Ամենավտանգավոր դիվերսիոն ուղղությունների հենակետերը. Պատրաստ սպասում ենք, հյուրընկալ ժողովուրդ ենք

Ամենավտանգավոր դիվերսիոն ուղղությունների հենակետերը. Պատրաստ սպասում ենք, հյուրընկալ ժողովուրդ ենք

Այս ուղղությամբ Արցախի ՊԲ հենակետի դեմ Ադրբեջանը դիվերսիոն գործողություն նախաձեռնեց անցած տարվա մայիսին՝ «Յաշմա» հատուկ ստորաբաժանման միջոցով

Կապույտադեղին թռչուններով ու 2 մետրից էլ բարձր «ղամիշներով». Արցախաադրբեջանական շփման գծի հարավային՝ Արաքսի հովտի ուղղությամբ ռազմական և քաղաքական մանևրումներն ակտիվ էին դեռ 90-ականներին:

PanARMENIAN.Net - Իրավիճակ պայմանավորող գործոններից մեկն Իրանի հետ հարևանությունն էր: Թեհրանը փորձում էր պահպանել հյուսիսային շրջանների կայունությունը՝ վերահսկելով ադրբեջանցի փախստականների և զինված զանգվածի մուտքը, իսկ Բաքվի պաշտոնական քարոզչությունը հավակնում էր հակամարտության մեջ ներքաշել Իրանին, հետևաբար Թուրքիային՝ Հորադիզի գրավման մասին տեղեկություններով: Ադրբեջանցի փախստականները, և ոչ միայն, ռազմական գործողությունների վայրից հեռանում էին կամ դեպի Հորադիզ կամ անցնում Արաքս գետը` հատելով Իրանի սահմանը. եթե Հորադիզը վերահսկում էին հայերը, մնում էր 1 ուղղություն:

1993-ին ադրբեջանական ուժերի լուրջ պարտությունների թվում էր Ջրականից (Ջեբրայիլ) դուրս շպրտվելը, որին հետևեց տասնօրյա զինադադար՝ բնականաբար տասը օր չտևելով: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները և մոտ 300 աֆղան մոջահեդ հոկտեմբերի վերջին հարձակում նախաձեռնեցին Ջեբրայիլի ուղղությամբ և ձախողվեցին՝ հայկական ուժերի հակահարձակման արդյունքում կորցնելով Հորադիզը: Հիմա Ջրականում լուռ է:

Այս ուղղությամբ արդեն Արցախի ՊԲ հենակետի դեմ Ադրբեջանը դիվերսիոն գործողություն նախաձեռնեց անցած տարվա մայիսին՝ «Յաշմա» հատուկ ստորաբաժանման միջոցով: Հենակետը պաշտպանած զինվորներն արդեն զորացրվել են, նորերը պատմությունն անգիր գիտեն՝ բոլոր մանրամասներով ու պարկուճների ընկած տեղերով:

Հենակետի ավագ Ասկերանից զորակոչված 19-ամյա սերժանտ Էրիկ Մնացականյանը 5 հերթափոխ է իր պաշտոնում: Բացատրում է, թե ինչու է իրենց դիրքն ամենավտանգավորներից. «Որովհետև ուր նայես անտառ ու ղամիշ է, հակառակորդը քողարկվելու լավ պայմաններ ունի: Աջ կողմում էլ Արաքսն է ու բացառված չի, որ այդ ուղղությունը կօգտագործի: Որ եկան, մենք մինչև վերջին շունչը կռվելուց բացի այլ տարբերակ չունենք, պատրոնն էլ պրծավ, փախնելու տեղ չունենք, մի տարի առաջ, որ դիվերսիա են մտել, հենց այդպես էլ դարանակալել, հաշվարկել են»:

Հաղթելու միակ տարբերակն էլ հստակ է. ասում է՝ դիրքում արթուն մարդ պիտի լինի: Միշտ: Ամեն օր: Թեև լարված ու հատկապես վտանգավոր ժամերն առավոտյան են՝ լուսաբացին:

«Գիշերը նոր վերջացած, դիվերսիայի հավանականությունն ամենաշատն այդ ժամերին է լինում, անձնակազմի քունը որ տանում է, - դրությունը բացատրում է սերժանտ Մնացականյանն ու հավելում.- Լույսը բացվելուց հետո էլ դիրքի տրամադրությունը կախված է եղանակից»:

Հարցին, թե հենակետի պատասխանատուն ինքն է, ի՞նչ է իրեն պետք, որ դիրքն ամուր լինի՝ ավելի շատ տեխնիկա, զինամթերք, ինժեներական լուծումներ, պատասխանում է. «Ուժեղ զինվոր է պետք: Ֆիզիկապես ուժեղից բացի, որ վախկոտ չլինի: Մենակ դուխով զինվորը կկարողանա սրանց պահի, որ ռիսկ չանեն մտքներով էլ անցկացնեն մեր կողմը գան»:

