ԿինոPAN. Տարանտինոյի երազանքների կինոն, կամ «Ջանգոն ազատված»

ԿինոPAN. Տարանտինոյի երազանքների կինոն, կամ «Ջանգոն ազատված»

Ջանգոն ազատված/Django Unchained, 2012թ. , ռեժիսոր` Քվենթին Տարանտինո, դերերում` Ջեյմի Ֆոքս, Քրիսթոֆ Վալց, Լեոնարդո ԴիԿապրիո, Սեմյուել Լ. Ջեքսոն, Քերի Վաշինգտոն

PAN-ը և U!Com-ը ներկայացնում են հանճարեղ Քվենթին Տարանտինոյի երազանքների ֆիլմը` «Ջանգոն ազատված»: Հասնելով իր ստեղծագործական կյանքի բարձունքին և հղկելով սեփական վարպետությունը կատարելության աստիճան` մեծ ռեժիսորը վերադարձավ իր արմատներին և «սպագետտի վեստերն»-ի` իր սիրելի ժանրում նկարահանեց զրոյականների ամենակատարյալ ֆիլմերից մեկը: «Ջանգոն» փայլում է բոլոր կողմերից` սկսած սցենարից մինչև ռեժիսուրա: Ի դեպ, այսուհետ կարող եք ամենահայտնի և ճանաչված ֆիլմերը դիտել U!Com-ի պատվերով տեսավարձույթի կինոPAN բաժնում: Ընկերությունը մեծ տեսադարան ունի, որտեղ պահվում և պարբերաբար ներկայացվում են թարմացվող ֆիլմեր:

PanARMENIAN.Net - Ժամանակակից կինեմատոգրաֆում բարդ է գտնել իրական ստեղծագործողների: Մասսայական, ոչ հեղինակային կինոյի կանոնները պահանջում են, որպեսզի ռեժիսորը բավարարի առաջին հերթին պրոդյուսերների ֆինանսական և ապա` տվյալ ֆիլմի թիրախային հանդիսատեսի «էսթետիկ» պահանջները` առավելապես զերծ մնալով սեփական ձեռագիր արտահայտելուց: Այդ իսկ պատճառով ներկայիս Հոլիվուդում ռեժիսորի առավել պահանջված կերպարը հետևյալն է. կինեմատոգրաֆիական կրթություն, ամուր ձեռք և սեփական նախաձեռնության իսպառ բացակայություն: Նման ռեժիսորներին անվանում են «արհեստավոր», նրանք հրաշալի տիրապետում են իրենց արհեստին, սակայն զուրկ են ստեղծագործելու, հեղինակային կարծիք հայտնելու հնարավորությունից:

«-Ո՞վ ես:

- Ես բժիշկ Շուլցն եմ, իսկ սա իմ ձին է, Ֆրիցը»:

Քվենթին Տարանտինոն, որը փայլուն հասկանում է այս ամենը, նաև գիտի, որ պատկանում է իրական ստեղծագործողների այն փոքրաթիվ «կաստային», ովքեր իրենք են թելադրում պրոդյուսերին ու հանդիսատեսին իրենց տեսլականը: Հասկանալու համար, թե ինչու և ինչով է Տարանտինոն առանձնահատուկ, պետք է միայն ընթերցել նրա «ռեզյումեն»: Չունենալով բացարձակապես որևիցե կինեմատոգրաֆիական կրթություն` հանճարը երիտասարդ տարիներին աշխատել է կինովարձույթի սրահում, որտեղ, հաճախորդներին սպասարկելու հետ մեկտեղ հասցրել է դիտել, ապա` մի քանի անգամ վերանայել հազարավոր ֆիլմեր: Եթե կա աշխարհում իսկական կինոսիրող, ապա դա Տարանտինոն է, որը, տարիների ընթացքում ձևավորելով սեփական նրբագույն կինոճաշակը, կարողացավ, արդեն ռեժիսորական աթոռին նստելուց հետո, փոխել միլիոնավոր մարդկանց կինեմատոգրաֆիական ընկալումները:

«- Ինչո՞ւ են նրանք մեզ այսպես նայում:

- Երբեք չեն տեսել ձի հեծած նիգգեր»:

Բնականաբար, Տարանտինոն, որպես կինոսիրող, ուներ իր նախասիրությունները` ցանկացած հարցազրույցի ժամանակ նշելով, որ իր մեծ կիրքն այսպես կոչված «սպագետտի վեստերններն» են: Նախորդ դարի 60-70-ական թվականներին Իտալիայում ծագած այս ենթաժանրը, որի «հայրը» աշխարհահռչակ Սերջիո Լեոնեն էր, աշխարհին էր տվել ավելի քան 500 կինոկտավ: Ամերիկյան «վայրի արևմուտքի» բարքերը` ներկայացված իտալական կինոյին հատուկ կրակով և էմոցիոնալությամբ, դարձան այն ուղենիշը, որը կարմիր թելով կանցնի Տարանտինո-ռեժիսորի ամբողջ կինոկենսագրության միջով ու կհասնի բարձրակետին «Ջանգոն ազատված» կտավում:

«Ինձ դուր է գալիս նայել, թե ինչպես ես դու աղաչում»:

Սևամորթ ստրուկի անհավանական արկածները ստրկատիրական Ամերիկայում. թերևս սա ֆիլմի լավագույն կարճ բնութագիրն է: Կորցնելով ընտանիքը և վերածվելով ընդամենը մի «ապրանքի»` Ջանգո Ֆրիմենը հանդիպում է բժիշկ Քինգ Շուլցին, ում ակտիվ աջակցությամբ ոչ միայն ազատվում է կապանքներից, վրեժ լուծում բոլոր ստրկատերերից, այլև փրկում սիրելի կնոջը: Առաջին հայացքից պարզագույն սյուժետային կառուցվածքը հյուսված է Տարանտինոյի գրչին հատուկ բարդ քայլերով ու հյութեղ երկխոսություններով, որոնք կարելի է անվերջ լսել: Ռեժիսորն իրեն լիակատար ազատություն է տալիս, կարծես կրկին երիտասարդանալով ու գիտակցելով, որ նկարահանում է իր երազանքների կինոն: Ձգտելով որքան հնարավոր է վառ կերպով արտահայտել իր սերը ժանրի նկատմամբ, որքան կարելի է ավելի հարուստ դարձնել պատմությունը` Տարանտինոն շարժվում է իրականության և գրոտեսկի արանքում` ոչ մի անգամ չսայթաքելով, սակայն ամեն մի կադրով արտահայտելով իր հիացմունքը սիրո առարկայի նկատմամբ:

«Շատ ցրտաշունչ ու ձեռնատու ձմռանից հետո Ջանգոն ու բժիշկ Շուլցն իջան լեռներից ու ուղևորվեցին….»:

Ֆիլմում անթերի է ամեն ինչ: Պահպանելով բալանսը սուր, անողոք երգիծանքի և աբսուրդի միջև, վերահաստատելով իր ռեժիսորական ձեռագիրը այլ հանճարեղ կտավներին արված առատ հղումներով` Տարանտինոն խաղում է հանդիսատեսի հետ, ամեն քայլի հետ զարմացնում ու հիացնում` ցույց տալով այն, ինչ երբեք չես սպասի տեսնել: Սյուժետային քայլերը գուշակելն անհնար է, ամեն միտք սխալ ճանապարհով կտանի, իսկ վարպետը, հանգիստ բռնելով հանդիսատեսի ձեռքը, կվերադարձնի դեպի իր նախանշած ճանապարհը ու կասի. «Մի շեղվիր, ես դեռ ամենահամեղը ցույց չեմ տվել»: Ու նա չի խաբում. ֆիլմի առաջին դիտումն աննկարագրելի փորձ է, անհնար է կանխագուշակել, թե հրաշագործն ինչ կհանի գլխարկից հաջորդ ակնթարթին:

«Պարոնայք, սկզբում ես հետաքրքրված էի: Սակայն հիմա արդեն Դուք գրավեցիք իմ ուշադրությունը»:

Միաժամանակ «Ջանգոն» հավակում է լինել նաև խիստ սոցիալական դրամա: Տարանտինոն, իհարկե, օգտվում է իր միջոցներից, նրա զինանոցը հարուստ է, սակայն նա չի փորձում ենթարկեցնել կինոդիտողին էժանագին հնարքներով: Դրա փոխարեն, ընդգծելու համար ստրկատիրության ամբողջ սարսափը, նա դիմում է հանդիսատեսի ենթագիտակցությանը. օրգանապես, անթերի կերպով միաձուլում այն, ինչ այլ ստեղծագործողի համար միացնելն անհնարին է: Ռեժիսորի հրաշալի երաժշտական ճաշակը հայտնի է ամբողջ աշխարհում, և այս ֆիլմում նա կարողանում է ներդրվել ամբողջությամբ: Էկրանին տեղի ունեցող իրադարձություններն ուղեկցվում են երգացանկով, որն ունենալը, թերևս, մեծ պատիվ է ցանկացած երաժշտասերի համար:

«Դուք իրո՞ք ցանկանում եք, որպեսզի ես սեղմեմ Ձեր ձեռքը»:

Դերասանական խաղի մասին խոսելն ավելորդ է: Օսկարակիր դերասաններ Ջեյմի Ֆոքսն ու Քրիսթոֆ Վալցը կիրառում են իրենց ամբողջ վարպետությունը: Լեոնարդո ԴիԿապրիոն աննկարագրելի է չարագործ Քելվին Քենդիի դերում: Սակայն ֆիլմի ամենաբարդ կերպարը Տարանտինոն վստահում է իր մշտական դերասան, իր թալիսման Սեմյուել Լ. Ջեքսոնին: Հենց նրա մարմնավորած Սթիվենն է այն ասելիքը, որ ռեժիսորը մեծ տառերով գրում է ստրկատիրության ու ցանկացած տիպի խտրականության մասին: Ֆիլմի ավարտին մոտ ծավալվող արյունահեղությունը Տարանտինոյի դատավճիռն է մանր, ճղճիմ մարդկանց ու միաժամանակ հույսը, որ աշխարհը դեռ կարող է փոխվել:

«Սրանով քո պատմությունը կավարտվի, Ջանգո»:

«Ջանգոյի» մասին կարելի է անվերջ խոսել: Կինոդիտողների ու քննադատների անթաքույց հիացմունքն ու բազմաթիվ մրցանակները դրա վառ ապացույցն են: Սակայն, ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ տեսնել:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---