Արմեն որբանոց. Հայ մանուկների խլված տունն ու հիշողությունները

Արմեն որբանոց. Հայ մանուկների խլված տունն ու հիշողությունները

Ճամբարը կառուցվել է 6-7 տարեկան երեխաների ձեռքով, որոնք հող են կրել ու պատ ներկել

«Ասում են` մարդիկ իրենց գրպանում իրենց մանկությունն են պահում: Իմ գրպանի մանկությունն այս ճամբարն է. Մենք այս տեղը հետ ենք ուզում»,- Կարո, Թուզլայի հայկական ճամբարի նախկին սան:

PanARMENIAN.Net - «ՔամփԱրմեն» անունով հայտնի հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող, երեկ լքված, այսօր արդեն կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին մի մեծ ընտանիքի տուն է եղել: Այն եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 5.552 քմ տարածք ունեցող «ՔամփԱրմենը» 1961 թվականին գնել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամ. այն ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկ փաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար:

Այստեղ իրենց ամառն են անցկացրել մոտ 1500 Կարոներ, Զաքարներ, Հրանտներ, Ռաքելներ, Լևոններ: Ճամբարը կառուցվել է հենց այս երեխաների ձեռքով: 6-7 տարեկան երեխաները հող են կրել ու պատ ներկել: Նրանց քրտինքով քար է դրվել քարի վրա, այգի է տնկվել ու ծառ ջրվել: Կյանքի նվազագույն ուրախություններից զրկված 1500 երեխա այս ճամբարում գտել են մեծ ու ջերմ ընտանիք: Իրենց ձեռքով տուն կառուցել, սովորել իրենց մայրենի լեզուն, ու ճամբարի պատերի ներսում թողել իրենց մանկության լավագույն հիշողությունները:

Ու այսպես մոտ մեկ տասնյակ տարի մինչև որ ճամբարն ապօրինի ճանապարհով խլվել է հայկական հիմնադրամի ձեռքից: Ճամբարի բռնազավթման պատմությունը բավականին երկար է ու խրթին: Պատմությունը լի է բազմաթիվ անտրամաբանական որոշումներով, ազգային փորքմասնությունների իրավունքների խախտումներով, դատական անարդյունք գործընթացներով:

Մինչ ճամբարի նախկին սաները պայքարում էին իրենց մանկության տունը հետ ստանալու համար, վերոնշյալ պատմությունը համալրվեց ևս մեկ տխրահռչակ իրադարձությամբ: Լուրեր տարածվեցին, որ ճամբարը պատրաստվում են քանդել ու դրա տեղում շքեղ վիլլա կառուցել: Իսկ նախօրեին շինարարական մեքենաները մտան ճամբար ու սկսեցին հողին հավասարեցնել այն: Որոշ սրտացավ մարդկանց ջանքերով ճամբարի ոչնչացումը կանգնեցվեց, ժամանակավորապես կանգնեցվեց:

Այս պատմության ավարտն ինչ կլինի, դժվարանում եմ ասել: Բայց վերջին շրջանում ճամբարի շուրջ ծավալված զարգացումների վերաբերյալ հնչող «Ինչո՞ւ, ինչպե՞ս, երբ՞, ու՞մ որոշմամբ, ի՞նչ հիմնավորմամբ» և այլ հարցերին կցանկանամ ավելացնել իմ հարցը. «Ի՞նչ խղճով եք Կարոյի գրպանից գողանում ու քանդում իր մանկությունը»:

Աստղիկ Իգիթյան / Ermenihaber.am
 Ամենաընթերցվողը բաժնում
Զուրաբիշվիլիի այցը բացահայտեց հարաբերությունների կնճիռները
Երևանն ու Բաքուն կոշտացնում են դիրքորոշումը ԼՂ հարցում
Որոնք են ՀՀ համար Իրանում վատագույն սցենարի ամենաակնհայտ ռիսկերը
Պանդեմիան հաղթահարելու չինական մեթոդը՝ հայ երիտասարդի աչքերով
 Ուշադրության կենտրոնում
Կալիֆոռնիայի ուսանողների լուռ բողոքի ցույցը՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ

Կալիֆոռնիայի ուսանողների լուռ բողոքի ցույցը՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ Ցույցին մասնակցող ուսանողները համալսարանների ներսում բերաները կապած «խոսում են» միայն պաստառների միջոցով

 Բաժնի այլ նյութերը
Ինչպես ավարտվեց Բանգլադեշի հայ համայնքի պատմությունը Դաքայում հայկական եկեղեցի ու գերեզմանոց կա, բայց հայ չկա
«Այսքան թեժ դեռ չէր եղել» ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի առճակատումը նոր քարտուղարի հարցի շուրջ
«Ամերիկյան երազանքի» այլընտրանքը Ուր մեկնել, եթե Green Card-ը մերժում են