Կինոաֆիշ. 5 ֆիլմ, որոնք կարելի է դիտել սեպտեմբերին

Կինոաֆիշ. 5 ֆիլմ, որոնք կարելի է դիտել սեպտեմբերին

Աշնան սկզբին խոշոր ստուդիաները «դադար են» վերցնում` պատրաստվելով «հսկաների մարտին», որը սկսվում է հոկտեմբերի կեսին

Ամառային կինոշրջանը մոտենում է ավարտին: Մեծ ստուդիաներն արդեն հասցրել են ներկայացնել իրենց գլխավոր հիթերը` ոմանք շարունակում են միլիոնավոր դոլարներ հավաքել, մյուսները հաշվում են վնասներն ու չմխիթարող եզրահանգումներ անում: Աշնան սկզբին խոշոր ստուդիաները «դադար են» վերցնում` պատրաստվելով «հսկաների մարտին», որը սկսվում է հոկտեմբերի կեսին: Ուստի, սեպտեմբերը լավ ամիս է համարվում ավելի փոքր ընկերությունների համար` առաջիկա օրերին մեծ էկրաններին կարելի է տեսնել թեև ոչ մեծ բյուջեով, բայց շատ հետաքրքիր կինոնկարներ:

PanARMENIAN.Net - Ծանոթանալով ժամանակացույցին` PanARMENIAN.Net ը ներկայացնում է 5 նորույթ, որոնք կարելի է դիտել սեպտեմբերին Երևանի կինոթատրոններում:

«Փոխադրողը. Ժառանգություն» (օրիգ. անվանումը The Transporter Refueled)

Սուր սյուժեով մարտաֆիլմ, Ֆրանսիա, 2015 թ.

Ռեժիսոր` Կամիլ Դելամար

Դերերում` Էդ Սքրեյն, Լոան Չաբանոլ, Ռեյ Սթիվենսոն, Լեն Կուդրյավիցկի

Պրեմիերան Երևանում սեպտեմբերի 10-ին

Շատերին է ծանոթ «Փոխադրողը» եռապատումը, որտեղ անվրդով վարորդ Ֆրենկ Մարտինը, բրիտանացի դերասան Ջեյսոն Սթեթհեմի կատարմամբ, կյանքեր է փրկում և պայքարում է կազմակերպված հանցավորության դեմ: Այս ֆիլմաշարի շնորհիվ է, որ ձևավորվել է Սթեթհեմի` մարտաֆիլմերի մռայլ և դաժան հերոսի կերպարը, որը ֆիլմից ֆիլմ է անցնում, արտաքնապես բոլորովին չփոխվելով: «Ժառանգությունը» Լյուկ Բեսոնի պրոդյուսերական նախագիծն է: Այս անգամ հմուտ «վարորդի» դերում երիտասարդ Էդ Սքրեյնն է: Կինոֆիլմը, թեև ներկայացվում է որպես հայտնի եռապատման նախապատմություն, ըստ էության, նրա վերաթողարկումն է: Նոր «Փոխադրողի» սյուժեն բարդ չէ. Ֆրենկ Մարտինը ստիպված է մարտահրավեր նետել ռուսական հանցավոր սինդիկատին` կատարելու համար իր հորն առևանգած մարդկանց պահանջները: Թեև նման կինոնկարների դեպքում սյուժեն ամենևին էլ գլխավոր բաղադրիչը չէ:

«Ռիկին և Ֆլեշը» (օրիգ. անվանումը Ricki and the Flash)

Երաժշտական դրամա, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Ջոնաթան Դեմմե

Դերերում` Մերիլ Սթրիփ, Ռի Սփրինգֆիլդ, Ռիկ Ռոսաս, Ջո Վիտալե

Պրեմիերան Երևանում սեպտեմբերի 10-ին

Արտառոց ստեղծագործող անձի պատմություն է, որն անսպասելիորեն վերադառնում է տուն` նախկին ամուսնու մոտ, նրանից և երեխաներից հեռու շատ տարիներ անց: Կինոքննադատները միանշանակ չընդունեցին Սթրիփ-Դեմմե նոր ստեղծագործական տանդեմը, և դա հասկանալի է: Նորաոճ ռեժիսոր Ջոնաթան Դեմմեն` աղմկահարույց «Գառների լռությունը» ֆիլմի հեղինակն է, որը հանդես է գալիս իր համար անսովոր ժանրում: Ինչպես նշում են քննադատները, հանճարեղ Մերիլ Սթրիփի համար խաղալու նյութ չկա` ռեժիսորը նրա առջև չի դնում գերբարդ դերասանական խնդիրներ, որոնց կատարման գործում օսկարակիր դերասանուհին իսկական վարպետ է: Արդյունքում ստացվել է թեթև մի ֆիլմ, որը դուր կգա երաժշտական պատմությունների սիրահարներին, որտեղ նաև կատակերգության երանգներ կան:

«Լաբիրինթոսում վազողը. Կրակի փորձությունը» (օրիգ. անվանումը Maze Runner: The Scorch Trials)

Ֆանտաստիկա, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Ուես Բոլլ

Դերերում` Դիլան Օ’ Բրայան, Կայա Սկոդելարիո, Թոմաս Սենգսթեր, Նատալի Էմանուել, Էյդան Գիլլեն

Պրեմիերան Երևանում սեպտեմբերի 17-ին

Նախորդ տարվա «Լաբիրինթոսում վազողը» կինոհիթի շարունակությունն է, որը բավականին բարձր գնահատվեց ինչպես քննադատների, այնպես էլ հանդիսատեսի կողմից: Սա հակաուտոպիա է, որը նկարագրում է մի խումբ դեռահասների դաժան առօրյան, որոնք «մեծահասակների» էքսպերիմենտների օբյեկտներն են դարձել: Այս անգամ լաբիրինթոսի փակ տարածքի փոխարեն քաղաքի ավերակներ են ու անապատ: Լաբիրինթոսն անցած է, սակայն Թոմասը, Թերեզը, Մինխոն և մյուսները չեն կարող հանգիստ շունչ քաշել: Գաղտնի կազմակերպության խորհրդավոր ղեկավարությունը, որը կազմակերպել էր կյանքի ու մահու այդ մրցավազքը, նոր, մահացու վտանգավոր փորձություններ է սահմանում դեռահասների համար: Այս անգամ նրանք պետք է հատեն շիկացած անապատն ու հանդիպեն անբուժելի հիվանդների հետ, որոնք աչքի են ընկնում բուռն խառնվածքով և անկանխատեսելի վարքով:

«Էվերերստ» (օրիգ. անվանումը Everest)

Արկածային թրիլեր, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իսլանդիա, 2015 թ.

Ռեժիսոր` Բալտասար Կորմակուր

Դերերում` Ջեյսոն Քլարկ, Ջոշ Բրոլին, Ջոն Հոուկե, Ռոբին Ռայթ, Էմիլի Ուոթսոն, Կիրա Նայթլի, Սեմ Ուորթինգտոն, Ջեյք Ջիլենհոլ

Պրեմիերան Երևանում սեպտեմբերի 24-ին

Սեպտեմբերի գլխավոր պրեմիերան է: Հոլիվուդյան մի ամբողջ «աստղաբույլ» կպատմի մեծ և անհասանելի Էվերեստը նվաճած լեռնագնացների քաջության և դիմացկունության մասին ամենազարմանալի պատմություններից մեկը: Սակայն ամենադաժան փորձությունները սպասում են նրանց ոչ թե վերելքի ժամանակ, այլ «աշխարհի գագաթից» իջնելիս: Ֆիլմի հիմքում իրական դեպքեր են, որ տեղի են ունեցել Հիմալայներում 1996-ի մայիսին: Այն ժամանակ միանգամից 3 կոմերցիոն գիտարշավ, որոնց կազմում էին ինչպես փորձառու ալպինիստներ, այնպես ել զբոսաշրջիկներ, որոնք չունեին 8 հազար մ բարձրություն ունեցող լեռը մագլցելու փորձ, բարձրացան աշխարհի ամենաբարձր լեռան գագաթը:

«Պրակտիկանտը» (օրիգ. անվանումը The Intern)

Ռեժիսոր` Նենսի Մայերս

Դերերում` Ռոբերտ դե Նիրո, Էնն Հաթաուեյ, Նատ Վուլֆ, Ռենե Ռուսո

Պրեմիերան Երևանում սեպտեմբերի 24-ին

Շատերին դուր չի գալիս, որ մեծ դերասան Ռոբերտ դե Նիրոն վերջին տարիներին հաճախ է նկարահանվում կատակերգական ֆիլմերում: Ինքը դերասանը վստահ է, որ դա լավագույն լուծումն է կինոյի վետերանի համար, որը թույլ է տալիս երիտասարդ սերնդին դրսևորել իրեն «լուրջ» կինոնկարներում` չհայտնվելով հսկաների ստվերում: Նոր ֆիլմը պատմում է 70-ամյա այրի Բեն Ուիթակերի մասին, որը հայտնաբերում է, որ թոշակի անցնելը դեռ աշխարհի վերջը չէ: Օգտվելով առիթից` նա ավագ ստաժոր է դառնում նորաձևության կայքում երիտասարդ Ջուլս Օսթինի ղեկավարությամբ, որին խաղում է «Ինտերսթելարի» աստղ Էնն Հաթաուեյը: Կարելի է ասել` ֆիլմը Դե Նիրոյի գաղափարների էկրանային մարմնացումն է:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---