Կինոաֆիշ. 5 ֆիլմ, որոնք կարելի է դիտել հուլիսին

Կինոաֆիշ. 5 ֆիլմ, որոնք կարելի է դիտել հուլիսին

Հուլիսյան պրեմիերաներն ավանդաբար մեծ ու սպասված բլոկբասթերներ են

Հուլիսը կինոյի համար բազմամիլիոնանոց և հնչեղ պրեմիերաների ժամանակ է: Մեծ ստուդիաները փորձում են «ամենաախորժալի» ամսաթվերը հենց այս ամիս ամրագրել: Դա կապված է ոչ միայն ամառային արձակուրդների շրջանի, այլ նաև ամսվա սկզբի երկար հանգստյան օրերի հետ, երբ ամերիկացիները նշում են իրենց գլխավոր տոնը: Հսկաների համար սովորական բան են միլիոնավոր դոլարներն առաջին ցուցադրության օրը:

PanARMENIAN.Net - Ծանոթանալով ցանկին` PanARMENIAN.Net ը 5 նորույթ է ներկայացնում, որոնք հուլիսին կցուցադրվեն Երևանի կինոթատրոններում:

«Տերմինատոր. Գենեզիս» (օրիգինալ անվանումը` Terminator Genisys)

Ֆանտաստիկա, մարտաֆիլմ` ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Ալան Թեյլոր

Դերերում` Առնոլդ Շվարցենեգեր, Էմիլիա Քլարկ, Ջեյսոն Քլարկ, Ջայ Քորթնի

Պրեմիերան Երևանում` հուլիսի 2-ին

Շատ վիճահարույց նորույթ է: Ջեյմս Քեմերոնի սկսած լեգենդար ֆիլմաշարը, որն արդեն 4 լիամետրաժ ֆիմից և մեկ հեռուստասերիալից է բաղկացած, վերաթողարկվեց և անմիջապես հսկայական բյուջե ստացավ` 170 մլն դոլար: Բավականին շահարկային գաղափար է` կրկին պատմել Սարա Քոնորի և մեքենաների դեմ նրա պայքարի պատմությունը: Սյուժեն ի տարբերություն առաջին մասի, լի է այլընտրանքային գործողություններով, որոնք տեղի են ունենում տարբեր ժամանակներում` այստեղ և թռիչքներ կան տարածության և ժամանակի միջով, և տերմինատորների պայքար, և ծերացած Շվարցենեգերը, որը նախկինի պես մարմնավորում է ապագայի մետաղակուռ մարտիկին: Ֆիլմաշարի մոլի երկրպագուների համար դիտումը պարտադիր է:

«Մինյոններ» (օրիգինալ անվանումը` Minions)

Ընտանեկան մուլտֆիլմ` ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսորներ` Պյեռ Քոֆֆին, Քայլ Բալդա

Դերերը հնչյունավորել են` Սանդրա Բուլոք, Ջոն Հեմմ

Պրեմիերան Երևանում` հուլիսի 9-ին

Նրանք հիանալի ինժեներներ են, արկածների ու բանանների սիրահարներ: Մինյոնները, Գրյուի օգնականները «Ես զզվելի եմ» մուլտֆիլմից, այնքան դուր եկան հանրությանը, որ ստուդիան որոշեց առանձին անիմացիոն ֆիլմ ստեղծել նրանց մասին: Գրյուի արկածների նախապատմությունը հետաքրքիր պատմություն է այն մասին, թե ինչպես են ստեղծվել մինյոնները: Չարագործների դեղին օգնականները գոյատևում են վաղեմի ժամանակներից և մեկ նպատակ ունեն` ծառայել ամենահավակնոտ չարագործներին: Երբ մինյոններն իրենց հիմարության պատճառով ոչնչացրեցին իրենց տերերին, ներառյալ Դրակուլային և Տիրանոզավր Ռեքսին, նրանք որոշեցին մեկուսանալ աշխարհից ու նոր կյանք սկսել Անտարկտիդայում: 1960-ականներին տերերի բացակայությունը հասցրեց նրանց դեպրեսիայի, ուստի Քևինը, Ստյուարտն ու Բոբը մեկնեցին նոր տեր փնտրելու: Նրանք հայտնվում են չարագործների կոնֆերանսում, որտեղ պետք է պայքարեն հայտնի և հավակնոտ Սկառլետ Օվերքիլին ծառայելու իրավունքի համար, որը ցանկանում է գրավել աշխարհն ու դառնալ առաջին սուպերչարագործը:

