ԿինոPAN. 12 ֆիլմ, որ պետք է դիտել մինչև «Օսկար» մրցանակաբաշխությունը

ԿինոPAN. 12 ֆիլմ, որ պետք է դիտել մինչև «Օսկար» մրցանակաբաշխությունը

Կարող եք ամենահայտնի և ճանաչված ֆիլմերը դիտել U!Com-ի կինոPAN բաժնում

Կինոաշխարհում ամենահեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությանը մնացել են հաշված օրեր: Ոսկե արձանիկին արժանացող ցանկացած կինոգործիչ` նկարիչ, կոմպոզիտոր, սցենարիստ, դերասան, ռեժիսոր անմիջապես ստանում է հավերժական «մուտքի տոմս» դեպի մեծ կինո: Հետևաբար` այս մրցանակը հանձնվում է միայն ու միայն լավագույններին: PAN-ը և U!Com-ը ներկայացնում են այն ֆիլմերը, որոնք անհրաժեշտ է դիտել մրցանակաբաշխությունից առաջ: Դրանք տարբեր տարիներին գլխավոր «Օսկարին» արժանացած կինոկտավներն են:

PanARMENIAN.Net - Ի դեպ, այսուհետ կարող եք ամենահայտնի և ճանաչված ֆիլմերը դիտել U!Com-ի պատվերով տեսավարձույթի կինոPAN բաժնում: Ընկերությունը մեծ տեսադարան ունի, որտեղ պահվում և պարբերաբար ներկայացվում են թարմացվող ֆիլմեր:

Ռոքի / Rocky (1976թ.)

Ռեժիսոր` Ջոն Գ. Էվիլդսեն, դերերում` Սիլվեստր Ստալոնե, Թալիա Շայր, Բըրթ Յանգ, Կառլ Ուեզերս

«-Քիթդ կոտրվել է:

- Ու ի՞նչ տեսք ունեմ ես հիմա:

- Կատարելագործված»:

Դժվար թե գտնվի մեկը, ով գոնե մեկ անգամ չի դիտել աշխարհահռչակ Սիլվեստր Ստալոնեի մուտքը դեպի մեծ կինո ապահոված այս մարզական դրաման: Երիտասարդ իտալացի դերասանը, երազելով միայն Հոլիվուդում հայտնվելու մասին, ֆիլմի սցենարը գրել էր վարձով վերցված փոքրիկ սենյակում` այդ օրերի ընթացքում գրեթե չսնվելով ու չքնելով: Բազմաթիվ զրկանքները, որոնց միջով անցավ Ստալոնեն` Ռոքիի կորպարը ստեղծելու ընթացքում, օրգանապես արտացոլված են այս փայլուն կինոկտավում:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. եթե Ձեզ հետաքրքրում են պատմությունները նպատակասլաց, ուժեղ մարդկանց մասին, ովքեր իրենց երազանքին հասնելու համար ոչ մի խոչընդոտի առաջ կանգ չեն առնում, ապա այս ֆիլմը Ձեզ համար է:

Անձրևի մարդը / Rain Man (1988թ.)

Ռեժիսոր` Բարի Լեվինսոն, դերերում` Դասթին Հոֆման, Թոմ Քրուզ, Վալերիա Գոլինո, Ջերալդ Ռ. Մոլեն

«Գիտե՞ս ինչու էին նրանք քեզանից հրաժարվել: Որովհետև քո ներկայությունը ցավ էր պատճառում»:

Երբ հեռավոր 1989թ.-ին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում արձանիկին արժանացավ հրաշալի Դասթին Հոֆմանը, ամբողջ դահլիճը նրան հոտնկայս էր ծափահարում: Աուտիզմի համախտանիշ ունեցող Ռայմոնդին մարմնավորելու համար Հոֆմանին հաջողվել էր հասնել անհնարինին. նա կարողացել էր հասկանալ այդ` «այլ աշխարհում ապրող» մարդկանց ներքին ամբողջ գունապնակը` ստեղծելով կինոյի պատմության մեջ ամենահամոզիչ և հզոր կերպարներից մեկը:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. ծայրահեղ գեղեցիկ և բարի այս ֆիլմն իսկական մարդկանց մասին է: Նրանց, ովքեր կարող են տեսնել գեղեցկությունն անգամ այնտեղ, որտեղ ուրիշները չեն գտնում ոչինչ: Եթե կյանքը ոչ միայն այս աշխարհում ժամանակ անցկացնելու, այլև այն հասկանալու համար է, ապա այս ֆիլմը պարտադիր է դիտել:

Գառների լռությունը / The Silence Of The Lambs (1991թ.)

