Վիրտուալ Երևան. Հայ  ծրագրավորողներն այլ իրականություն են ստեղծում

Վիրտուալ Երևան. Հայ ծրագրավորողներն այլ իրականություն են ստեղծում

Շատ շուտով մենք կշփվենք ոչ թե չաթի միջոցով, այլ կկարողանանք զրուցել մի բաժակ սուրճի շուրջ վիրտուալ Փարիզի հայտնի սրճարաններից մեկում

Տեխնոլոգիական հսկաները լիարժեք վիրտուալ իրականությունը ձգտում են ինտեգրել մեր աշխարհին: «Մատրիցան» այսօր արդեն այդքան ֆանտաստիկ ու անհասանելի չի թվում` տեխնոլոգիաների զարգացումն աստիճանաբար հասնում է անհրաժեշտ մակարդակի: Հայաստանն էլ այս հարցում կողմնակի դիտորդի դերում չէ: Մեր երկրում կան մարդիկ, որոնք ակտիվորեն զարգացնում են տեխնոլոգիաներն ու մշակում են սեփական տեսլականն այդ ոլորտում: Նրանք հիանալի հասկանում են, թե ինչ հեռանկարներ է բացում վիրտուալ իրականության տեխնոլոգիան ոչ միայն զվարճանքների, այլ մարդու գործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Մենք զրուցեցինք X-TECH ստուդիայի ղեկավար Արման Աթոյանի հետ, որն իր գործունեության մեջ ակտիվորեն կիրառում է այդ ոլորտի վերջին նվաճումները:

PanARMENIAN.Net - Նախորդ դարի 90-ականներին որոշ համարձակներ փորձեցին ստեղծել վիրտուալ իրականության սաղավարտներ: Այդպիսի սաղավարտը պետք է թույլ տար մասնակիորեն ընկղմվել վիրտուալ աշխարհի մեջ` ստեղծելով ներկայության տեսողական և ակուստիկ էֆեկտ համակարգչի նշած տարածքում, բացառելով իրական շրջակա միջավայրի ընկալումը: Բայց սաղավարտները ծանր ու մեծ ստացվեցին, ստեղծվող իրականությունը` ոչ այնքան համոզիչ, ուստի տեխնոլոգիան որոշ ժամանակ մոռացության մատնվեց: 2012-ին Oculus VR սթարթափ փոքր ընկերությունը մշակեց լիարժեք վիրտուալ իրականության Oculus Rift սաղավարտը, որը մինչ օրս լրամշակվում է և փոփոխությունների ենթարկվում: Անցյալ տարի Facebook կորպորացիան գնեց ընկերությունը` արժանվույնս գնահատելով նորույթի ներուժը: Այսօր «վիրտուալ պայքարին» են միացել արդեն բազում ընկերություններ, սակայն Oculus Rift-ը դեռևս առանձնանում է:

X-TECH ստուդիան հիմնվել է 2008-ին: Այն ժամանակ թիմի գործունեության հիմնական ուղղությունը վեբ դիզայնն էր: Սակայն 2011-ից ստուդիան սկսեց համակարգչային խաղեր մշակել: Սկզբում բջջային հավելվածների, իսկ Oculus Rift-ի հայտնվելուն պես` խաղերի և վիրտուալ ինտեգրման տեսքով:

«Oculus Rift սաղավարտը դեռևս հասանելի է միայն մշակողներին, այն չես գտնի վաճառասեղաններին: Մենք հետաքրքրություն դրսևորեցինք և այժմ ունենք սարքի երկու տարբերակները, ինչը թույլ է տալիս ազատ էքսպերիմենտների գնալ ու սեփական լուծումները ներկայացնել: Տեխնոլոգիան դեռևս հեռու է կատարելությունից: Որպեսզի այն լիարժեք լինի, բազում խնդիրներ է պետք լուծել: Բայց բոլորը, այդ թվում և մենք, շարժվում են այդ ուղղությամբ: Շատ շուտով մենք կշփվենք ոչ թե չաթի միջոցով, այլ կկարողանանք զրուցել մի բաժակ սուրճի շուրջ վիրտուալ Փարիզի հայտնի սրճարաններից մեկում»,-պատմում է զրուցակիցս:

Oculus Rift-ում ստերեոէֆեկտ ստանալու համար պատկերները յուրաքանչյուր աչքի համար դուրս են բերվում մեկ դիսփլեյի վրա (պատկերներից յուրաքանչյուրը դիսփլեյի կեսից մի փոքր քիչ տարածք է զբաղեցնում), հետո պատկերի երկրաչափությունը շտկվում է տեսողության անկյան մեծացման համար ոսպնյակների միջոցով: Այդ պատճառով սաղավարտը կարող է խայտաբղետ պատկեր առաջացնել աչքերում, ծովային հիվանդություն ու սրտխառնոց: Կողմնակի էֆեկտների պատճառներից մեկը մեծ դադարն է գլուխը շրջելու և պատկերների նորացման միջև:

Ըստ Արման Աթոյանի, սա միակ խնդիրը չէ: Սարքը միանում է համակարգչին կաբելով, որը խանգարում է ընկղմանը: Oculus VR ընկերությունն աշխատում է անլար տարբերակի ստեղծման վրա, սակայն դրա մասին տեղեկություններ դեռևս չկան: X-TECH ստուդիան սարքի երկու տարբերակ ունի. առաջին տարբերակը մշակողների համար է, որը հայտնվել է 2013-ի մարտի 30-ին, երկրորդը` DK2 է: 2014-ի սեպտեմբերին Լոս Անջելեսում Oculus Connect խորհրդաժողովի ժամանակ ներկայացվեց Rift-ի թարմացված տարբերակը` Crescent Bay ծածկագրով: Այս տարբերակն ունի ավելի բարձր թողունակություն, քան DK2-ը, ավելի թեթև է, ունի ներկառուցված հանվող աուդիո ականջակալներ, սարքի հետին մասում լրացուցիչ ԻԿ-լուսադիոդների առկայության շնորհիվ ավելի լավ է հետևում մինչև 360 աստիճան շրջադարձերին: Ինչ վերաբերում է սպառողական տարբերակին, այն լրամշակման փուլում է:

«Մենք յուրովի ենք լուծում խնդիրները, և վատ չի ստացվում: Եթե որոշել եք խաղալ վիրտուալ միջավայրում, ապա լրացուցիչ սարքավորումների` ստեղնաշարի, մկնիկի, ջոսթիկի, առկայությունը միայն խանգարելու է: Իսկ մենք օգտագործում ենք միայն Microsoft ընկերության Kinect խաղարկային կառավարման սարքը: Նրա ծրագրային ապահովումը թույլ է տալիս ընկալել մարմնի լիարժեք եռաչափ շարժումները, դեմքի միմիկան ու ձայնը: Մենք ծրագրավորում ենք եռաչափ վիրտուալ միջավայր, Kinect-ը հետևում է մարմնին, ինչը թույլ է տալիս, դնելով սաղավարտը, փոխգործակցել միջավայրի հետ առանց լրացուցիչ սաքեր օգտագործելու»,-պարզաբանում է ծրագրավորողը:

Տեխնոլոգիայի հիման վրա ստուդիան մի քանի նախագիծ է մշակել` վիրտուալ Նյու Յորքը, որով կարելի է ազատ տեղաշարժվել, Մարսի մակերեսը և վիրտուալ սենյակը: Kinect-ը հետևում է օգտատերի շարժումներին, իսկ վիրտուալ աշխարհը համարժեք արձագանքում է: Վերջերս մշակողները ստեղծեցին հեծանիվի սիմուլացիա: Միացնելով այն հեծանվային մարզասարքին և դնելով սաղավարտը, կարելի է մարզվել` ասես երթևեկելով քաղաքի փողոցներով:

«Այն, որ մյուս կորպորացիաները` Microsoft-ը, Sony-ին, HTC-ը, պատրաստվում են տեխնոլոգիայի իրենց տարբերակները ներկայացնել, դրա հեռանկարների խոսուն վկայությունն է: Անշուշտ, գագաթնակետը կլինի ֆոտոռեալիստական վիրտուալ միջավայրի ստեղծումն` այդ դեպքում արդեն ուղեղը խաբելն այդքան բարդ չի լինի: Oculus-ի նոր տարբերակները գնալով ավելի լավն են դառնում, մրցակիցները պետք է շտապեն, առաջ անցնելու համար», մինչդեռ ընկերության արդյունքները նույն հաջողությամբ կկիրառեն հայ ծրագրավորողները:

«Մատրիցան» սարերի ետևում չէ:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---