Կինոաֆիշ. Հինգ ֆիլմ, որոնք կարելի է դիտել հունիսին

Կինոաֆիշ. Հինգ ֆիլմ, որոնք կարելի է դիտել հունիսին

Հունիսյան պրեմիերաներն ավանդաբար բաղկացած են լինում կինոկատակերգություններից և աղմկահարույց ամառային բլոկբաստերից

Հունիսը համարվում է խոշոր բյուջեով և աղմկահարույց պրեմիերաներով հարուստ այսպես կոչված ամառային կինոսեզոնի նախաշեմը: Հիմնական մասը բաժին է ընկնում հուլիս-օգոստոս ամիսներին, ուստի ստուդիաները ձգտում են իրենց սեփական նախագծերի առաջին ցուցադրության օրերը հենց այդ ժամանակահատվածում տեղավորել: Հունիսն այս իմաստով շատ ավելի «թեթև է». փոքր ծախսերով մեծ փողեր հավաքելու ունակ կինոկատակերգություններ և մեկ խոշոր բլոկբաստեր, որը հանդգնել է էկրան բարձրանալ ռիսկային այս ժամանակահատվածում:

PanARMENIAN.Net - Ծանոթանալով ժամանակացույցին` PanARMENIAN.Net ը ներկայացնում է 5 նորույթ, որոնք հնարավոր կլինի դիտել հունիսին երևանյան կինոթատրոններում:

«Լոնդոնյան արձակուրդներ» (օրիգինալ անվանումը` A Royal Night Out)

Կատակերգություն, Մեծ Բրիտանիա, 2015 թ.

Ռեժիսոր` Ջուլիա Ջարոլդ

Դերերում` Սարա Գադոն, Ռուպեր Էվերեթ, Էմիլի Ուոթսոն, Ջեք Ռեյնոր

Պրեմիերան Երևանում հունիսի 4-ին

1945 թ. Եվրոպայում Հաղթանակի օրը արքայադուստր Մարգարեթին ու նրա քրոջը` Էլիզաբեթին թույլ են տալիս գիշերը լքել Բուքինհեմյան պալատը: Նրանց ռոմանտիկ արկածներ ու վտանգներ են սպասում: Ջուլիա Ջարոլդի կատակերգության համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 14-ին, սակայն հայ հանդիսատեսը կտեսնի այն գրեթե մեկ ամիս անց: Կինոնկարը հիացական արձագանք չստացավ ոչ հանդիսատեսի, ոչ էլ կինոքննադատների կողմից, որոնք նշում են թեթև շարադրանքն ու ծայրահեղ ռոմանտիկությունը, ինչը հակասում է սրամիտ բրիտանական կոմեդիայի մասին պատկերացումներին: Սակայն «Լոնդոնյան արձակուրդները» ֆիլմը վատ ընտրություն չէ հաճելի և մտորումներով չծանրաբեռնված ժամանակ անցկացնելու համար` ի վերջո կինեմատոգրաֆիկ հունիսը հենց դա է ենթադրում:

«Լրտեսը» (օրիգինալ անվանումը` Spy)

Կատակերգություն, ԱՄՆ, 2015 թվական

Ռեժիսոր Փոլ Ֆեյգ

Դերերում` Մելիսսա Մաքքարթի, Ջեյսոն Սթեթհեյմ, Ռոուզ Բիրն, Ջուդ Լոու, Միրանդա Հարթ:

Պրեմիերան Երևանում հունիսի 4-ին

«Կիսաշրջազգեստով ոստիկանները» կատակերգության հաջողությունից հետո ռեժիսոր Փոլ Ֆեյգի և կատակերգու դերասանուհի Մելիսսա Մաքքարթիի տանդեմը ձեռնարկեց կոշտ ու շատ ծիծաղելի ևս մեկ կատակերգության նկարահանում ոչ ընտանեկան կինոդիտման համար: Ֆիլմի սյուժեն պարզունակ է. Սյուզան Կուպերն աշխատում է գաղտնի ծառայությունում և երազում է առանձնահատուկ դառնալ, սակայն նրան ոչ մի կերպ դա չի հաջողվում: Սակայն շուտով հայտնվում է ունակություններն ի ցույց դնելու շանսը: Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել է SXSW կինոփառատոնի շրջանակում` արժանանալով կինոքննադատների գովեստներին, որոնք նշում էին, որ Սյուզեն Կուպերի դերը լավագույնն է Մաքքարթիի կարիերայում: Ծիծաղերի, բայց առանց գռեհկության պատմություն պատմելու Ֆեյգի ունակությունը հետաքրքիր դերասանական խաղի (թեկուզ ավանդաբար մռայլ Սթեյթը իր համար անսովոր ամպլուայում) և սրամիտ երկխոսությունների հետ մեկտեղ նպաստում են, որ «Լրտեսը» լավ ընտրություն լինի մեծ խմբով կինո գնալու համար:

«Յուրայի դարաշրջանի աշխարհը» (օրիգինալ անվանումը` Jurassic World)