Ռեժիսոր` Ջոնաթան Դեմի, դերերում` Էնթոնի Հոպքինս, Ջոդի Ֆոստեր, Սքոթ Գլեն, Թեդ Լեվայն

«Եվ այսպես, Քլարիս: Գառները դադարեցի՞ն ճչալ»:

Թրիլլեր ժանրի արքան: Ցանկացած կինոքննադատ ու կինոսիրող կհամաձայնի, որ «Գառների լռությունը» սկիզբ դրեց ժանրի վերածննդին` փոխելով շեշտը խելացի ու ուժեղ քննիչներից դեպի առավել խելացի և խարիզմատիկ չարագործներ: Թոմաս Հարիսի ստեղծած կերպարը` հոգեբան ու մարդակեր Հանիբալ Լեկտորը, առաջին անգամ էկրաններին էր հայտնվել Մայքլ Մանի «Մարդկանց որսացողը» ֆիլմում: Սակայն միայն Էնթոնի Հոպքինսի կատարմամբ այս կերպարը վերածվեց համաշխարհային կինոյի թիվ մեկ չարագործի, որի հայացքից դեռ շատ մարդիկ են գիշերը վեր թռչելու սառը քրտինքով պատված:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. առաջին հերթին ժանրի սիրահարներին, ինչպես նաև փայլուն դերասանական խաղի, հրաշալի ռեժիսուրայի և հանճարեղ երաժշտության սիրահարներին, որն ամեն անգամ հիշելով մտքում կտեսնեք Լեկտորի սառը ու խորաթափանց հայացքը:

Շինդլերի ցուցակը / Shindlers list (1993թ.)

Ռեժիսոր` Սթիվեն Սփիլբերգ, դերերում` Լիամ Նիսոն, Ռալֆ Ֆայնս, Բեն Քինգսլի, Էմբեթ Դեվից

«Նա, ով փրկել է մեկ կյանք, փրկել է ամբողջ աշխարհը»:

Այս սև-սպիտակ կինոկոթողի մասին ասված ցանկացած բառ ավելորդ կլինի: Այն անհրաժեշտ է դիտել: Իսկ եթե դեռ չեք վայելել, ապա պատրաստ եղեք անողոք ցնցման, կոկորդում քարացած հեծկլտոցի ու անասելի ցավի` 20-րդ դարում մարդկության մեծագույն ողբերգություններից մեկի` Հոլոքոստի մասին պատմող այս աննկարագրելի ֆիլմը դիտելիս: Սփիլբերգը կարողացավ ստեղծել հիտլերյան Գերմանիայի չարագործությունների մասին ֆիլմ, որի յուրաքանչյուր կադրը ներկված է միաժամանակ արյունով ու հույսով, մարդկային անսահման դաժանությամբ ու կրկին սահմաններ չճանաչող անձնազոհությամբ:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. Ցեղասպանություն վերապրած ազգի ներկայացուցչի համար մեկ այլ ազգի նկատմամբ նույնանման ոճիրի մասին ցանկացած պատմություն արյան մակարդակով է ընկալվում: Զգացմունքային հզորագույն մրրիկ, որում անկեղծ ցավն ուղեկցվում է ուժեղագույն կատարսիսով, հետևաբար Ձեր նյարդերը պետք է ամուր լինեն:

Ֆորեսթ Գամփ / Forrest Gump (1994թ.)

Ռեժիսոր` Ռոբերտ Զեմեկիս, դերերում` Թոմ Հենքս, Ռոբին Ռայթ, Գերի Սինիզ, Մայքելթի Ուիլյամսոն, Սալի Ֆիլդ

«Մայրս միշտ ասում էր. կյանքը նման է շոկոլադե կոնֆետների տուփի: Երբեք չգիտես, թե որը կհանես»:

