Ես եմ, Ալիկն եմ, 25-ն եմ, չկրակեք. «Հարսանիքի» հյուսիսի կապավորի պատմությունը 1992-ի մայիսի 9-ի մասին

Ես եմ, Ալիկն եմ, 25-ն եմ, չկրակեք. «Հարսանիքի» հյուսիսի կապավորի պատմությունը 1992-ի մայիսի 9-ի մասին

Շուշիի ազատագրման օպերացիայի չորս ուղղությունից հյուսիսի՝ Կրկժանի կողմի ու իր պատմությունը կապավոր Ալիկ Ալեքսանյանն է պատմում

Մայիսի 8-ի երեկոյան «Վեստի»-ն հաղորդեց, որ ադրբեջանցիները հարձակում են սկսել Ստեփանակերտի ուղղությամբ և հասել մինչև քաղաքի արվարձաններ, հայերը պաշտպանվել են՝ հասնելով մինչև Շուշի: Ադրբեջանական ալիքով «կռիվ կինո» էին ցույց տալիս: Հաղորդումից մի քանի րոպե հետո ֆիլմն ընդհատում են, եթեր է մտնում մի հաղորդավար ու հայտարարում՝ քիչ առաջ «Վեստի»-ով ինչ ասացին՝ սուտ է:

PanARMENIAN.Net - Շուշիի ազատագրման օպերացիայի չորս ուղղությունից հյուսիսի՝ Կրկժանի (26-ի ուղղություն) կողմի ու իր պատմությունը կապավոր Ալիկ Ալեքսանյանն է պատմում:

Մինչև մայիսի 7-ը, «հարսանիքից» մի քանի օր առաջ Լենինգրադից, Երևանից եկած ժուռնալիստներ էին հավաքվել մեզ մոտ՝ կապի հանգույցի գլխավոր շտաբում, ասում էին քեզ հետ ենք ուզում գանք, քո ուղղությամբ: Իմը հյուսիսն էր՝ Կրկժանի ուղղությունը: Ես, մեր հրամանատարը՝ Վալերի Չիչյանը, ռուսախոս էինք, դրա համար:

Սկզբից առաջ լավ քեֆ արեցինք, պարեցինք, Ասկերանի կոնյակից էլ ունեինք: Մայիսի 7-ին ժամը 12-ին դուրս եկանք: Մութ գիշեր էր, մի քանի կիլոմետր պիտի քայլեինք, լուռ, անձայն, անշշուկ: Ծխելն էլ արգելված էր, կնկատվեինք: Շարքերով էինք բարձրանում, ձգված: Դողում էինք հոգնածութունից, վախից էլ: Պայմանավորվել էինք, որ պիտի հասնենք գետի մոտ, երկու ժամ հրետանին Շուշիի վրա կկրակի ու նոր մենք բարձրանանք: Հասանք:

Հրետանին 20 րոպե կրակեց, կապ տվեցին՝ «էլ չկա, բարձրացեք»: Բարձրացանք ու միանգամից թուրքերին տեսանք: Կրակի մոտ նստած տաքանում էին: Առավոտյան ժամը 6-ն էր: Միանգամից «բոյի» մեջ մտանք... մի զոհ, երկու վիրավոր ունեցանք: Հրամանատարը հարցրեց՝ ո՞վ վիրավորներին կտանի: Ժուռնալիստները՝ «мы, мы, կտանենք, հետ կգանք, մեզ սպասեք»: Տեսան կռիվն ինչ է: Բոլորս իրար նայեցինք, ծիծաղեցինք: Մի քանի կադր արեցին, վիրավորներին ու զոհին վերցրեցին, գնացին: Երկու հայ լրագրող մնաց:

Ձորի մոտ, հենց մեր կողքին շենք կար՝ 2 դռնով: Մտանք էդտեղ, կապ տվեցի, զեկուցեցի ուր ենք, ասացին «սպասեք հեսա մեր տանկերը գալու են»: Ես եմ, օպերատոր Շավարշը Վարդանյան: Նայում ենք, նայում, մեկ էլ տեսնենք 2 տանկ է գալիս: Թուրքի տանկեր: Դրանք էլ մեզ տեսան: Նշան բռնեցին ու կրակեցին: Պատին կպավ: Էն շենք ասածս երկու մետր պատ ու թեթև տանիք էր: Փախչելու տեղ չունեինք: Երկու դուռ կար՝ իրենցն էր ու մի ձոր: Ականջակալներս հանեցի, կանգնեցի... ավտոմատով ինչ անես տանկին: Շավարշն էլ «կամերան» գետնին դրեց, ինձ գրկեց, հարցրեց քանի տարեկան եմ, ասացի 33, ասաց Քրիստոսի հասակն է: Ինքը տասը տարով մեծ էր: Գիտեինք, որ մյուս կրակը մերն էր: Կրակեցին, պատին կպավ ու տեսնենք տանկերը շարժվում են, որ գնան: Էդ պահին ամբողջ տեխնիկան թողեցի, մի ավտոմատ, մի «ռացիա» վերցրեցի ու դուրս եկա շենքից: Թուրքը հասցրեց մի անգամ էլ խփի: Շենքը փլվեց: Փախան, որովհետև մեր տանկերն էին երևացել:

Հրամանատարին ասացի՝ «Վալերա, էս փոքր ռացիան ինչ վերցնեմ հետևիցդ վազեմ, վերցրու, ինձ էլ հետևակ ուղարկի»: Արգելեց, ասաց «ակումլյատորի համար ես պատասխանատու»: Նորից սկսեցինք բարձրանալ, մեկ էլ հաղորդագրություն եկավ՝ ով որտեղ կանգնած է՝ նստի, այսինքն՝ «պաուզա», բոլորս մնում ենք մեր տեղերում մինչև հաջորդ հրամանը: 10 րոպե, 10 ժամ, 1 օր՝ հայտնի չի ինչքան ժամանակով: Մայիսի 8-ի մոտ ժամը 2-ն էր: Կոմանդոսի միտքն էր, որ փախչեն, հայտարարվել էր՝ առանց տեխնիկա, առանց զենքի թողնում ենք, գնացեք:

Սպասում ենք, սպասում... մեր կողքին էլ ամբողջ Շուշիի շրջանի մթերքի բազան էր: Բացեցինք՝ արկղերով շամպայն, ֆիլտրով ծխախոտ, մենք թութուն էինք ծխում, «Կազբեկ» սիրգարետներից կար բլոկներով: Քեֆ ենք անում էդտեղ էդ օրը: Մեկ էլ երեկոյան կողմը հրամանատարն եկավ, թե «ակումլյատորը նստելա ռացիայի, կապ չունեմ, ապահովի»:

Ինչ անեմ, ոնց անեմ, «չգիտեմ, ուղղության կապավորը դու ես»: Վերցրեցի, Ստեփանակերտ գնացող մի ոստիկանի հետ իջա քաղաք, շտաբ: Տեսնեմ հերթ է՝ բոլոր ռացիաների ակումլյատորները միացված են, 8-9 ժամ տևելու էր մինչև մեր հերթը հասներ: Սպասելու ընթացքում սուրճով, կոնյակով «խաբեցի», ակումլյատորները փոխեցի, մերը լիցքավորեցի ու նորից մայիսի 7-ի նույն ճանապարհը ոտքով բարձրացա:

Մայիսի 8-ի գիշերն էր, մութ գիշեր,վախենոմ եմ մերոնք էլ ինձ կրակեն, թուրքերն էլ: Մարդ էր, շարժվում էր: Հայերեն գոռալով բարձրանում էի՝ «Ես եմ, Ալիկն եմ, 25-ն եմ, չկրակեք»... Տեղ հասա: Առանց էդ էլ մեծ ոտքերս ավելի էին մեծացել էնքան ուռել էին: Երկու անգամ ոտքով գնաս Շուշի, գաս, գիշերը՝ չքնած:

Կրակի մոտ նստել, հանգստանում էինք, գիշերվա ժամը 4-ին առաջանալու հրաման եկավ: Գնացինք ու Շուշիի կենտորնում երեք թևերը հանդիպեցին: Առանց «բոյի»: Գրկեցինք իրար:

Մի մեքենա եկավ, նստեցի, եկա մեր տուն՝ Ստեփանակերտ: Շենքի աստիճաններով բարձրանում եմ, մեր 4-րդ հարկի հարևանը մեծ մարդ էր, Վազի ապա էինք ասում, տեսավ.

-Ալիկ, դո՞ւ ես,

- Հա,

-Վիրավո՞ր ես,

-Չէ,

-Ճիշտն ասա,

-Չէ,

-Դե կանգնի,

-Չեմ կարում,

-Դու վիրավոր ես, դու չգիտես, տաք-տաք ես, չգիտես, որ վիրավոր ես,

-Վիրավոր չեմ, հոգնած եմ,

-Չէ, դու վիրավոր ես, չգիտես, միշտ էդպեսա լինում:

Եկավ, գրկեց, տարավ պառկեցրեց, ստուգեց, տեսավ որ ամեն ինչ տեղնա, կարճ պատմեցի, որ Շուշին ազատագրել ենք, մի երկու բաժակ խմեցինք, «վեշմեշոկս» բացեց, մի քանի տուփ «Կազբեկի»-ն տեսավ, ասաց «էսա՞ քո բերածը» ու գնաց: Քնեցի:

9-ի առավոտը ժամը տասին եկավ, ասաց՝ «Ալիկ, արթնացիր, արթնացիր»: Արթնացա, «բալկոնից» նայեմ, տեսնեմ թաղի ժողովուրդը «պադվալներից» դուրս է եկել, ում ինչ ուներ թաքցրած բերել, սեղան էին գցել, երկար սեղան ու ինձ էին սպասում, որ քեֆը սկսեն. էդ ժամանակ մեր թաղում մենակ ես էի կռվում, քանի ժամ սեղանները գցել, սպասում էին, որ արթնանամ, մի բաժակ բան խմենք:

Հիմա տեսնո՞ւմ ես ինչ խաղաղ է:Տեսնո՞ւմ ես քաղաքը ոնց ենք սարքել: Պատերազմի հետքերը համարյա չկան: Էս էլ ծննդատունն են կառուցում: Էնքան երեխա է ծնվում, հինը չի հերիքում:

1992-ի կադրերը՝ Արթուր Գրիգորյանի նկարահանումներից:

Անի Ավետյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---