«Խենթ Մաքսը». Բենզինով, ժանգ ու մետաղով լի արնաշաղախ գործողություն

«Խենթ Մաքսը». Բենզինով, ժանգ ու մետաղով լի արնաշաղախ գործողություն

Զգում ես, ինչպես է ատամներիդ տակ ճռճռում ավազը, աչքերդ ինքնաբերաբար կկոցվում են արևի աներևակայելի վառ լույսից, իսկ ականջներումդ դեռ լսվում է թմբուկների անվերջ տրոփյունն ու շարժիչների ոռնոցը

Երևանի կինոթատրոններում արդեն ցուցադրվում է Ջորջ Միլլերի «Խենթ Մաքսը. Ցասման ճանապարհ» երկար սպասված ֆիլմը: Կինոնկարն արդեն աղմուկ է հանել կինոհանրության շրջանում` քննադատների մեծ մասը դիտումից անմիջապես հետո հիացական գրախոսականներ գրեց` անվանելով այն «տարվա ֆիլմ», «եզակի գործ» և նույնիսկ «նոր դարաշրջանի բլոկբաստեր»: Ստորև ներկայացնում եմ տպավորություններս ֆիլմից:

PanARMENIAN.Net - Լավ ռեժիսորի լավագույն կանոնն է` «որքան մեծանում ես, այնքան վատն են դառնում քո ֆիլմերը»: Այն իրավացի է գրեթե բոլոր հայտնի ռեժիսորների համար: Տարիքի հետ ռեժիսորն ավելի եսակենտրոն է դառնում` կինո նկարահանելով «իր համար» և մոռանալով հանդիսատեսի մասին: Սակայն, կան բացառություններ, որոնք թեև միայն հաստատում են կանոնը, սակայն դա լավագույնն է, ինչ կարող է նվիրել աշխարհին կինեմատոգրաֆի մարդը: 70-ամյա Ջորջ Միլլերի ֆիլմը 100 տոկոսով հանդիսատեսի համար է նկարահանված, այն հարգանքի տուրք է հանդիսատեսին, սիրո խոստովանություն կինեմատոգրաֆին և բոլոր նրանց, ով սիրում է իսկական կինոն:

Մի քանի խոսք սյուժեի մասին: Իրադարձությունները տեղի են ունենում նույն հորինված աշխարհում, որտեղ Մել Գիբսոնի հերոսը 1979-ից սկսած 3 ֆիլմ շարունակ պայքարում էր կատաղած ավազակախմբերի դեմ: Վրեժխնդիր լինելով կնոջ և որդու մահվան համար` Մաքս Ռոկոտանսկին լքեց «Հիմնական ուժային պարեկության» շարքերն ու հեռացավ խուլ ու ամայի վայրեր, որտեղ թափառում էր միայնակ, քանի դեռ աշխարհը դանդաղ անկում էր ապրում էներգետիկ ճգնաժամի և համաշխարհային պատերազմի հետևանքով: «Հատուկ հետապնդող» մեքենայից բացի ոչինչ չունենալով` Մաքսը պետք է կարողանա վերապրել հետապոկալիպտիկ ամայության մեջ և պայքարի դաժան, անողոք զինվորների դեմ, որոնք բնակեցնում են այն:

Վերադառնալով իր կյանքի գլխավոր կինոհերոսին 30-ամյա դադարից հետո` Ջորջ Միլլերը առանձնապես չի կենտրոնանում սյուժեի վայրիվերումների վրա, թեև նախկինի պես կարողանում է պատմությունը հիանալի պատմել: Սա այն կինոն չէ, որից կարելի է խորիմաստ, անսպասելի ու բազմաշերտ լուծումներ ակնկալել ու հիանալ լավ մշակված կերպարներով, սրամիտ երկխոսություններով ու շարադրանքի կտրուկ շրջադարձերով: Ամեն ինչ շատ հստակ է ու պարզ, սակայն անցյալի կինեմատոգրաֆին այս հիանալի հղումը ոչ թե թերություն է, այլ այս հետապոկալիպտիկի հսկայական արժանիքը:

