Ոչ այնքան «սառեցված» հակամարտություն Հարավային Կովկասում

Ոչ այնքան «սառեցված» հակամարտություն Հարավային Կովկասում

Անգամ եթե ռացիոնալ պատերազմը կանխատեսելի չէ, արկածախնդրայինը հավանական է

Քաղաքագետներ Վահան Դիլանյանն ու Վիլեն Խլղաթյանը Russia Today-ի համար վերլուծել են վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության սրացման տարածաշրջանային և միջազգային հիմքերը` քննադատելով Բաքվի ռեժիմի ահաբեկչական էությունը, ինչպես նաև միջազգային հանրության` Ադրբեջանին զինելու և անպատժելիության խրախուսման վարքագիծը:

PanARMENIAN.Net - Մինչ աշխարհը զբաղված է Գազայում և Արևելյան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություներով, հակամարտության մեկ այլ օջախ է բռնկվել Հարավային Կովկասում:

Ադրբեջանական բանակի ռազմական հարձակումներն ակտիվացան հուլիսի կեսերին` լարելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) և Ադրբեջանի միջև շփման գծում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի սահմանի երկայնքով առկա ստատուս քվոն: Այդ գործողությունների հետևանքով միայն հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակաշրջանում 5 ղարաբաղյան և 25 ադրբեջանցի զինվոր է սպանվել: Զոհերի թիվն ավելի շատ է, քան ամբողջ նախորդ տարվա ընթացքում:

Թեև երկու կողմերն էլ շտապեցին մեղադրել մեկը մյուսին, փաստը մնում է այն, որ Ադրբեջանն է մշտապես հայտարարել պատերազմը վերսկսելու իր մտադրությունների մասին` նվաճելու Արցախը և ստիպելու վերջինիս ազատասեր ժողովրդին` ապրել Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի ներքո: Միայն Ադրբեջանն է հետևողականորեն կերպարավորել հայերին` որպես չարիք «այլ», և միայն Ադրբեջանն է պարբերաբար հրաժարվել` թուլացնելու լարվածությունը շփման գծում վստահության կառուցման միջոցներով, ինչպիսիք են դիպուկահարների հեռացումը կամ առնվազն սահմանամերձ գյուղերի քաղաքացիական բնակչության վրա չկրակելու համաձայնումը:

Ադրբեջանական զինվորների կորուստների մեծ թիվը ցույց է տալիս, որ նրանք են եղել հարձակվող կողմը: Ավելին, պաշտպանվող կողմը չի կարող թողնել սպառազինություն և զինամթերք մյուս կողմի տարածքում:

Սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչության դեմ, ինչպես նաև Կարմիր խաչի շտապօգնության մեքենաների վրա կրակ արձակելու ադրբեջանական քաղաքականությունը ցինիկաբար խախտում է Ժնևի կոնվենցիաներում հաստատված հումանիտար սկզբունքները: Բաքուն նաև հովանավորում և օգտագործում է մարդկային ռեսուրսներ` Հայաստանում և Արցախում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար:

Այսօրինակ զարգացումը կարող է խթանել Ադրբեջանում ահաբեկչության աճը, որտեղ ատելության մշակույթի իռացիոնալ ասպեկտները հիմք են տալիս պաթոլոգիական դաժանության զարգացման համար, որն ահաբեկչության արմատներից մեկն է: Ելնելով այդ երկրի շատ շրջաններոմ սոցիալական վատ պայմաններից և անօթևանությունից` ադրբեջանցիներն ամենախոցելի թիրախն են ահաբեկչական և ռադիկալ էքստրեմիստական խմբերի հավաքագրման տեսանկյունից: Փորձը ցույց է տալիս, որ ակտիվ կապ կա ահաբեկչական գործողությունների և հակամարտության գոտու միջև` վերջինս հանդիսանալով որպես պարարտ հող այդօրինակ ակտերի համար:

Մեծ թվով ազգությամբ ադրբեջանցիների ներգրավվածությունը Չեչնիայում, Աֆղանստանում, Պակիստանում, Սիրիայում և վերջերս Իրաքում Իսլամական պետության կողքին (նախկինում հայտնի որպես ISIS - «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն») ահաբեկչական գործողություններում, վերահաստատում է այս տեսակետը:

Ադրբեջանական դիվերսանտների վերջերս դրսևորված անմարդկային վարքագիծը որպես Արցախի Շահումյանի շրջանում հետախուզադիվերսիոն գործողության մաս, հանգեցրեց 17-ամյա հայ զինվորի դաժան սպանության: Սա ևս մեկ օրինակ է Ալիևի ռեժիմի և ադրբեջանական կողմի ահաբեկչական էության, ինչի ավելի վաղ դրսևորումն ադրբեջանցի սպայի կացնասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացումն էր, որը ՆԱՏՕ-ի վերապատրաստման դասընթացի ժամանակ կացնով սպանել էր քնած զինվորին միայն այն պատճառով, որ նա հայ էր:

Խրախուսելով հետագա ագրեսիան

Միևնույն ժամանակ, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) շտապեցին իրենց հայտնի ձեռագրով դիմել բոլոր կողմերին` հարգելու զինադադարը, զերծ մնալու բռնություններից և փնտրելու խաղաղ քաղաքական լուծում:

Թե ինչ է ծնում կեղծ հավասարության այս քաղաքականությունը, ակնհայտ է` ադրբեջանական ռեժիմի անպատժելիության զգացում` շարունակելու մեծացնել լարվածությունը, սպառնալ պատերազմով և խարանել հայերին իր հպատակների աչքերում` այլ կերպ ասած, միանգամայն հակառակն այն բանի, ինչին համանախագահները ձգտում են:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը նաև չունի (հետևաբար պետք է շնորհվի) միջադեպերի հետաքննման իրականացման մանդատ և ավելի շատ ռեսուրսներ` կանխելու և դատապարտելու այդօրինակ ագրեսիայի գործողությունները:

Ի լրումն, հակամարտության կարգավորման այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքները», որ տարածաշրջանում հարաբերական կայունությունը երաշխավորող գործոն են, շատ ավելի անիրատեսական են դարձել ադրբեջանական` ներքին և արտաքին մակարդակներում վերջերս դրսևորվող վարքագծի լույսի ներքո:

Հարձակումների վերջին տարափը զուգորդվեց քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ակտվիստների նկատմամբ Բաքվի հետապնդումներով: Միանգամայն վերջերս Արիֆ և Լեյլա Յունուսները և Ռասուլ Ջաֆարովը ձերբակալվեցին հարկերից խուսափելու և դավաճանության շինծու մեղադրանքներով:

Պաշտոնական Բաքուն նպատակադրված է շեղել քաղաքացիների դժբախտությունն իր անկարողունակ և կոռուպացված իշխանությունից հեռու` դեպի արտաքին թշնամին` մեծացնելով լարվածությունը Հայաստանի և Արցախի դեմ: Բացի ԵԱՀԿ-ի և ԱՄՆ Պետքարտուղարության մեղմ քննադատությունից, ոչ մի ճնշում չգործադրվեց` ճնշելու Ալիևի ռեժիմին մեծացող ավտորիտարիզմի համար:

Պատճառները բավականին ակհայտ են. Արևմուտքին պետք է Արդբեջանը` որպես ԵՄ էներգետիկ մատակարարումների նկատմամբ Ռուսաստանի ճնշող վերահսկողության թուլացման` ավելի լայն ծրագրի բաղկացուցիչ և վախենում է, որ ցանկացած քննադատություն կստիպի Ալիևին` փոխարենը ձգտել Ռուսաստանի հետ գործընկերության:

Աֆղանստանից զորքերի նախատեսված դուբսերումը նույնպես պահանջում է Ադրբեջանի աջակցությունը, քանի որ ՆԱՏՕ-ի որոշ սպառազինություն կպահանջի Արդբեջանի միջոցով փոխադրում:

Ավելին, քանի որ Արևմուտքը հասկանում է, որ Հայաստանին Ռուսաստանի հետ իր ունեցած դաշինքից հեռացնելու հնարավորություն չունի, չի պատրաստվում կիրառել իր քաղաքական կապիտալն Ադրբեջանին կարգի հրավիրելու համար: Ամեն դեպքում, Արևմուտքը նախընտրում է Ադրբեջանի էներգառեսուրսները ցանկացած այլ բանից, որ Հայաստանը կարող էր առաջարկել:

Վերը նշվածը հանգեցրեց մի շարք այլ երկրների հետ միասին Ադրբեջանի ներառմանն ԱՄՆ Սենատի «Ռուսաստանի ագրեսիայի կանխման ակտ» կոչվող օրինագծում, որի նպատակն է «կանխել Ռուսաստանի հետագա ագրեսիան Ուկրաինայի և Եվոպայի ու Եվրասիայի ինքնիշխան այլ պետությունների դեմ, և այլն»: Եթե այն գործադրվի, ապա լիազորում է ԱՄՆ և Ադրբեջանի զինված ուժերի միջև «ռազմական փոխգործակցության նշանակալից աճի», «ներառյալ մասնավորապես մեծացնելով զորավարժությունների և վերապատրաստումների ու փոխանակումների ներկայիս տեմպը», ինչպես նաև «ուժեղացնելով առկա, երկկողմ և բազմակողմ պաշտպանության գործակցության պայմանագրերը, ներառյալ այնպիսիք, որ վերաբերում են կիբեռ պաշտպանության գործակցությանը»:

Իրոնիան այստեղ այն է, որ օրինագիծը կխրախուսի Ադրբեջանին` շարունակելու իր ագրեսիվ քաղաքականությունը` որպես տարածաշրջանում ամենառազմականացված և պատերազմատենչ կողմ և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ստեղծման գլխավոր խոչընդոտ: Մյուս կողմից, Ռուսաստանը, որը զբաղված է իր ներքին տնտեսական իրավիճակով` պամանավորված արևմտյան սանկցիաներով և Ուկրաինայում քաղաքացիական պատերազմով, թերևս դժկամությամբ վերաբերի իր սահմաններին այդքան մոտ մեկ այլ հակամարտության բռնկմանը: Թեև կա հնարավորություն, որ Ռուսաստանն է խթանում այս լարվածությունը, որպեսզի իր «խաղաղապահներին» տարածաշրջանում տեղակայելու պատրվակ գտնի, այնուամենայնիվ, Երևանում և Ստեփանակերտում բազմիցս և կտրականապես խուսափել են այդ հեռանկարից: Այսպես, Սարգսյանը և Ալիևը հանդիպել են Պուտինին Սոչիում: Թեև Մոսկվան նպատակ ունի` վերահաստատելու իր վերահսկողությունն այսպես կոչված «շահերի էքսկլյուզիվ գոտու» տարածաշրջանում միայն հանդիպման փաստով, Սոչիի բանակցություններից որևէ հիմնարար ելք տեղի չի ունենա հակամարտության կարգավորման կապակցությամբ:

Այդուամենայնիվ, նախագահ Սարգսյանը պետք է օգտագործի առիթը` քննարկման առարկա դարձնելու Ադրբեջանի ռազմականացումը` Բաքվին միլիարդավոր դոլարների չափով սպառազինություն վաճառելու Ռուսաստանի հոժարակամության վերաբերյալ քննադատության խիստ նկատառմամբ, և թե ինչպես է այն անմիջականորեն նպաստում արյունահեղության աճին: Ուստի, Սարգսյանը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանին զենքի վաճառքի դադարեցման կապակցությամբ:

Ըստ երույթին, սակայն, շփման գծի երկայնքով լարվածությունը կմնա բարձր` Ադրբեջանի կողմից նախաձեռնվելիք հետագա սրացումներով ու միջադեպերով հանդերձ: Եթե այսպես շարունակվի, միայն ժամանակի խնդիր է, նախքան մի կողմը սխալ հաշվարկի, հավանաբար Ադրբեջանը, և սկսի պատերազմի նոր փուլ:

Անգամ եթե ռացիոնալ պատերազմը կանխատեսելի չէ, արկածախնդրայինը հավանական է: Բաքվի ռեժիմի քաղաքականություն մշակողներին` ռազմատենչությանն ու հակամարտության սրացմանը գրգռող ապատեղեկատվության արդյունքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: ՀՀ պաշտպանության նախարարության արդյունավետ և ճշգրիտ քաղաքականության շնորհիվ, թողարկելով զգուշացնող հայտարարություններ, հանդիպումներ ունենալով դեսպանների և ռազմական կցորդների հետ, ինչպես նաև տրամադրելով օպերատիվ տեղեկատվություն շփման գծում զարգացումների վերաբերյալ, համապաստախան տեղեկատվական միջավայր է ստեղծվել հայկական հակահարձակման համար: Այսպիսով, եթե Ադրբեջանը շարունակի բարձր պահել լարվածությունը, հայկական ռազմական պատասխանը կլինի ուժգին և անսպասելի:

Ցանկացած սցենարի դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, և այլ շահագրգիռ դերակատարները, ինչպիսիք է Մեծ Բրիտանիան, կկրեն նույնքան պատասխանատվություն, որքան սանձազերծող կողմը: Չի կարելի մի կողմից զինել ագրեսորին և մյուս՝ ակնկալել խաղաղություն:

Վահան Դիլանյան, Վիլեն Խլղաթյան՝ Russia Today-ի համար
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---