ԿինոPAN. 12 ֆիլմ, որ պետք է դիտել Ամանորին

ԿինոPAN. 12 ֆիլմ, որ պետք է դիտել Ամանորին

Կարող եք ամենահայտնի և ճանաչված ֆիլմերը դիտել U!Com-ի VOD բաժնում

PAN-ը և U!Com-ը հավաքել են այն 12 ֆիլմի ցանկը, որոնք ռուսական «Ճակատագրի հեգնանքը, կամ բաղնիքդ անուշ»-ից բացի պետք է դիտել Ամանորին: Ի դեպ, այսուհետ կարող եք ամենահայտնի և ճանաչված ֆիլմերը դիտել U!Com-ի VOD, այլ կերպ ասած՝ պատվերով տեսավարձույթի բաժնում: Ընկերությունը մեծ տեսադարան ունի, որտեղ պահվում և պարբերաբար ներկայացվում են թարմացվող ֆիլմեր:

PanARMENIAN.Net - Դրանք HD որակի և 10-ից ավելի ժանրի են` մելոդրամաներ, ընտանեկան ֆիլմեր, կատակերգություն, մարտաֆիլմ, սարսափ, թրիլեր, վավերագրական, հնդկական ֆիլմեր, մուլտֆիլմեր, 3D ֆորմատի, հայկական ֆիլմեր, ինչպես նաև հանրաճանաչ երգիչների համերգների տեսագրություններ: Անհրաժեշտ է միայն ընտրել ֆիլմը, և կարող եք այն դիտել 24 ժամվա ընթացքում՝ որքան ցանկանաք:

The Polar Express / Բևեռային էքսպրես (2004)

Ռեժիսոր` Ռոբերտ Զեմեկիս, դերերում` Թոմ Հենքս, Լեսլի Զեմեկիս, Էդի Դիզեն

«Տեսնել նշանակում է հավատալ, սակայն երբեմն աշխարհում ամենաիրական բաները մենք չեն կարող տեսնել»

Որոշ կինոքննադատներ կարծում են, որ «մեծ երեխա» Ռոբերտ Զեմեկիսն այս ֆիլմը նկարահանել է հատուկ իր երեխաների համար` որպես Սուրբ Ծննդյան յուրահատուկ նվեր: Սակայն հանճարեղ բեմադրիչի նպատակները շատ ավելի լայն էին` աշխարհի բոլոր մանուկների համար Ամանորի հրաշքը շոշափելի դարձնելուց բացի: Զեմեկիսն այս ֆիլմով կինոյում ներդրեց իրական դերասաններին անիմացիոն աշխարհ տեղափոխելու հեղափոխական տեխնոլոգիան, որը հետագայում օգտագործվեց «Ավատար» (Avatar) և «Կապիկների մոլորակը» (Planet of the Apes) խոշոր բլոկբաստերներում:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. բոլոր նրանց, ում համար Ամանորն ուղղակի ճաշկերույթ չէ, և ովքեր հավատում են, որ հրաշքներն իրական են ու դրանք կարելի է տեսնել, այլ ոչ թե միայն հավատալ:

New Year's Eve / «Հին» Նոր տարի (2011)

Ռեժիսոր` Գերի Մարշալ, դերերում` Հոլի Բերի, Ջեսիկա Բիլ, Ջոն Բոն Ջովի, Էբիգեյլ Բրեսլին, Լուդաքրիս, Ռոբերտ Դե Նիրո, Ջոշ Դյուամել, Զաք Էֆրոն

«Ոչինչ չի համեմատվի Նյու Յորքի հետ Ամանորի նախաշեմին»

Հոլիվուդյան իսկական աստղաբույլ` տիտաններից մինչև նորեկ, սակայն խոստումնալից դերասաններ: Իրադարձությունների կենտրոնը` Նյու Յորք, աշխարհի խոշորագույն մեգապոլիսներից մեկը, որում Ամանորի նախաշեմին հյուսվում են բոլորովին տարբեր մարդկանց կյանքներն ու ճակատագրերը: Սեր, ատելություն, սպասումներ ու երջանիկ հանդիպումներ. մելոդրամաների վարպետ Գերի Մարշալը տարբեր գույներով հյուսել է իսկական տոնական պատկեր:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. բոլոր նրանց, ովքեր գնահատում են հյուրերին տուն ճանապարհելուց հետո տոնական տրամադրությունը պահպանելու անհրաժեշտությունը: Ֆիլմն անտարբեր չի թողնի հատկապես մարդկության գեղեցիկ հատվածին:

Happy Christmas / Շնորհավոր Սուրբ Ծնունդ (2014)

Ռեժիսոր` Ջո Սվանբերգ, դերերում` Աննա Քենդրիկ, Մելանի Լինսկի, Մարկ Ուեբեր

«Ընտանիքը նվեր է, որը մենք անընդհատ շարունակում ենք նվիրել»

Յուրաքանչյուր, անգամ ամենաերջանիկ ընտանիքում լինում են ճգնաժամային պահեր: Ռեժիսոր Ջեֆի և գրող Քելիի ընտանիքը նույնպես զերծ չի մնում այդ խնդիրներից. սովորական առօրյան, երեխայի դաստիարակությունը այլևս, կարծես, տեղ չեն թողել սիրուն ու ռոմանտիկային: Սակայն այս միօրինակությունը փոխվում է, երբ ամուսնիններին է այցելում Ջեֆի կրտսեր քույրը` Ջենին, ով իր կենսուրախությամբ կարողանում է նոր կրակ վառել նրանց սրտերում:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. կենցաղը փորձում է «սպանել» ամենանվիրականը, սակայն եթե վստահ եք, որ ամեն ինչ դեռ կորած չէ և կարելի է շատ բան փոխել, ապա այս ֆիլմը Ձեզ համար է:

Four Christmases / Չորս Սուրբ Ծնունդ (2008)

Ռեժիսոր` Սեթ Գորդոն, դերերում` Վինս Վոն, Ռիզ Ուիզերսփուն, Ռոբերտ Դյուվալ, Սիսի Սփեյսեկ, Ջոն Վոյթ, Ջոն Ֆավրո

«Իմ մանկությունը նման էր «Փախուստ Շոուշենկից» ֆիլմին, ուղղակի կողքիս չկար բարի ու սևամորթ մի մարդ, ով հետո կպատմեր իմ մասին»

«Սև կատակերգությունների» վարպետ Սեթ Գորդոնին կինոքննադատները չներեցին միայն այն պատճառով, որ նա որոշեց փոխել իր ամպլուան ու նկարահանել տոնական թեթև և բարի ռոմանտիկ կատակերգություն: Երիտասարդ զույգ Բրեդը և Քեյթը տոների նախաշեմին կանգնում են մեծ խնդրի առջև. երկուսի ծնողներն էլ բաժանված են, և ոչ ոքի չնեղացնելու համար անհրաժեշտ է մեկ օրում այցելել բոլոր չորսին էլ: Անմեղ այս ցանկությունը զարմանալի արկածների սկիզբ է դնում` փոխելով զույգի վերաբերմունքը կյանքի և իրենց հարաբերությունների նկատմամբ:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. բոլորն են երբեմն ցանկանում փոխվել, վերագնահատել ունեցածn ու հասկանալ, թե ինչն է կարևոր: Եթե ընտանքին ու ընտանեկան արժեքները Ձեզ համար ոչ թե ծանր բեռ են, այլ զվարճալի արկածներ, ապա դիտեք այս ֆիլմը:

The Night Before the Night Before Christmas / Սուրբ Ծննդյան նախորդ գիշերվան նախորդող գիշերը (2010)

Ռեժիսոր` Ջեյմս Օր,դերերում` Ջենիֆեր Բիլս, Ռիք Ռոբերտս, Ար.Դի. Ռեյդ

«Ամանորը լավ ժամանակ է ընտանիքը փրկելու համար»

Յուրաքանչյուր կադրում Ամանորի ոգով լի տոնական կատակերգություն ամբողջ ընտանիքի համար: Ի՞նչ կլինի, եթե Սանտա Կլաուսը որոշի մեկ օր առաջ մեկնել իր առաքելությունը կատարելու, վթարի ենթարկվի և հայտնվի ամերիկյան սովորական մի ընտանիքի տանը` կորցնելով նվերներով լի պարկը: Կարո՞ղ է Ֆոքսերի ընտանիքը, մոռանալով սեփական հոգսերը, օգնել Սանտային փրկել Սուրբ Ծննդյան տոները:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. առաջին հերթին այս հեռուստաֆիլմը նախատեսված է ամենափոքրիկ կինոդիտողների համար: Այն հրաշալի ընտրություն է` տոնական երեկոն ամբողջ ընտանիքով ուրախ անցկացնելու համար:

Christmas Carol: The Movie / Սուրբ Ծննդյան պատմություն (2001)

Ռեժիսոր` Ջիմի Մուրակամի, դերերում` Սայմոն Քելոու, Քեյթ Ուինսլեթ, Նիկոլաս Քեյջ, Ռիս Իվանս

«Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, պարոն Ձնեմարդ»

Չարլզ Դիքենսի հռչակավոր պատմությունն ագահության, բարության և տոնական հրաշքի մասին էկրաններ է տեղափոխվել բազմիցս: Անսիրտ ու դաժան վաշխառու Էբենեզեր Սքրուջի պատմությունը, որը ծննդյան տոների ընթացքում իսկական հրաշքի օգնությամբ լիովին վերափոխվում է, այս անգամ էկրանավորել են բրիտանացի և գերմանացի անիմատորները: Ի տարբերություն Ռոբերտ Զեմեկիսի մռայլ, երբեմն` սարսափազդու էկրանավորման, այս մուլտֆիլմը նախատեսված է ընտանեկան դիտման համար:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. Դիքենսի պատմությունը դաստիարակչական մեծ նշանակություն ունի: Մարդ լինելու անհրաժեշտության մասին այս հեքիաթը երեխային հազար բառից ավելին կասի:

A Princess for Christmas / Սուրբ Ծննդյան արքայադուստրը (2011)

Ռեժիսոր` Մայքլ Դամիան,դերերում` Քեթի ՄակԳրաթ, Սեմ Յուեն, Ռոջեր Մուր, Թրևիս Թըրներ

«- Կարծում էի, սեղանապետերը վերացել են:

- Ոչ , մենք հարություն ենք առել»

Ընտանեկան դժբախտությունը երիտասարդ կնոջ ուսերին է թողնում ծանր բեռ. քրոջ մահվանից հետո նա ինքն է դաստիարակում որբացած զարմիկներին: Սակայն, կարծես հրաշքով, հայտնվում է վաղուց անհետացած հարուստ պապիկը, ով կյանքից հեռանալուց առաջ ցանկանում է ծանոթանալ սեփական թոռների հետ: Եվրոպա ճանապարհորդությունը վերածվում է իսկական հեքիաթի` ամրոցներով, հրաշքներով ու, իհարկե, սպիտակ ձիու վրա արքայազնով:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. թեթև, բարի ու գեղեցիկ այս ընտանեկան մելոդրամատիկ կատակերգությունը տոնական երեկոն զարդարելու հրաշալի ընտրություն է` ավելի ջերմացնելու համար մթնոլորտն ու ապահովելու բարձր տրամադրություն:

Surviving Christmas / Դիմանալ Սուրբ Ծննդին (2004)

Ռեժիսոր` Մայք Միտչել, դերերում` Բեն Աֆլեք, Ջեյմս Գանդոլֆինի, Քրիսթինա Էփլգեյթ, Ուդո Քիր

«Որոշ բաներ չեն կարող անտեսանելի լինել»

Մինչ իր փայլուն ռեժիսորական աշխատանքներն օսկարակիր Բեն Աֆլեքը փոփոխական հաջողությամբհանդես էր գալիս կատակերգական ժանրում: Թերևս, սա այդ շարքի ամենահիշվող ֆիլմերից մեկն է: Մեծահարուստ, սակայն միայնակ երիտասարդ Դրյու Լեթամն ատում է Սուրբ Ծննդյան տոները, որովհետև յուրաքանչյուր անգամ ստիպված է դրանք միայնակ դիմավորել: Հերթական տոներից առաջ նա այցելում է իր մանկության տունը` բնակեցված բոլորովին այլ ընտանիքով, ինչը մեծամիտ ու էգոիստ Դրյուի վերափոխվելու սկիզբն է դառնում:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. եթե ընտանեկան արժեքներ կոչվածը ձեզ համար ոչ մի նշանակություն չունի ու համոզված եք, որ մարդու կյանքում կարևորը հասարակական դիրքն է, ապա այս ֆիլմը Ձեզ համար է, որովհետև կյանքի մասին նման պատկերացումները միայնակ ծերություն անցկացնելու նախանշան են:

Good Luck Charlie, It's Christmas! / Դիմացի՜ր, Չարլի, Սուրբ Ծնունդ է (2011)

Ռեժիսոր` Արլին Սանֆորդ, դերերում` Բրիջիթ Մենդլեր, Լի-Էլին Բեյքեր, Բրեդլի Սթիվեն Պերի

«Դիմացի՜ր, Չարլի, Սուրբ Ծնունդ է»

