Ինչ սպասել Էրդողան-նախագահից...

Ինչ սպասել Էրդողան-նախագահից...

Բավականին մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ քանի դեռ Էրդողանը նախագահի աթոռին է, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորում ակնկալել չի կարելի:

Այս ամռան ամենասպասվող իրադարձություններից էր Թուրքիայում նախագահի ընտրությունը: 15 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձավ այդ երկրի առաջին ընտրված նախագահը:

PanARMENIAN.Net - Դեռևս թեկնածու լինելով Էրդողանը հայտարարեց, թե նախագահի պաշտոնում իր առաջին քայլերից մեկը կլինի խորհրդարանական հանրապետությունից Թուրքիայի վերափոխումը նախագահականի: Այդպիսով, նախագահը անսահմանափակ իշխանություն կստանա և կկարողանա Թուրքիայում սուլթանաթ ստեղծել, որի նախադրյալներն արդեն նկատելի էին մինչև ընտրարշավի մեկնարկը:

Ըստ փորձագետների գնահատականների, Թուրքիայի ներքաղաքական ուղղվածությունն Էրդողանի նախագահ ընտրվելուց հետո չի փոխվի, իսկ արտաքին քաղաքականությունը, հավանաբար, մի փոքր կվերանայվի և ավելի հակված կլինի դեպի Մերձավոր Արևելքը:

Առանձնապես չի փոխվի նաև Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում: Փաստը, որ Ադրբեջանի ԶՈւ դիվերսիաների արդյունքում վիրավորված ադրբեջանցի զինծառայողները բուժվում էին Թուրքիայում, և առավել ևս, այն, որ նրանց այցելեց ԱԳ նախարար Դավութօղլուն, որին վարչապետի թեկնածու են համարում, վկայում է, որ Անկարան շարունակում է ադրբեջանամետ դիրքորոշում զբաղեցնել: Հայկական կողմի համար դա, բնականաբար, անսպասելի չէր: Ինչպես օգոստոսի 11-ին հայտարարեց ՀՀ նախագահը, «Հայաստանի համար Թուրքիայի դիրքորոշումը պարզ է: Բազմիցս ենք համոզվել դրանում, այդ թվում նաև արձանագրությունների ստորագրման շուրջ բանակցություններում: Ուստի չափազանց ուշադիր ենք եղել, որպեսզի արձանագրության մեջ չլինեն դրույթներ, կետեր, որոնք կարող էին կաշկանդել մեզ Ղարաբաղի շուրջ բանակցություններում: Այնպես որ, այստեղ ամեն ինչ պարզ է»:

Իսկ Հայաստանի հանդեպ Էրդողանը, հավանաբար, ավելի ագրեսիվ դառնա. այդ մասին խոսում են որոշ փորձագետներ:

Ընտրարշավի ժամանակ վարչապետ Էրդողանը մի քանի հակասական քայլեր կատարեց: Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի շեմին նա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններն ընդհանուր ցավ են բոլորիս համար: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկել «արդար հիշողության» տեսակետից»: Նման անմարդկային քայլերը, ինչպիսիք են մարդկանց վերաբնակեցումը, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հատատման համար»:

Այս բառերը, որոնք հավանաբար, պետք է ընկալվեին որպես հաշտեցման քայլ, ոչ ոքի չխաբեցին: Հայկական կողմը դա անվանեց պատասխանատվությունից խուսափելու ցինիկ քայլ և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը խոչընդոտելու փորձ:

Ավելի ուշ Դավութօղլուն հույս հայտնեց, որ Հայաստանն ու Սփյուռքը «համարձակ քայլեր» կկատարեն, «ինչպես, օրինակ, վարչապետ Էրդողանը», որը 2014-ի ապրիլի 23-ին ցավակցություն հայտնեց «1915-ի իրադարձությունների կապակցությամբ», և Հայաստանի ու Թուրքիայի միջև խաղաղության դարաշրջան կսկսվի:

Էրդողանի թեկնածությունն առաջադրելուն գրեթե անմիջապես հաջորդեց ընդդիմադիր Taraf թերթի հրապարակումը՝ «Էրդողանի երկրորդ ժեստը Հայաստանի հանդեպ» հոդվածը, որտեղ ասվում էր, թե նա մտադիր է հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված երկրորդ քայլը ձեռնարկել:

Հոդվածում ասվում է, որ Էրդողանի առաջին քայլը «ցավակցական ուղերձն էր»: «Հայկական սփյուռքը 2015-ի շեմին լայնածավալ գործողություններ է իրականացնում աշխարհին ներկայացնելու ուղղությամբ, թե ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ 1915-ին: Թուրքիայում իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը միջոցներ է ձեռնարկում հայերին հակազդելու համար: Որպես առաջին քայլ վարչապետ Էրդողանը ցավակցություն հայտնեց 1915-ի իրադարձությունների ժամանակ զոհված հայերի թոռներին: Ընդ որում, ցավակցական ուղերձը հրապարակվեց նաև հայերեն»,- գրել է թերթը:

Ըստ պարբերականի, երկրորդ քայլը կդառնա Հայաստանի հետ սահմանի բացումը: «Թուրքիայի կառավարությունը երկրորդ փուլում մտադիր է բացել 1993-ին փակված Հայաստանի հետ սահմանը: Տեղեկություններ կան, որ Թուրքիայի վարչապետն արդեն իսկ կարգադրել է ավարտել նախապատրաստական աշխատանքները Ալիջան հսկիչ սահմանակետի բացման ուղղությամբ, որտեղ աշխատանքները սկսվել էին դեռ 2012 թվականին: Այս ընթացքում նորոգվել և ասֆալտապատվել է դեպի անցակետ տանող 7-կիլոմետրանոց ճանապարհը: Այն հագեցվել է մաքսային ծառայության համար անհրաժեշտ սարքավորումներով: Չնայած, որ սահմանի բացման ժամկետը ճշտված չէ, այնուամենայնիվ, լուրեր են շրջանառվում, որ, հավանաբար, դա տեղի կունենա սեպտեմբերից հետո»,- ասվում է հոդվածում:

Թուրքիայի ԶԼՄ-ները շատ արագ հերքեցին սահմանը բացելու մասին լուրերը: Նրանք նշեցին, որ «սահմանը բացելու հարցը կարող է ընդգրկվել օրակարգում եթե Հարավային Կովկասում «արձանագրվեն համապարփակ խաղաղություն ու կայունություն ապահովող զարգացումներ»:

Ընտրություններից մի քանի օր առաջ Էրդողանը հանդես եկավ միանգամայն հակառակ տեսակետով: Ելույթ ունենալով NTV-ի «Խոսում են թեկնածուները» հեռուստահաղորդման ուղիղ եթերում՝ նա, անդրադառնալով իր էթնիկ ծագման մասին շրջանառվող լուրերին, ասաց. «Իմ մասին ինչեր ասես, որ չեն ասել, շատ են վիրավորել, վրացի են անվանել, դեռ ավելի վատ, կներեք՝ բայց նույնիսկ հայ են անվանել: Բայց ասեմ` ես հորիցս և մորիցս իմացել եմ, որ թուրք եմ: Աշխարհում ոչ մի քաղաքական գործիչ չէր հանդուրժի այսքան վիրավորանքներ իր հասցեին, բայց միշտ համբերատար եմ եղել: Թող յուրաքանչյուրն իրեն անվանի ինչպես ուզում է՝ թուրք, քուրդ, դրանում ոչ մի վատ բան չկա: Ես հպարտ եմ, որ թուրք եմ»:

Դրան անմիջապես արձագանքեց Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ, CHP)՝ հայտարարելով, որ պատրաստվում է դատի տալ երկրի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր հրապարակային արտահայտություններում հայերի հանդեպ ռասիզմի ու ատելության դրսևորման համար:

Այսպիսի ակնհայտ հակասությունը հայերին առնչվող հարցերում վկայում է, որ Թուրքիայի առաջնորդի «հաշտեցմանն» ուղղված բոլոր նախորդ քայլերն ուղղակի հողն էին տնտղում: Իսկ «ստուգումը» ցույց տվեց՝ հայերն այնքան միամիտ չեն, որպեսզի քաղցր խոսքերով խաբվեն: Եվ, հետևաբար, այլևս իմաստ չունի Հայաստանի հանդեպ սեփական իրական նկրտումները թաքցնել:

Բավականին մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ քանի դեռ Էրդողանը զբաղեցնում է նախագահի աթոռը, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորում ակնկալել չի կարելի:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---