Դեմքը` որպես անձնագիր. Նույնականացման տեխնոլոգիան

Դեմքը` որպես անձնագիր. Նույնականացման տեխնոլոգիան

ՀԴԲ-ն (FBI) հայտարարել է դեմքերի նույնականացան նոր` կենսաչափական համակարգի վրա աշխատանքների ավարտի մասին

Ինչո՞ւ են մարդկանց դեմքերն այդքան տարբեր, երբ միևնույն ժամանակ մի տեսակի բոլոր կենդանիների դեմքերն իրար չափազանց նման են: Բերքլիի համալսարանի գիտնականները պարզել են, որ մի քանի հարյուր հազար տարվա ընթացքում մարդու սոցիալական էվոլյուցիան դեմքի տարբեր մասերի համար պատասխանատու գեները դարձրել է չափազանց անկայուն` համեմատած ԴՆԹ մյուս հատվածների հետ, որոնք պատասխանատու են մարմնի մյուս մասերի զարգացման համար: Սա մարդու դեմքը դարձրել է ինքնատիպ սոցիալական անձնագիր:

PanARMENIAN.Net - «Մարդիկ չափազանց լավ են տարբերում դեմքերը, մեր ուղեղում անգամ հատուկ այդ խնդրի համար պատասխանատու հատված կա: Հետազոտությունը ցույց է տվել, որ բնական ընտրությունը մեր դեմքերը սարքել է եզակի ու հեշտ ճանաչելի: Պարզ է, որ ինձ համար կարևոր է մի մարդուն մյուսից տարբերելը, բայց այլոց հետ շփման ժամանակ նույնքան կարևոր է նաև, որ ինձ էլ է շատ հեշտ տարբերել մյուսներից: Եթե դա այդպես չլիներ, մենք բոլորս միմյանց չափազանց նման կլինեինք»,- ասում է հոդվածի համահեղինակ Մայքլ Շիհանը, հաղորդում է «Ռուսկայա պլանետան»:

Սա մեզ ճանաչողների մասին: Իսկ ինչպե՞ս են մարդու դեմքն անձնագրի նկարի հետ նույնականացնում օրինակ օդանավակայանում սահմանային անցակետի աշխատակիցները: Նրանք ձեզ վրա մի թռուցիկ հայացք են նետում և վերջ: Պարզվում է` այդ ընթացքում նրա ուղեղը ձեր դեմքն ու անձնագրի նկարը համեմատում է ամենաքիչը 13 ցուցանիշով:

1. Առաջինն ու ամենապարզը` յուրաքանչյուր մարդու դեմք ասիմետրիկ է: Առաջին հերթին սահմանապահը համոզվում է, որ լուսանկարը հայելային անդրադարձի միջոցով չի արված: Այդ մասին են վկայում սպիների կամ խալերի առկայությունը դեմքին (իսկ առավել «տաղանդավորների» մոտ նաև դեպի «կանացի» կողմը կոճկված վերնաշապիկը): Մարդու դեմքն ուսումնասիրում են վերևից ներքև: Առաջին հերթին համեմատում են խոշոր ու անփոփոխ մասերը, հետո նաև` մասնիկները:

2. Ճակատի կառուցվածքը, այսինքն դրա բարձրությունը, լայնությունը, խորությունը քթի ու աչքերի համեմատ, որը տարիների ընթացքում չի փոփոխվում:

3. Աչքերի միջև եղած հեռավորությունը` հեռու են, թե` մոտիկ. շտկման ենթակա չէ ու տարիքի հետ չի փոխվում: Այս չափորոշիչը հուսալի է անձի նույնականացման ժամանակ:

4. Քթի ձևը` լայնությունը, միջնապատի կառուցվածքը, քթանցքների ձևը կայուն նշաններ են: Իսկ քթի ու դեմքի մյուս հատվածների երկարության հարաբերակցությունը ցուցիչ լինել չի կարող, քանի որ անորակ նկարի վրա քթի երկարությունը կարող է շեղված լինել: Այսպիսի նկար կարող է ստացվել, եթե նկարելու պահին մարդը մի փոքր «հետ է գցել» գլուխը:

5. Կզակի վերևի ծալքի ձևը տարիքի հետ չի փոխվում: Թեթևակի մեծանում է դրա խորությունը:

6. Վարսահարդարման գույնն ու երկարությունը կարելի է հեշտությամբ փոխել, իսկ այ մազերի աճի գիծը` ոչ: Տղամարդկանց դեպքում սահմանապահները համեմատում են նաև մազի կառուցվածքը` գանգուր, ալիքավոր, թե ուղիղ (կանանց պարագայում սա հաշվի չեն առնում):

