Հայտնիները. Ռոք երաժշտության «կիսաաստվածը»՝ Ջիմի Հենդրիքս

Հայտնիները. Ռոք երաժշտության «կիսաաստվածը»՝ Ջիմի Հենդրիքս

Հենդրիքսը լայնորեն ճանաչված է որպես ռոքի պատմության մեջ ամենահամարձակ ու հնարամիտ վիրտուոզներից մեկը

Ջիմի Հենդրիքսն ամերիկացի կիթառահար է, երգիչ ու կոմպոզիտոր, ում ժամանակին Time-ն անվանեց բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարը, Life-ը՝ ռոք երաժշտության «կիսաաստված», իսկ New York Times-ը «սև Էլվիս» կոչեց։ Հենդրիքսը լայնորեն ճանաչված է որպես ռոքի պատմության մեջ ամենահամարձակ ու հնարամիտ վիրտուոզներից մեկը։ Դեռ կյանքի ընթացքում նրան ֆենոմեն ու հանճար էին կոչում։ Հենց նա բացահայտեց էլեկտրական կիթառի նոր հնչեղության հնարավորությունների անսպառ աղբյուրը։ Հենդրիքսի նորամուծություններից խոսելիս, քննադատները նշում են, որ նա լայնացրեց էլեկտրակիթառի դիապազոնն ու «բառարանը», ինչպես նաև փոխեց ռոքի «դեմքը»։ PanARMENIAN.Net-ը հավաքել է երաժշտի կենսագրության առավել հետաքրքիր դրվագները:

PanARMENIAN.Net - [...] Կիթառի հանդեպ Ջիմիի սերն արտահայտվել է դեռ վաղ մանկությունում՝ արդեն 5 տարեկանում նա տիրապետում էր գործիքին։ Սովորաբար երբ տղան հավաքում էր իր սենյակը, նրա հայրը մահճակալի կողքին մշտապես ցախավելի ձողերի կտորներ էր գտնում։ Ինչպես ավելի ուշ պարզվեց, Ջիմին պատկերացնում էր, թե կիթառ է նվագում։ Այդ ժամանակ ավագ Հենդրիքսը նրան տվեց աղբակույտի միջից գտած ու գրեթե ամբողջովին կոտրված հավայական կիթառ, որն ընդամենը մեկ լար ուներ։ Այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց: Իմիջիայլոց, տղան ձախլիկ էր, ինչի դեմ հայրը երկար ժամանակ պայքարում էր՝ համարելով դա «սատանայի տուրք»։ Հետագայում, երբ արդեն հայտնի երաժիշտ էր, հատուկ նրա համար Fender ընկերությունը ձախլիկների համար մոդել թողարկեց։

Չնայած Հենդրիքսն անհավանական տաղանդ ուներ, նա այն զարգացնում էր գրեթե անդադար փորձեր անելով ու կիթառն ամենուրեք մշտապես հետը տանելով։ Երաժշտի բոլոր ընկերներն ու ընկերուհիներն ասում էին, որ նա երբեք չէր բաժանվում գործիքից՝ առաջինը, ինչ արթնանալիս անում էր, նույնիսկ մինչև նախաճաշելը կամ անգամ սենյակից դուրս գալը, վերցնում էր կիթառը։

[...] Երիտասարդ տարիքում Հենդրիքսը քիչ էր մնում երկու տարով բանտ ընկներ մեքենայի գողության մեղադրանքով, բայց հաջողվեց դատարանին համոզել, որ դրա փոխարեն ծառայության անցնի 101-րդ օդադեսանտային բաժնում։ Բայց Ջիմին այնտեղ այդպես էլ դեսանտավոր չդարձավ։ Մեկ տարի էլ չէր անցել, երբ նրան պահուստայինների շարքերն ուղարկեցին՝ պարաշյուտով թռնելիս ոտքը կոտրելու համար։ Բանակում Հենդրիքսին չսիրեցին։ Անպատասխանատվության ու հերթապահության ժամանակ քնելու համար ղեկավարները նրան անպետք էին համարում, բնութագրում որպես «շատ վատ զինվոր»։ Սպաներից մեկի խոսքով, «նա ոչ մի դրական կողմ չուներ»։

[...] Գրեթե բոլոր կենսագիրները միակարծիք են, որ իրական գերաստղ Հենդրիքսին դարձրեց ամերիկյան Մոնթերեյում անցնող ռոք-փառատոնը։ Պատմության մեջ գրված 1967-ի իր ելույթի ժամանակ վերջին երգը կատարելիս, Ջիմին կիթառի վրա բենզին լցրեց, բարձրացրեց գլխավերևում ու հենց բեմի վրա վառեց այն՝ զվարճացնելով հավաքվածներին։ Ի դեպ, այդ դեպքը կարող էր ճակատագրական դառնալ նրա կարիերայում՝ նա ձեռքերի այրվածքներով հիվանդանոց տեղափոխվեց: Ասում են՝ ի սկզբանե Հենդրիքսն ուզում էր վառել իր սիրելի սև Fender Stratocaster-ը, բայց վերջին պահին մտափոխվել էր ու աննկատ փոխարինել այն ավելի էժան տարբերակով։ 1967-ի հունիսի 18-ին Հենդրիքսը Մոնթերեյում բեմը լքեց արդեն կենդանի լեգենդի կարգավիճակով։

