23  Հայկական բնապատկերներ. Հայ-իրանական սահման. Մեղրի
Մեղրի. Սբ Աստվածածին ու Սբ Հովհաննես եկեղեցիները, Շվանիձորն ու դրա ջրանցույցը

Մեղրի. Սբ Աստվածածին ու Սբ Հովհաննես եկեղեցիները, Շվանիձորն ու դրա ջրանցույցը

PAN Photo-ն Սյունիքում էր, որտեղ այցելել է տարածաշրջանի գյուղեր

4805 բնակիչ ունեցող Մեղրին Հայաստանի հարավ-արևելքում է, Սյունիքի մարզի հարավային սահմանպահ քաղաքներից մեկը: Այն Մեղրի գետի աջ և ձախ ափերին է, որոնք Մեծ և Փոքր թաղեր են կոչում։ Քաղաքն Իրանի Հանրապետությունից բաժանում են պետական սահմանն ու մայր Արաքս գետը: Ամռանն այստեղ շոգ է, իսկ ձմռանը` ոչ ձյունառատ։ PAN Photo-ն Սյունիքում էր, որտեղ այցելել է տարածաշրջանի գյուղերը, եղել եկեղեցիներում՝ լուսանկարելով թե դրանք, թե սահմանապահ քաղաքը, տեղի բնակիչներին ու բնությունը:

PanARMENIAN.Net - Մեղրին հիշատակվում է դեռևս նախնադարից՝ այն ժամանակ այն Գողթան աշխարհի «Արևիք» գավառն էր։ 1828-ին արդեն այն ընդգրկված էր Ղարաբաղի պրովինցիայի կազմում, իսկ 1868-ին Ելիզավետապոլի նահանգի Զանգեզուր գավառի մի մասն էր։ Գյուղից ավանի վերածված Մեղրի բնակավայրը քաղաքի կարգավիճակ է ստացել 1984-ից: Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1930-ի սեպտեմբերի 9-ին, կազմավորվեց Մեղրու շրջանը, որի կենտրոնն էլ դարձավ Մեղրի քաղաքը:

1881-ին արտասահմանում ուսում ստացած մի խումբ մեղրեցի երիտասարդների նախաձեռնությամբ ու համագյուղացիների օգնությամբ երկսեռ ծխական դպրոց բացվեց։ Այժմ քաղաքում 2 միջնակարգ դպրոց կա, իսկ միջնակարգ մասնագիտական առաջին հաստատությունն այդտեղ բացվել է 2001-ին` Մեղրու պետական քոլեջն էր, որտեղ որակավորում են ստանում ապագա դասվարներ, հաշվապահներ և ավտովարորդներ: Քաղաքում 1 մանկապարտեզ կա, մարզադպրոց ու արվեստի մանկական դպրոց, տեղի գրադարանն էլ 2012-ին բոլորեց իր 130 ամյակը։ Համայնքը նաև մշակույթի կենտրոն ունի, որտեղ տարբեր խմբեր են գործում։

Մեղրիի տեսարժան վայրերից է Մեղրու ամրոցը, 17-րդ դարում կառուցված Մեծ թաղի Սբ Աստվածածին ու Փոքր թաղի Սբ Հովհաննես եկեղեցիները: Քաղաքի մոտակայքում է նաև 15-18-րդ դդ. Մեղրու վանքը:

Սբ Աստվածածին եկեղեցին կառուցված է բնակավայրի բարձրադիր հյուսիսային թաղամասում բազալտից, թմբուկն ու գմբեթն աղյուսից են: Քառամույթ գմբեթավոր բազիլիկ ունի ու երկու մուտք` արևմուտքից և հարավից: Հուշարձանի հարավային կողմից կառուցված է զանգակատունը: Եկեղեցու արտաքին միակ դեկորատիվ տարրը խոյի գլուխն է, իսկ ներսում որմնանկարներ են:

Վերջերս եկեղեցու տարածքում Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ խաճքար-հուշակոթող է տեղադրվել:

Փոքր թաղի Սուրբ Հովհաննես եկեղեցին քառամույթ, գմբեթավոր, բազիլիկ կառույց է բազալտե քարից, գմբեթը նույնպես աղյուսաշեն է։ Գնդաձև գմբեթն ուղիղ աղոթասրահի կենտրոնում է։ Ներսից թմբուկը գլանաձև է, դրսից՝ բազմանկյուն, 12 նիստով։ Ներսում աղյուսե դեկորատիվ որմնակամարներ են, միակ մուտքն էլ արևմտյան կողմից է։

Արաքսի ձախ ափին Շվանիձոր գյուղն է, որը տարածաշրջանի ամենաբարեկարգ գյուղերից է։ Շվանիձորում դեռ 17-րդ դարում կառուցված ջրանցույց կա՝ հունահռոմեական ոճի կառույց է, որը մինչև օրս էլ ջրամատակարարում է ապահովում մի թաղամասից մյուսին: Ջրանցույցը կառուցված է սրբատաշ բազալտե ոչ շատ մեծ քարերով, որոնք խնամքով տաշված են. միաթռիչք սլաքաձև կամարը երկկենտրոն է: Ջրանցույցը համարվում է միջնադարյան Հայաստանի նմանատիպ կառույցներից ամենակարևորը:

Գյուղի տարածքում են գտնվուն նաև «Գոմերանց», «Վերին շեն», «Թեղուտ» (17-18 դդ), «Շվանիձոր» (16-20 դդ) գյուղատեղիները, 17-18-րդ դդ խաչքարերով գերեզմանոցն ու նույն ժամանակաշրջանում կառուցված հին կամուրջը: Ընդհանուր առմամբ, գյուղը պատմամշակութային 26 հուշարձան ունի:

Շվանիձորի շրջակայքում պահպանվել են Բերդին Քար միջնադարյան ամրոցի ավերակները, 17-19-րդ դարերի Գոմերանց, Վերին Շեն, Թեղուռ գյուղատեղիներն իրենց եկեղեցիներով: Թեղուտի արևելյան մասում՝ փորակի լանջին, պահպանվել են մի քանի ջրաղացի ավերակներ: Վերին Շենի մոտ են 17-18 դդ միաթռիչք կիսավեր կամուրջը և 18-րդ դարի Սարգիս Զորավար դամբարանը: Սարգիսը Դավիթ Բեկի զորավարներից էր, գործել է Մալև և Շվանիձոր գյուղերի տարածքում ու իր սխրագործությունների համար ժողովրդի կողմից սրբացվել:

Վերջին «կանգառը» Լիճք գյուղն էր, որը մոտ 200 բնակիչ ունի: Ըստ տեղացիների, այն այդպես են կոչել, քանի որ գյուղից վերև մի քանի լիճ կա: Լիճքը ևս բազմաթիվ մշակութային հուշարձաններ ունի, որոնց թվում են Սբ Գևորգ եկեղեցին ու Մեղրի գետի վրայով անցնող 17-րդ դարի կամուրջը։ Բայց ամենաուշագրավը «բնական» հուշարձաններն էին՝ տեղի ջրվեժները, որտեղ, չնայած ոչ այդքան տաք եղանակին, չլողալ հնարավոր չէր:

Կարո Սահակյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---