Հալեպի Մեծ մզկիթից մինչև Պալմիրա. «Իսլամական պետությունն» ընդդեմ մշակութային ժառանգության

Հալեպի Մեծ մզկիթից մինչև Պալմիրա. «Իսլամական պետությունն» ընդդեմ մշակութային ժառանգության

Պատմական քաղաքներ, հուշարձաներ ու կառույցներ, այդ թվում հայկական, որոնք հայտնվել են իսլամիստների հետ ռազմական գործողությունների կենտրոնում, թալանվել, հրկիզվել, ավերվել

Սիրիայում կառավարական զորքի ջանքերին հակառակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հնագույն Պալմիրա քաղաքը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից: Քաղաքի հուշարձանների ոչնչացման վերաբերյալ տեղեկություն չի ստացվել, շարժական հարյուրավոր հուշարձաններ տեղափոխվել են ապահով վայրեր:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ն առանձնացրել է պատմական քաղաքներ, հուշարձաներ ու կառույցներ, այդ թվում հայկական, որոնք հայտնվել են իսլամիստների հետ ռազմական բախումների կենտրոնում, թալանվել, հրկիզվել, ավերվել: Որպես կանոն, զինյալներն իրենց գործողությունները լուսանկարում և տեսագրում են, ապա տարածում համացանցային և քարոզչական իրենց ռեսուրսներով:

Սիրիական ժառանգությանն ամենամեծ վնասներից մեկը պատմաբանները համարում են 715-ին կառուցված և 2013-ի ապրիլին ամբողջությամբ գետնին հավասարեցված Հալեպի Մեծ մզկիթը:

Հալեպի ամենամեծ և ամենահին մզկիթը կառուցվել է 13-րդ դարում, սակայն դրա մինարեթներից մեկն ավելի քան 1 000-ամյա է: 2012-ի հոկտեմբերին մզկիթի տարածքում վերահսկողություն հաստատելու համար կառավարական զորքն է հրետակոծությամբ գրոհ նախաձեռնել, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել: Ռազմական հաջողությանը հետևել է մինչև նույն տարվա վերջը մզկիթը վերականգնելու կառավարության խոստումը: 2013-ի փետրվարին, սակայն, իսլամիստները պայթեցրել են մզկիթի հարավային պատը, իսկ ապրիլին ոչնչացրել կանգուն մնացած միակ մինարեթը:

Համայի ջրանիվները Սիրիայում պահպանվել էին և դարձել զբոսաշրջային կարևոր ուղղություն: 2014-ին իսլամիստներն այրել են դրանցից մի քանիսը:

Օրոնտ գետի վրա 5-րդ դարին թվագրվող ջրանիվները 30-նն էին, մինչ ռազմական գործողությունները Սիրիայում պահպանվել էին դրանցից 17-ը:

Ալեքսանդր Մեծից մինչև հռոմեական, մոնղոլական և օսմանյան իշխանությունները հասած Հալեպի միջնաբերդի որոշ հատվածներ օգտագործվում էին որպես ռազմաբազա. ոչնչացվել են 2012-ի օգոստոսին:

Սիրիական բանակի 25 զինծառայող 9 օր կարողացել է միջնաբերդը պահել, մինչև զինյալները սկսեցին պայթուցիկներ օգտագործեցին: Հալեպի միջնաբերդը 1986-ից ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Հալեպի Հին շուկան տարածաշրջանային արտադրանքի կարևոր առևտրային կենտրոն էր. շուկայի թունելները ռազմական գործողությունների կենտրոնում էին և 2012-ի հոկտեմբերին լուրջ վնասվել, ապա այրվել են:

Շուկան Սիրիայի համաշխարհային ժառանգության 6 կառույցներից մեկն է և ՅՈւՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության ցանկում 1986-ից:

2014-ի ամռան սկզբին ԻՊ զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահման: Ռազմական գործողություններն այստեղ ևս ուղեկցվում են պատմական քաղաքների և հուշարձանների թալանով ու ոչնչացմամբ:

Ապրիլի սկզբին տեղեկություն տարածվեց, որ իսլամիստներն ավերակների են վերածել հնագույն պարթևական Հաթրա քաղաքը՝ ժամանակակից Իրաքի հյուսիսում: Գրոհայինները մահակների և հրազենի օգնությամբ կոտրել են հին քանդակներն ու արվեստի այլ նմուշներ, որոնք պատմական հուշարձանի տարածքում էին, ապա հատուկ տեխնիկայի միջոցով հողին հավասարեցրել քաղաքը:

Համարվում էր, որ զինյալները դեռևս մարտի սկզբին են ավերել քաղաքը, բայց վերջին շինություններն ու արտեֆակտերը, այդ թվում նաև այն տարածքը, որտեղ հնագիտական պեղումների էին կատարվում, հենց ապրիլի սկզբին են ոչնչացվել: ՀաթրանՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում էրհելլենական և հին հռոմեական ավանդույթների տարրերովեզակի ճարտարապետության համար:

Մարտի 20-ին տեղեկություն տարածվեց, որ ծայրահեղականները թալանել են Մոսուլից 30 կմ հեռու գտնվող Էլ Համդանիա քաղաքի շինությունների համալիրը, իսկ հետո գործի են դրել վանքի տարածքում տեղադրված պայթուցիկ սարքը:

Էլ Համդանիայի վանքը 4-րդ դարում կառուցվել է Ասորեստանի թագավոր Սենհարեբի հրամանով՝ որպես ապաշխարանք որդու՝ Բեհնամի և դստեր՝ Սառայի սպանության համար, որոնք քրիստոնեություն էին ընդունել: Մինչև 1790-ը վանքը հանգստավայր է եղել բազմաթիվ սիրիացի ուղղափառ պատրիարքների համար, մինչև որ չի փոխանցվել կաթոլիկ եկեղեցուն: Սակայն 8 տարի անց սիրիական ուղղափառ եկեղեցին կրկին ընդունել է այն:

Իրաքի զբոսաշրջության և պատմական հուշարձանների նախարարության տվյալով մարտի սկզբին ԻՊ զինյալները հողին են հավասարեցրել ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեցող ասորական Նեմրութ քաղաքի ավերակները:

«Ասորեստանի մարգարիտ»-ը հիմնադրվել է Ք.ա. 13-րդ դարում՝ Մոսուլի հարավ-արևելքում, Տիգրիսի ափին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԻՊ գրոհայիններն Իրաքի հյուսիսում ոչնչացրել են հազարամյակների վաղեմության արձանների և քանդակների հավաքածու: Քանակը չի նշվում:

Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները պայթեցրել են Մոսուլի կենտրոնական գրադարանը՝ ոչնչացնելով 10 հազար գիրք: Գրադարանի բակում իսլամիստները խարույկ են վառել գրքերից ու ձեռագրերից:

Ոչնչացված գրքերի թվում են նաև մշակույթի, փիլիսոփայության ու պատմության եզակի նմուշներ: ԻՊ գրոհայինները արդարացրել են իրենց գործողությունները, թե գրքերն ու ձեռագրերն այլախոհություն էին սերմանում:

Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ իսլամիստները Մոսուլում պայթեցրել են Սուրբ Գևորգ քրիստոնեական եկեղեցին։

Քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին համարվում է ամենամեծն ու ամենից շատ հետևորդներ ունեցող եկեղեցիներից մեկը: Եկեղեցու հարևանությամբ է գտնվում նաև քրիստոնեական գերեզմանոցը:

Հալեպում շարունակվող հրթիռակոծությունների թիրախն ապրիլի 28-ին պատմական Ջդեյդե թաղամասում գտնվող, 15-րդ դարում կառուցված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին և հարակից տարածքն էին: Եկեղեցին գրեթե ամբողջությամբ փլված է:

Պայթեցվել է ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Չի փուլզվել միայն զանգակատան մի փոքր հատվածը: Եկեղեցու համալիրում կային բազմաթիվ սրբապատկերներ՝ հիմնականում 17-րդ դարի, նրա կազմում ներառված է նաև հայկական դպրոց, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին:

2014-ի սեպտեմբերի 21-ին ծայրահեղականներն ականապատել և պայթեցրել ենԴեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

Այս եկեղեցի-հուշահամալիրում էին ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կային։

2013-ին Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Ռաքքայի Թել Աբիդադ քաղաքում, իսլամիստները հրկիզել են հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ ապաստան էին գտել արաբ ընտանիքներ:

Հրկիզելուց առաջ հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան նրանք հանել են եկեղեցու խաչը: Վնասվել է ներքին հարդարանքը: Հայերը Թել Աբիդադում հաստատվել են 1915-ից: Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1932-ին, վերանորոգվել 1996-ին: Մինչ պատերազմը եկեղեցում կիրակնօրյա դպրոց էր գործում:

2014-ի ամռան սկզբին ԻՊ զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջին նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին սկսեց ավիահարվածներ սկսեց ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում Վաշինգտոնն ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության:

Անի Ավետյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---