ԵԱՀԿ Մինսկի խմբի վճռականությունը մի քանի օր տևեց. Օբյեկտիվությունը նրանց բանը չէ

ԵԱՀԿ Մինսկի խմբի վճռականությունը մի քանի օր տևեց. Օբյեկտիվությունը նրանց բանը չէ

Բաքուն իրեն չէր ների, եթե համանախագահների հայտարարությանն անհամաձայնություն հայտնելու առիթ չգտներ

Ադրբեջանական բանակի կողմից ուսումնական թռիչք իրականացնող ԼՂ ՌՕՈւ ուղղաթիռի կործանումից մեկ շաբաթ անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որում մտահոգություն էին հայտնել, թե հայկական կողմը չի կարողանում մոտենալ ուղղաթիռին և վերցնել զոհված անձնակազմի երեք անդամի դիերը: Ընդ որում ՄԽ միջնորդները նշել էին, որ ուղղաթիռի բեկորներն ընկած են շփման գծի չեզոք գոտու ականապատ տարածքում և կոչ արել դադարեցնել կրակն ու նպաստել տարածքի ականազերծմանը:

PanARMENIAN.Net - Համանախագահներն Ադրբեջանին հորդորել են թույլատրել զոհերի մարմինները դուրս բերել, իսկ Հայաստանին՝ ջանքեր ներդնել հումանիտար իրավիճակի լուծման համար: Նրանք նաև կոչ են արել ապահովել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ու նրա թիմի ներկայությունը դեպքի վայրում:

Միանգամից հարկ է նշել, որ Կասպրշիկին ու նրա թիմին ուղղաթիռի անկման վայրին մոտենալ չթույլատրեցին: Դիվանագիտական լեզվով ասած՝ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանն անվտանգության երաշխիքներ չտրամադրեց ուղղաթիռի անկման վայրում զննում անցկացնելու համար, ուստի մշտադիտարկում չկայացավ: Մարդկային լեզվով ասած՝ «եթե գնդակահարենք, մեղավոր չենք»: Միանգամայն տրամաբանական է, որ ԵԱՀԿ անդամները որոշել են ռիսկի չդիմել, մանավանդ, որ նոյեմբերի 21-ի գիշերն ադրբեջանցիները տեղանքը գնդակոծել են նաև ականանետերից:

Ի տարբերություն սովորական հռետորական հայտարարությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի այս հայտարարությունը, որում այս անգամ բազմազանության համար նշվել է միջադեպի իրական մեղավորը՝ ադրբեջանական ԶՈւ-ն, անգամ որոշ դրական արձագանք է ստացել:

Օրինակ, «մի քիչ ուշացած (մեկ շաբաթով), բայց դրանից ոչ պակաս կարևոր» ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը ողջունել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա հույս է հայտնել, որ «Բաքվի հասցեին հնչած այս քննադատությունը, որը եղել է Իլհամ Ալիևի՝ «երկիր-երկինք» հրթիռի կիրառման մասին անխոհեմ որոշման հետևանքով, արտացոլում է Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի սրացման կանխարգելման շուրջ ԵԱՀԿ վճռականությունը»:

Ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա զարգացումը, չի արտացոլում:

Բաքուն իրեն չէր ների, եթե համանախագահների հայտարարությանն անհամաձայնություն հայտնելու առիթ չգտներ: Առաջին հայացքից դրա համար առիթ չկար. և ուղղաթիռն են ադրբեջանցիները խոցել, և անկման վայրն են նրանք գնդակոծում: Հայտնի չէ, թե քանի ադրբեջանցի մասնագետ է հայտարարության մեջ գոնե մեկ թույլ տեղ փնտրել, բայց գտնել հաջողվել է. «չեզոք գոտի» արտահայտությունը:

Ավելորդ չի լինի ընդգծել, որ մինչև այդ, տարիներ շարունակ ադրբեջանական կողմն ինքն է բազմիցս կիրառել հասկացությունն ադրբեջանական ու արցախյան բանակների դիրքերի միջև ընկած տարածքը նշելու համար: Այդ մասին վկայությունները բազմաթիվ են ցանկացած ադրբեջանական ԶԼՄ-ում:

Որպես տեղեկանք.Չեզոք գոտին որոշակի աշխարհագրական շրջան է (ցամաքային կամ ջրային տարածքի մի մաս), որը պետության միակողմանի որոշմամբ կամ միջազգային համաձայնագրի համաձայն չի կարող օգտագործվել որպես պատերազմական գործողությունների մարտաբեմ։ Չեզոք գոտիները լինում են մշտական կամ ժամանակավոր։ Մշտական չեզոք գոտիներից են՝ Մագելանի նեղուցը, Պանամայի ջրանցքը, Սուեզի ջրանցքը, Անտարկտիդան, Շպիցբերգենի արշիպելագը և այլն։

Բայց այս անգամ «չեզոք գոտի» արտահայտության օգտագործումը կատեգորիկ դուր չի եկել Ադրբեջանում, և Բաքվում սկսեցին շատ օպերատիվ քննադատել ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը, այն անվանելով «սադրիչ, անիմաստ ու անտրամաբանական»:

Հետաքրքիր է, որ ադրբեջանցի պաշտոնյաների արձագանքի դերում հանդես եկավ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որին Բաքվում բազմիցս մեղադրել են հայամետ դիրքորոշման մեջ: Այսպես, Ուորլիքը հայտարարել է, որ գոյություն չունի «չեզոք» գոտի, կա «ոչ մեկի հող», որը բաժանում է զինված ուժերը:

Մեկնաբանելով Ուորլիքի հայտարարությունը, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել էր. «Ընդհանուր առմամբ, «չեզոք գոտի» հասկացությունը ռազմական է, և ինչ-որ ձևով՝ ռազմաքաղաքական: Այսինքն՝ սա մի տարածք է, որը չի վերահսկվում որևէ կողմից: Եվ աշխարհում եղել են այդպիսի նախադեպեր, երբ չեզոք գոտիներ են եղել, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի երկրների միջև չեզոք գոտիներ են եղել: Մեզ մոտ սա ուղղակիռազմական հասկացություն է, որն այդպես էլ կա և որը վաղուց գոյություն ունի»:

Արդարության համար հարկ է նշել, որ Բաքվում հայտարարել են, թե չկա չեզոք գոտի, քանի որ «այդ ամբողջ տարածքը պատկանում է Ադրբեջանին», իսկ Ուորլիքը՝ որ այն «ոչ մեկին չի պատկանում»:

Այնուամենայնիվ, հույսերը, որ գոնե այս անգամ Մինսկի խումբը կամքի ուժ կդրսևորի, չարդարացան: Մի քանի օր անց «չեզոք գոտի» արտահայտությունը փոխարինվեց «չբնակեցված տարաքով» (no man’s land):

Կարելի է փաստել, որ հերթական անգամ միջնորդները, հետևելով իրենց կեղծ դիվանագիտական ու օբյեկտիվ քաղաքականությանը, ընդառաջ գնաց հանցագործին, որը լիովին ընդունում է իր հանցանքը, և որը, ինչպես և նախկինում, անպատիժ է մնում:

Ի՞նչն է պատճառը: Իր հիստերիկության մեջ անկանխատեսելի ադրբեջանական ղեկավարության հետ գործ չունենալո՞ւ ձգտո՞ւմը: Օբյեկտիվ «դատավո՞ր» լինելու ձգտումը: Թե՞ պատճառներն ավելի գործնական ու շրջելի են: Թող այս հետքայլը մնա նրանց խղճին:

Առավել ևս, ինչպես փորձն է ցույց տալիս, քսան տարի միջազգային միջնորդներին չի հաջողվել առաջընթաց գրանցել, այդ թվում նաև Բաքվին զինադադրը պահպանել ստիպելու իրենց անվճռականության պատճառով:

Հետգրության փոխարեն.Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության:

Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի դին, երկու օդաչուի դիերի մնացորդները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդը 2 զինվոր է կորցրել: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:

Ավանդաբար, Ադրբեջանում հայտարարեցին, որ իրենց բանակը շփման գծում կորուստներ չի ունեցել: Բայց առաջիկա օրերին վստահաբար բազմիցս կլսենք ադրբեջանցի զինծառայողների մասին, որոնք զոհվել են «ականի պայթյունի-ՃՏՊ-ի-հիվանդության-ոչ կանոնակարգային հարաբերությունների» արդյուքնում, կամ պարզապես «ինքնասպանություն գործել»:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---