«Մրջյուն-մարդը» (օրիգինալ անվանումը` Ant-Man)

Կինոկոմիքս` ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Փեյթոն Ռիդ

Դերերում` Փոլ Ռադ, Մայքլ Դուգլաս, Էվանջելին Լիլլի

Պրեմիերան Երևանում` հուլիսի 16-ին

Տարիներ շարունակ Marvel կինոընկերությունը հավաքում է իր կոմիքսների հերոսներին կինեմատոգրաֆիական տիեզերքում: Մեծ բյուջեով տարբեր ֆիլմերը պատմում են նույն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Շատ հաճախ մի ֆիլմի հերոսները կապված են լինում մեկ այլ ֆիլմի հերոսների հետ` այդպես Երկաթե մարդը, Կապիտան Ամերիկան, Տոռը, Հալքը, ունենալով իրենց առանձին ֆիլմերը, միավորում են ջանքերը «Վրիժառուներում»` պայքարելու համար տիեզերական չարիքի դեմ: Եկել է կոմիքսների մեկ այլ հայտնի հերոսի` Մրջյուն-մարդու հերթը, որը կարող է փոքրանալ և կռվել մյուսներից ոչ պակաս եռանդով: Կինոնկարի տպավորիչ թրեյլերները խոստանում են փոթորկային գործողություն և գեղեցիկ վիրտուալ էֆեկտներ` այն ամենն, ինչի համար սիրում ենք Marvel-ի ֆիլմերը:

«Պիքսելներ» (օրիգինալ անվանումը`Pixels)

Ֆանտաստիկա` ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Քրիս Քոլամբուս

Դերերում` Ադամ Սենդլեր, Քևին Ջեյմս, Միշել Մոնագան, Փիթեր Դինքլյեք

Պրեմիերան Երևանում` հուլիսի 23-ին

Օրիգինալ գաղափարն, որն այս ֆիլմի հիմքում է, առաջ քաշվեց մի քանի տարի առաջ համանուն կարճամետրաժ ֆիլմում: Այլմոլորակայինները փորձում են կրկին գրավել Երկիրը: Սակայն սա սովորական ներխուժում չէ` այլմոլորակայինները 80-ականների արկադային խաղերի հսկա կերպարներն են, որոնց թվում են Pac-Man-ը և Donkey Kong-ը: Զարմանալի կինոնկարը ոչ միայն կվերաիմաստավորի ամբողջ ժանրը, այլ նաև կարոտախտ կառաջացնի այն մարդկանց մոտ, որոնց մանկության տարիներին համակարգչային խաղերի բարձրակետը Մարիո եղբայրներն էին:

«Վատիկանի գրությունները» (օրիգինալ անվանումը` The Vatican Tapes)

Սարսափ, թրիլեր` ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Մարկ Նեվելդայն

Դերերում` Քեթլին Ռոբերտսոն, Ջիմոն Հոնսու, Մայքլ Փենյա

Պրեմիերան Երևանում` հուլիսի 30-ին

Էկզորցիզմի մասին կինոն վաղուց արդեն նորաձև չէ, թեև ժանրի ներկայացուցիչները երբեմն փորձում են վերադառնալ թեմային, սակայն ամեն անգամ անհաջող: Ժամանակակից հորրորի հիմնական ուղղությունը` անակնկալ «բու-էֆեկտներով» ահաբեկող միստիկ թրիլերներն են, ուստի Ուիլյամ Ֆրիդկինի ժառանգությունն այնքան էլ մեծ պահանջարկ չունի: Մարկ Նեվելդեյնը, աղմուկ հանած «Ադրենալինի» ստեղծողներից մեկը, այդպես չի կարծում: Նրա հերթական կինոնկարում խոսքն այն իրադարձությունների մասին է, որոնք տեղի են ունենում, երբ Վատիկանից անհետանում է աղետալի հետևանքներով էկզորցիզմի մասին տեսագրությունը: Տեսնենք, թե որքան սարսափելի դա կլինի:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---