Ապագայի տեխնոլոգիաները․IFA-2015 էլեկտրոնիկայի ցուցահանդեսի ամենահետաքրքիր նորույթները

Ապագայի տեխնոլոգիաները․IFA-2015 էլեկտրոնիկայի ցուցահանդեսի ամենահետաքրքիր նորույթները

Մոբիլ սարքերից մինչև իրերի ինտերնետ․թվային սարքավորումների խոշորագույն արտադրողները ներկայացրել են իրենց ամենահավակնոտ նախագծերը։

Սեպտեմբերի 4-ից 9-ը Բեռլինում անցկացվում է էլեկտրոնիկայի խոշորագույն՝ IFA-2015 ցուցահանդեսը։ IFA-ն (գերմ. Internationale Funkausstellung Berlin) կենցաղային էլեկտրոնիկայի ամենամյա միջազգային ցուցահանդես է, որը հայտնի է նաև որպես Բեռլինյան ռադիոշոու։ Սա Գերմանիայի հնագույն արդյունաբերական ցուցահանդեսներից մեկն է, ինչպես նաև՝ աշխարհի գլխավոր առևտրային շոուներից։ Հարթակը թույլ է տալիս մասնակիցներին լայն հանրությանը ներկայացնել նորագույն արտադրանքներ և մշակումներ։ Իր պատմության ընթացքում հենց այստեղ է ներկայացվել համաշխարհային նորարարությունների մեծ մասը։ Թվով 55-րդ ցուցահանդեսին թվային սարքավորումների խոշորագույն արտադրողները ներկայացրել են իրենց ամենահավակնոտ նախագծերը։

PanARMENIAN.Net - Հետևելով իրադարձությունների զարգացմանը՝ PanARMENIAN.Net ը ներկայացնում է ամենահետաքրքիր նորույթները։

BB-8 խաղալիք-դրոիդ

Լեգենդար «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հերթական մասի պրեմիերայի նախօրեին ռոբոտացված խաղալիքներ արտադրող ամերիկյան Sphero ընկերությունը սկսել է BB-8 խաղալիք-դրոիդի արտադրությունը։ Սարքավորումն իրենից ներկայացնում է մագնիսներով միացված գլուխ ունեցող կառավարվող ռոբոտ․կառավարումն իրականացվում է սմարթֆոնի հավելվածի միջոցով, որի օգնությամբ կարելի է կառավարել դրոիդին՝ սեղմելով էկրանին, կամ ձայնային հրամանների միջոցով, տեսնել ռոբոտի կողմից արտապատկերած «հոլոգրամները» լրացված իրականության մեջ (միայն սմարթֆոնի էկրանին), կամ ուղարկել շրջակա աշխարհն ինքնուրույն ուսումնասիրելու։ Վերջին դեպքում BB-8-ը պտտվելու է տարբեր օբյեկտների շուրջ՝ «շփվելով» որոշների հետ։ Ռոբոտացված գունդը կառավարվում է Bluetooth կապով՝ iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելվածի միջոցով։ Սարքի մարտկոցի լիցքը բավական է մոտ մեկ ժամ ակտիվ օգտագործման համար, ինչից հետո գունդը պետք է տեղադրել անլար լիցքավորման կայանի վրա։ Խաղալիք դրոիդին կարելի է ձեռք բերել Sphero-ի ծանութից՝ $149,99 (մոտ 73 հազար դրամ ներկայիս փոխարժեքով) գնով։

4K-էկրանով առաջին սմարթֆոնը

4K-ն թվային կինոյում և համակարգչային գրաֆիկայում պատկերի խտության չափն է, որը համապատասխանում է հորիզոնական գծով մոտ 4000 պիքսելի։ Ճապոնական Sony ընկերությունը ներկայացրել է Xperia Z5 սմարթֆոնների նոր ընտանիքը՝ մի շարք օգտակար նորամուծություններով (մատնահետքի սքաներ, տեսախցիկ), սակայն ամենից հետաքրքրականը Xperia Z5 Premium-ն է․սա 4K խտությամբ աշխարհում առաջին սմարթֆոնն է։ Ընկերության ներկայացուցիչները բարձր խտությունը չեն կապում ոչնչի հետ՝ բացի խաղերից ու տեսանյութերի դիտումից։ Մյուս կողմից, մասնագետների կարծիքով, նման խտությունը 5,5-դյույմանոց էկրանի վրա անիմաստ է, քանի որ կետերի՝ 400 ppi-ից ավել խտությունը մարդկային աչքը չի ընկալում։ Բացի այդ, այն շատ արագ «խժռում» է մարտկոցի լիցքը։

Հսկա էկրաններ ու «խելացի» հայելիներ

Էլեկտրոնիկայի շատ արտադրողներ ներկայացրել են 4К (3840 x 2160) խտությամբ հեռուստացույցեր, սակայն որոշները, օրինակ, հարավկորեական Samsung-ը, արդեն ստեղծել են 8К (7680 x 4320) խտությամբ դիսփլեյների նախատիպեր։ Իսկ ճապոնական Panasonic ընկերությունն, իր հերթին, ներկայացրել է այսպես կոչված «խելացի» հայելի․այն թույլ է տալիս փորձարկել շպարը, նոր սանրվածքը ու նույնիսկ մորուքը սեփական էլեկտրոնային արտացոլանքի վրա։

