Հաղթանակի 70 տարին. Հայ մարտիկները՝ Բեռլինի գրոհում՝ սկսվում էր Հաղթանակի գարունը

Հաղթանակի 70 տարին. Հայ մարտիկները՝ Բեռլինի գրոհում՝ սկսվում էր Հաղթանակի գարունը

Արևելյան Պրուսիայի և Գերմանիայի ջախջախման մարտերին մասնակցության համար 10 հայ զինվորական և ազգությամբ ռուս 2 հայաստանցի արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման

1945 թվականի ապրիլի սկզբին Կարմիր բանակի զորքերը ընդամենը 60 կմ հեռավորության վրա էին Գերմանիայի մայրաքաղաքից: Դաշնակիցներն ավելի հեռու էին. մոտ 100 կմ վրա: Բեռլինի գրավման գործողությունը նախապատրաստվել էր դեռ 1944-ի նոյեմբերին: Կարմիր բանակը պետք է ջախջախեր ֆաշիստների հիմնական ուժերը, գրավեր Բեռլինն ու անվերապահ կապիտուլացիա պարտադրեր գերմանացիներին: Մարշալ Ժուկովը գործողության պատասխանտու էր նշանակվել:

PanARMENIAN.Net - Երբ ավարտվեցին Վիսլա-Օդերի և Պոմերանիայի գործողությունները, հստակեցվում էին Բեռլինի առման մանրամասները: Գերմանիայի մայրաքաղաքի արևելյան մատույցները արգելափակված էին հզոր պաշտպանական գոտիներով, ուժեղացված կրակային պատնեշներով և ականապատ դաշտերով: Հիտլերականները մայրաքաղաքի պաշտպանությանը հանեցին ամբողջ բնակչությանը, ներառյալ ծերունիներին և դեռահասներին: Բեռլինի մարտական գործողություններին մասնակցել է մոտ 7500 տանկ և ինքնագնաց, 52 հազար հրետանական սարք ու ականանետ, ավելի քան 1100 ինքնաթիռ: Խորհրդային զորքերը սկսեցին Բեռլինի գրոհը 1945 թվականի ապրիլի 16-ի վաղ առավոտյան: Ապրիլի 21-ին խորհրդային զորքերի առաջատար զորամասերը կարողացան հաղթահարել ֆաշիստների մոլեռանդ դիմադրությունն ու հայտնվեցին Բեռլինի մատույցներում:

Ապրիլի 22-ին մարտերը գնում էին արդեն ռայխսթագի համար, իսկ ապրիլի 25-ին Բեռլինը շրջապատված էր խորհրդային զորքերով: Կարմիր բանակը արևմուտքից ճեղքեց հասավ Էլբա և միացավ ամերիկյան բանակին: Գերմանացիները հասկանում էին, որ իրավիճակն անհույս է և մարտնչում էին որջում դարանակալված գազանի նման: Արյունալի մարտերը Բեռլինի փողոցներում ընթանում էին 11 օր շարունակ, հատկապես կատաղի էին մարտերը ռայխսթագի համար, որը ֆաշիստական Գերմանիայի խորհրդանիշն էր:

1945 թվականի ապրիլի 30-ին Հիտլերն ինքնասպան եղավ, իշխանությունն անցավ Գեբելսի հետնորդներին, որը սկսեց բանակցել հրադադարի մասին խորհրդային հրամանատարության հետ: Խորհրդային զորքերի հրամանատարների պահանջը լիակատար և անվերապահ կապիտուլացիայի մասին, գերմանացիները մերժեցին և փողոցային մարտերը վերսկսվեցին նոր ուժգնությամբ: Բայց երբ կատաղի մարտերի արդյունքում մայիսի 1-ին ռայխսթագի վրա ծածանվեց Հաղթանակի դրոշը, Բեռլինը հանձնվեց: Խորհրդային բանակը Բեռլինի գրավման ժամանակ ավելի քան 300 000 զոհ և վիրավոր տվեց՝ դա ավելին էր, քան ԱՄՆ կորուստներն ամբողջ պատերազմի ընթացքում: Բեռլինն ընկավ և մայիսի 8-ին ստորագրվեց անվերապահ կապիտուլացիայի մասին ակտը, ինչը նշանակում էր ֆաշիստական Գերմանիայի լիակատար պարտություն: 1945 թ. մայիսի 9-ից հետո զենքը վայր դրեց 1 մլն 300 հազար զինվոր ու սպա: Ֆաշիզմի դեմ պատերազմն ավարտվեց լիակատար և վերջնական հաղթանակով:

Արևելյան Պրուսիայի և Գերմանիայի ջախջախման մարտերում 10 հայ զինվորականներ և 2 ռուս հայաստանցիներ արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման: 1945 թ. մարտ-ապրիլ ամիսներին Քյոնիգսբերգ ամրոց-քաղաքի գրոհի նախապատրաստման ու իրականցման համար բանակի գեներալ Բաղրամյանը 2-րդ անգամ պարգևատրվեց Սուվորովի առաջին աստիճանի շքանշանով:

Տասը հայ զինվորներ ֆաշիստական Գերմանիայի ջախջախման համար դարձան փառքի շքանշանի լրիվ ասպետ, պարգևատրվեցին Լենինի շքանշանով:

5 հայ զինվորական ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թ. մայիսի 29-ի հրամանագրով պարգևատրվեց Սուվորովի առաջին աստիճանի շքանշանով:

Եվս 5 հայ զինվորական պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով:

Ավագ Ս.Ավետիսյանի նամակից հարազատներին.

«Նամակս գրում եմ Բեռլինի մատույցներից: Հավանաբար, թերթերից գիտեք Շնայդեմյուլ և Դոյչկրոն քաղաքների շրջապատման և գրավման մասին՝ մենք գրավեցինք այդ քաղաքներբ ու դուրս եկանք Օդերի մոտ: Ես շտապում եմ, մի քանի րոպեից շարժվում ենք դեպի Բեռլին հյուսիսից, Օդերի կողմից: Կարող եք ռադիոյով լսել այս կողմերում ընթացող մարտերի մասին: Եթե ուզում եք իմանալ այստեղի եղանակի մասին, ապա այստեղ արդեն գարուն է, ձյուն արդեն չկա: Ինձ ուզում են Գորկի ուղարկել սովորելու, քաղաքական մասով գումարտակների հրամանատարների տեղակալների ուսումնարան: Ես չեմ համաձայնվել. պետք է պատերազմն ավարտել, իսկ այն կավարտվի Բեռլինի անկումով: Այն ժամանակ էլ կսովորենք»:

89-րդ դիվիզիան ռազմաճակատ մեկնեց 1942թ. սեպտեմբերին և Կովկասի նախալեռներից կռիվներով հասավ Բեռլին՝ անցնելով 3700 կմ: Դիվիզիայի հրամանատարը գեներալ Նվեր Սաֆարյանն էր: Հայերը նշանակալի կշիռ ունեին մի շարք այլ դիվիզիաներում ևս: Բեռլինի գրոհին մասնակցել է նաև Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Հայրենական Մեծ պատերազմի հերոս Համազասպ Բաբաջանյանը, նա արժանացել է Սուվորովի առաջին աստիճանի շքանշանի: Բեռլինի համար մարտում նրա կորպուսը ոչնչացրել է 8450 զինվոր ու սպա, 103 տանկ ու ինքնագնաց, 262 տարբեր տրամաչափի սարք, 32 ականանետ: ԽՍՀՄ ԳԽ նախագահության շրջաբերականում Բեռլինի գրավման մարտերում աչքի ընկած զորամասերի թվում հիշատակվում է նաև Համազասպ Բաբաջանյանի հրամանատարությամբ գործող զորամասը և դրա խիզախ հրամանատարի անունը: Հետագայում նրա մասին ակնածանքով է արտահայտվել ԽՍՀՄ մարշալ Գ.Կ.Ժուկովը. «Չափազանց խիզախ ու քաջարի հրամանատար է, ես նրան լավ եմ ճանաչում ու հարգում»:

Բեռլինի գրոհի ժամանակ և փողոցային մարտերում հերոսաբար զոհվել է գվարդիայի սերժանտ, Փառքի երեք աստիճանի շքանշանակիր Արմենակ Հովհաննիսյանը (ծնվ. 1919 թ. Վրաստանի Բորճալայի շրջանում), 35-րդ մեխանիզացված բրիգադի 4-րդ գվարդիական տանկային գնդի սերժանտ Ռոբերտ Հակոբյանը (ծնվ. 1924 թ. Երևանում), Т-34-85 տանկի վարորդ-մեխանիկ, ավագ սերժանտ Գեղամ Չահուշյանը (ծնվ. 1922 թ. Երևանում): Բոլոր երեքը 2-րդ գվարդիական տանկային բրիգադից էին, հետմահու ներկայացվել են Խորհրդային Միության հերոսի կոչման, սակայն պարգևատրվել են Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով:

Ֆաշիստական Գերմանիայի ջախջախմանը հազարավոր հայեր մասնակցել են 1, 2, 4, 16 и 18-և օդային բանակների շարքում: Հեռահար գործողության ավիացիայում, որը 1944թ. դեկտեմբերից ստացավ 18-րդ օդային բանակ անվանումը, մեծ ճանաչում ունեին փորձառու և քաջարի օդաչուներ՝ Խորհրդային Միության հերոս (05.11.1944), գվարդիայի գնդապետ Գոգա Աղամիրովը, 250-րդ գվարդիական ռմբակոծիչ ավիագնդի էսկադրիլի հրամանատար, գվարդիայի մայոր Սուրեն Ղազարովը, 229-րդ գվարդիական ռմբակոծիչ ավիագնդի գվարդիայի լեյտենանտ Ալեքսանդր Ռուստամյանը, 12-րդ գվարդիական ռմբակոծիչ ավիագնդի գվարդիայի ավագ լեյտենան Ավագ Մանուչարովը, որոնք պարգևատրվեցին Կարմիր դրոշի ու Ալեքսանդր Նևսկու շքանշաններով, ինչպես տասնյակ այլ օդաչուներ:

Բեռլինի գրավմանը մասնակցել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ: Դիվիզիան 7300 կմ է անցել Կովկասից մինչև Բեռլին: Նրա 7000 սպաներ և զինվորներ արժանացել են կառավարական պարգևների: Դիվիզիայի մարտիկները ոչնչացրել են հակառակորդի 9 հազար զինվոր ու սպա և գերի վերցրել 11 հազար հիտլերականի: Բեռլինի գրավումից հետո, հիտլերականների վերջին պատվարի` ռայխսթագի պատերի մոտ հայ մարտիկները պարեցին հաղթական «Քոչարին»: Թամսւնյան դիվիզիան խնղիր ստացավ արագորեն շարժվել դեպի Բեռլին: Քաղաքի հյուսիս-արևելյան մասում նա մտավ գեներալ-գնդապետ Վ. Ի.Կուզնեցովի հրամանատարությամբ գործող III հարվածային բանակի կազմի մեջ: Ապրիլի 29-ին հայկական դիվիզիան մտավ մարտերի մեջ՝ Վեդդինգ և Ոյնիգեն-Օստ շրջաններում։ Երկօրյա փողոցային դժվարին մարտերի ընթացքում դիվիզիայի զորամասերը տուն առ տուն, փողոց առ փողոց առաջ էին շարժվում։ Նրանք գրավեցին 7 թաղամաս, հակառակորդին պատճառելով մարդկային ու նյութական մեծ կորուստներ։

Գումարտակի հրամանատար Հ. Բաբայանն արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման։ Դրանով դիվիզիայի շարքերում նվճած Խորհրդային Միության հերոսների թիվը հասավ 9-ի։ Դիվիզիան ազատագրել է 900 բնակավայր: Մեծ ակտիվությամբ էին մարտնչում գնդապետ Ուլանովսկու և գնդապետ Ե. Կարապետյանի գնդերը, մայոր Հ. Բաբայանի, մայոր Բադալովի, մայոր Լ. Սիմոնյանի, կապիտան Մ. Բաբլոյանի գումարտակները, դիվիզիայի հրետանավորներն ու ականաձիգները։ Բեռլինի գրավումից հետո, առանց դադարի, ռազմաճակատի մյուս զորամասերի հետ միասին Թամանյան դիվիզիան շարժվեց դեպի արևմուտք և հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը դիմավորեց հեռավոր էլբայի ափերին։

Բեռլինի գրավման մարտերում ցուցաբերած սխրանքների համար 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիան ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1945 թ. մայիսի 28-ի հրամանագրով պարգևատրվեց Կուտուզովի II աստիճանի շքանշանով, դառնալով եռակի շքանշանակիր դիվիզիա։

Մայոր Մովսես Հովհաննիսյանի նամակից.

