Bianet. Ցավը ցավ է՝ 1 կամ 100 տարի չի ունենում

Bianet. Ցավը ցավ է՝ 1 կամ 100 տարի չի ունենում

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչ Թադեոս Բեբեքը հարցազրույց է տվել թուրքական Bianet լրատվակայքին

Ցավը ցավ է, ցավը 1 կամ 100 տարի չի ունենում, ասել է Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչ Թադեոս Բեբեքը թուրքական Bianet լրատվականին հարցազրույցում՝ խոսելով Հայոց ցեղասպանության, Թուրքիայում ապրող հայերի խնդիրների ու վախերի և իր գերդաստանի պատմության մասին, գրում է ArmenianGenocide100.org-ը:

PanARMENIAN.Net - Հարցազրույցում անդրադառնալով Մուսա լեռան հերոսամարտի պատմություններից մինչև «լավ» հարևան հայի խնդիրներին՝ Թադեոս Բեբեքը տողատակում փորձում է տալ Թուրքիայում ապրող հայերի խնդիրները, պատմում է նրանց վախերի մասին։

Թուրքական պարբերականը Բեբեքին տվել է որտեղ եք ծնվել հարցը, որի պատասխանը բավական ասելիք ուներ. «Ծնվել եմ Թուրքիայի միակ ամբողջովին հայաբնակ Վաքըֆլը գյուղում, որը գտնվում է Հաթայ նահանգում (Ալեքսանդրեկ)։ Մինչև 1900-ական թթ. այդ շրջանը կոչվում էր «Մուսա լեռ», ու այնտեղ 7 հայկական գյուղ կար։ 1915-ի ոճրագործության որոշման արձակումից հետո մերոնք դիմադրություն կազմակերպեցին ու բարձրացան Մուսա լեռը։ Լեռան վրա մոտ 40 օր նրանք պայքարեցին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Միջերկրական ծովում պարեկություն իրականացնող ֆրանսիական նավատորմում ծառայող մի հայ լեյտենանտ նկատում է մերոնց։ Նրանց տարհանում են Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգիստ, իսկ այնուհետև 4 տարի պահում են Կարմիր խաչի վրաններում։ Պապս պատմել է, որ այդ ժամանակ 8 տարեկան էր։ Երբ պատերազմն ավարտվում է, Հաթայի շրջանն անցնում է Ֆրանսիայի տիրապետության տակ, ու մերոնք կրկին վերադառնում են իրենց գյուղերը։ Սակայն պետք է նշել, որ մի մասը մնում է Եգիպտոսում։ Այժմ էլ մենք Եգիպտոսում ապրող հարազատներ ունենք», - պատասխանել է Բեբեքն ու հավելել, որ մինչև 1938 թվականը Հաթայը մնում է Ֆրանսիայի իշխանության ներքո։

Այդ 20 տավա ընթացքում գյուղացիները նորից դպրոց են հիմնում, քանի որ հինը ոչնչացվել էր։ Այնտեղ ուսուցանվում է ֆրանսերեն, հայերեն, թուրքերեն։ 1939 թվականին Հաթայի սանջակը բռնակցվում է Թուրքիային։ Գյուղացիները, որոնք ասում էին՝ «թուրքերը նորից գալիս են», հեռանում են Սիրիա և Լիբանան, այդտեղից էլ ցրվում տարբեր երկրներ։ Բնականաբար մի քանիսը չեն ցանկանում լքել իրենց հողերը և բնակություն են հաստատում այժմյան Վաքըֆլը գյուղում։ Գնացողների մի մասը Լիբանանում հիմնում են Այնճար գյուղը:

Բեբեքի հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թողել է դպրոցը և իրեն նվիրել ատամնաբուժությանը։ Մասնագիտությամբ աշխատել է Հաթայի Քըրըքհան գյուղում.«Ես էլ նույն գյուղի դպրոցում 2 տարի սովորել եմ։ Այդ ժամանակ գյուղում դեռևս 5-6 հայկական ընտանիք կար։ Բազմազգ վայր էր, ու ոչ մեկ մյուսից չէր վախենում։ Հիշում եմ, մեր տանը բարձր մի տեղում կախված գորգ կար: Երբ ազան (մահմեդականներին աղոթքի՝ նամազի հրավիրող կանչ – ծնթ. խմբ.) էին կարդում, ռադիոն անջատում էինք»:

