#ElectricYerevan. Թվապատում

#ElectricYerevan. Թվապատում

Հունիսի 19-ից Երևանում մասշտաբային բողոքի ցույցեր են հոսանքի սակագնի բարձրացման դեմ: Չնայած վերջին օրերին «Էլեկրական Երևան» կամ #ElectricYerevan անունը ստացած բողոքի ինտենսիվությունն ընկել է, ցուցարարները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան:

PanARMENIAN.Net-ը պատմում է ակցիայի մասին՝ հակիրճ թվերով:

PanARMENIAN.Net - Բաղրամյան պողոտան փակվեց հունիսի 22-ին, երբ Ազատության հրապարակում արդեն 4 օր նստացույց անող ակտիվիստները մի քանի հազար ցուցարարների հետ շարժվեցին դեպի նախագահի նստավայր, սակայն ճանապարհին հանդիպեցին ոստիկանական պատնեշի: Ցուցարարները որոշեցին չնահանջել Ազատության հրապարակ ու շարունակել բողոքի ակցիան հենց Բաղրամյան պողոտայում: Հաջորդ առավոտ մոտավորապես ժամը 05:20 սահմաններում ցույցը ցրվեց տարբեր ստորաբաժանումների, նաև՝ քաղաքացիական հագուստով ոստիկանների, ու ջրցան մեքենայի միջոցով:

Բազմաթիվ ցուցարարներ ու լրագրողներ ծեծվեցին, ջարդվեցին մի քանի ԶԼՄ-ների տեսա- ու ֆոտոխցիկներ, 19 մարդ հոսպիտալացվեց: Դեպքերի առթիվ հարուցվեք քրգործ՝ խուլիգանության հատկանիշներով, բերման ենթարկվածները, սակայն, ներգրավվեցին որպես գործի վկա: Հաշված ժամեր անց մի քանի հազար մարդ դուրս եկավ փողոց՝ բողոքելու արդեն ոչ միայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, այլև ոստիկանության գործողությունների դեմ: Բաղրամյան պողոտան նորից փակվեց:

Աղբամանները հայտնվեցին Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի երեկոյան: Ցուցարարները պնդում են, որ դրանք պիտի օգնեն նրանց պաշտպանվել ոստիկանական գործողության հնարավոր կրկնության դեպքում: Օրեր անց Երևանի աղբահանումը կազմակերպող Sanitek ընկերության բողոքի հիման վրա քրգործ հարուցվեց՝ գույքը փչացնելու հատկանիշներով:

#ElectricYerevan-ը «ծնվեց» հունիսի 22-ին՝ միանգամից դառնալով Twitter, Facebook և Instagram սոցցանցերում երևանյան բողոքի ցույցերի մասին գրառումների հիմնական հաշթեգը: Այլ քաղաքներում զուգահեռաբար ընթացող բողոքի ցույցերը Twitter-ում թրենդային չդարձան՝ անցած օրերի ընթացքում արվել է ընդամենը 100 #ElectricGyumri և 35 #ElectricVanadzor հաշթեգով գրառում, նաև՝ 2437 #ElectricArmenia և 1723 #ЭлектроМайдан հաշթեգով գրառում: Համեմատության համար՝ 2015 թվականի ապրիլի 24-ին Twitter-ում արվեց #ArmenianGenocide հաշթեգով 55.256 գրառում:

2013-2015 թվականներին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվել է 3 անգամ: 2013-ին 1 կՎտժ արժեքը բարձրացավ 30-ից մինչև 38 դրամ՝ ցերեկային, ու 20-ից՝ 28 դրամ՝ գիշերային սակագնի համար: 2014-ին էլեկտրաեներգիայի սակագինը բարձրացավ ևս 3.85 դրամով՝ մինչև համապատասխանաբար 41.85 ու 31.85 դրամ:

Եվ ահա՝ օգոստոսի 1-ից, ՀԾԿՀ որոշմամբ այն կբարձրանա ևս 6.93 դրամով (մոտ 16.7%)` մինչև 48.78 դրամ ցերեկայինն ու 38.78 դրամ գիշերայինը: Այսպիսով, երեք տարում աճը կկազմի 62% ցերեկային ու 94% գիշերային սակագնի դեպքում: Ընդ որում, ՀԷՑ-ն առաջարկում էր բարձրացնել սակագինը 17 դրամով:

Ռուսաստանից վարկի տրամադրման մասին հայտնի դարձավ հունիսի 26-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի և կապի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագար Մաքսիմ Սոկոլովի հանդիպումից հետո: Սերժ Սարգսյանը նշեց, որ $200 մլն չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի զինված ուշերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին:

Հաջորդ օրը՝ էներգետիկ հիմնահարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարելով ՀԷՑ-ում աուդիտի անցկացման ընթացքում սակագնի հավելաճի սուբսիդավորման մասին, ՀՀ նախագահը նշեց. «մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իր հերթին, հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը տեղի կունենա արտաբյուջետային միջոցների հաշվին՝ չմանրամասնելով դրանց աղբյուրը:

Հունիսի 26-ին ցուցարարների քանակն այնքան մեծացավ, որ նրանց մի մասը ժամանակավորապես փակեց նաև Մաշտոցի պողոտան: Տարածքում լարված իրավիճակ ստեղծվեց հատկապես այն պահին, երբ մի խումբ ոստիկաններ մտան ցուցարարների մեջ և տարան նրանցից մեկին (ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ ատրճանակով զինված երիտասարդ է բերման ենթարկվել): ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ մոտենալով ցուցարարներին և նրանց ու ոստիկանների միջև կանգնած պատգամավորներին, էմոցիոնալ կերպով մի քանի անգամ սթափության կոչ արեց, խոստացավ, որ ոստիկանությունն ուժ չի կիրառի, սակայն պահանջեց չփակել Մաշտոցի պողոտան:

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---