«Բարև սիրելի Կատյա և Սուրիկ: Դուք, երևի, արդեն կարդացել եք թերթերում մեր հաջողությունների մասին: Թշնամին փոխեց կարծիքը՝ բախվելով Կարմիր բանակի հզորությանը: Գերեվարված ֆրիցներն ասում են»գերմանացիները կապուտ»: Չեք պատկերացնում, թե ինչ ծանր տեսարան էին իրենցից ներկայացնում ազատագրված քաղաքները: Հիտլերի զինվորները ուտելու բան չեն թողել: Մարդիկ դիմավորում են մեզ արցունքն աչքերին»:

Վիրավոր մարտիկների ու հրամանատարների կյանքի փրկության գործում հսկայական էր դիվիզիայի բուժաշխատողների դերը: Իրենց պարտքը գերազանց կատարելու համար Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվեցին բուժծառայության ներկայացուցիչներ Բագրատ Մելքումյանը, Կարո Բչեմյանը, Կարմիր դրոշի շքանշանով պարգևատրվեց բուժծառայության կապիտան Վրույր Ազիզյանը, բուժծառայության ավագ լեյտենանտ Նինա Բերեքչայնը և այլոք:

Հայաստանում կազմավորվեցին և համալրվեցին 61-րդ, 151-րդ, 236-րդ և 320-րդ հրաձգային դիվիզիաները: Չնայած դրանք պաշտոնապես չէին համարվում հայկական, բայց դրանց կազմում ընդհանուր առմամբ շմոտ 30,000 հայ մեկնեց ռազմաճակատ։

Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում իրենց ծանրակշիռ ավանդը ներդրեցին նաև անտեսանելի ճակատի գաղտնակյաց (անլեգալ) հայ հետախույզներ գեներալ-լեյտենանտներ Հայկ Հովակիմյանը, գեներալ-մայորներ Գուրգեն Աղայանը, Իվան Աղայանցը, Միքայել Ալավերդյանը, Վյաչեսլավ Գևորգյանը, գնդապետներ Աշոտ Հակոբյանը, Գերասիմ Բալասանյանը, Վյաչեսլավ Գուրգենյանը, Խորհրդային Միության հերոս Գևորգյան Վարդանյանը, նրա անբաժան գործընկերուհին ու կինը՝ Գոհար Վարդանյանը, և շատ ուրիշներ։ Գևորգ Վարդանյանի անունն իրավամբ տեղ է գտել աշխարհի բոլոր ժամանակների ականավոր 100 հետախույզների շարքում։

Ավագ Ս. Ավետիսյանի նամակից հարազատներին

«Արդեն գարուն է: Սկսվում է Հաղթանակի գարունը, մարդկային երջանկության գարունը: Մաղթում եմ ձեզ նույնքան երջանկություն, որքան կրում է իր մեջ գարնան ջերմ արևը: Կեցցե գարունը»:

1945թ. հունիսի 24-ի առավոտյան ժամը 10։00-ին Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովը Սպասկի դարպասներից դուրս եկավ սպիտակ նժույգի վրա և շարժվեց դեպի Կարմիր հրապարակ: Նա Կ. Ռոկոսովկու ուղեկցությամբ շրջանցեց զորահանդեսի համար շարված զորքերին, զինվորներին, սպաներին ու գեներալներին ու շնորհավորեց հաղթանակի առթիվ: Շքերթին մասնակցել է մոտ 40 000 մարդ և մեծաքանակ ռազմատեխնիկա:

Հոդվածում օգտագործվել են նյութեր Կլիմենտ Հարությունյանի և Հրանտ Պողոսյանի «Հայ ժողովրդի ավանդը Մեծ Հայրենականի հաղթանակում (1941-1945)» և«Փառքի և անմահության նամակները» գրքերից ու «Խորհրդային Հայաստանը Մեծ Հայրենական պատերազմի տարիներին (1941-1945)» փաստաթղթերի հավաքածուից:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---