Քեսաբը՝ 1 տարի անց. Էրդողանի «ականջներն» ու 7 զույգի հարսանիքը

Քեսաբը՝ 1 տարի անց. Էրդողանի «ականջներն» ու 7 զույգի հարսանիքը

2014-ի մարտի 21-ին թուրք-սիրիական սահմանին հայերով և ալևիներով բնակեցված Քեսաբը հարձակման ենթարկվեց

Թուրքիայի Հաթայ և Սիրիայի Լաթաքիա նահանգների սահմանին, Յայլադաղ անցակետից ընդամենը 3 կմ դեպի արևմուտք հայերով և ալևիներով բնակեցված Քեսաբը ճիշտ մեկ տարի առաջ այս օրը՝ 2014-ի մարտի 21-ին, հարձակման ենթարկվեց:

PanARMENIAN.Net - Սիրիական հակամարտության միայն 4-րդ տարում իսլամիստ խմբավորումների կողմից ներքաշվելով ռազմական գործողություններում՝ քաղաքն ընկավ ծայրահեղականների վերահսկողության տակ: Վաղուց արդեն քաղաքացիական պատերազմից այլ ձևաչափի անցած ճգնաժամի պայմաններում իսլամիստների արագ հաջողությունն ու այն մոտ 4 ամիս պահելն առանց տողատակերի չէր:

Քեսաբի պատմության կարմիր գիծը թուրքական գործոնն էր. նվազագույնն աջակցելու, նաև կազմակերպելու և ուղղորդելու մասին հարձակման հաջորդ օրն իսկ խոսեցին հենց քեսաբցիները, ՀՀ և սփյուռքի, միջազգային ու նույնիսկ թուրքական լրատվամիջոցները, միջազգային կառույցներում Հայաստանի և Սիրիայի ներկայացուցիչները: Թուրքիայի 3-րդ քայլը Քեսաբի դեմ, 1915-ի և Մերձավոր Արևելքը հայաթափելու ծրագրի շարունակություն. այս և այլ ձևակերպումները տրամաբանվում էին նախընտրական քարոզարշավի փուլում գտնվող Էրդողանի հակահայկական ու հակաասադական քաղաքականությամբ:

Անկարայի պաշտոնական հերքումից ընդամենը մեկ օր անց գյուլենականների հետ ներքաղաքական խառը դրության ֆոնին հրապարակվեց Թուրքիայի արտգործնախարարությունում գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը. Սիրիա ներխուժման համար կազուս բելլի ստեղծելու տաբերակների քննարկումը ցույց տվեց Էրդողանի վարչակարգի միանգամից մի քանի երեսը, որոնց միջազգային մամուլի էջերից բավական կոշտ «ապտակներ» հասան:

Էրդողանի «ականջները» Քեսաբի համար մարտերի հետևից նաև երևացին, երբ Թուրքիայի զինված ուժերը խոցեցին սիրիական օդուժի ՄԻԳ-23 կործանիչը՝ փաստելով սահմանի թուրքական կողմից հրետանակոծությունների մասին տարածվող տեղեկությունները: Ավելի ուշ հենց թուրքական լրատվամիջոցների տարածած տեսանյութերը Քեսաբում թուրքական շահի ներկայության ամենահավաստի ապացույցներն էին՝ կադրեր, որոնցում իսլամիստներն անարգել անցուդարձ էին անում թուրք-սիրիական սահամանի անցակետով:

Թուրքիան և իր արբանյակն այս անգամ էլ կանխատեսելի ցինիկությունից այն կողմ չանցան՝ օգտագործելով «Վաքֆ տեղափոխված քեսաբահայ տարեց Թիթիզյան քույրեր» քարոզչական հնարքը: Քեսաբահայերին ընդունելու առաջարկն անարձագանք էլ մնաց. նրանք ընտրեցին Լաթաքիան, նույնիսկ Երևան հասան, բայց իրենց կամքով սահմանի թուրքական կողմը չանցան:

Իսկ խղճուկ աղբյուրներին հղումով աղմուկ բարձրացնելը, թե Հայաստանից, Արցախից ու ՌԴ-ից հայկական ջոկատներ են մեկնել Քեսաբ, որպես աշխարհի հայերի աղմուկի հակակշիռ, անօգուտ ու հուսահատ քայլ էր:

Քեսաբցիները, սակայն, չհուսահատվեցին, և հունիսի 14-ին վերադարձան ազատագրված քաղաք. քաղաքապետ Վազգեն Չափարյանն ասում է՝ այսօրվա տվյալով 100-ից 85-ը:

«Տները վերանորոգել ենք, ամենակարևորը՝ ջրագծերի ու էլեկտրականության հարցը լուծել», - պատմում է նա, իսկ նոր վտանգի մասին ասում. «Քեսաբում անվտանգությունը հարաբերական է, բոլորս էլ արդեն հասկանում և ընդունում ենք: Թուրքին վստահող չկա»:

Վտանգավոր է մտածել, թե Քեսաբին վտանգ չի սպառնում՝ պայմանավորված թուրքական հարևանությամբ, ու քանի դեռ սիրիական ճգնաժամը շարունակում է զարգանալ հակամարտության բոլոր կանոններով: Բայց նույնիսկ Անկարայի հավակնությունների խաչմերուկում գտնվելով՝ քաղաքում ազատագրումից հետո մեկ տարվա ընթացքում արդեն 7 հարսանիք է եղել:

Անի Ավետյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---