Առերեսվելով անցյալին. Հայոց ցեղասպանության թանգարանը ներկայանում է նոր ցուցադրությամբ

Առերեսվելով անցյալին. Հայոց ցեղասպանության թանգարանը ներկայանում է նոր ցուցադրությամբ

Ցեղասպանության թանգարանի հարուստ ցուցադրությունը ներկայացնում է ոչ միայն հայերի ու Հայաստանի պատմությունը՝ դա հավասարապես նաև Թուրքիայի ու թուրքերի պատմությունն է

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության պաշտոնական հանդիսավոր բացումը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Թանգարանի ճարտարապետն է Սաշուր Քալաշյանը։ Թանգարանի նոր ցուցադրության գիտական հայեցակարգը մշակվել և իրականացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) աշխատակազմի կողմից՝ պատմական գիտությունների դոկտոր, ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի ղեկավարությամբ։ Թանգարանի սրահների ներքին ձևավորումն ու դիզայներական հայեցակարգը մշակել և իրականացրել են Լուսինե Մաթևոսյանը եւ Քրիստինե Աբրահամյանը, այն նախագծվել և իրագործվել է առանց լրացուցիչ վճարի։

PanARMENIAN.Net - Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, թանգարանը և հարակից տարածքը հիմնավերանորոգվել են «Ծիծեռնակաբերդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հիմնադրամը ֆինանսավորվում է իրավաբանական և ֆիզիկական անձանցից ստացված նվիրատվություններով։

Լրագրողների հետ զրույցում Հայկ Դեմոյանը նշեեց, որ 2011 թ. մեկնարկեցին Հայոց ցեղասպանության թանգարանի նոր մշտական ցուցադրության մշակման և դիզայներական նախագծի իրականացման աշխատանքները։ Թանգարանի ցուցադրական տարածքն ընդարձակվել է երկուսուկես անգամ՝ կազմելով 2400 քառակուսի մետր: Հայաստանում առաջին անգամ կիրառվել են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած նոր տեխնոլոգիաներ, նախագծային մոտեցումներ ու լուծումներ։ Թանգարանային ցուցադրության բովանդակային լուծումները, տեքստային նյութերն ու բացատրագրերը հիմնված են ցեղասպանագիտության ոլորտում վերջին տարիների գիտական ու մեթոդոլոգիական մշակումների վրա։ Դրանք երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն կազմվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական անձնակազմի մանրակրկիտ ու համալիր աշխատանքի շնորհիվ։ Աշխատանքներին խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից ձևավորված թանգարանային փորձագիտական խումբը։

«Դուք հնարավորություն ունեցաք տեսնելու կատարված աշխատանքի ամբողջ խորությունն ու ծավալը, այն, թե որքան սիստեմատիկ և մանրակրկիտ ենք մենք գործել այս թեման ներկայացնելիս: Մեր բախտն ինչ-որ չափով բերեց, քանի որ հաջողվեց ձեռք բերել այն ամենն, ինչ անհրաժեշտ էր: Թանգարանային մշտական ցուցադրության մեջ ամփոփվել են վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նորահայտ նյութերը։ Դրանց մի մասը ներկայացված է տպագիր, ինչպես նաև՝ մուլտիմեդիայի՝ պրոեկտորների և հպումով աշխատող էկրանների տեսքով։ Ներկայացված են նաև բնօրինակ և եզակի լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր և այլն»,-պատմեց թանգարանի տնօրենը լրագրողների համար կազմակերպված շրջայցի ժամանակ:

Թանգարանի նոր ցուցադրական տարածքն ունի 12 սրահ՝ նախկին 3-ի փոխարեն։ Ցուցադրությունը բաղկացած է 52 հիմնական խորագրերից։ Ցուցադրությունն ունի նաև աուդիոգիդեր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Աուդիոգիդերը հնարավորություն կտան կարգավորելու թանգարան այցելող խմբերի մեծ հոսքերը, այստեղ կգործի նաև գրախանութ։

Թանգարանի առաջին սրահում ներկայացված է հայերի կյանքը Օսմանյան Թուրքիայում, նրանց հսկայական ավանդը կայսրության կայացման գործում: Աստիճանաբար մթնոլորտը թանձրանում է՝ հայերը, որոնց ուրախացրել էր «ժողովրդավար» երիտթուրքերի իշխանության գալը, չեն պատկերացնում, թե առաջիկայում ինչ անմարդկային ոճրագործությունների է դիմելու նոր կառավարությունը: Այցելուներն իջնում են թանգարանի ստորին հարկերը, որտեղ ողբերգության մթնոլորտը հասնում է գագաթնակետին. զուսպ ճարտարապետությունը, ձայնային և վիզուալ էֆեկտներն, իրական պատմական փաստաթղթերի ու լուսանկարների հետ զուգակցված, փոխանցում են այն սարսափը, որի միջով անցավ և վերապրեց մի ողջ ժողովուրդ: Կատարսիսը գալիս է միայն հաջորդ՝ ավելի լուսավոր սրահում, որտեղ ներկայացված է վերածննդի երկար ու դժվարին ճանապարհը:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունի նոր հարմարություններ, ստեղծվել են բացառիկ պայմաններ ֆոնդային միավորների պահպանության համար, վերազինվել է կահույքը, տեխնիկական միջոցները։ Վերջին մի քանի տարվա ընթացքում հնարավոր է դարձել ՀՑԹԻ հավաքածուն կրկնապատկել բնօրինակ նյութերով. դրանք հատել են 90 հազարի սահմանը։ ՀՑԹԻ հավաքածուն Հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող նյութերի ամենամեծ հավաքածուն է աշխարհում»,-ներկայացրեց Հայկ Դեմոյանը։