7. Դեմքի համամասնությունը համեմատելիս երկու գծի երկարություն են դիտարկում: Առաջինը մտովի տանում են հոնքերից մինչև քթի ծայրը, երկրորդը` քթի ծայրից մինչև կզակի վերևի գիծը: Սակայն տարիների ընթացքում այս երկարությունները փոխվում են, դեմքի ներքևի հատվածը փոքրանում է: Կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում ատամները կորցնելուց ու արհեստական ատամնաշարի տեղադրումից հետո:

8. Մարդկանց մեծամասնության հոնքերը ասիմետրիկ են: Լուսանկարներում սահմանապահները հենց այս ասիմետրիան են փնտրում: Համեմատում են նաև հոնքերի միջև հեռավորությունը: Իսկ այ հոնքերի բարձրությունը ցուցիչ չէ. Այն հաճախ շտկում են պլաստիկ վիրահատության միջոցով: Ուշադրություն չեն դարձնում նաև հոնքերի խտությանը. տղամարդկանց մոտ տարիքի հետ այն մեծանում է, իսկ կանայք ձևափոխում են:

9. «Լոշտակ» ականջները` վառ առանձնահատկություն են: Սակայն երբ մարդը գիրանում է, ականջները դադարում են այդպիսին թվալ: Գեր դեմքը մեղմում է դրանք:

10. Ականջի բլթակի երկարությունը համեմատում են միայն երիտասարդների դեպքում: Տարիքի հետ այն կարող է փոփոխվել:

11. Աչքի ձևը` կլոր, նշաձև, նեղ, համեմատում են միայն 45-ից երիտասարդ մարդկանց դեպքում: Տարիքի հետ կախվող վերին կոպերի պատճառով աչքը փոխվում է, դառնում ավելի փոքր:

12. Դեմքի ձևը ուսումնասիրում են միայն երիտասարդների դեպքում: 40-անց մարդկանց մոտ կարող են դիտվել չնչին տարբերություններ. դեմքի օվալը խախտում են կախվող այտերն ու առաջացող ծալքերը: 60-ից հետո փոխվում է կզակի տեսքը:

13. Շուրթերի ձևը կարող է փոխվել ատամների կորստից կամ արհեստական ատամնաշարի տեղադրումից հետո: Այդ պատճառով սահմանապահները գնահատում են վերին շուրթի լայնությունը և դրա գծագրումը: Անհամապատասխանությունների դեպքում ուշադրություն են դարձնում բերանի անկյուններին. եթե մեկը բարձր է, մյուսը ցածր, դա կարող է կապված լինել ստոմոտոլոգիական խնդիրների հետ:

Միևնույն ժամանակ ՀԴԲ-ն (FBI) հայտարարել է դեմքերի նույնականացան նոր` կենսաչափական համակարգի վրա աշխատանքների ավարտի մասին: Սա նշանակում է, որ ԱՄՆ տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ կհայտնվեն դրա բազայում: Փորձագետների կարծիքով, նմանատիպ սիստեմ կգործի նաև աշխարհի մյուս երկրներում:

Next Generation Identification-ի` նոր սերնդի նույնականացման համակարգի աշխատանքի սկզբունքները ՀԴԲ-ն չի թաքցնում: NGI-ը հավաքում, մշակում ու նույնականացնում է դեմքերը, աչքի ծիածանաթաղանթը, դաջվածքներն ու մատնահետքերը: Ծրագրի վրա աշխատել են 6 տարի, այն արժեցել է 1 մլրդ դոլար:

NGI-ը պետք է փոխարինի IFAIS համակարգը (մատնահետքերի նույնականացման ինտեգրված ավտոմատացված համակարգ): Նոր համակարգի տվյալների բազան արմատապես տարբերվում է հնից, գրում է Gazeta.ru-ն:

Եթե IFAIS-ում պահվում են միայն այն մատնահետքերը, որոնք հավաքել են իրավապահ մարմինները, ապա NGI տվյալների բազայում կհայտնվեն նաև մարդկանց անձը հաստատող, աշխատանքային անցագրերի ու այլ փաստաթղթերի լուսանկարները:

Ի դեպ, կենսաչափական տվյալներով անձնագրերի համակարգը ներդրվել է նաև Հայաստանում` կամավորության սկզբունքով: 2012-ի հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են ձեռք բերել նույնականացման քարտ` որպես անձը հաստատող փաստաթուղթ ՀՀ տարածքում օգտագործելու նպատակով, իսկ օտարերկրյա պետություններ մեկնելու դեպքում որպես ճամփորդական փաստաթուղթ՝ նաև կենսաչափական տվյալներով անձնագիր:

Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը տրվում է 15-րդ աշխատանքային օրը` 25000 դրամ պետական տուրքի դիմաց: 1 օրում ստանալու համար ձեզնից կպահանջվի լրացուցիչ 20000 դրամ, իսկ եթե կարող եք սպասել 3 օր`10000:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---