Shadowmatic. Թողարկողներն այլևս չեն ստվերում հեղինակներին

Shadowmatic. Թողարկողներն այլևս չեն ստվերում հեղինակներին

Եթե սկզբնական գաղափարից մինչև սպառողն ընկած ճանապարհը դյուրին է լինում ու հեշտ, ապա արդյունքում մնում է միայն մխիթարվել ծանոթների հուսադրող խոսքերով

Ապրիլի 4-ին տեղի ունեցավ ArmNet Awards մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը` ժյուրին ընտրել էր հայ և օտարերկրյա մշակողների լավագույն նախագծերը: «Նորարարություն» և «Դիզայն և կոմֆորտ» անվանակարգերում գլխավոր մրցանակները, ինչպես նաև լավագույն բջջային հավելվածի համար գրան- պրին բաժին ընկան առեղծվածային Shadowmatic անվանումը կրող բջջային խաղին: Մասնագետներն այսպես գնահատեցին Triada Studio-ի հեղինակների փոքր թիմի եռամյա բարդ ու մանրակրկիտ աշխատանքի արդյունքները, նաև վերականգնելով հավատը, որ մեր երկրում հնարավոր է համակարգչային խաղերի ոլորտում բարձրորակ արտադրանք ստեղծել:

PanARMENIAN.Net - Triada ստուդիան երկար ճանապարհ է անցել ու հետաքրքիր պատմություն ունի: Այն սկիզբ է առել հեռավոր 1993-ին, երբ քչերն էին լսել եռաչափ համակարգչային գրաֆիկայի մասին, իսկ այդ ոլորտի մասնագետներին Հայաստանում մատների վրա կարելի էր հաշվել: Գործակցելով հիմնականում հեռուստատեսային ընկերությունների հետ` ստուդիան շատ արագ հեղինակություն ձեռք բերեց որպես բարձրորակ գովազդային հոլովակների ու հեռուստատեսային գլխանկարների հեղինակ, տարիների հետ ավելի ու ավելի մեծ հարգանքի արժանանալով:

Այսօր ընկերությունը Հայաստանի համակարգչային գրաֆիկայի անփոփոխ առաջատարն է:

Պրոֆեսիոնալ թիմն ու բազմամյա փորձը հուշեցին, որ ժամանակն է ինչ-որ ավելի բարդ ու խոշոր բան նախաձեռնել: 2000-ականների կեսին, երբ թիմին միացավ բարձրակարգ ծրագրավորող, այժմ Triada-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը, ձգտումը սկսեց միանգամայն հստակ ուրվագծեր ստանալ. սեփական ձեռքերով համակարգչային մի խաղ ստեղծել, որը ունակ կլինի մրցակցելու այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են, օրինակ, Valve-ն ու Blizzard-ը:

«Հայրենիք վերադառնալուց առաջ ես երկար տարիներ Կիևում եմ աշխատել: Այնպես ստացվեց, որ իմ մասնագիտացումը ներառում է միաժամանակ և ծրագրավորում, և համակարգչային գրաֆիկա: Դա շատ է օգնում օրինակ, «խաղային շարժիչի» ստեղծման ժամանակ, քանի որ կա հստակ պատկերացում, ինչպես է դա աշխատելու: Ուստի սկզբից բարդ չէր թվում ինչ-որ մոնումենտալ, մեծ բան ստեղծելը, առավել ևս, որ այն ժամանակ ես ունեի սեփական մշակման սկզբնական «շարժիչ»,-պատմում է ստուդիայի տեխնիկական տնօրենը:

Բագրատ Դաբաղյանն այն ժամանակ «խաղային շարժիչ» էր մշակում անհատական համակարգիչների համար` բարդ ու բազմափուլ աշխատանք: Նրա աշխատանքի արդյունքը եղավ թվային պրոդուկտը, որն ամոթ չէր որպես հարթակ օգտագործել որակյալ համակարգչային խաղի համար: Երկու տարբերակ կար. կամ վաճառել այն, (իսկ դա շատ բարդ գործընթաց է, քանի որ անհրաժեշտ փաստաթղթերի հետ մեկտեղ հարկ կլիներ պայքարել իսկական «մոնստրերի» դեմ, որոնք արդեն տասնյակներով նման արտադրանք ունեին) կամ դրա հիման վրա նոր խաղ ստեղծել: Ընտրվեց երկրորդ տարբերակը, գաղափար առաջացավ խաղը մշակել «շութերի» ժանրում:

Սակայն դժվարությունները մանրուքների մեջ էին թաքնված: Այն ժամանակ համակարգչային խաղերի «մեծ» շուկան կառավարում էին միայն թողարկող խոշոր կորպորացիաները: Մշակողները պետք է գործարք կնքեին խոշոր թողարկողի հետ, որի հավանությունից էր կախված նախագծի ճակատագիրը: Եվ դա զարմանալի չէ, քանի որ գովազդում, թողարկման գործընթացում, դիստրիբուցիայում ներդրումների առյուծի բաժինը հենց թողարկողներինն էր:

Արդյունքում հեղինակը ստանում էր շահույթի միայն չնչին մասը: Առանձնացավ ևս մեկ խնդիր: Լիարժեք համակարգչային խաղի ստեղծման համար թիմ էր հարկավոր մի քանի տասնյակ մասնագետներից, որոնց պակասը կար այն ժամանակ Հայաստանում:

«Ամեն ինչ փոխվեց ինտերնետի զարգացման ու տարածման հետ: Մշակողները հնարավորություն ստացան ինքնուրույն առաջ մղելու սեփական պրոդուկտը, իսկ երբ Apple կորպորացիան հատուկ իր բջջային սարքերի համար App Store-ը ստեղծեց, պարզ դարձավ, որ մեկնարկի համար ավելի լավ տեղ չկա: Եվ ես սկսեցի ձևափոխել իմ «խաղային շարժիչն» iOS-ի համար: Որոշվեց փոխել հարթակը առաջին մեկնարկի համար` խաղ ստեղծելով բջջային հավելվածի տեսքով»,-այդպես «շութերը» վերածվեց գլուխկոտրուկի:

Ըստ Բագրատ Դաբաղյանի, լույսի ու ստվերի խաղի վրա ինչ-որ բան ստեղծելու գաղափարն առաջացավ հենց «շարժիչի» ձևափոխման ժամանակ: Նույնիսկ առաջին «Այֆոնների» թույլ տեսաքարտի վրա « շարժիչը» հիանալի, հստակ ստվերներ էր պատկերում: Գաղափարը զարգացավ, «միս ու արյուն» ստացավ հետագա քննարկումներում:

Երեխա ժամանակ բոլորս էինք սիրում խաղալ պատի վրայի սեփական ստվերի հետ: Երբեմն հաջողվում էր ձեռքերի ու մատների շարժումների միջոցով ինչ-որ բան պատկերել պատին` շնիկ, կարապ և այլն: Shadowmatic-ը ոչ միայն խաղում է մեր երևակայության հետ, այլ նաև թույլ է տալիս ժամանակի հետ կատարելագործել շարժումների կոորդինացիան ու ռեակցիայի արագությունը: Խաղացողը գործ ունի տարբեր բարդության առարկաների հետ (ամեն ինչ կախված է բարդության աստիճանից), որոնց տեղերը փոխելով անհրաժեշտ է ստանալ այս կամ այն առարկան այն ստվերներից, որոնք առաջացնում են կիրառվող առարկաները: Կան նաև գաղտնի մակարդակներ, որտեղ խաղացողը կարող է ոչ թե մեկ, այլ մի քանի ստվեր ստանալ տարբեր առարկաների տեսքով:

«Խաղի ստեղծման ճանապարհը երկար էր ու բարդ: Թեև, եթե սկզբնական գաղափարից մինչև սպառողն ընկած ճանապարհը դյուրին է լինում ու հեշտ, ապա արդյունքում մնում է միայն մխիթարվել ծանոթների հուսադրող խոսքերով: Իսկ մենք ուզում էինք ինչ-որ լիարժեք բան ստեղծել: Ուստի հարկ էր լինում հետաձգել ռելիզի ժամկետը: Սկզբից մտածում էինք, որ երեք ամիսը բավական կլինի, հետո ստիպված եղանք ևս երեքն ավելացնել, հետո` հինգը: Արդյունքում մշակումն ամբողջ 3 տարի տևեց: Բայց դա արդարացված էր»,-պարզաբանում է ծրագրավորողը:

Կատարելության հասցնելով խաղը` թիմը ներկայացրեց այն սպառողի դատին 2015-ի հունվարին App Store խանութում: Բոլոր երկրներում խաղը հայտնվեց App Store-ի Editor's Choice («Խմբագրի ընտրությունը») բաժնում, իսկ Apple կողմից ճանաչվեց հունվարի լավագույն խաղը:

Այսօր թիմը մտադիր է թողարկել խաղի առաջին թարմացումը, որի միջոցով կվերացվեն այն փոքրաթիվ «բագերը» («բագը» ժարգոնային բառ է, սովորաբար նշանակում է սխալ ծրագրում կամ համակարգում, որի պատճառով ծրագիրն անսպասելի վարք է ի հայտ բերում` խմբ.): Մտադրություն կա նաև խաղը տեղափոխել այլ հարթակներ, մասնավորապես` Android:

«Դեռ չգիտենք, թե ինչպիսին կլինի մեր հաջորդ նախագիծը: Բայց միանգամայն հստակ է, որ դա կլինի բարձրորակ պրոդուկտ: Մենք ինքներս ենք այդ նշաձողը սահմանել: Ստիպված ենք հետագայում ևս համապատասխանել»:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---