Ալան Սիլվեստրիի աստվածային երաժշտության ներքո օդից էլ թեթև սպիտակ փետուրը պտտվում է քամուց` մեկ հայտնվելով շենքերի տանիքներին, մեկ էլ վեր բարձրանալով` կարծես լուծվելով երկնքում: Այսպես է սկսում կինոյի միջոցով պատմված ամենազարմանալի և գեղեցիկ պատմությունը մի մարդու մասին, ով երբեք չի հասկացել, թե ինչու են բոլորը ձգտում փոխվել, դիմակներ դնել` այլ մարդկանց հետ շփվելիս: Զեմեկիսը, որպես իրական հրաշագործ, կառուցում է աբսուրդի ու իրականության եզրին կանգնած հզորագույն կինոգործ, որը այս կամ այն կողմ շեղվելու ու գահավիժելու չնչին փորձ անգամ չի անում ամբողջ ընթացքում:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. Ֆորեսթ Գամփի զարմանալի պատմությունը երբեք չի մոռացվի, այն ավելի ու ավելի խորը կնստի Ձեր գիտակցության մեջ` ամեն անգամ հիշեցնելով իր մասին առօրյա կյանքում ու, հատկապես, երբ կյանքում բարդությունների առաջ կանգնեք:

Սիրահարված Շեքսպիրը / Shakespeare in Love (1998թ.)

Ռեժիսոր` Ջոն Մեդեն, դերերում` Գվինեթ Փելթրոու, Ջոզեֆ Ֆայնս, Ջեֆրի Ռաշ, Բեն Աֆլեք, Քոլին Ֆըրթ, Ջուդի Դենչ

«Հրաշալի է: Բացակայում է ընդամենը մեկ հատված ամուսնության և մահվան միջև»:

Ֆիլմի անվանումը թող չվախեցնի նրանց, ովքեր տանել չեն կարող սիրային պատմություններ ու սրտխառնոց են ունենում «մելոդրամա» բառը լսելիս: Այս բավականին սրամիտ ու հրաշալի բեմադրված կատակերգական դրաման յուրաքանչյուր կինոդիտողի հետ կխոսի իրեն հասկանալի լեզվով. մելոդրամների սիրահարը Ուիլյամ Շեքսպիրի ու նրա ոգեշնչման աղբյուր Վիոլայի պատմության մեջ կտեսնի այն ամենն, ինչ իրեն անհրաժեշտ է, իսկ ավելի խորը պատմություն որոնողները կգտնեն բարդ սոցիալական դրամա` գնահատման, սեփական ուղու որոնումների և ժամանակի զոհը լինելու մասին:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. իհարկե, մեծ բրիտանացու ստեղծագործությունների երկրպագուներին, որոնց համար ֆիլմի հեղինակները պատրաստել են բազում հրաշալի հղումներ: Ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ուղղակի սիրում են որակյալ կինո սիրո մասին, որը ոչ միայն ներկայացնում է փաստը, այլև ուսումնասիրում այդ կարևորագույն զգացմունքը:

Ամերիկյան գեղեցկություն / American Beauty (1999թ.)

Ռեժիսոր` Սեմ Մենդես, դերերում` Քևին Սփեյսի, Անեթ Բենինգ, Ուես Բենթլի, Մենա Սուվարի, Քրիս Կուպեր, Պիտեր Գալագեր

«Իմ կինն ու դուստրը կարծում են, որ ես անհաջողակ եմ: Ինչ որ առումով նրանք ճիշտ են: Սակայն ես ոչ միշտ եմ այդպիսին եղել»:

42-ամյա Լեսթեր Բյորնեմը դժգոհ է կյանքից: Պատճառը ոչ այնքան միջին տարիքի ճգնաժամն է, որքան կյանքում որևիցե նպատակ չունենալն ու ապրելու միապաղաղությունը: Սակայն դստեր դասընկերուհուն` Անջելային տեսնելուց հետո Բյորնեմը, կարծես, կրկին սկսում է ապրել. անհաղթահարելի կիրքն ու կյանքի կորցրած տարիները վերադարձնելու ձգտումը փոխում են նրա վերաբերմունքը շրջապատի նկատմամբ:

Ֆենոմենալ Սեմ Մենդեսի ռեժիսորական դեբյուտը միանգամից բարդ խնդրի առաջ կանգնեցրեց թե կինոքննադատներին, թե կինոդիտողին: Ինչպե՞ս հասկանալ և վերլուծել ֆիլմը: «Ամերիկյան գեղեցկությունը», ինչպես վարդի համանուն տեսակը, բազմաթերթ ու բազմաշերտ է, և յուրաքանչյուրն այստեղ կգտնի իր բացատրությունը:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. «Ամերիկյան գեղեցկությունը» բոլորովին նոր խոսք և մոտեցում էր կինոյում, և եթե սիրում եք ամեն նորը, ապա այս ֆիլմը Ձեզ կհետաքրքրի: Սակայն այն փորձելուց հետո համն այլևս երբեք չեք մոռանա:

Խիզախ սիրտը / Braveheart (1995թ.)