Հետագայում լրագրող Քիտ Օլթհեմն իր հարցազրույցներից մեկում կպատմի, որ հենց ինքն է եղել կիթառն այրելու գաղափարի հեղինակը, որի նպատակն էր երաժշտի անունը հիշատակել բոլոր թերթերում, ինչին էլ արդյունքում հասան։

«Չեմ կարող ասել, որ Ջիմին ինձ շատ շնորհակալ էր դրա համար, քանի որ այդ դեպքից հետո բոլոր համերգների ժամանակ նրանից կրակի հետ խաղ էին ակնկալում,- հիշում էր Օլթհեմը։ - Մոնթերեյում բեմ դուրս գալուց առաջ նա ինձ ասաց․ «Քիտ, մի միտք ունեմ՝ ինչո՞ւ տարբերվելու համար չես այրի քո տպագրամեքենան»։

[...]1967-ից ի վեր Hey, Joe երգի առաջին տողն օգտագործում էին որպես ԱՄՆ նախագահ Լինդոն Ջոնսոնին դիմում, քանի որ Վիետնամում պատերազմը չափազանց ձգձգվել էր․ Այն հնչում էր որպես Hey Joe, a where you goin’ with that gun in your hand?, ինչը թարգմանվում է. «Հեյ, Ջո, ո՞ւր ես պատրաստվում գնալ՝ հրացանը ձեռքիդ»:

[...]Հենդրիքսը դարձավ առաջին սևամորթ սեքս խորհրդանիշը։ Նրա կյանքում կանայք բազմաթիվ էին։ Շատերն անգամ խոսում են, թե սիրուհիների քանակով նա գերազանվել է նույնիսկ Կազանովային ու Պուշկինին։ 1967-ի սկզբին Ջիմին քիչ էր մնում գերեր Միկ Ջագերի ընկերուհի Մարիանա Ֆեյթֆուլին, ինչի համար հետագայում պատասխան տվեց՝ Միկը «գերեց» Դևոն Ուիլսոնին, ում հետ Հենդրիքսը սիրավեպ ուներ։ Բայց այդ առումով նշանակալի դեր են նրա կյանքում խաղացել միայն Քեթի Էթչինգեմն ու Մոնիկա Դաննեմանը։

Կրքոտ սիրավեպը երեք տարի տևեց, ու այդ ընթացքում Հենդրիքսը մեկ անգամ չէ, որ դավաճանել է ընկերուհուն: Երկուսն էլ չափազանց խանդոտ էին, ու բանն անգամ կռվի էր հասնում, որոնցից մեկի ընթացքում երգիչը ոտքի հարվածով կոտրել էր ընկերուհու քիթը: Ավելի ուշ Քեթին վրեժ լուծեց այդ միջադեպի համար:

«Կաթսայով հարվածեցի նրան,- հիշում էր նա: - Մենք քանդուքարափ արեցինք ամբողջ խոհանոցը: Իսկ ամեն ինչ սկսվեց ինչ-որ անիմաստ վեճից»: Քեթին չէր մտաբերել, թե կոնկրետ ինչն էր կռվի պատճառը, բայց ենթադրել էր, որ դա կարող էր լինել կեղտոտ կաթսայով ուտեստ պատրաստելը, ինչը զայրացրել էր Ջիմիին:

Իսկ ահա իր վերջին սիրուհուն՝ Մոնիկա Դաննեմանին, երգիչը մի ամբողջ համերգ էր նվիրել: Մի անգամ կիթառահարը նրան հրավիրեց իր համերգներից մեկին, որից հետո նրանց հարաբերությունները սկսեցին զարգանալ: Ավելի ուշ Մոնիկան կասի, թե Ջիմին նույնիսկ նրան ամուսնության առաջարկություն էր արել, ու նա կընդուներ այն, եթե երաժիշտը չմահանար: Դաննեմանը նաև հայտնի է նրանով, որ վերջինն էր, ով մահից առաջ տեսել է Հենդրիքսին:

[...]Նրա Purple Haze երգում կա հետևյալ տողը. Excuse me while I kiss the sky (թարգ.՝ ներիր ինձ, մինչ ես համբուրում եմ երկինքը): Շատ հաճախ ունկընդիրներն այն այսպես էին հասկանում. Excuse me while I kiss this guy (թարգ.՝ ներիր ինձ, երբ համբուրում եմ այս տղային): Հենդրիքսը գիտեր այդ մասին ու ժամանակ առ ժամանակ այդ տողը երգելուց հետո մոտենում ու համբուրում էր բաս-կիթառահարի այտը:

Իմիջիայլոց, այն երգչի ամենահայտնի երգերից էր: Երկակի տեքստի պատճառով այն ընդունված է «թմրամոլական» համարել, չնայած, թե հեղինակը, թե նրա պրոդյուսերը պնդում էին, որ Purple Haze-ն արգելված թմրամիջոցների հետ ոչ մի կապ չուներ: Երաժշտասերներից շատերը կարծում են, որ Ջիմին դրանում նկարագրել է LSD-ի կիրառումից իր անձնական զգացողությունները:

Ինքը՝ Հենդրիքսը, պնդում էր, որ երգում գլխավորը նրան «կախարդած» աղջկա մասին տողն էր, ու պատմում, որ դրանում արտացոլել է իր երազը, որտեղ իրեն, իբր, մանուշակագույն մշուշ էր շրջապատել, որի պատճառով կորցրել էր իրեն, ու միայն Հիսուսի հանդեպ հավատքը նրան օգնեց փրկվել (այստեղից օրիգինալ բանաստեղծության անվանում է՝ Purple Haze – Jesus Saves):

[...]1968-ին Հենդրիքսի ամենահայտնի՝ Electric Ladyland ձայնասկավառակի թողարկման ժամանակ, որը հետագայում առհասարակ ամբողջ ռոք-երաժշտության գագաթնակետը ճանաչվեց, Մեծ Բրիտանիայում սկանդալ հասունացավ: Անգլիական հրատարակությունում ձայնասկավառակի կազմին մերկ կանանց մի ամբողջ խումբ էր: Իսկ ահա ամերիկյան տարբերակում դրա փոխարեն խմբի անդամների լուսանկարն էր:

Բանն այն է, որ տպաքանակի թողարկման մեկնարկին հաստատված կազմը չէր հասցրել հասնել տպագրատուն, ու նրանք ստիպված էին ինքնուրույն հնարել ամենը:

«Բրիտանացիները չեն հավանում այդ կազմը, ու ես նրանց լիովին հասկանում եմ: Ինքս երբեք նման լուսանկար այնտեղ չէի տեղադրի, բայց դա ինձնից չէր կախված»,- արդարանում էր Հենդրիքսը:

Ձայնասկավառակն արգելեցին վաճառել Կալիֆորնիայիում, բայց հետագայում ձևավորման բրիտանական տարբերակը ԶԼՄ-ներում սկանդալի պատճառով պաշտամունքային դարձավ:

[...]Հենդրիքսը հասցրել է նվագել ռիթմ-ն-բլյուզի այնպիսի լեգենդի հետ, ինչիպիսն է Լիթլ Ռիչարդը: Շատերն ասում են, որ արդյունքում նա վռնդեց Ջիմիին: Բանն այն է, որ Հենդրիքսը հանդիսատեսի ուշադրությունն իր վրա էր գրավում, ու օրերից մի օր Ռիչարդն իր մոտ կանչեց վառ գույնի վերնաշապիկ հագած կիթառահարին ու սկսեց գոռալ նրա վրա. «Ես Լիթլ Ռիչա՜րդն եմ: Ես Լիթլ Ռիչա՜րդն եմ: Ե՜ս եմ ռոքի ու ռիթմի թագավորը: Ու ես միակն եմ, ում թույլատրվում է բեմում հմայիչ լինել: Հենց հիմա հանիր այդ վերնաշապիկը»:

[...] Ջիմին մահացավ 27 տարեկանում: Նա չափազանց շատ քնաբեր էր ընդունել ու գիշերը խեղդվեց սեփական փսխումից: Բայց մեկ այլ վարկած էլ կա: Երաժշտի օգնական Ջեյմս Ռայթն իր գրքում գրել է, թե Հենդրիքսը դժբախտ պատահարից չէ մահացել, այլ նրան սպանել է իր իսկ մենեջերը: Նա պնդում է, որ 1971-ին Հենդրիքսի մենեջեր Մայքլ Ջեֆրին ոչ սթափ վիճակում իրեն պատմել է, թե հենց նա է քնաբերներ տվել երաժշտին, այնուհետև մի քանի շիշ կարմիր գինի «լցրել կոկորդը»:

Իսկ իր արարքը Ջեֆրին, իբր, բացատրել էր նրանով, ով վախենում էր կորցնել երաժշտին վերահսկելու հնարավորությունը՝ նրա համոզմամբ, Հենդրիքսը պլանավորում էր նոր մենեջեր վարձել: Արդյունքում Ջեֆրին որոշեց, որ ավելի ձեռնտու է սպանել նրան՝ հետագայում ապահովագրական ընկերությունից 2 մլն ԱՄՆ ոլար ստանալու ակնկալիքով: Ինքը՝ Ջեֆրին, մահացել է 1973-ին՝ ինքնաթիռի կործանման արդյունքում:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---