7  27.10.14 - ՀՀ կառավարություն. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
«Հեղափոխությունից» 15 տարի անց. Հոկտեմբերի 27

«Հեղափոխությունից» 15 տարի անց. Հոկտեմբերի 27

Նաիրի Հունայանը պնդում էր` իր քայլն ուներ մեկ նպատակ. «Հայաստանն ազատել հակազգային վարչակարգից»

15 տարի առաջ այս օրը` 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճ ներխուժած զինված ոճրագործների գնդակից սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:

PanARMENIAN.Net - Հայաստանի պատմության մեջ ամենաաղմկոտ քաղաքական հանցագործության դատավարությունը տևեց 3 տարի: Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003-ի դեկտեմբերի 2-ին: Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկչի հանդեպ կայացրեց վճիռ, որով 6-ը՝ ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման դատապարտվեց:

Ոչ նախաքննությունը, ոչ դատարանը չկարողացավ վերջնական պատասխան տալ այն հարցին, թե արդյոք ահաբեկիչները ինքնուրույն էին գործել, թե նրանց հետևում ինչ-որ մեկն, այնուամենայնիվ, կանգնած էր: Հանցագործության հնարավոր պատվիրատուների գծով հարուցված առանձին քրեական գործը, կարծես թե, փակուղի էր մտել: Ժամանակին, նախկին կառավարության պնդմամբ, հետաքննական մարմիններն ակտիվորեն շրջանառում էին այն տարբերակը, թե խորհրդարանի դեպքերին անմասն չի երկրի բարձրագույն ղեկավարությունը:

Սակայն, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հակառակորդներին չհաջողվեց նման եզրակացությունները հիմնավորել, չնայած ողբերգությունից հետո հենց ընդդիմությունն էր ղեկավարում նախարարների կաբինետը և լիովին վերահսկում դատախազությունը: (Սպանված վարչապետին փոխարինեց նրա կրտսեր եղբայր Արամ Սարգսյանը):

Ահաբեկիչների խմբի առաջնորդ, լրագրող Նաիրի Հունայանը լիովին իր վրա է վերցրել իրականացրած ակցիայի պատասխանատվությունը և շարունակում է պնդել, որ իր քայլն ուներ մեկ նպատակ` «Հայաստանն ազատել հակազգային վարչակարգից»: Խմբի մեջ էին նաև Հունանյանի կրտսեր եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը (դատապարտվելուց հետո 2004 թվականին մահացել է ԱԱԾ մեկուսարանում։ Պաշտոնական վարկածով նա ինքնասպան էր եղել՝ սավանով կախվելու միջոցով), ինչպես նաև` իր հայացքները կիսող ընկերները` Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյան, Էդիկ Գրիգորյանը, Համլետ Ստեփանյանը (2010-ի մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հայտնաբերվել է գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Ստեփանյանի դին):

Նրանց ցուցմունքների համաձայն, նախապես որոշված էր սպանել միայն վարչապետ Վազգեն Սարգսյանին: Մնացած զոհերը, նրանց խոսքով, պատահական էին: «Ազգի փրկիչները» մտադրվել էին պատանդ վերցված պատգամավորներին ստիպել ինքնաբացարկ հայտարարել և անցկացնել համազգային ժողովրդավարական ընտրություններ: Մինչ ընտրությունները, երկիրը պատրաստվում էր ղեկավարել հենց ինքը` Հունանյանը, որն իրեն հայտարարելու էր երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Ահաբեկչության իրականացման համար ամենահարմար օր էր ընտրվել չորեքշաբթին, երբ նախարարները գտնվում են Ազգային ժողովում` պատասխանելու օրենսդիրների հարցերին:

Խորհրդարանի շենք ավտոմատներով մուտք գործել նրանց հաջողվել էր առանց դժվարությունների: Մշակված պլանը ձախողվել էր միայն սպանության իրականացումից հետո: Հունանյանը ստիպված էր համակերպվել, որ «հեղափոխությանն աջակցելու» հայրենակիցներին ուղղված իր կոչն անպատասխան մնաց: Նրա սպասումներին հակառակ, ժողովուրդը հավանության չարժանացրեց հեղաշրջման փորձը:

Ահաբեկչության գործի հետաքննությունը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերը շարունակվեցին դատական ամբողջ պրոցեսի ընթացքում: Դրա քաղաքականացումը խորանում էր այն հանգամանքով, որ սպանված առաջնոդների որդին և եղբայրը` Ստեփան Դեմիրճյանը և Արամ Սարգսյանը, ղեկավարում էին խորհրդարանական ընդդիմությունը: Դատական գործընթացի երեք տարվա ձգձգման պատաճառները ոչ միայն նույն տարում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններն էին: Դժվարություններ էին առաջացել նաև այն հարցում, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի առջև ստանձնել էր մահապատիժը վերացնելու պարտավորությունը: Ընդդիմությունը պահանջում էր Հունանյանի խմբի համար բացառություն անել, սակայն Ստրասբուրգը կտրականապես դեմ էր:

Երկրի քաղաքական ղեկավարությունից մեկ տարի պահանջվեց, որպեսզի օրենսդիրներին համոզի հրաժարվել ամեն գնով Հունանյանի գնդակահարության դատապարտելու մտադրությունից: Աշնան սկզբին, այնուամենայնիվ, խորհրդարանը հաստատեց Մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ կետը, որը նախատեսում է մահապատժի վերացում: Իսկ մեկ ամիս առաջ պատգամավորները փոփոխություն մտցրին քրեական նոր օրենսգրքում, որով երաշխքիներ է տրվում, որ 20 տարի հետո Հունայանի հանդեպ չի կիրառվի ժամկետից շուտ ազատելու հոդվածը: Այսպիսով, թվում էր, թե փակվել են այն բոլոր հնարավորությունները, որոնց շնորհիվ ահաբեկիչներն իրենց կյանքի վերջին օրերը կկարողանային ազատության մեջ անցկացնել: Սակայն, պարզվում է, որ Հայաստանի քրեական օրենսդրության նրբությունները բացառում են օրենքի հետադարձ ուժն այն դեպքում, երբ այն առավել խիստ պատիժ է նախատեսում: Իսկ դա նշանակում է, որ տեսականորեն, բացառված չէ, որ կյանքի վերջին տարիներին Նաիրի Հունանյանը ազատության մեջ հայտնվի:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---