ԿինոPAN. Մաֆիայի «զինվորի» թռիչքն ու անկումը և «Փառահեղ տղաները»

ԿինոPAN. Մաֆիայի «զինվորի» թռիչքն ու անկումը և «Փառահեղ տղաները»

Փառահեղ տղաները / Goodfellas, 1990թ., ռեժիսոր` Մարտին Սկորսեզե, դերերում` Ռոբորտ Դե Նիրո, Ջո Պեսկի, Ռեյ Լիոտտա, Լորեյն Բրակո

PAN-ը և U!Com-ը ներկայացնում են աշխարհահռչակ կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեի ամենաաղմկահարույց և, առանց չափազանցության, լավագույն` «Փառահեղ տղաները» ֆիլմը: Քրեական այս դրամայի ստեղծմամբ համաշխարհային կինոյում մեկնարկեց ժանրային կինոյի նոր ալիք, որում հանցագործ աշխարհի ռոմանտիզմին փոխարինելու եկավ սառը ու արյունոտ իրականությունը, որտեղ կարևորը ոչ թե արժանապատվությունն է, այլ փողը: Ի դեպ, այսուհետ կարող եք ամենահայտնի և ճանաչված ֆիլմերը դիտել U!Com-ի պատվերով տեսավարձույթի կինոPAN բաժնում: Ընկերությունը մեծ տեսադարան ունի, որտեղ պահվում և պարբերաբար ներկայացվում են թարմացվող ֆիլմեր:

PanARMENIAN.Net - Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի երկու «Կնքահայրերից» հետո քրեական աշխարհի ռոմանտիկ կողմերի մասին ֆիլմերն անկում ապրեցին: Լավ հագնված, միշտ մտախոհ ու խելացի «վատ տղաներին» փոխարինելու եկան մարտաֆիլմերի հերոս «լավ տղաները», ում համար ուղեղի առկայությունը պարտադիր պայման չէր, սակայն անփոխարինելի էր քրեական աշխարհի ներկայացուցիչներին հարյուրներով այն աշխարհ ուղարկելու կարողությունը: Կինոդիտողի նոր սերնդին սկսեցին հետաքրքրել ոչ թե մաֆիայի ղեկավարների հավաքներն ու «խնդիրները լուծելը», այլ կես խոսքից դիմացինին ոչնչացնող, արդարության բրուտալ մարտիկները. խնդիր լուծելը կինոյում դարձել էր ավելի պարզ ու մասսայական:

Որքան ինձ հիշում եմ, միշտ երազել եմ գանգստեր դառնալ: Ինձ համար դա ավելի մեծ նշանակություն է ունեցել, քան Միացյալ Նահանգների նախագահ դառնալը:

Միաժամանակ, մասսայականությունից ու միջակությունից հեռու բավականին մեծ համբավ ձեռք բերած ռեժիսոր Մարտին Սկորսեզեին հանգիստ չէին տալիս իր իտալական արմատները: Առաջին իսկ կինոփորձից մեծ ռեժիսորը հասկացել էր կինոյում իր տեղը` մասսայական կինոյի` մեյնսթրիմի և հատուկ կինոյի` արտ-հաուսի միջև: Նրա ֆիլմերը բավականաչափ տպավորիչ էին` սովորական կինոդիտողին հետաքրքրելու, սակայն նաև բավարար արժեքավոր` արվեստի գործ համարվելու համար: Սկորսեզեն սովորել էր պատմությունը հետաքրքիր ձևով պատմելու գլխավոր կանոնը. անհրաժեշտ է կինոդիտողի հետ երկխոսությունը կառուցել ազնվության ու անմիջականության վրա: Իր բարձունքից ռեժիսորը կարողանում էր սովորական հանդիսատեսի հետ զրուցել, ինչպես հավասարը հավասարի հետ:

- Ինչո՞վ ես զբաղվում: - Շինարարությամբ: - Քո ձեռքերը նման չեն շինարարի ձեռքերի: - Ես արհմիության անդամ եմ:

Եվ այսպես, իտալական արյունը իր մասին հիշեցրեց այն բանից հետո, երբ Սկորսեզեն պատահաբար ընթերցեց քրեական լրագրող Նիկոլաս Պիլեջիի «Խելոքը» գրքի վերլուծությունը: Գիրքը ներկայացնում էր մաֆիայի իրական ներկայացուցիչ Հենրի Հիլի թռիչքն ու անկումը քրեական աշխարհում, որը կարողացել էր մաֆիայի բուրգի ամենաստորոտից բարձրանալ ու հասնել մինչև գագաթը: Սկորսեզեն որոշեց զերծ մնալ «Կնքահոր» բարոյախրատական քարոզներից ու ներկայացնել պատմությունն այնպես, ինչպես եղել է` թույլ տալով հանդիսատեսին ինքնուրույն եզրակացությունների անել:

Ֆիլմի պրեմիերայից հետո շատ կինոքննադատներ կնքեցին «Փառահեղ տղաները»` որպես Սկորսեզեի լավագույն կինոկտավ: Ավելին` շատերը, այն համեմատության մեջ դնելով «Կնքահոր» հետ, գալիս էին այն եզրակացության, որ Սկորսեզեի ֆիլմը շատ առումներով ավելի արժեքավոր կինոմոնումենտ է: Եվ այդ եզրակացությունն ուներ իր պատճառները:

- Ես Մայամիից եմ: Եղե՞լ ես այնտեղ: - Ոչ: - Վատ տեղ չի, սակայն ուր նայես, շուրջդ միայն հրեաներ են:

Մաֆիայի շարքային «զինվոր» Հենրի Հիլի պատմությունը ֆիլմում ներկայացված է առավելագույնս անմիջական ձևով: Առաջին իսկ կադրերից «Փառահեղ տղաները» հիպնոսի են ենթարկում կինոդիտողին, տեղափոխում քրեական աշխարհի մութ խորքերը, որտեղից այլևս ելք չկա ոչ ոքի համար: Թանկարժեք, շքեղ կյանքի, գեղեցիկ կանանց, ընտիր ռեստորանների ու փայլուն ավտոմեքենաների հետևում թաքնված արյունը, խեղված ճակատագրերն ու անասելի դաժանությունը նույնքան իրական են դառնում, որքան շրջապատող իրականությունը: Թելմա Շունմեյքերի հանճարեղ մոնտաժի շնորհիվ ֆիլմի հյութեղ կադրերն օրգանապես կապվում են միմյանց հետ` թողնելով մոգական ազդեցություն, երբ հանդիսատեսը ոչ մի վայրկյան չի կասկածում. նա իրական պատմության ականատես է:

Նա թղթադրամ էր խցկում բոլորի գրպանը. դռնապանի, հանդերձարանի տղայի: Բարմենը հարյուր ստանում էր միայն նրա համար, որ սառույցը նրա մոտ սառն էր:

Իսկ ռեժիսորը, պատմելով այն, օգտագործում է միայն փորձված հնարքներ: Այստեղ է նրա «թալիսման» Ռոբերտ Դե Նիրոն` տաղանդավոր գող և ավազակ Ջիմի Քոնուեյի դերում, փայլուն Ջո Պեսկին` դաժան, անմարդկային ու կիսախելագար Թոմի ԴեՎիտոյի կերպարում, ում միակ երազանքը «մաֆիայի ընտանիքի» լիարժեք անդամ դառնալն է: Հենրի Հիլին մարմնավորում է երիտասարդ դերասան Ռեյ Լիոտտան: Հիլի ճանապարհն անցնում է հարյուրավոր մարդկանց դիակների ու արյան լճերի վրայով: Իր բնատուր ճարպկության և խելքի շնորհիվ նա կարողանում է ամեն անգամ խուսանավել սուր անկյունների արանքով` աստիճանաբար բարձրանալով մինչև քրեական աշխարհի ամենամեծ բարձունքներն ու գահավիժելով ներքև, երբ, կարծես, ամբողջ աշխարհն արդեն իր ձեռքերում է:

-Ինչո՞ւ դու քեզ համար լավ աղջիկ չես գտնում: - Մայրիկ, ես ամեն երեկո ինձ համար լավ աղջիկ եմ գտնում:

Ծայրահեղ դաժան, բայց աննկարագրելի գեղեցիկ այս ֆիլմում չկա քրեական աշխարհի ռոմանտիկա, այստեղ բացակայում են տողատակերը: Անգամ երբ ընտանեկան երջանկությունը ստորադասվում է հանցագործ «կարիերային», Սկորսեզեն այստեղ չի փորձում «դասեր տալ», այլ պատմում է պատմությունն այնպես, ինչպես կա: Այո, կան մարդիկ, ում համար ընտանիքը ոչ մի նշանակություն չունի, ովքեր այն օգտագործում են միայն սեփական կշիռն արտահայտելու համար: և անհրաժեշտ է պատմել նաև նման մարդկանց մասին: Հենրի Հիլի համար կարևորը միայն իր դիրքն է մաֆիայի բուրգում, և որքան բարձր, այնքան լավ: Իսկ բարձրանալու համար նա չի խորշի հրաժարվել անգամ սեփական ընտանիքից, ոտնատակ տալ իրեն սիրող մարդկանց ու տրորելով` անցնել նրանց վրայով:

«Մենք իրար միշտ փառահեղ տղաներ էինք անվանում: Եվ երբ դու դա ասում էիր, դա նշանակում էր, որ նա լավ տղա է: Նրան պետք էր սիրել, նա մեզանից մեկն էր: Հասկանո՞ւմ եք: Մենք փառահեղ տղաներ էինք, խելացի տղաներ»:

Անթերի այս կինոկտավի գլխավոր ձեռքբերումը, սակայն, այն էր, որ ֆիլմը կարողացավ ցնցել ամբողջ կինոաշխարհը` սկիզբ դնելով թեմայի մեջ ստեղծվող արժեքավոր այլ ֆիլմերի ու ձևավորելով հանճարների նոր սերունդ: Սկորսեզեի ֆիլմի միջոցով ու շնորհիվ կինոաշխարհին ներկայացավ Քվենտին Տարանինոն` հրաշալի սերտելով մեծ ռեժիսորի դասերը, պատմությունը շիտակ պատմելու արվեստին տիրապետեց Գայ Ռիչին: «Փառահեղ տղաները» ներկայումս արդարացիորեն համարվում է դասական կինո իր ժանրում և ռեժիսուրայի իդեալական օրինակ, և ժանրում ստեղծված ցանկացած նոր ֆիլմ իր վրա կրում է այս հանճարեղ կինոգործի դրոշմը:

Կարդացեք նաև` ԿինոPAN. 12 ֆիլմ Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ, որ պետք է դիտել

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---