Ֆանտաստիկա, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Քոլին Թրեվորոու

Դերերում` Քրիս Փրեթ, Բրայս Հովարդ, Ջեյք Ջոնսոն

Պրեմիերան Երևանում հունիսի 11-ին

Սթիվեն Սփիլբերգի լեգենդար «Յուրայի դարաշրջանի այգին» ֆիլմից 22 տարի անց էկրանին կենդանացած դինոզավրերը վերադառնում են: 2001-ին էկրան բարձրացած «Յուրայի դարաշրջանի այգի-3»-ը վերջինն էր ֆիլմաշարում և բավականին սառը ընդունվեց հանդիսատեսի և կինոքննադատների կողմից: «Յուրայի դարաշրջանի աշխարհն» անցել է «արտադրական դժոխքով»` 10 տարի շարունակ այն մեկ արտադրության է դրվել, մեկ փակվել է: Եվ եթե չլիներ Սփիլբերգի ձգտումը վերադարձնել կինոդիտողին հրաշալիքների աշխարհ, կինոնկարն այդպես էլ կմնար ստուդիայի պահարանում: 150-միլիոնանոց բլոկբաստերի գործողությունը տեղի է ունենում «Յուրայի դարաշրջանի այգին» ֆիլմի իրադարձություններից 22 տարի անց: Նուբլար կղզում գործում է Ջոն Հեմմոնդի մտահղացած այգին, սակայն հաճախորդների թիվը նվազում է, և այգու սեփականատեր ընկերությունը որոշում է նոր ատրակցիոն բացել` այցելուներին գրավելու համար: Ստեղծվում է դինոզավրի նոր տեսակ` Ինդոմինուս-Ռեքս:

«Փախուստի դիմած սիրունիկները» (օրիգինալ անվանումը` Hot Pursuit)

Կատակերգություն, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Էնն Ֆլեթչեր

Դերերում` Ռիզ Ուիզերսփուն, Սոֆիա Վերգարա, Մեթյու Դել Նեգրո

Պրեմիերան Երևանում հունիսի 11-ին

Եվս մեկ կրիմինալ կատակերգություն` այս անգամ ոստիկանության սպայի և կալանավոր կնոջ մասին, որոնք ճակատագրի բերումով հայտնվում են փախուստի մեջ Տեխասում: Օսկարակիր Ռիզ Ուիզերսփունը վերադարձել է իր սկզբնական ամպլուային` գերազանց կատարելով «գորշ մկնիկի» և համատեղության կարգով ոստիկանության աշխատակցի դերը, որին վիճակված է դժվարին ու կուրյոզներով լի ճանապարհ անցնել գեղեցկուհի Դանիելլա Ռիվայի ուղեկցությամբ: Սակայն Ուիզերսփունի լավ դերակատարումից բացի քննադատները ոչ մի նշանակալի բան չգտան ֆիլմում` նրանք նշում են կերպարների «կոպտությունը», ավելորդ գռեհկությունը ընտանեկան կինոդիտման համար նախատեսված ֆիլմում և պարզունակ հումորը: Կինոհանդիսատեսն էլ կարծես համամիտ է` արդեն 24 օր է ֆիլմը ցուցադրվում է աշխարհի տարբեր երկրներում: Եվ այս ընթացքում հավաքել է ընդամենը 33 մլն դոլար` շատ վատ ցուցանիշ այս ժանրի ֆիլմի համար:

«Երրորդն ավելորդ է» (օրիգինալ անվանումը` Ted 2)

Կատակերգություն, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Սեթ ՄաքՖարլեյն

Դերերում` Մարկ Ուոլբերգ, Սեթ ՄաքՖարլեյն, Ամանդա Սայֆրեդ, Լիամ Նիսոն

Պրեմիերան Երևանում հունիսի 25-ին

Շատերն են հիշում 2012 թվականի կինոկատակերգությունը Թեդ անունով խաղալիք արջուկի և նրա լավագույն ընկեր Ջոնի մասին: Օրիգինալ ժապավենի հեղինակ Սեթ ՄաքՖարլեյնը, որը նաև «Գրիֆինները» հայտնի մուլտսերիալի հեղինակն է, ոգևորված լինելով ֆիլմի հաջողությամբ, համոզեց ստուդիային սիկվել նկարահանել: Դատելով նյութերից ու քննադատների հայտարարություններից, նոր կինոնկարում ամեն ինչ իր տեղում է` ավելին, սիկվելում ռեժիսորին հաջողվել է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե Ջոյի անձնական կյանքի վրա, ինչպես առաջին ֆիլմում էր, այլ` խոսող արջուկի խնդիրների: Ինչպես նախկինում, ընկերները միշտ միասին են և անկախ ամեն ինչից պատրաստ են հակազդել չար բախտին: Ուղղակի պետք է հիշել, որ թեև ֆիլմը խաղալիքի մասին է, այն ամենևին էլ նախատեսված չէ երեխաների հետ դիտելու համար:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---