Ով ինչով է փնտրում. Գլխավոր որոնողական համակարգերը Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում

Ով ինչով է փնտրում. Գլխավոր որոնողական համակարգերը Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում

Ժամանակակից մարդու համար որոնողական համակարգերը վերածվել են տեղեկատվության հիմնական աղբյուրի

Որոնողական համակարգերն ամենահարմար գործիքն են հսկայական գլոբալ ցանցում կողմնորոշվելու համար: Ստանալով անհրաժեշտ տեղեկատվությունը հաշված վայրկյանների ընթացքում, մենք չենք մտածում տվյալների այն ծավալների մասին, որոնց հետ աշխատում են «խելացի ծրագրերը»` հայտնաբերելով անհրաժեշտը միլիոնավոր կայքերի մեջ: Ժամանակակից մարդու համար որոնողական համակարգերը վերածվել են տեղեկատվության հիմնական աղբյուրի, հակառակ դեպքում հնարավոր չէր լինի «շփվել» ցանցի հետ: Բացի այդ, մարդու համար բնազդի պես մի բան է դառնում կոնկրետ որոնողական համակարգից օգտվելը:

PanARMENIAN.Net - Հետազոտելով վեբ-թրաֆիկի գործիք StartCounter-ի տվյալները` PanARMENIAN.Net ը ներկայացրել է որոնողական համակարգերի վարկանիշը Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհի որոշ երկրներում:

Հայաստան

Մեր երկրում բացարձակ առաջատարն, անկասկած, Google-ն է, որին բաժին է ընկնում բոլոր որոնողական հարցումների 84,27%-ը: Երկրորդ տեղում ռուսական «Յանդեքսն» է`5,44%, երրորդ տեղում` ռուսական Mail.ru-ն (4,62%): Microsoft կորպորացիայի Bing որոնողական համակարգը չորրորդ տեղում է` 2,58%: Վերջին դիրքում ամերիկյան Ask.com-ն է, որին բաժին է ընկնում ընդհանուր որոնողական թրաֆիկի միայն 1,5%-ը:

Իրան

Իրանում Google-ը նույնիսկ ավելի տարածված է, քան Հայաստանում` որոնողական ընդհանուր հարցումների 92,16%-ը: Երկրորդ և երրորդ տեղում են Ask.com-ը (2.98%) և Bing-ը (2,65%) համապատասխանաբար: Չորրորդ տեղում Yahoo-ն է 2,09%-ով, հինգերորդում` «Յանդեքսը»` ընդամենը 0,04%:

Վրաստան

Հարևան Վրաստանում Google-ը գրեթե նույն վարկանիշն ունի, ինչ Հայաստանում` 84,51%: Bing-ը 4,46%-ով երկրորդ տեղում է, «Յանդեքսը» 3,48%-ով երրորդն է: Ask.com –ն (3.36%) ու Yahoo-ն (2.56%) համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ տեղերում են:

Ադրբեջան

Google-ն առաջինն է նաև Ադրբեջանում` 86,01%, «Յանդեքսը» (4,67%) և Bing-ը (3,2%) համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերում են: Չորրորդ տեղում է Mail.ru-ն 2,34%-ով:

Ռուսաստան

Թեև ՌԴ-ում Google-ը նույնպես առաջին տեղում է (48,25%), սակայն «Յանդեքսը» շատ քիչ է հետ մնում նրանից (41,3%): Երրորդ տեղում Mail.ru-ն է (6,35%), Bing-ի հարցումները չորրորդ տեղում են` (2,45%), Yahoo-ն հինգերորդն է`1,33%:

Թուրքիա

95,63%` Google-ի բացարձակ ռեկորդն է: «Յանդեքսը», որը մտածում է թուրքական շուկայից հեռանալու մասին, երկրորդ տեղում է 3,18% աննշան ցուցանիշով: Bing-ի և Yahoo-ի ցուցանիշներն էլ ավելի փոքր են` 0,26% և 0,14% համապատասխանաբար:

Ֆրանսիա

Ֆրանսիայում Google-ը նույնպես առաջատար է` 93,32%: Bing-ն ու Yahoo-ն երկրորդ և երրորդ տեղերում են` 3,24% և 2,91%: Ask.com-ը 0,21% -ով չորրորդն է: Հինգերորդ տեղում (0,16%) DuckDuckGo բաց ելքային ծածկագրով որոնողական համակարգն է:

Չինաստան

Չինաստանը տարբերվում է բոլորից: Այստեղ Google-ը միայն հինգերորդն է չնչին 3,02%-ով: Առաջնությունը պատկանում է ազգային որոնողական համակարգին` Baidu-ին, որը 57,49% ուներ: Երկրորդ տեղում չինական Haosou-ն է 23,11%-ով, երրորդում` էլի չինական Soguo Search-ը (11.45%): Bing-ը չորրորդ տեղում է 3,18%-ով:

ԱՄՆ

Ամերիկացիները գերադասում են Google-ը, որը 76,18% առաջին հորիզոնականում է: Bing-ն (11,61%) ու Yahoo-ն (10,11%) երկրորդ և երրորդ տեղում են: Չորրորդը AOL-ն է (0,68%), հինգերորդը` Ask.com-ը (0,43%):

Աշխարհում

Ամբողջ աշխարհի մակարդակով բացարձակ առաջատար է մնում Google-ը (88,25%): Երկրորդ տեղում է Bing-ը (4,25%), երրորդում` Yahoo-ն (3,92%): Ask.com-ն (0,69%) ու չնական Baidu-ն (0,67%) չորրորդ ու հինգերորդ տեղերում են:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---