Հայերն ու հայ լուսանկարիչներն Օսմանյան կայսրությունում

Հայերն ու հայ լուսանկարիչներն Օսմանյան կայսրությունում

19-րդ դարավերջին Կոստանդնուպոլսում գործող հիմնական ստուդիաները պատկանել են հենց հայ լուսանկարիչներին

Getty գիտահետազոտական ինստիտուտի (Getty Research Institute: GRI) գիտաշխատող Ջուլիա Գրիմսը ներկայացնում է 19-րդ դարում Օսմանյան կայսրությունում հայերի կյանքին նվիրված Պիեր դե Ջիգորդի զարմանահրաշ հավաքածուից մի հատված: Լուսանկարների մեծ մասը հայ լուսանկարիչներ Պասկալ Սեբահի և Աբդուլա Ֆրերեսի ստուդիաներից է:

PanARMENIAN.Net - Օգտվելով լուսանկարների ֆրանսիացի կոլեկցիոներ Պիեռ դը Ջիգորդի մեծահոգությունից` GRI-ն ներկայացնում է 19-րդ դարի Օսմանյան կայսրությունը վավերագրող լուսանկարների հսկայական հավաքածու, մասնավորապես այն հատվածից, որը մենք հիմա գիտենք որպես Թուրքիա: Այդ լուսանկարների մի հսկայական հատված ներկայացնում է Կայսրության ներսում բնակվող հայ համայնքը` կրոնական առաջնորդներով, ընտանիքներով, անհատներ` ամբողջովին էթնիկ տարազներով:

Բացի Օսմանյան մայրաքաղաք Պոլսի (այժմ` Ստամբուլ) խոշոր լուսանկարչական ստուդիաներում արված լուսանկարներից, որոշ պատկերներ նաև արձանագրել են մանրամասներ այլ քաղաքների կյանքից, հատկապես արժեքավոր դիտարկումներ են ներկայացվում հենց հայկական թաղամասերից:

«Հայ ընտանիք»,Պասկալ Սեբահ, 1880թ., Լոս Անջելես, Getty Research Institute(96.R.14, Box 80)

Թերևս Ջիգորդի հավաքածուի ամենաապշեցուցիչ փաստը հայ լուսանկարիչների կողմից արված լուսանկարների քանակն է: Հայերը հաճախ են աշխատել որպես քիմիկներ, ոսկերիչներ ու դեղագործներ: Դրա շնորհիվ շատերն են տիրապետել լուսանկարչության համար անհրաժեշտ հմտություններին: Այն ժամանակ լուսանկարչության մեջ հատկապես կարևոր էր օգտագործվող քիմիական պրոցեսների մանրակրկիտ իմացությունը: 19-րդ դարավերջին Կոստանդնուպոլսում գործող հիմնական ստուդիաների մի մասը պատկանել են հենց հայկական ծագումով լուսանկարիչներին: Պասկալ Սեբահը, օրինակ, իր El Chark ստուդիան բացել էր 1857-ին, և իր էլեգանտ, նրբաոճ դիմանկարների շնորհիվ այնպիսի հաջողություններ գրանցել, որ 1873-ին Կահիրեում բացում է երկրորդ մասնաճյուղը: Մահվանից հետո` դրանից 13 տարի անց, նրա անունը Կոստանդնուպոլսում դարձել էր ստուդիային լուսանկարչության հոմանիշը, և ստուդիայի հաջորդ կառավարիչը` Փոլիկարփ Ժոաիլիեն, չցանկանալով կորցնել համբավը, այն վերանվանում է` «Սեբահ և Ժոաիլիե»: Նրա գործը շարունակում է բարգավաճել` անգամ ստուդիայի հաճախորդների ցանկում գրանցելով 1889-ին Կոստանդնուպոլիս այցելած Գերմանիայի կայսր Վիլհելմ 2-րդի անունը:

«Հայ տղամարդիկ»,Պասկալ Սեբահ, 1875թ., Լոս Անջելես, Getty Research Institute(96.R.14, Box 77)

Տարազով երկու հայ տղամարդու լուսանկարը, որն արվել է մոտավորապես 1875-ին, ներկայացնում է Սեբահի վարպետությունը և ապացուցում, որ նա տիրապետել է լուսանկարչության տեխնիկական ասպեկտներին և դրանք լիարժեք կիրառել` որպես գեղարվեստական արտահայտչամիջոց: Տղամարդկանց պաշտոնական դիրքը ցուցադրում է նրանց հայկական ավանդական տարազի բաղկացուցիչ լայն տաբատները, վզկապներն ու գլխարկները, որով դիտողները պետք է անհապաղ նույնականացնեին հայերին: Նրանց դեմքի արտահայտությունը համապատասխանում է կեցվածքի արժանապատվությանը: Սա ստուդիայում արված լուսանկար է, ամենայն հավանականությամբ, հենց Սեբահի կամ նրա օգնականի կողմից, որով այս մարդկանց ներկայացնում են որպես հայկական էթնոսի տիպար, որին ինքը ևս պատկանում էր: Կիսատոների համաչափությունը, կամ այն եղանակը, թե ինչպես են դարչնագույնի տարբեր երանգներն արտահայտվում լուսանկարի վրա` վաղ լուսավորվածից մինչև գրեթե սև, ներկայացնելով լույսն ու ստվերը, Սեբահի վարպետության առավել վառ ապացույցներից են:

«Կոստանդնուպոլիս. Հայ հարսը»,Պասկալ Սեբահ, 1873թ., Լոս Անջելես, Getty Research Institute(96.R.14, Box 139)

Նմանատիպ տոնայնություն ու կոմպոզիցիա է նկատվում Սեբահի «Թուրքիայում 1873-ին հայտնի զգեստները» ալբոմում: Լուսանկարում պատկերված է հայ հարսնացու (կենտրոնում):

Պասկալ Սեբահի սահմանած բարձր չափորոշիչները մնացին իր ստուդիայի ձեռագիրը նույնիսկ նրա մահից հետո: 1894-ին «Սեբահ ու Ժոաիլիե» ստուդիայի արած Մարմարա ծովի ափին գտնվող Բրյուսի հայկական թաղամասի լուսանկարը բլուրից արված անսովոր տեսարան է ներկայացնում: Պայծառ արևը խնդիրներ էր ստեղծում, քանի որ կարող էր լղոզել դեմքերն ու իրերը, սակայն լուսանկարիչը լուծեց խնդիրը` երեխային ծառերի մոտ կանգնեցնելով, ինչի շնորհիվ ստվերը չեզոքացրեց փայլը: Լուսանկարի ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր մարդիկ կամ ծառերի, կամ երկհարկանի շինությունների ստվերում են:

Abdullah Frères լուսանկարչական ստուդիան, որը ղեկավարվում էր երեք հայ եղբայրների կողմից, բացվել է 1858 թվականին, և այնքան արագ համբավ ձեռք բերել իր տեխնիկական և արտիստիկ հնարների շնորհիվ, որ ընդամենը 5 տարի անց եղբայրները դարձել են սուլթանի արքայական լուսանկարիչները: 1867 թվականին նրանք ցուցադրեցին Կոնստանդնուպոլսի 220 սանտիմետր երկարությամբ համայնապատկերը Փարիզի Երկրորդ միջազգային ցուցահանդեսին: Այսպիսով իրենց` որպես համայնապատկերի լուսանկարիչների ունակությունները ցուցադրվեցին միջազգային ասպարեզում: Եղբայրները լուսանկարում էին բազմաթիվ հանրահայտ հաճախորդների, այդ թվում` Ֆրանսիայի կայսրուհի Էժենիին և Ուելսի արքայազն Էդվարդին` Թուրքիա այցի ժամանակ:

«Հայ պատրիարք»,Պասկալ Սեբահ, 1880թ., Լոս Անջելես, Getty Research Institute(96.R.14, Box 80)

1886 թվականին նրանց համբավը հասավ Եգիպտոս, ու տեղի խեդիվի (փոխ-սուլթանի) անձնական խնդրանքով նրանք բացեցին մասնաճյուղ Կահիրեում: Կոնստանդնուպոլսյան ստուդիան միավորվեց Պասկալ Սեբահի հետ, երբ Աբդուլա Ֆրերեսը վաճառեց այն «Սեբահ ու Ժոաիլիեին» 1900 թվականին:

Աբդուլա Ֆրերեսին հաջողության հասավ գեղանկարչական, դիմանկարային և Օսմանյան կայսրության մեծ քաղաքների առօրյա կյանքի լուսանկարչությունում: Ստամբուլյան Գալատայի կամուրջի նրանց լուսանկարը նշանակալի է Հին Քաղաքի տեսքը պատկերելու շնորհիվ: Մինարեթները վեր են խոյանում հեռվում, իսկ կենտրոնական պլանում նավակների լղոզված պատկեր է` քաղաքային տեսարան, ուր պատմական անցյալը հանդիպում է ժամանակակից առօրյային:

Ստուդիայում արված հինգ լուսանկարը ցույց է տալիս փողոցային առևտրի տարբեր տեսակները: Ավանդական զբաղմունքը պատկերելու համար ընտրվել է հատուկ հետնաբեմ, ստուդիական լուսավորում:

«Հայկական թաղամասը», «Սեբահ ու Ժոաիլիե» ստուդիա, 1894թ., Լոս Անջելես, Getty Research Institute (96.R.14, Box 70)

Պակաս բեմականացված, սակայն եռանդով լի լուսանկար` Կոնստանդնուպոլսի հրշեջների բրիգադը: Բազմաթիվ շինությունների հնության, իրար մոտ գտնվելու ու կառուցապատման ընթացքում փայտի օգտագործման պատճառով, քաղաքն ապրում էր հրդեհի անընդհատ սպառնալիքի ներքո, ինչը մեծացնում էր հրշեջների նշանակությունը: Նվիրելով նրանց լուսանկարների հավաքածու` Ֆրերեն կարևորեց նրանց նշանակությունը քաղաքացիական կյանքում, միաժամանակ արտացոլելով Կոնստանդնուպոլսի քաղաքային իշխանությունների ժամանակակից լինելն ու պատրաստվածության աստիճանը:

«Վանդակավոր բաճկոններով հայ տղամարդիկ», «Չամլիդջյան» ստուդիա, 1883թ., Լոս Անջելես, Getty Research Institute (96.R.14, Box 69)

Այս մի քանի օրինակները բացահայտում են 19-րդ դարի հայ լուսանկարիչների գործերի միայն մի փոքր մասը: Տասնյակ այլ հայ լուսանկարիչներ աշխատում էին ոչ միայն Օսմանյան կայսրությունում, այլև Կենտրոնական Ասիայում ու Արևելյան Եվրոպայում:

 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---