Միլլերը վերարտադրում է խենթ Մասքի աշխարհը զրոյից: Շատ մանրակրկիտ ու խնամքով է ուրվագծվում մռայլ մեռնող աշխարհը, որտեղ տեղ չի մնացել մարդկայինի համար, որտեղ քաոսն է միակ օրենքը, իսկ խենթությունը` միակ արժանիքը: Տեսանելի է ուշադրությունն ամենաանշան մանրուքների հանդեպ, որոնք չեն վխտում տեսախցիկի առջև (ինչպես հիմա նորաձև է), այլ օրգանական կապ ունեն ամբողջ կինոկտավի հետ, որպես «Խենք Մաքսի» լիարժեք գործող անձիք, ինչը ֆիլմը դարձնում է իր ժանրի մեջ եզակի: Ոչ մի վայրկյան քեզ չի լքում հորինված աշխարհի այդ պատկերի իրատեսության զգացողությունը` ամբողջ ֆիլմի ընթացքում զգում ես, ինչպես է ատամներիդ տակ ճռճռում ավազը, աչքերդ ինքնաբերաբար կկոցվում են արևի աներևակայելի վառ լույսից, իսկ ականջներումդ դեռ լսվում է թմբուկների անվերջ տրոփյունն ու շարժիչների ոռնոցը:

70-ամյա ռեժիսորը, ինչպես վիրտուոզ մի նկարիչ, ամեն մանրուք իր տեղը կդնի և կսկսի խելահեղություններ անել բառիս ամենալավ իմաստով: Ջորջ Միլլերին, հավանաբար, հաջողվել է գտնել կինոնկարահանման միանգամայն նոր ձև և վիզուալ էֆեկտներ ստեղծել, քանի որ ուղղակի աներևակայելի «էքշընը», բենզինով, ժանգ ու մետաղով լի ու արնաշաղախ, փոթորկալից գործողությունը ստիպում է հանդիսատեսին սեղմել աթոռի բռնակներն և ճչալ հիացմունքից: Միլլերին հաջողվել է օգտագործել եռաչափ կինոյի ամբողջ ներուժը` հանդիսատեսը ոչ թե ուղղակի նայում է գազանացած աշխարհի անսանձ ու դաժան առօրյային` նա իր մասշտաբով ու գեղեցկությամբ աներևակայելի այդ իրադարձությունների լիարժեք մասնակիցն է: «Դա այն է, ինչ տեղի կունենա մեզ հետ, եթե քաղաքակրթությունը մեռնի: Ավելի ճշգրիտ հնարավոր չէ պատկերել»,-անընդհատ կրկնում ես մտովի:

Առանձին պետք է նշել դերասանական հիանալի կազմը: Թոմ Հարդին (Մաքս) և Շարլիզ Տերոնը (Ֆյուրիոզա) ստեղծում են խորը, իրենց աշխարհն արտացոլող կերպարներ` կենդանի մարդկանց, որոնց ուզում ես կարեկցել և որոնց դրդապատճառները միանգամայն հասկանալի են: Երիտասարդ դերասան Նիկոլաս Հոլթը Նաքսի կերպարում այնպիսի խաղ է ցուցադրում, որ նրա մասնակցությամբ բոլոր դրվագներն արժանի են ներառվելու դերասանական վարպետության դասագրքերում` «Ինչպես պետք է խաղալ խենթությունը» գլխում:

Երեք տասնամյակ անց լեգենդար ռեժիսորը կարողացավ նոր կյանք հաղորդել իր ստեղծածին: Համարձակ կարելի է ասել, որ «Խենթ Մաքսը. Ցասման ճանապարհ» ֆիլմը 2015-ի իր ժանրի մեջ լավագույնն է: Եվ լավագույններից մեկը որպես եզակի, դիտարժան բլոկբաստեր: Իսկ պաշտամունքայինի վերածվելը միայն ժամանակի հարց է: Գլխավորը` սա այն ֆիլմերից է, որն անհրաժեշտ է դիտել միայն և միայն մեծ էկրանին, քանի որ սպասելով մինչ այն կհայտնվի տարբեր կրիչների վրա, դուք կզրկեք ձեզ մեծ հաճույքից: Գնահատեք և սիրեք լավ կինոն:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---