Ռիգայի գագաթնաժողովի հայկական ինտրիգը

Ռիգայի գագաթնաժողովի հայկական ինտրիգը

Կարելի է ենթադրել, որ ցանկացած համաձայնագիր, որ Հայաստանը, հնարավոր է, ստորագրի Ռիգայում, քննարկվել և համաձայնեցվել է Կրեմլի հետ

Վերջին օրերի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի հիմնական թեման մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովն է` առաջինը 2013-ից հետո: Հայաստանի համար գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք որևէ փաստաթուղթ կստորագրվի հայկական կողմի հետ, և եթե այո` ապա ինչպիսին այն կլինի: Եվս մեկ կենսական հարց. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը Ռիգայում և ընդհանրապես ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները:

PanARMENIAN.Net - Եթե դատելու լինենք ըստ Եվրոպայից հնչող բազմաթիվ հայտարարությունների, Ռիգայի գագաթնաժողովում Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում նոր մեկնարկ է նախատեսվում, որը կնշանավորվի փաստաթղթի ստորագրմամբ:

«Արևելյան գործընկերության» նախորդ` 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում կայացած գագաթնաժողովից հետո, որտեղ նախատեսված էր ԵՄ հետ ՀՀ Ասոցացման մասին համաձայնագրի կնքումը, բայց որն այդպես էլ չկնքվեց ԵՏՄ-ին միանալու Երևանի որոշման պատճառով, և հայկական, և եվրոպական կողմը բազմիս հայտարարել են, որ մտադիր չեն հրաժարվել երկկողմ համագործակցությունից: Ավելին` մտադիր են այն խորացնել: Եվրոպայի այս մտադրությունն ամրապնդվեց Ուկրաինայում ճգնաժամի և ՌԴ գործընկեր հանդիսացող, այդ թվում ԵՏՄ կազմում, երկրները սեփական ազդեցության դաշտից դուրս չթողնելու ցանկության ֆոնին:

Մայիսի 19-ի տվյալներով Եվրահանձնաժողովը հավանություն է տվել ընդլայնման առաջարկությանը Բելառուսի և Հայատանի հետ: «Մենք պետք է պատրաստ լինենք տարբեր իրավիճակների տարբեր գործընկերների հետ հարաբերություններում: «Արևելյան գործընկերության» ծրագրով մեր երկու գործընկերները` Հայաստանն ու Բելառուսը, որոշել են անդամակցել ԵՏՄ-ին, այսպիսով մենք պետք է ուսումնասիրենք և որոշենք, թե հիմա ինչպես պետք է խորացնենք մեր հարաբերությունները նրանց հետ»,-ասել է բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան:

Թե հատկապես որ ոլորտներում է նախատեսվում խորացնել գործակցությունը, չի նշվում, սակայն պետք է հաշվի առնել, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ԵՄ հետ հարաբերություններում շոշափվում էր առավելապես քաղաքական բաղադրիչը, քանի որ տնտեսականը կարող էր հակասել հայկական կողմի պարտավորություններին ԵՏՄ շրջանակում: Օրինակ` երկիրը չի կարող մասնակից լինել միանգամից երկու տարբեր առևտրի ազատ գոտիների:

Մինչդեռ, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հայտարարեց, որ Եվրամիությունը Հայաստանում միայն քաղաքական համագործակցությամբ չի սահմանափակվելու: «Բոլոր այն ուղղությունները, որոնք նախանշվել էին 2013 թվականի Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ, պետք է որ արդեն հաստատում գտնեն այս փաստաթղթերում և ստորագրվեն»,- ասաց Եվրամիության դեսպանը։

Թե հատկապես ինչ փաստաթղթի մասին է խոսքը եվրոպացի պաշտոնյաները ռում են. արդյոք դա լինելու է նոր համաձայնագիր գործակցության մասին, ճանապարհային քարտեզ թե հուշագիր մտադրությունների մասին: Ինչպես ասաց Լատվիայի արտգործնախարարության «Արևելյան գործընկերություն» ծրագրի հարցերով դեսպան Յուրիս Պոյկանսը, «Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում մենք կարող ենք հայտարարել ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագրի վերաբերյալ բանակցային գործընթացի մեկնարկի մասին: Թեև դա Ասոցացման համաձայնագիր չէ, այնուհանդերձ՝ այն բխում է Հայաստանի շահերից»:

Նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ Լատվիայի ԱԳՆ ղեկավար և ԵՄ Խորհրդի նախագահ Էդգարս Ռինկևիչսը` նշելով, որ ԵՄ-ն պատրաստ է քննարկել ՀՀ հետ նոր համաձայնագրի հնարավորությունը:

Մինչդեռ, ըստ եվրոպացի մի պաշտոնյայի, որը չի ցանկացել ներկայանալ, Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի հետ շրջանակային համաձայնության վերաբերյալ նոր առաջարկություններին: Ըստ նրա, վերջին ամիսներին ՀՀ-ն և ԵՄ-ն լավ «տեսական վարժանք են» կատարել (scoping exercise):

Անդրադառնալով այն հարցին, արդյոք փաստաթուղթը կունենա տնտեսական մաս, նա ասել է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, հետևաբար, նաև Մաքսային միության: «Նոր շրջանակային համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև կվերաբերվի գործակցության բոլոր ոլորտներին»,-հավելել է նա:

Ռիգայի հանդիպումից դեռ շատ առաջ եվրոպացի պաշտոնյաները սկսեցին խոսել յուրաքանչյուր երկրի հանդեպ անհատական մոտեցման անհրաժեշտության, և հետևաբար, ձևաչափը փոխելու մասին:

ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն իր հերթին ասաց. «Մենք պետք է խոստովանենք, որ մեր գործընկերները շատ տարբեր են: Ոմանք ցանկանում են մեզ հետ ավելի սերտ համագործակցություն ծավալել, այս պարագայում մենք պետք է մտածենք հետագա քայլերի մասին: Սա ներքին նուրբ թեմա է Եվրամիության համար: Մյուսներն էլ հետաքրքրված են այլ հարաբերություններ ծավալելու մեջ: Այդ իսկ պատճառով մենք պետք է մտածենք, թե ինչպես է ավելի լավ շարունակել հարաբերությունները, հնարավոր է՝ մտածենք նոր ձևաչափերի մասին, որոնք դեռ պետք է ստեղծել»:

Կարելի է ենթադրել, որ ցանկացած համաձայնագիր, որը Հայաստանը, հնարավոր է, որ ստորագրի Ռիգայում, քննարկվել և համաձայնեցվել է Կրեմլի հետ` խուսափելու համար թյուրիմացություններից ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ ԵՏՄ շրջանակում:

Մոսկվան, իր հերթին «դիտորդի» դեր է ստանձնել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բրյուսելում ԵՄ Նախարարների խորհրդի կոմիտեի նիստի ավարտին հայտարարեց, որ Մոսկվան չի պարտադրի իր որոշումները ԵՄ-ին, սակայն կցանկանար, որ տարբեր երկրների հարաբերությունները ԵՄ հետ զարգանան ոչ ի վնաս Ռուսաստանի:

«Ես չեմ կարող մեկնաբանել մեր սպասելիքները, մենք չեք կարող ԵՄ-ին և նրա գործընկերներին պարտադրել ինչ-ինչ որոշումներ, մենք միայն ցանկանում ենք, և մեր գործընկերները Բրյուսելում վաղուց դա գիտեն, որ այդ հարաբերությունները չկառուցվեն ի վնաս ՌԴ օրինական շահերի»,-ասել է Լավրովը:

Եվրոպական կառույցները պնդում են, որ բոլոր հնարավոր զարգացումները «Արևելյան գործընկերության» երկրների հետ ուղղված չեն ՌԴ դեմ: Ըստ Պոյկանսի, «նրանք ցանկանում են Ռուսաստանի հարևանների հետ միասին, որոնք, ի դեպ, նաև ԵՄ հարևաններն են, բարգավաճող և կայուն գոտի ստեղծել ԵՄ-ից դուրս»:

Մինչդեռ, որոշ փորձագետներ Ռիգայի գագաթնաժողովից ճակատագրական որոշումներ չեն ակնկալում: Նրանց կարծիքով, Ռիգայի գագաթնաժողովում պատմական որոշումներ չեն կայացվելու` դա կլինի մասնակից երկրների հանդեպ մոտեցումների վերանայում:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպմանը Ռիգայում, ապա դեռևս հավաստի տեղեկություններ այդ մասին չկան:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասաց, որ նման հանդիպում նախատեսված չէ, սակայն «եթե նախագահները ցանկանում են հանդիպել և քննարկել խաղաղությանն ուղղված քայլեր, համանախագահները միշտ պատրաստ են աջակցել»:

«Մենք կարծում ենք, որ կողմերը պետք է կանոնավոր հանդիպումներ ունենան բանակցային գործընթացի շրջանակում` համալրելով նախագահների հանդիպումները: Կոնկրետ ժամկետներ դեռ չկան, սակայն համանախագահները մտադիր են առաջիկայում այցելել տարածաշրջան»:

Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ նախատեսվում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Համանախագահների տարածաշրջան վերջին այցի ժամանակ նրանք պատրաստակամություն հայտնեցին հանդիպելու 2015-ին: ԱԳ նախարարների հետ միասին մենք աշխատում ենք կողմերի միջև տարաձայնությունները նվազեցնելու և նախագահների հերթական հանդիպման օրակարգը պատրաստելու ուղղությամբ»,-ասել է Ուորլիքը: Հավաստի է, որ միջնորդները մտադիր են կազմակերպել հանդիպումը մինչև տարեվեջ, սակայն երբ և որտեղ այն կլինի, դեռ հայտնի չէ: Չի բացառվում, որ այն կայանա 2015-ի սեպտեմբերին Նյու Յորքում` ՄԱԿ ԳՎ հերթական նիստի շրջանակում:

Այնուամենայնիվ, որոշ ժամանակ առաջ ԵՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ հանդիպումը Ռիգայում կկայանա: «Լեռնային Ղարաբաղի պարագայում ընթանում է այսպես կոչված Մինսկի գործընթացը, որտեղ նախագահում են մեր անդամ երկրներից մեկը` Ֆրանսիան, ինչպես նաև Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների, ԱԳ նախարարների հանդիպումները: Սա այն սակավաթիվ գործընթացներից է, որին Եվրամիությունը չի մասնակցում»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի:

Նա նշել է, որ հակամարտության կարգավորման «ձևաչափը չի փոխվում»: «Մենք միանգամայն վստահ ենք, որ ռուս, ամերիկացի և ֆրանսիացի մեր գործընկերները բոլոր ջանքերը գործադրում են կարգավորման համար: Սակայն, ցավոք, դա շատ բարդ հարց է»,-ասել է եվրոպացի պաշտոնյան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Փորձագետները սպասումների մեջ են` արդեն շուտով, մի քանի օրից հայտնի կդառնա, արդյոք Ռիգայի գագաթնաժողովը շոշափելի փոփոխություններ կազդարարի Հայաստանի Հանրապետության կյանքում:

Մարինա Անանիկյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---