17  Հայկական ժառանգություն. Հոռոմայրի վանական համալիր (Լոռու մարզ)
Հոռոմայրի վանական համալիրը. Ժայռերի արանքում կառուցված եկեղեցին ու միջնադարյան գերեզմանատունը

Հոռոմայրի վանական համալիրը. Ժայռերի արանքում կառուցված եկեղեցին ու միջնադարյան գերեզմանատունը

Համալիրը երկու հուշարձանախումբ ունի՝ Ներքին և Վերին

Հոռոմայրը VII դարից հիշատակվող միջնադարյան ճարտարապետական վանական համալիր է, կառուցված Լոռվա ձորի ծերպերից մեկին՝ Օձուն գյուղից 1 կմ հեռավորությամբ: PAN Photo-ն այցելել VII ու XIII դարերին երկու փուլով կառուցված վանական համալիր, որը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոններից էր:

PanARMENIAN.Net - Վանական համալիրը կազմված է երկու եկեղեցուց, գավիթ-տապանատնից ու գերեզմանոցից: Համալիրը բացի քարաշեն կառույցներից ունի նաև պաշտամունքի հարմարեցված բնական քարայրների համակարգ:

Համալիրը երկու հուշարձանախումբ ունի՝ Ներքին և Վերին: Ներքինը ժայռի տակ է, Դեբեդ գետի ձախափնյա ձորալանջին, Վերինը՝ ձորաեզրին, բարձր սարահարթի վրա:

Վերին հուշարձանախումբը նաև Ձորաեզրի վանք են կոչում, այն բաղկացած է իրար կից երկու եկեղեցուց, գավթից և գերեզմանատնից:

Հարավային եկեղեցին, որը հիշատակվում է նաև Ծիրանավոր Սբ Նշան անունով, 1206-ին կառուցվել է վանքի առաջնորդ, վանահայր Սամուելի և միաբանության կողմից. այն հուշարձանախմբի հնագույն եկեղեցին է: Թաղակապ ծածկով, միանավ բազիլիկ կառույց է: Արևելյան պատուհանի բարավորի վրա հիշատակվում է կառուցող վարպետի անունը՝ Գրիգոր քարգործ: Կառուցված է բազալտե կապտավուն սրբատաշ քարերով: Հուշարձանախմբի միակ եկեղեցին է, որի ծածկը համեմատաբար պահպանված է:

Հյուսիսային եկեղեցին կառուցվել է գավթի հետ միաժամանակ՝ XIII դարակեսին: Միանավ, թաղակապ կառույց է: Մուտքը հյուսիսային կողմից է և բացվում է գավթի մեջ: Կառուցված է դեղնաշագանակագույն ֆելզիտով, արևմտյան պատն էլ դրսից պատված է խաչապատկերներով: Ներկայումս կիսավեր վիճակում է, ծածկն էլ չի պահպանվել:

Երկու եկեղեցու արանքում գավիթն է, որը հյուսիսային եկեղեցու հետ միասին XIII դարակեսին կցվել է հարավային եկեղեցուն: Այն հուշարձանախմբի առավել ուշագրավ կառույցն է: Գրեթե քառակուսի հատակագծով սրահ է՝ ծածկված անկյունագծային դասավորությամբ, փոխհատվող կամարներով ուժեղացված թաղով: Պահպանվել է ծածկի միայն հյուսիսային հատվածը: Մուտքն արևմտյան կողմից է, բավական լայն է և եզերված քանդակազարդ շրջանակով: Հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք ձգվող թաղակիր կամարի կենտրոնում հավերժության նշան և բազմաթերթ վարդյակ են պատկերված: Երկու եկեղեցու մուտքերը գավթի կողմից են, որի արևելյան ճակատը ամբողջությամբ ծածկված է խաչաքանդակներով: Կառուցված է ֆելզիտե սրբատաշ քարերով:

Հուշարձանախմբի արևմտյան կողմում միջնադարյան գերեզմանատունն է, որտեղ խաչքարեր և տապանաքարեր կան: Այն վանքի հյուսիսային և արևմտյան կողմերում է: Այստեղ պահպանված մի քանի խաչքարերերի ու տապանաքարերի թվում է 1201-ին կերտված Տերունական խաչքարը:

Լուսանկարները՝ Կարո Սահակյանի / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---