Ցուցադրությունն այնպես է կազմված, որ օտարերկրացի այցելուն կարողանա ծանոթանալ ներկայացված նոր նյութերին: Հայոց ցեղասպանությունը նախապես ծրագրված և նպատակային իրագործված ոճրագործություն է՝ թանգարանի ցուցադրությունը թույլ չի տա, որ այդ փաստը կասկածի տակ դրվի: Եթե որևէ մեկը, ծանոթանալով իրեղեն ապացույցներին, պատմություններին, վիզուալ նյութերին, փորձի հերքել Հայոց ցեղասպանության փաստը, ուղղակի ծիծաղելի վիճակում կհայտնվի:

«Ապրիլի 23-ին կկազմակերպվի մեծ շրջայց օտարերկյա 20 ԶԼՄ-ների մասնակցությամբ: Սա շատ կարևոր է, չէ որ Հայոց ցեղասպանության թանգարանի հարուստ ցուցադրությունը ներկայացնում է ոչ միայն հայերի ու Հայաստանի պատմությունը՝ դա հավասարապես նաև Թուրքիայի ու թուրք ժողովրդի պատմությունն է: Լինելու է նաև թուրք լրագրողների խումբ՝ Հայաստան ժամանած բոլոր պատվիրակությունները կկարողանան ծանոթանալ ցուցադրությանը: Թանգարանը ևս հարթակ է, որի միջոցով թուրք երիտասարդությունը կկարողանա առերեսվել սեփական պատմության մանրամասներին, որոնք թաքցնում են նրանց իշխանությունները՝ թույլ չտալով անգամ շփվել Թվիթերի կամ Facebook-ի միջոցով: Մենք թույլ կտանք հարևան երկրի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին գալ, չէ որ այստեղ ոչ ոք նրանց չի ատում, և կներկայացնենք պատմությունը ոչ թե ատելություն սերմանելու, այլ իրազեկելու համար՝ թանգարանի աշխատակազմը չի արգելի լուսանկարել, ընտրվել է մարդկանց չսահմանափակելու քաղաքականությունը:

Պաշտոնական բացման ժամանակ ներկայացվեցին եզակի ցուցանմուշներ՝ օտարերկրացիների նվիրատվությունները: Ամերիկացի լրագրողուհի Կատերինա Յամադան նվիրեց թանգարանին մի սրվակ, որի մեջ բրնձի 750 հատիկ կա: Հայկ Դեմոյանը բացատրեց, որ այդպիսի մի սրվակը մեկ օրվա կերակուր էր 750 որբերի համար. յուրաքանչյուր երեխա օրական բրնձի մեկ հատիկ էր ստանում: Արժեքավոր այս ցուցանմուշը պատահաբար է հայտնաբերվել Օրեգոնում՝ հնավաճառի փոքրիկ խանութում: Լրագրողուհին տեսել էր սրվակի վրայի գրությունը, հետո հոդված գրել դրա մասին, որն էլ գրավել էր թանգարանի աշխատակազմի ուշադրությունը:

Թանգարան-ինստիտուտը շարունակում է նաև ակտիվ գիտահրատարակչական և տարբեր միջոցառումների կազմակերպման աշխատանքները, որոնք այս տարի առավել քան հագեցած են՝ ՀԲԸՄ Ասպետների աջակցությամբ ժամանակավոր ցուցադրության բացում Լոս Անջելեսի Սկիրբալ (Skirball) մշակութային կենտրոնում, Համագործակցության հուշագրի ստորագրում Շոա հիմնադրամի հետ (Լոս Անջելես), «Հայոց ցեղասպանությունը եւ ռուսական արձագանքը» խորագրիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացում Մոսկվայի Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում, Փարիզի քաղաքապետարանում «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացում, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողով, «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացում։

2015 թվականի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ աշխարհի 80-ից ավելի քաղաքներում կկազմակերպվեն ժամանակավոր ցուցադրություններ։ Այցելուների համար թանգարանը դռները կբացի ապրիլի 25-ին:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա

ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---