատելով Ղազախստանի գործողությունները, հետևյալ գրավոր եզրակացությունն է կազմել. «գոյություն չունեն բավականաչափ հիմքեր ենթադրելու, որ Ալիևին և նրա հանցակիցներին ներկայացված մեղադրանքը կեղծ է ու հրահրված իշխանությունների կողմից»:

Ալիևի և նրա բազմաթիվ խորհրդատուների ռազմավարությունը միանգամայն պարզ է. նրանք պատրանք են ստեղծում, որը դավադրությունների տեսություն է կոչվում: Պաշտպանությունը հիմնված է կոնսպիրոլոգիական տեսությունների վրա, որոնք նույնիսկ փոքր քննադատության չեն դիմանում: Եվ հետո Ալիևից ի՞նչ ընդդիմադիր: Բավական է հիշատակել նրա վերջին պաշտոնը՝ նա Ավստրիայում Ղազախստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն էր:

Նորմալ ընդդիմադիրները փախչում են Հայրենիքից, քանի որ կոշտ առճակատման մեջ են մտնում իշխանությունների հետ, քաղաքական կուսակցություններ են ստեղծում, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում են զբաղեցնում: Ալիևը հեռացավ երկրից այլ պատճառներով՝ նա ուղղակի ավազակ էր: Նա կուսակցություններ չի ստեղծել, ժողովրդավարության համար չի պայքարել, նա դասել է իրեն ընդդիմության շարքերը միայն այն բանից հետո, երբ իր անձով սկսեցին հետաքրքրվել Ղազախստանի իրավապահ մարմինները:

Այնպես որ ազատազրկումը օլիգարխի ու արդարադատության համակարգի 7-ամյա դիմակայության օրինաչափ արդյունքն է: Նա շատ է խրվել, այնպես, որ նույնիսկ գրավի դիմաց բանտից դուրս գալու հույս չունի: Ինչ մարտավարություն ասես չեն կիրառում Շորազի փաստաբանները նրան բանտից դուրս բերելու համար, բայց ապարդյուն: Զավեշտալի է, բայց նրանք նույնիսկ Շորազին ներկայացրեցին որպես քրեական աշխարհի զոհ: Իբր նրան բանտում նեղացնում են: ԶԼՄ-ները գրում են, որ նա «ենթարկվել է հարձակումների ու ոտնձգությունների»:

Ալիևի խոսքերով նրան կողոպտել են ու շանտաժի ենթարկել, ուստի նրան հարկ է եղել նույնիսկ փակ բանտախուց տեղափոխել, հայտնում է Der Falter թերթը: Արդյունքում նա մի քանի հազար եվրո ծախսեց՝ դրամաշորթներից պրծնելու համար: Դրանից հետո Ալիևին տեղափոխեցին 2-տեղանի փակ բանտախուց: Որպես տարբերակ տեղափոխումը մեկուսարան չէր դիտարկվում, քանի որ սպառնալիք կար, որ Ալիևը կարող է ինքնասպան լինել, գրում է թերթը:

Հարկ է նշել, որ տեղեկությունները ԶԼՄ-ներում բավականին հակասական են: Առաջին հերթին, քրեական աշխարհը, եթե նպատակ է դրել մի լավ «թափ տալ» օլիգարխի դրամապանակը, մի քանի հազարով չէր բավարարվի: Սա փաստ է: Երկրորդը՝ անհեթեթ է թվում հնարավոր ինքնասպանության մասին ենթադրությունը:

Ի՞նչը կխանգարի Ալիևին ինքնասպան լինել երկտեղանի բանտախցում, եթե նա որոշի դա անել: Ոչինչը: Ի դեպ, եթե հավատանք լրատվամիջոցների տեղեկություններին, օլիգարխից բանտախցում մի քանի մարզաշապիկ են գողացել ու գոտին: Իսկ գոտին, ինչպես գիտենք, նման հանգամանքներում, ինքնասպանության հիմնական գործիքն է բանտերում: Ինչպե՞ս է այս փաստը համադրվում ինքնասպանության սպառնալիքի մասին հաղորդագրությունների հետ:

Այսինքն հարցերը շատ են: Տպավորություն է ստեղծվում, որ Ալիևի փաստաբաններն ուղղակի ցնակություն ունեն խղճահարություն առաջացնելու հանրության շրջանում:

Բայց արդյո՞ք դա կօգնի: Մինչ Ալիևի պաշտպանները մարտավարության ու ռազմավարության որոնումների մեջ են, աղմկահարույց սպանություններին այդ մարդու հնարավոր մեղսակցության ապացուցային բազան շարունակում է ընդլայնվել: Խոսելով իրավաբանական լեզվով, նա «լուրջ կասկածանքի» տակ է: Եվ պատճառներից մեկը, թե ինչու է օլիգարխը մնում ճաղերից այն կողմ, այն մտավախությունն է, որ նա կարող է թաքնվել արդարադատությունից և կկարողանա ճնշում գործադրել վկաների վրա:

Այնպես որ ամեն ինչ շատ լուրջ է: Մնում է միայն սպասել դատին, որը վերջ կդնի այս սկանդալային պատմությանը:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---