Բեբեքը պատմել է, որ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո հոր աշխատանքի պատճառով տեղափոխվեցին Քարաբյուք, ուր հայտնվեցի ջրից դուրս ընկած ձկան կարգավիճակում՝ Հաթայում հայեր կային, սակայն Քարաբյուքում մի հայ անգամ չկար, միակ ընտանիքն իրենք էին։ «Դպրոցում աշակերտներն ու ուսուցիչները հարցնում էին, թե ինչու՞ է անունս Թադեոս, իսկ ես վախենում էի ասել, որ հայ եմ։ Պատասխանում էի, որ մի երգահան Թադեոս կար, պապերս նրան շատ էին սիրում ու իր անունով էլ ինձ են անվանակոչել։ Չէի կարող ասել, որ անունս Սբ. Հիսուսի 12 առաքյալներից մեկի անունն է։ Անչափ դժվար ժամանակներ էին։ Սկզբնական տարիներին շատ վատ էի սովորում։ Պատմության դասերին, երբ հայերից էին խոսում, ներսումս ամեն-ինչ խառնվում էր իրար, վշտերս խեղդում էին։ Հետո բացահայտվեց, որ ես հայ եմ, սակայն երբեք չկարողացա բացեիբաց հայ լինելս ասելու համարձակություն ունենալ», -հիշել է Բեբեքը:

Հայրն ընկերություն էր անում դատավորների, դատախազների, ոստիկանապետերի հետ։ Շաբաթվա վերջում նրանք խնջույք էին կազմակերպում, իսկ ծախսերը միշտ հայրն էր հոգում, փողով օգնում էր մարդկանց։ Ու դա անում էր միայն նրա համար, որ ասեին «ես շատ լավ հայ հարևան ունեմ։ Հայերը ստիպված էին լավ հարևան լինել, ամեն դեպքում նրանք ուիրշ հնար չունեին։

Թուրքական պարբերականի թղթակիցը, հավելելով, որ հայազգի Սևակ Բալըքչըն ապրիլի 24-ին զինվորական ծառայության ժամանակ սպանվեց, Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցչին հարցրել է նաև, թե հայերի համար ին՞չ է նշանակում զինվորական ծառայությունը Թուրքիայի զինված ուժերում:

2011-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի օրը, սպանվեց թուրքական բանակի ժամկետային զինծառայող, պոլսահայ Սևակ Շահին Բալըքչըն՝ Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգում գտնվող իր զորամասում:

«Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ վերջին տարիներին հայերն իրենց տղա զավակներին ինչ-որ անհասկանալի անուններ են տալիս։ Դա արվում է նրա համար, որ զինվորական ծառայության ընթացքում անվան պատճառով բարդությունների չհանդիպեն։ Հայերի համար ծառայության գնալը նշանակում է անցնել դժվարությունների ու վախի միջով։ Ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով նրանք շատ հեշտությամբ կարող են բախվել անձնական խտրականության։ Օրինակ մեր զորամասում հրամանատարը բռնի կերպով ուզում էր թլպատել հայ զինծառայողներից մեկին։ Մի կերպ փրկեցինք…

Զինվորական ծառայությունս Դողուբայազետում (Բայազետ) եմ անցկացրել՝ Հայաստանի սահմանի մոտ։ Ենթասպա էի, ու բուժկետում էի ծառայում։ Մի օր զորավարժություն սկսվեց, ու ինձ էլ ստիպեցին մասնակցել։ Հրամանատարն ասաց, որ թշնամին Աղրըի (Մասիս սարը – ծնթ.) կողմից է գալու, ու մենք պետք է դրան համապատասխան սցենար գրենք։ Ես հրամանատարին ասացի, որ այդ կողմում հայերն են, իր ասած թշնամիները հայերն են, նա գիտի՞ արդյոք, որ ես հայ եմ։ Նա պատասխանեց, որ իմ գալուց առաջ անձնական գործս է հասել իրեն, ու ինքն ամեն-ինչ գիտեր», պատասխանել է Բեբեքը։