Ռեժիսոր` Մել Գիբսոն, դերերում` Մել Գիբսոն, Սոֆի Մորսո, Պատրիկ ՄակԳուեն, Բրենդան Գլիսոն

«Բոլոր մարդիկ էլ մեռնում են: Հարցը միայն նրանում է` ինչպես և հանուն ինչի»:

Մել Գիբսոնի առաջին ռեժիսորական փորձը նրան բազմաթիվ «Օսկարներ» բերեց, այդ թվում` «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում: Հասկանալու համար, թե ինչպես ստացվեց, որ մարտաֆիլմերի դերասանը հանկարծ վերածվեց հզորագույն ռեժիսորի, անհրաժեշտ է դիտել այս պատմական դրաման: 13-րդ դարի վերջին Շոտլանդիայի ապստամբությունն Անգլիայի դեմ գլխավորած Ուիլյամ Ուոլոսի հերոսության ու անձնազոհության պատմությունը նոր էջ բացեց էպիկ պատմական ֆիլմերի ժանրում, սակայն մինչև օրս այդ նշաձողը ոչ ոքի չի հաջողվել հաղթահարել: Հավանաբար Գիբսոնի համար այն բեմադրելը կյանքի երազանք էր եղել դեռ մանկության տարիներից:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. բնականաբար, առաջին հերթին ժանրի սիրահարներին: Նաև նրանց, ում համար խիզախությունը, արդարությունը և մարդկային արժանապատվությունը լոկ դատարկ բառեր չեն, իսկ պայքարը կյանքի կրեդո է:

Բանականության խաղեր / A Beautiful Mind (2001թ.)

Ռեժիսոր` Ռոն Հովարդ, դերերում` Ռասել Քրոու, Էդ Հարիս, Ջենիֆեր Քոնելի, Քրիստոֆեր Պլամեր, Փոլ Բեթանի

«Ես կարող եմ մաթեմատիկորեն բացատրել, թե ինչու է Ձեր փողկապն այդքան տգեղ»:

Ջոն Ֆորբս Նեշ, կրտսերը հանճարեղ մաթեմատիկոս է: Եվ ինչպես ցանկացած մեծ գիտնական, ունի իր տարօրինակությունները: Սառը պատերազմի ժամանակահատվածում միայն նա կարող է վերծանել հակառակորդի ծածկագրերը, նրանից է կախված իր երկրի ազգային անվտանգությունն ու բարեկեցությունը: Եվ բարդագույն առաքելության իրականացումը շատ ավելի կարևոր է, քան անձնական կյանքը, ընտանիքը, հաջողությունը գիտության ոլորտում: Նոբելյան մրցանակի դաթնեկիր Ջոն Նեշն ապրել և ապրում է մղձավանջային մի կյանք, որը պատկերացնելն անգամ սարսափելի է: Փայլուն գիտնականը սովորել է արդեն գոյություն ունենալ իրականի և անիրականի սահմանագծին, և այդ դժվարին ճանապարհը` լի զրկանքներով ու ցավով, պարտություններով և հաղթանակներով, ներկայացված է այս կինոկտավում:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. մարդկային հոգեբանությունն ուսումնասիրելը բարդ և անշնորհակալ գործ է, սակայն եթե Դուք ռիսկի եք դիմել, ապա այս ֆիլմը կարող է հրաշալի ուղեցույց լինել:

Միլիոն դոլարանոց փոքրիկը/Million Dollar Baby (2004թ.)