Մի քիչ ցնորված մարդկանց հետ ճանապարհորդելը վտանգավոր է, սակայն խիստ հետաքրքիր: Մանավանd, եթե նրանք պնդում են, որ իրենց գողացել են այլմոլորակայինները: Դանքանների ընտանիքը տոներին ճանապարհորդելու ընթացքում մոլորվելուց հետո հանդիպում է ծեր ամուսնինների, ովքեր մեկնում են Ռոսուել՝ իրենց առևանգման գաղտնիքը պարզելու: Միանալով նրանց՝ Դանքանները հայտնվում են ծիծաղելի ու զավեշտալի արկածների հորձանուտում:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. եթե չեք հավատում, որ Disney ընկերությունը կարող է լավ կատակներով համեմված հետաքրքիր հեռուստաֆիլմ ստեղծել, ապա «Դիմացի՜ր, Չարլին» հակառակը կապացուցի:

A Fairly Odd Christmas / Սուրբ Ծնունդը կախարդական ծնողների հետ (2012)

Ռեժիսոր` Սևիջ Սթիվ Հոլանդ, դերերում` Դրեյք Բել, Դանիելա Մոնե, Դևիդ Լյուիս

«Այս տարի ես կխնդրեմ ինչ որ պրակտիկ նվեր: Օրինակ՝ կախարդական պոնի»

Սուրբ Ծննդյան տոները չարագործներից փրկելու համար կարելի է ռիսկի դիմել ու մեկնել վտանգավոր ճանապարհորդության: Մանավանդ, եթե Թիմի Թըրներին դրանում օգնում են իր կախարդական ծնողները: Նա պետք է ուժեղ լինի, որովհետև ճանապարհին բազմաթիվ վտանգներ են սպասում:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. ֆենթեզի ժանրի այս հեռուստաֆիլմը փոքրիկ հանդիսատեսների և նրանց ծնողների համար է, ովքեր երազում են իրենց երեխաների աչքին հերոս երևալ ու նրանց տոնը դարձնել իրապես կախարդական:

The Holiday / Արձակուրդ՝ փոխանակմամբ (2006)

Ռեժիսոր` Նենսի Մեյերս, դերերում` Քեմերոն Դիաս, Քեյթ Ուինսլեթ, Ջուդ Լոու, Ջեք Բլեք

«Ծննդյան տոները պատրաստվում ենք նշել ինչպես երիտասարդ ու կենդանի մարդիկ»

Միմյանցից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա ապրող երկու անծանոթ կին հայտնվում են նույն իրավիճակում. անձնական կյանքը չի դասավորվում: Ծանոթանալով ինտերնետում՝ նրանք պայմանավորվում են տոների արձակուրդների ընթացքում փոխանակել միմյանց բնակարանները: Արևոտ Կալիֆորնիայում բնակվող Ամանդան մեկնում է անգլիական ձնառատ բնակավայր, իսկ բրիտանուհի Այրիսը՝ իր տունը ժամանակավորապես հանձնելով ամերիկուհուն՝ ուղևորվում իր համար անսովոր Կալիֆորնիա: Այս փոխանակումը նոր կյանքի սկիզբ է դառնում երկուսի համար էլ:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. բարդություններ լինում են յուրաքանչյուրի կյանքում, սակայն եթե էությամբ ուժեղ եք ու պատրաստ ինքներդ մարտահրավեր նետել կյանքին, ապա այս ֆիլմը լավ ուղեցույց կլինի:

Arthur Christmas / Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը (2011)

Ռեժիսորներ` Սառա Սմիթ, Բերի Քուկ, դերերում` Ջեյմս ՄքԷվոյ, Հյու Լորի, Բիլ Նայի, Իմելդա Սթենթոն

«Ես պատրաստ եմ վճարել, սակայն այնտեղ, որտեղից եկել եմ, փող գոյություն չունի»

Բրիտանական կինոյի ու թատրոնի հսկաները հենց այնպես չեն նվիրել իրենց ձայներն այս յուրահատուկ անիմացիոն ֆիլմին: Աշխարհի բոլոր երեխաներին հետաքրքրում է, թե ինչպես է Սանտա Կլաուսին հաջողվում բոլորին մեկ գիշերվա ընթացքում նվերներ հասցնել: Պարզվում է՝ Սանտայի ղեկավարությամբ գործում է բավականին բարդ ու հստակ աշխատող հսկայական մի ցանց:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. հոլիվուդյան անիմացիոն ֆիլմերը վաղուց արդեն բացառապես միայն մանուկների համար չեն նախատեսված: Այս ֆիլմը հավասարապես հաճույք կպատճառի թե փոքրիկ, թե մեծահասակ հանդիսատեսին՝ բարձրացնելով տոնական տրամադրությունը:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---