Իսկ անդրադառնալով հարցին, թե իր ընտանիքում պատմում էին ցեղասպանության մասին, նշել է, որ տարեցները պատմում էին Մուսա լեռում կատարվածների մասին։ Գյուղում շատ ազատ էին։ Արգելքը սկսվեց գյուղից հեռանալուց հետո. «Մենք չէինք հարցնում, ծերերն էլ չէին պատմում։ Միայն վերջին տարիներին ենք սկսել խոսել։ Այժմ, երբ հարմար առիթ է լինում, ես բարձրաձայնում եմ։ Ցավոք սրտի պետական գաղափարախոսությունից բացի մարդիկ ուրիշ բան չգիտեն։ Նոր-նոր են սկսում սովորել»:

100-րդ տարելիցի խորհրդի մասին հարցին պատասխանելով, Բեբեքը նշել է, որ 100 տարին խորհրդանշական է։ Այն կարևոր է պատմության հետ առերեսվելու տեսանկյունից. «Գնալով քչանում ենք, մնացել ենք 60 հազար։ Պետությունը չի կարող սահմանափակվել «արխիվները կբացենք, թող պատմագետները զբաղվեն» արտահայտություններով։ 1.5 միլիոն մարդ վերացվել է այս հողերից, բազմաթիվ մարդիկ գաղթական են դարձել։ Ոչնչացվել է մի վիթխարի մշակույթ։ Սպանվածների կապիտալը թուրքականացվել է, նրանց հաշվին թուրքերն են հարստացել, սակայն մշակութային առումով Թուրքիան աղքատացել է։ Պետք է դա հաշվի առնել։

Պետությունը ապրիլի 24-ին Չանաքքալեում տոնակատարություններ է իրականացնելու (հարցազրույցը տեղի է ունեցել ապրիլի 20-ին – ծնթ.)։ Վերջին 10 տարիներին զգացվող դրական առաջընթացի հետ համատեղ՝ պետության մտածելակերպը դեռ այդ մակարդակին է։ Պետությունը վախենում է առերեսվելուց ու ցանկանում է մոռացնել։

Արևմտյան Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդը, Վարշավայի Գետոյի հուշահամալիրի առջև ծնկի իջնելով, հրեաների ցեղասպանության համար ներողություն խնդրեց: Ի՞նչ եղավ, ի՞նչ կորցրեց նա: Նայեք, այս տարի ողջ աշխարհի հայացքը թեքվել է դեպի Թուրքիա, Չանաքքալեով ոչինչ չենք կարող փոխել: Պետությունն այնպիսիս մի բան պետք է անի, որով հնարավոր լինի սկիզբ դնել մի նոր գործընթացի: Մենք էլ հուսանք, ու թող մեր ընդհանուր երազանքներն իրականություն դառնան»:

Թադեոս Բեբեքը ծնվել է Թուրքիայի միակ ամբողջովին հայաբնակ Վաքըֆլը գյուղում, հետագայում տեղափոխվել է Քարաբյուք, որտեղ ոչ մի հայ չէր ապրում, իսկ այժմ ապրում է Ստամբուլում։

Նա մասնագիտությամբ ատամնաբույժ է, սակայն, միևնույն ժամանակ հանդիսանում է Թուրքիայի հայերի խնդիրներով զբաղվող գաղափարային հարթակի անդամ։ Բեբեքը հայկական դպրոցներում չի սովորել, իսկ երիտասարդ տարիներից անդամակցել է Թուրքիայի ձախակողմյան ուժերի շարժումներին, զբաղվել քաղաքականությամբ։ 2008 թվականին Կ. Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հիվանդության հայտնաբերումից, և հատկապես նրա անաշխատունակության ի հայտ գալուց հետո Բեբեքը պայքարում էր նոր պատրիարքի ընտրություններ նշանակելու համար։ Նա մինչ այժմ էլ համարում է, որ արքեպիսկոպոս Աթեշյանը հայերի համար լավ առաջնորդ չէ։

ArmenianGenocide100.org
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---