Դիրքի ավագը վստահ է՝ վախեցող զինվորին էլ կարելի է սովորեցնել «դուխով» լինել: Ւնքն իր մեթոդն ունի. «Մի անգամ ձեռքից բռնում ես, գիշերն ամբողջ դիրքով տանում, որտեղից մի ձայն մի շարժ է լսվում, հետը գնում ես, ստուգում, մի քանի գիշեր էլ կողքին հավասար հերթապահություն ես անում, սովորում է»: Իսկ ամենաանսպասելին ու զինվորի օբյեկտիվության ապացույցը խոստովանությունն էր. «Գիտեք ես ի՞նչ եմ եղել: Որ եկել եմ, ինձնից վախկոտ չի եղել, մենակ դիրքում չէ է, ամբողջ պաշտպանական շրջանում: Առաջին հերթափոխս էլ հենց էս դիրքում էր: Վախենում էի դուրս գայի: Ինձ էլ են սովորեցրել: 4-րդ հերթափոխին արդեն չէին ճանաչում: Մի դասակի հրամանատար ունեինք, ասում է՝ ով սկզբում վախենում է, հետո «դուխն» իրեն ուտում է: Թե չէ անվտանգության բոլոր միջոցներն արդեն ձեռնարկված են ու պարբերաբար նոր տարբերակներով ուժեղացնում ենք»:

Էրիկը 7 ամսից է զորացրվելու, Արցախի պետական համալսարանում օգտակար հանածոների շահագործում և վերամշակում է սովորում: Գնալու է հեռակա փոխի, որ աշխատի: Իսկ Հադրութից ավագ սերժանտ Մհեր Կարապետյանը պայմանագրային զինծառայող է: Դիրքն ամուր պահելու մասին հարցը լսել է, ուզում է ավելացնել. «Ղամիշները շատ են խանգարում: Մեզ էլ են օգնում, բայց վնասն ավելի շատ է: Ավելի կարևոր է՝ մեր տեսանելիության դաշտը մեծ լինի»:

Այս պայմաններում էլ նախորդ գիշեր հակառակորդի ակտիվությունը նկատել, վերահսկել են. «Ամեն պահի կարող էին գալ, ամեն պահի էլ սպասում ենք, պատրաստ սպասում ենք, թող գան, հյուրընկալ ժողովուրդ ենք: Կապ չունի՝ ցերեկ-գիշեր»:

Թուրքն ակտիվ է, ինչն ուղիղ համեմատական է մեր զգոնության բարձրացմանը, ասում է սերժանտ Կարապետյանը, իսկ դա նշանակում է՝ կորցրել է ամենաուժեղ խաղաքարտերից մեկը՝ անսպասելիության գործոնը: Ավելին՝ արդեն ոչ միայն հակառակորդի գործողությունների մարտավարությանը, հնարավոր ուղղություններին ու այլ մանրամասների ենք տիրապետում, այլև հենակետը համալրվել է ինժեներական նոր կառույցներով, տեխնիկական նոր միջոցներով ու զինատեսակներով: «Այնպես որ, ինչ էլ անեն, ինչ էլ մտածեն էդ խելոքները, մենք կարողանալու ենք դիրքը պահենք»,- ասում է Կարապետյանը:

Իսկ որ «էդ խելոքներն» ամեն գալուց կորուստներ են ունենում զուտ մեր զինվորների ճիշտ քայլերի, ընտրած ճիշտ մարտավարության արդյունքում, կարևորում է արցախաադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի գումարտակներից մեկի հրամանատար, փոխգնդապետ Գագիկ Մուրադյանը:

«Մեզ ապահով ենք զգում, որովհետև տեխնիկական ոչ մի խնդիր չունենք, գիտելիքներն ենք զարգացնում, հակառակորդի մարտավարությունն ու գործողություններն ենք կարողանում հեշտ վերլուծել,- ասում է նա, իսկ հարցին՝ համեմատել 1 տարի առաջ և այսօր տեխնիկական միջոցների համալրումը, պատասխանում է.- Ոչ թե 1 տարի առաջվա, այլ կարելի է ամիս-ամիս նշել, որովհետև ամեն ամիս ենք համալրվում, ու դա ակնհայտ է»:

Վերջին դիվերսիայից պատմում է՝ 2 խումբ է եղել, յուրաքանչյուրը՝ 15 մարդով, մի մասը եկել է դիմացից, մյուսները՝ ձախից: Փորձել են օգնության հասնող ճանապարհները փակել, բայց մեր դասակի հրամանատարի ընտրած ճիշտ մարտավարության արդյունքում անհաջողության են մատնվել, զոհերով ու վիրավորներով հետ շպրտվել: «Իսկ հակառակորդի ամեն ձախողումն ավելի զգոն ու համարձակ է դարձնում մեր զինվորին: Միշտ պատրաստ ենք դիմավորել ու «ճանապարհել» իրենց», - նկատում է փոխգնդապետը:

Քանի հրամանատարը հարցերի է պատասխանում, զինվորները գետնատնակում խառնաշփոթի մեջ են, լուսամուտից երևում է: Մեկը նկատում է, որ իրենց էլ եմ հետևում, կիսաձայն ու շատ խորհրդավոր կանչում է. «Որ երշիկը խավիարով սարքենք, կուտեք, չէ՞: Ամենահամովը տենցա: Առանձին էլ ա համով, բայց սենց թագավորականա լինում»: Բոլորիս փոխարեն ընտրում եմ թագավորական տարբերակը, բայց հրամանատարը որ տեսնում, զարմանում է. «Էդ ի՞նչ եք արել, ո՞վ է տեսել երշիկը խավիարով ուտեն: Առաջին անգամ եմ սենց բան տեսնում»: Մի քանի րոպե անց համոզվում է՝ իզուր բարկացավ:

Իսկ հակառակորդի դիվերսիաներն իզուր են նույնիսկ հատուկ նշանակության ստորաբաժանումներից զինծառայողների մասնակցության պարագայում. «Որ դիվերսիաներին հատուկ ստորաբաժանումներ են մասնակցում, հասկանում ենք նախ գործողությունների տրամաբանությունից, իրենց համազգեստից, թողած զենք-զինամթերքից և այլ իրերից: Այն զինատեսակները, որ ձախողումից հետո թողնում են ստանդարտ ստորաբաժանման սպառազինություն չէ»:

Մեկ տարի ակտիվ դիվերսիոն պատերազմից հետո հակառակորդի մարտավարությունն էլ փոխվել է. հիմա հասկացել են՝ 2-3 հոգին չի կարողանում խնդիր լուծել, արդեն մեծ խմբերով են գալիս՝ մոտ 30-հոգանոց:

«90-ականներից էլ որ պատմում են՝ թուրքն իրա դիակը չի տարել մարտի դաշտից: Հիմա իրենց դիակներն էլ չեն թողնում, տանում են, որ մենք չհասկանանք՝ դա իրենց 18 տարեկան զինվորը չի, իրենց պետությունից չի, վարձկան է, որ հատուկ նշանակության ստորաբաժանումից է,- ասում է փոխգնդապետը, իսկ խոշոր տրամաչափի ականանետներին անցնելու հակառակորդի քայլին տալիս սպառիչ բացատրություն, հիմնավորում, պատասխան,- Փոքր զենքերով իրենց արդեն պարտված են համարում»:

Իսկ նույն ուղղությամբ մի քանի կմ դեպի հարավ հայտարարում են՝ դիվերսիաներ ձեռնարկելով հակառակորդն ավելի մեծացրեց լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում իր պարտության հավանականությունը: Դիվերսիաներից մեկի ժամանակ դիրքապահներին օգնության հասած գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Խալաթյանն է վստահ. «Դիվերսիաներից հետո զինվորը զինվոր է դարձել, ավելի փորձառու, որ վաղը կռիվ եղավ, արդեն մի բան տեսել է, պատրաստ է, գիտի՝ ինչ անի, ոնց անի: Թուրքին գիտի»:

Ասում է՝ իրենց ուղղությամբ ևս խոշոր տրամաչափի ականանետներ են աշխատում, դիպուկահարներ էլ: Ընդ որում, ականանետները չեն կարողանում թիրախին հասնել: «Կամ պերելյոտա, կամ նեդալյոտ: Իսկ դիվերսանտներն ամեն ժամ են գալիս, էլ չեն նայում լուսաբաց լինի, քնած լինենք, էներգետիկ ըմպելիքների, դեղամիջոցների ազդեցության տակ են լինում»:

«Ամեն դիվերսիոն գործողության խնդիր տարբեր է լինում: Ոչնչացնել այս կամ այն օբյեկտը, ամբողջ դիրքի անձնակազմին, հնարավորինս շատ վնաս հասցնել, մարդ տանել,- բացատրում է գումարտակի հրամանատար, մայոր Նվեր Ներսիսյանն ու ավելացնում,- էդ բալամները փորձում են նոր բաներ էլ մտածել, բայց մենք ամեն քայլի պատրաստ ենք: Զինվորներ ունենք, երազում են, որ դիվերսիա լինի: Ասում եմ՝ դու քո ծառայությունը տար, որ ժամանակը գա, դու էլ կհերոսանաս»:

Իսկ ամենակարևորը՝ մեր 18 տարեկան ժամկետայինները կարողանում են հակառակորդին ինչպես հարկն է պատժել՝ ամոթով թողնելով Յաշմայի ստորաբաժանումներից մինչև Հասանով ու Ալիևին:

2014-ի հունվարի 19-ին Արցախում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էին եղել։ Հակառակորդին դիմագրավելիս զոհվել էր 1994-ին ծնված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, 1995-ին ծնված եֆրեյտոր Էրիկ Գասպարյանը: Վիրավորվել էին Ռուզվելտ Թորոսյանը, Արայիկ Հակոբյանը, Գևորգ Կարապետյանը, Տարոն Ղուկասյանը:

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը ևս մեկ հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել: Հակառակորդի գործողությունները կասեցնելիս զոհվել էր 1989-ին ծնված ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը:

Անի Ավետյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---