Ռեժիսոր` Քլինթ Իսթվուդ, դերերում` Հիլարի Սուոնք, Քլինթ Իսթվուդ, Մորգան Ֆրիման, Ջեյ Բարուշել

«Մեգին չուներ ոչինչ, բացի խիզախությունից…ու արդեն մեկ տարի հետո նա պայքարում էր աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար»:

Բավականին պատկառելի տարիքում լեգենդար Քլինթ Իսթվուդը կարողացավ ստեղծել ֆիլմ, որը կինոդիտողին բարձրացնում է ոգևորության ամենավերին կետն, ապա այնտեղից ամբողջ ուժով նետում վար` ջարդուփշուր անելով, քամելով ու տակնուվրա անելով ներաշխարհը: Կին բռնցքամարտիկ Մեգիի և ծեր մարզիչ Ֆրենկ Դանի բարդ փոխհարաբերություններն արդյունքում բեղմնավոր են լինում` աղջկան դարձնելով իսկական մարզական հանճար: Սակայն իրական կյանքը զուրկ է վառ գույներից ու ամբոխի հիացական բացականչություններից: Փորձիր թեկուզ մեկ անգամ սայթաքել և այլեւս երբեք ոտքի չես կանգնի:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. մարդկային փոխհարաբերությունների և խորը դրամայի ամբողջ գունապնակը Ձեր առաջ կբացի մի պատմություն, որն իմաստուն ծերուկը կներկայացնի Ձեզ որպես կյանքի գլխավոր դաս. երբեք մի թուլացեք, մի պառկեք դափնիների վրա, եթե անգամ զգում եք, որ արդեն հասել եք երազածին:

Ուրացողները / The Departed (2006թ.)

Ռեժիսոր` Մարտին Սկորսեզե, դերերում` Ջեք Նիկոլսոն, Լեոնարդո Դիկապրիո, Մեթ Դեյմոն, Մարտին Շին, Ռեյ Ունիսթոն, Մարկ Ուոլբերգ, Վեռա Ֆերմիգա

«Ես չեմ ուզում, որ ինձ ձևավորի շրջակա միջավայրը: Ես ցանկանում եմ ինքս ձևավորել այդ միջավայրը»:

Ո՞վ է ասել, որ ռեմեյքը չի կարող օրիգինալից լավը լինել: Մարտին Սկորսեզեի ֆիլմը, որը կորեական «Երկակի փոխատեղում» քրեական դրամայի ռեմեյքն է, կարողացավ ապացուցել հակառակը: Մեծ ռեժիսորը ոչ միայն կարողացավ աննկարագրելի համոզիչ խաղ «քամել» դերասան-հսկաների խոշոր թիմից, այլև չնչին սյուժետային փոփոխություններով` ներկայացնել բոլորովին նոր պատմություն: Հանցագործ աշխարհի կնքահայր Ֆրենկ Կոստելոյի ու նրա ենթակաների շփումը նման է ածելիի սայրի վրայով քայլելուն, և ոչ ոք չի կարող վստահ լինել, որ կհասնի մինչև վերջին հանգրվանը:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. ամուր քրեական դրամաների և խճճված, բարդ սյուժեով դետեկտիվային պատմությունների սիրահարները իրական հաճույք կստանան ֆիլմի դիտումից:

Միլիոնատերը հետնախորշից / Slumdog Millionaire (2008թ.)

Ռեժիսոր` Դենի Բոյլ, դերերում` Դև Պատել, Ֆրիդա Պինտո, Անիլ Կապուր, Սաուրաբխ Շուկլա

«Ի՞նչը կարող է վերադարձնել կորցրած սերը»:

«28 օր անց» ապոկալիպտիկ մղձավանջի և «Ասեղի վրա» կուլտային նարկոդրամայի հեղինակ Դենի Բոյլը 2008-ին ամբողջ աշխարհին ներկայացրեց իրական Հնդկաստանը` իր բոլոր գույներով: Վառ ու գույնզգույն հնդկական ֆիլմերի սիրահարները խիստ հիասթափված էին` տեսնելով անգլիացու պատկերած Հնդկաստանը` լի դաժանություններով ու թշվառությամբ: Սակայն քչերը կարողացան գորշ գույների հետևում նկատել ֆիլմի իրական ասելիքը. անգամ եթե մարդու կյանքը ոչ մի գրոշ չարժե, հույսը միակ ուղեկիցն է, որ կարող է ցույց տալ գորշությունից դուրս պրծնելու ուղին:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. Դենի Բոյլի ֆիլմերի ոճն անհնար է չճանաչել: Արագ մոնտաժ, վառ, բայց թունոտ գունային գամմա, խոշոր պլանների առատություն: Այս ամենը ստեղծում է ներկայության իրական զգացում, ասելիքը շատ ավելի լավ է ընկալվում: Հետևաբար, եթե հետաքրքիր կինոփորձերը Ձեզ ձգում են, վստահաբար կարող եք դիտել այս ֆիլմը:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---