Սևանա լիճը. Գործադիրի որոշումները, ջրառը, իշխանի արտադրությունն ու դժգոհ էկոլոգները

Սևանա լիճը. Գործադիրի որոշումները, ջրառը, իշխանի արտադրությունն ու դժգոհ էկոլոգները

Սևանում լճի ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ իջել է 9 սանտիմետրով

Օգոստոս ամսին Կառավորությունը Սևանա լճի վերաբերյալ արդեն իսկ հասցրել է 2 որոշում ընդունել: Դրանցից առաջինը վերաբերում է ջրառին, որը Սևան-Հրազդան համակարգից սնվող հողերի ջրամատակարարման նպատակով 25 մլն խմ-ով ավելացվել է՝ հասնելով թույլատրելի առավելագույն շեմին` 270 մլն խոր. մետրին: Որոշման նախագծի քննարկման ժամանակ նշվել է, որ այս տարին հատկապես չորային է, ոռոգման խնդիրը՝ անհետաձգելի: Երկրորդ որոշմամբ, որն ընդունվել է օգոստոսի 21-ի նիստում, նախատեսվում է Սևանի ձկնաբուծարաններում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան վերամշակման գործարան: Ընդ որում` 2 որոշումն էլ հանդիպել է էկոլոգների բուռն քննադատությանը:

PanARMENIAN.Net - Բնապահպան Կարինե Դանիելյանը, օրինակ, հայտարարել է, թե ջրառի մասին որոշումը կայացնելուց առաջ կառավարությունը որևէ քննարկում չի անցկացրել ո՛չ Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովում, ո՛չ բնապահպանների հետ, ինչը պարտավոր էր:

Մինչև այս տարվա փոփոխությունները, «Սևանա լճի մասին» օրենքի համաձայն, լճից տարեկան թույլատրվում էր բաց թողնել առավելագույնը 170 միլիոն խմ ջուր: Ապրիլի 29-ին Ազգային ժողովում ընդունվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Սևանա լճից ջրի բացթողման տարեկան չափաքանակը սահմանվեց 240 մլն խմ Այնուհետև սահմանաչափը ևս մեկ անգամ վերանայվեց` դառնալով 270 մլն խմ:

Արդյունքում՝ Սևանում լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ իջել է 9 սանտիմետրով, ինչն իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ասուլիսին չի թաքցրել նաև բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։

Օգոստոսի 11-ին Խոսրովի անտառում ամփոփելով պաշտոնավարման առաջին 100 օրը` բնապահպանության նախարարը, անդրադառնալով լճից 270 միլիոն խմ լրացուցիչ ջուր վերցնելու կառավարության որոշմանը, նշել է, որ արդեն 130 խմ-ն բաց է թողնվել և ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ իջել է 9 սմ-ով: Արամայիս Գրիգորյանի խոսքով` ոռոգման շրջանի ավարտից հետո կսկեն լճի մակարդակը բարձրացնել, իսկ լճում ձկան պաշարները համալրելու համար պատրաստվում են մանրաձուկ բաց թողնել: Նախարարը գտնում է, որ ծրագիրն արդյունավետ է, քանի որ Սևանում արդեն ձկնապաշարների՝ մասնավորապես՝ իշխանի պաշարներն ավելացել են:

Կարինե Դանիելյանը մտավախություն է հայտնել, որ այս տեմպերի դեպքում նվազումը կհասնի մինչև 14 սմ-ի՝ մինչև տարեվերջ:

«Ուղղակի իրենք հիմա մի քիչ այլ թվեր են հնչեցնում, ասում են` 20 սանտիմետր դեռ ունեն, որովհետև տարին տարվա հետ են համեմատում, մենք՝ ամիսը ամսվա»,-տեղեկացրել է Կարինե Դանիելյանը:

«Էկո դաշինք»-ի անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանն էլ կարծիք է հայտնել, թե կառավարությունը նման որոշումներ ընդունում է գաղտագողի, ամռան թեժ սեզոնին ու ավելացրել` այս փուլում իրենց՝ բնապահպանների գերխնդիրն է ապացուցելը, որ 270 միլիոն խմ ջուրը մահացու հարված է Սևանին:

Բնապահպանության նախարարության մոնիտորինգի վարչության նախկին պետի տեղակալ Սեյրան Մինասյանը, որը ներկայումս աշխատում է Հայաստանի ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, հայտարարել է, որ Սևանի ամբողջ ծավալով ջրի 60 տոկոսը պիտանի չէ սաղմոնազգիների համար, այնտեղ կարող է ապրել կարպ, այլ ձկներ, բայց ոչ իշխան ու սիգ:

«2011-ին ջուրը փայլուն ցուցանիշներ ուներ, բայց հիմա սարսափելի է. 20 տոկոս ջուրը որակյալ է, 40 տոկոսը՝ միջին, բայց ընդհանուր կտրվածքով՝ Սևանի ամբողջ ծավալի 60 տոկոսն այլևս պիտանի չէ իշխանի ու սիգի համար։ Այդ ջրում չեն կարող ապրել սաղմոնազգիներ. արդյունքում առաջ Սևանում կար 20.000-30.000 տոննա ձուկ, հիմա՝ մի քանի հարյուր տոննա լինի, չլինի» ,-ասել է ԳԱԱ գիտաշխատողը՝ հիմնվելով իրենց վերջին հետազոտության արդյունքների վրա, գրում է Tert.am-ը:

Անդրադառնալով լիճ մանրաձկան հսկայական քանակի բացթողնմանը, Մինասյանը նշել է. «Թող բաց թողնեն, մեկ է՝ սատկելու են: Այդ ջրում սաղմոնազգի չի կարող ապրել»:

Գիտնականը Սևանում ձկան վերացման երեք հիմնական պատճառ է մատնանշել, որոնցից մեկը ձկան անթիվ, անհամար, անվերահսկելի որսն է, մյուսը՝ ջրածածկ անտառի առկայությունը լճի ջրում, և՝ ջրի բացթողումները, քանի որ, ըստ գիտնականի, ջուրը միայն բարձրանալու դեպքում է ինքնամաքրվում:

Ըստ «Հասարակական էկոլոգիական դաշինքի» փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանի էլ, եթե Սևանա լճից հինգ տարի անընդմեջ 240 մլն խմ ջուր բաց թողնվի, ապա 5 տարի հետո լճի մակարդակը կիջնի առնվազն 0,5 մետրով:

«Մեզ ասում են, թե ոռոգման ջրի դեֆիցիտի հարց կա։ Ասում են, որ ուզում են գյուղացին ջուր ստանա, բայց մենք միամիտ չենք, ու գիտենք, որ գյուղացուն տրվող ոռոգման ջրի չափը չի ավելացել, նույնիսկ ավելի է պակասել: Ցավն այն է, որ մենք այսօր որևէ լծակ չունենք, որպեսզի պարզենք, թե իրականում որտեղ է հոսում Սևանից բաց թողնվող ջուրը»,- ասել է նա:

Թեմային անդրադառձել է նաև ՀՀ ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունը` տրամադրելով աղյուսակներ ու կոնկրետ թվեր, համաձայն որոնց 2002-ից սկսած Սևանա լճի ջրային հաշվեկշիռը տարեկան կտրվածքով դրական է, նկատվում է լճի մակարդակի շարունակական բարձրացում. ընդ որում, ջրային հաշվեկշռի տարրերը իրենց մեծությամբ գրեթե կրկնվում են: Առանձնահատուկ տարիներ էին հատկապես 2013 ու 2014 թվականները: Այդ տարիներին, գետային հոսքի հիմնական փուլի՝ գարնանային վարարումների հոսքը ձևավորող հիդրոօդերևութաբանական պայմանները անբարենպաստ են եղել:

«Սևանա լճի մակարդակի փոփոխության և լճից բացթողնման հետ կապված վերլուծություններ կատարելիս անհրաժեշտ է չմոռանալ և կարևորել լճի մակարդակի փոփոխությունը պայմանավորող գլխավոր գործոնը՝ բնական հիդրոօդերևութաբանական պայմանները: Հարկ եմ համարում ուշադրություն հրավիրել այն անհիմն մտքի վրա, թե լճից կատարվող ջրառի տվյալները ինչ-որ տեղ «սրբագրվում են» և իրական չափերից փոքր ներկայացվում: Հստակեցնեմ. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը, հանդիսանալով ՀՀ տարածքում մակերևութային ջրային օբյեկտների վրա քանակական մոնիտորինգ իրականացնող պատասխանատու կառույց, դրանում շահագրգռվածություն բոլորովին չունի և հակառակը, Սևանա լճի խնդրով մտահոգ մյուս կառույցներից և ՀԿ-ներից պակաս շահագրգիռ չէ Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա էկոլոգիական հավասարակշիռ վիճակի պահպանման հարցերում»,- նշվում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանի զեկույցում:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---