Ի՞նչ է կանխագուշակում «արյունոտ լուսինը». Փաստեր ու հորինվածքներ խավարման մասին

Ի՞նչ է կանխագուշակում «արյունոտ լուսինը». Փաստեր ու հորինվածքներ խավարման մասին

XXI դարի մարդկանց բախտը բերել է՝ առաջիկա տասնամյակներին միանգամից 6 տետրադ է լինելու: Կանադայի աստղագիտական ընկերակցությունը հայտնել է, որ «արյունոտ» լուսինը կրկին կհայտնվի հորիզոնում 2032—2033 թթ. իսկ հետո՝ 2043–2044 թթ.

Ասիայի և Ամերիկայի մեծ մասի բնակիչները հոկտեմբերի լույս 9-ի գիշերը կարող էին դառնալ լուսնի ամբողջական խավարման ականատեսները, որի առանձնահատկությունը լուսնի արնակարմիր գույնն էր: Խավարումը սկսվեց Գրինվիչի ժամանակով առավոտյան ժամը 8-ին ԱՄՆ արևելյան ափին և տեսանելի էր Ասիայի շատ երկրներում Գրինվիչով առավոտյան ժամը 10-ից սկսած: Խավարման ժամանակ, որը երկրորդն էր այս տարի, մոլորակի բնական արբանյակն ամբողջովին հայտնվեց Երկրի ստվերում:

PanARMENIAN.Net - Տվյալ դեպքում Լուսինը բոսորագույն երանգ ուներ լույսի բեկման պատճառով Երկրի մթնոլորտով անցնելու ժամանակ: Կախված եղանակային պայմաններից աստղագիտության սիրահարները կարող էին տեսնել խավարումը Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային Ամերիկայի արևմտյան շրջաններում և Արևելյան Ասիայի որոշ շրջաններում:

Հոնկոնգի տիեզերական թանգարանը երեք դիտահարթակ էր կազմակերպել առափնյա շրջանում, իսկ Տոկիոյում յոգայի սիրահարները վարժություններ էին անում բոսորագույն Լուսնի լույսի տակ: Ավստրալիայում Սիդնեյի աստղադիտարանը լուսնի խավարման տեսահեռարձակում էր կազմակերպել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Եվրոպայում, Աֆրիկայում և Հարավային Ամերիկայի արևելյան ափին կարելի էր հետևել լուսնի խավարմանը:

Խավարման վերջին փուլն ավարտվեց Գրինվիչով 13.33-ին:

«Արյունոտ լուսին». Փաստերն ու սնահավատությունները

Լուսնի խավարման ժամանակ Երկիրը ստվերում է արբանյակը, և թեև խավարումն ամբողջական է համարվում, լուսնի սկավառակն ամբողջովին չի կորչում տեսադաշտից, այլ միայն մթնում է ու գունափոխվում: Արևի ճառագայթները բեկվում են ու ցրվում, անցնելով մթնոլորտի շերտերով: Այդպիսով, Երկրի բնական արբանյակին հասնում են միայն սպեկտրի կարմիր մասի ճառագայթները: Արդյունքում Լուսինը բոսորագույն է դառնում:

Պաշտոնապես աստղագետները չեն գործածում «արյունոտ լուսին» արտահայտությունը, թեև մի անգամ ՆԱՍԱ-ն օգտագործել է,արյունոտ լուսին» կամ «որսորդների լուսին» (Hunter’s Moon) արտահայտությունը, որը գալիս է հնագույն ժամանակներից, երբ որսորդները որսի էին դուրս գալիս, միս մթերելու ձմռան համար:

Արյունոտ լուսինն ինքնին եզակի երևույթ չէ: Օրինակ, վերջին անգամ այն կարելի էր տեսնել 2011-ի ապրիլի 15-ին:

Բայց հոկտեմբերի լույս 9-ի «արյունոտ» լուսինը բավականին եզակի ու հազվադեպ երևույթի՝ տետրադի կամ քառյակի մաս է կազմում: Տետրադը չորս լուսնի խավարում է, որոնք հաջորդում են իրար երկու տարվա ընթացքում: Առաջինը տեղի ունեցավ 2014-ի ապրիլի 15-ին, երկրորդը հոկտեմբերի 8-ին, հաջորդը տեղի կունենա արդեն 2015-ի ապրիլի 4-ին, իսկ չորրորդը ՝ 2015-ի սեպտեմբերի 28-ին:

Խավարումները, առավել ևս «արյունոտ», միշտ ահ ու սարսափ են առաջացրել մարդկանց շրջանում: Մասնակիորեն, դա պայմանավորված էր կրոնական գործոններով ու հավատալիքներով: Հնում կարծում էին, որ լուսինն այդ պահին արյունլվա է լինում չարքերի հասցրած վերքերից: Հին Չինաստանում համոզված էին, որ վիշապն է կուլ տալիս լուսինը: Եգիպտացիները տեսնում էին չար Սեթ աստվածի դավերը, իսկ հին գերմանացիները հավատում էին, որ հսկայական գայլն է ուտում լուսինը:

Խավարման սարսափը հեթանոսներից փոխանցվեց նաև քրիստոնյաներին: Աստվածաշնչում, օրինակ, ասվում է, որ աշխարհի վերջը կգա, երբ արևը խավարի ու լուսինը արյան վերածվի:

Խավարումները մարդկությունը միշտ որպես դժբախտությունների գույժ է ընկալել: Դրան են նպաստել նաև այդ շրջանում տեղի ունեցած որոշ պատմական իրադարձություններ:

Օրինակ, պատմությանը հայտնի են մի քանի տետրադներ, որոնք արյունալի էին ոչ միայն գույնով: Չորս լիալուսին երևաց հորիզոնում 162-163 թ., նախորդելով քրիստոնյաների դաժան հալածանքներին Մարկոս Ավրելիոսի օրոք: Մեկ այլ տետրադը համընկավ Սուկոտի և Խողովակների հրեական տոնի հետ 1493-1494 թթ. Նախօրեին, 1492 թ. Իսպանիայում հռչակվեց Ֆերդինանդի և Իզաբելլայի հայտնի հրամանը Իսպանիայից բոլոր այն հրեաներին արտաքսելու մասին, որոնք չեն ընդունի քրիստոնեությունը: 1949-1950 թթ. լուսինները երևացին Իսրայելի անկախության համար պատերազմից հետո, իսկ հաջորդը գրանցվեց 1967 թ.՝ համընկնելով 6-օրյա պատերազմի հետ:

Լուսնի առաջին ամբողջական խավարումն արձանագրվել է չինական տարեգրությունում: Հաշվարկների միջոցով հաջողվեց պարզել, որ այն տեղի է ունեցել մ, թ. ա 1136 թ. հունվարի 29-ին: Եվս երեք ամբողջական խավարում է արձանագրված Կլավդիոս Պտղոմեոսի «Ալմագեստ» աշխատությունում (19 մարտի 721 մ.թ.ա., 8 մարտի և 1 սեպտեմբերի 720 թ. մ.թ. ա): Պատմության մեջ հաճախ են նկարագրվում լուսնի խավարումները, ինչը թույլ է տալիս շատ դեպքերում ճշգրիտ պարզել այս կամ այն իրադարձության տարեթիվն ու ամսաթիվը:

Օրինակ, աթենացիների բանակի զորավար Նիկոսը վախեցավ սկսված լուսնի խավարումից, բանակը խուճապի մատնվեց, արդյունքում աթենացիները զոհվեցին: Աստղագիտական հաշվարկների շնորհիվ հաջողվեց պարզել, որ դա տեղի է ունեցել 413 թ. մ.թ.ա օգոստոսի 27-ին: Մեկ այլ օրինակ: 1504 թ. մարտի 1-ի լուսնի խավարումը մեծ օգուտ տվեց Քրիստոփոր Կոլումբոսին: Նրա հերթական արշավախումբը Ճամայկա կղզում ծանր վիճակում էր հայտնվել, սննդամթերքն ու խմելու ջուրը սպառվում էին, մարդիկ մատնվում էին սովի:

Տեղաբնակներից ջուր ու կերակուր ստանալու Կոլումբոսի փորձերը ապարդյուն էին: Սակայն Կոլումբոսը գիտեր, որ 1504 թ. մարտի 1-ին լուսնի ամբողջական խավարում է լինելու և երեկոյան նա զգուշացրեց առաջնորդներին, որ եթե նրանք չօգնեն իրեն, նա կգողանա հնդկացիական ցեղերից Լուսինը: Հենց որ սկսվեց խավարումը, հնդկացիներն անասելի սարսափ ապրեցին: Սնունդն ու ջուրը անհապաղ բերվեցին, իսկ առաջնորդները ծնկաչոք աղաչում էին Կոլումբոսին վերադարձնել Լուսինը: Բնականաբար, Կոլումբոսը չէր կարող «մերժել» նրանց խնդրանքը, և շուտով, խավարումից հետո, Լուսինը կրկին փայլատակեց երկնքում՝ ցնծություն պատճառելով հնդկացիներին:

Անցած 5000 տարում 142 տետրադ է արձանագրվել, վերջինները՝ 2003-2004 թթ. 1582-1908 թթ. ոչ մի տետրադ չի եղել, իսկ 1909-2156 թթ. դրանց քանակը կհասնի 17-ի: XXI դարի մարդկանց բախտը բերել է՝ առաջիկա տասնամյակներին միանգամից 6 տետրադ է լինելու: Կանադայի աստղագիտական ընկերակցությունը հայտնել է, որ «արյունոտ» լուսինը կրկին կհայտնվի հորիզոնում 2032-2033 թթ. իսկ հետո՝ 2043-2044 թթ.:

Photo: AP, AFP, Reuters
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---