Ինչպես 1913-ին ձախողվեց Կիլիկիայի հայերին զենքով օգնելու հույների փորձը

Ինչպես 1913-ին ձախողվեց Կիլիկիայի հայերին զենքով օգնելու հույների փորձը

Կիլիկիայի միջադեպը փաստում է՝ Ցեղասպանությունից առաջ հայերն անպատրաստ էին պաշտպանելու իրենց անվտանգությունը ֆիզիկական ոչնչացումից ու բռնագաղթից

Հայ-հունական բարեկամության և ռազմական գործակցության տարեգրության մեջ հայերի համար ճակատագրական ուշագրավ մի դրվագ է եղել՝ Հայոց ցեղասպանությանն ընդառաջ: Այդ շրջանում՝ 1910-1915 թթ. Հունաստանի վարչապետն էր նշանավոր պետական գործիչ Էլեֆթերիոս Վենիզելոսը (1864-1936), որը, լինելով հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկը, մեծապես կարևորում էր թուրքական տիրապետության դեմ հայերին աջակցելու և ընդհանուր հակառակորդի դեմ գործակցելու անհրաժեշտությունը, գրում է ArmenianGenocide100.org-ը:

PanARMENIAN.Net - Ինչպես գրում է «Մշակ» թերթը, 1913-ի նոյեմբերի սկզբին հունական մի շոգենավ, զենքով ու ռազմամթերքով (ըստ որոշ աղբյուրների՝ մոտ 7.000 հրացան) բեռնված, մեկնում է Կիլիկիա՝ դրանք հայերին հանձնելու համար: Այդ մասին տեղեկանալով՝ Միջերկրական ծովի գերմանական ռազմական նավատորմի հրամանատարը մեկնում է Կիլիկիայի ափերը, որպեսզի կանխի զենքի բեռնաթափումը: Արդեն մոտալուտ աշխարհամարտին ընդառաջ, Օսմանյան կայսրությունը Գերմանիայի դաշնակիցն էր, և վերջինս չէր կարող թույլ տալ հայերի զինումը:

Բայց բանը չհասավ գերմանական կողմի միջամտությանը: Ըստ «Մշակ» թերթի տեղեկությունների՝ հայերը, «ենթարկվելով իրենց հոգևոր իշխանությունների նախազգուշացմանը և առհասարակ չմտորելով ապստամբության մասին», չգնացին զենքն ընդունելու: Իսկ շոգենավը, Մերսինի շրջանում մոտենալով ծովափին և այնտեղ հայերի չտեսնելով, հեռացավ:

Մինչև այդ, սակայն, տեղի թուրքերին տեղեկություններ էին հասել շոգենավի ժամանման և նպատակի մասին, ու հայերի դեմ ուղղված սպառնալից շարժումներ էին սկսել. հայերը սկսեցին երկյուղել, թե կարող են կրկնվել 1909-ի Ադանայի ջարդի գազանությունները: Թեև գերմանական ծովակալը չկարողացավ կանգնեցնել հունական շոգենավը, տեղեկանալով թուրքերի շրջանում սկսված հակահայկական հուզումների մասին՝ այցելեց Ադանայի նահանգապետին և սպառնաց, որ հայերի կոտորածների դեպքում կռմբակոծի Ադանան, և որ «Գերմանիան կդադարի պաշտպանել Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի»:

Թե իրականում ինչպես կգործեր գերմանական հրամանատարությունը այդ ժամանակ հայերի հնարավոր ջարդերի դեպքում՝ հայտնի չէ: Համենայն դեպս, այդ շրջանում, երբ եվրոպական մեծ տերությունների դիվանագիտական ակտիվ քննարկումների առարկա էր Օսմանյան կայսրության հայկական նահանգներում բարեկարգումներ անցկացնելու հարցը, նախքան այդ պասիվ և առավելապես թուրքական կողմին սատարող Գերմանիան առժամանակ սկսեց ակտիվորեն հանդես գալ դրանք իրականացնելու օգտին: Նպատակը մի կողմից հարցն իր հակառակորդ Անտանտի երկրների՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հայեցողությանը չթողնելու ցանկությունն էր, մյուս՝ արևմտահայության համակրանքը դեպի իր կողմը շեղելու փորձը: 1914-ին Գերմանիայում հիմնվեց Գերմանա-հայկական ըներությունը, որի նախագահը հայտնի հասարակական գործիչ ու մարդասեր Յոհաննես Լեփսիուսն էր:

Իսկ արդեն 1915-in սկսված հայերի կոտորածների ու բռնագաղթի հարցում Գերմանիան իր ռազմական դաշնակից Թուրքիայի հանդեպ հանցավոր անտարբերության ու թողտվության քաղաքականություն դրսևորեց:

Ինչպես գրում է «Մշակը», հունական աղբյուրների համաձայն՝ զինատար շոգենավը պատկանել է մասնավոր անձի, և Մերսինի ափերի մոտ դրա երևալուն քաղաքական նշանակություն չի տրվել:

Թեև հունական ռազմական նշանակալի աջակցությունը մերժելու փաստն ինքնին մեկ անգամ ևս հերքում է Ցեղասպանության թուրքական ժխտողականության ամենատարածված թեզերից մեկը՝ իբր հայերի կողմից նախապատրաստվող ապստամբության մասին, այնուամենայնիվ, դեռ Աբդուլ Համիդի օրոք հայության դեմ սկսված՝ շարունակական պետական ցեղասպանական քաղաքականության հետևանքով հայությունը լիարժեք բարոյական և օրինական իրավունք ուներ՝ զենքը ձեռքին պայքարելու թուրքական բռնատիրության և ոչնչացման քաղաքականության դեմ: Իրադարձությունները, սակայն, այլ կերպ ընթացան, և օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով՝ Առաջին աշխարհամարտին ընդառաջ Օսմանյան կայսրությունում հայությունը, այդ թվում և՝ Կիլիկիայում, նախընտրեց ապավինել իշխանություններին չգրգռելու և բարեկարգումների իրագործման միջոցով Հայկական հարցը լուծելու քաղաքականությանը: Եվ Կիլիկիայի միջադեպը միայն փաստում է՝ Ցեղասպանությունից առաջ հայերն անպատրաստ էին պաշտպանելու իրենց անվտանգությունը ֆիզիկական ոչնչացումից ու բռնագաղթից:

Սամսոն Հովհաննիսյան / ArmenianGenocide100.org
 Ամենաընթերցվողը բաժնում
Զուրաբիշվիլիի այցը բացահայտեց հարաբերությունների կնճիռները
Երևանն ու Բաքուն կոշտացնում են դիրքորոշումը ԼՂ հարցում
Որոնք են ՀՀ համար Իրանում վատագույն սցենարի ամենաակնհայտ ռիսկերը
Պանդեմիան հաղթահարելու չինական մեթոդը՝ հայ երիտասարդի աչքերով
 Ուշադրության կենտրոնում
Կալիֆոռնիայի ուսանողների լուռ բողոքի ցույցը՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ

Կալիֆոռնիայի ուսանողների լուռ բողոքի ցույցը՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ Ցույցին մասնակցող ուսանողները համալսարանների ներսում բերաները կապած «խոսում են» միայն պաստառների միջոցով

 Բաժնի այլ նյութերը
Ինչպես ավարտվեց Բանգլադեշի հայ համայնքի պատմությունը Դաքայում հայկական եկեղեցի ու գերեզմանոց կա, բայց հայ չկա
«Այսքան թեժ դեռ չէր եղել» ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի առճակատումը նոր քարտուղարի հարցի շուրջ
«Ամերիկյան երազանքի» այլընտրանքը Ուր մեկնել, եթե Green Card-ը մերժում են