Համակարգչային խաղերի սիրահարների համար Acer-ը ներկայացրել է Predator 17 հատուկ գեյմերական նորութբուքը՝ միանգամից երկու տարբերակներով․15,6 ու 17,3 դյույմ անկյունագծով էկրաններով, որոնք ապահովում են, համապատասխանաբար, մինչև 4K ու 1080р խտությամբ կոնտենտ։ Սարքավորումները հիմնված են մինչև Core i7-6700HQ պրոցեսորների, NVIDIA GeForce GTX980 տեսաքարտերի վրա, կարող են ունենալ մինչև 32 ԳԲ օպերատիվ հիշողություն ու մինչև 512 ԳԲ ծավալ կոշտ սկավառակի վրա։

Մեկ այլ ընկերություն՝ Epson-ը, որոշել է, որ էկրանների ու դիսփլեյների ժամանակներն անցնում են, ու թողարկել է աշխարհում առաջին լազերային պրոեկտորը։ Լուսային հոսքը վերջինում ձևավորվում է ոչ թե լամպի, այլ երեք լազերների (կարմիր, կանաչ ու երկնագույն) միջոցով։ Արդյունքում ստացվում է բավականին վառ (1500 լյումեն) ու կայուն պատկեր։ Ընկերության ներկայացուցիչները հայտարարում են, որ լամպերով պրոեկտորներն արտաբերում են անգամ ավելի վառ՝ 2500 լյումեն պատկերներ, սակայն նման ցուցիչները լինում են շատ կարճ ժամանակով ու գունային փոխանցման խախտումներով։

Վիրտուալ իրականություն

Քանի դեռ Oculus VR և Google ընկերությունները շարունակում են մշակել վիրտուալ ու լրացված իրականության իրենց սաղավարտներն ու ակնոցները, այլ արտադրողներ ներկայացրել են պատրաստի արտադրանք կամ դրանց նախատիպերը։ Razer ընկերության հարթակում ներկայացվել են վիրտուալ իրականության սաղավարտի նախատիպեր, որոնք մշակում է OSVR կոնսորցիումը։ Առայժմ նրա կազմում ընդգրկված 65 ընկերություններից լրջագույնը Valve ընկերության Steam ստորաբաժանումն է։

HTC ընկերությունը ներկայացրել է վիրտուալ իրականության HTC Vive սաղավարտը․ընդհանուր առմամբ, սմարթֆոն արտադրող ընկերությունների համար վիրտուալ իրականության սեփական սաղավարտի թողարկումը պարտադիր է դարձել։ Սակայն, եթե Samsung-ն առաջարկում է դրանցում օգտագործել սեփական սմարթֆոնները, HTC-ն ու Sony-ն ստեղծում են լիաժեք ինքնուրույն սարքավորումներ։ Մյուս կողմից, թայվանական ընկերության ֆինանսական դրությունը վերջին ժամանակները կայուն կերպով վատթարանում է, ու նոր արտադրանքը կարող է շտկել իրավիճակը։

Ճապոնական Sony-ն ներկայացրել է լրացված իրականության ֆունկցիայով «խելացի» ակնոցների նախատիպը։ Բացի վիրտուալ իրականության սաղավարտների թողարկումից, ճապոնական ընկերությունը մշակում է նաև լրացված իրականության սարքավորումներ, որոնց օգնությամբ վիրտուալ պատկերները տեղակայվում են իրականների վրա։

Փոքրիկ տեղեկատվություն․ լրացված իրականության տեխնոլոգիան (անգլ. augmented reality, AR — «ընդլայնված իրականություն») մարդու տեսադաշտ է մտցնում լրացուցիչ տեսողական տեղեկատվություն՝ նպատակ ունենալով լրացնել շրջապատի մասին ինֆորմացիան ու բարելավել դրա ընկալումը։ Այլ կերպ ասած, համակարգիչը խառնում է արհեստական տեսողական օբյեկտները իրական շրջակա միջավայրի հետ՝ թույլ տալով ստանալ ամբողջական կամ կողմնակի տեղեկատվություն։ Վիրտուալ իրականության սաղավարտն, իր հերթին, թույլ է տալիս մասամբ ընկղմվել վիրտուալ իրականության աշխարհ, ստեղծում է համակարգչի կոփղմից ստեղծված տարածությունում գտնվելու տեսողական ու ձայնային էֆեկտ։ Ընդ որում՝ իրական աշխարհը գրեթե չի ընկալվում։

Կենցաղային տեխնիկա

Siemens գերմանական ընկերությունը ներկայացրել է Connected Home տեխնոլոգիայով «խելացի» սառնարանը․սարքավորման ներսում տեղադրված է տեսախցիկ, որը թույլ է տալիս օգտատիրոջը սմարթֆոնի միջոցով տեսնել, թե որքան սնունդ է մնացել սառնարանում և իրերի ինտերների միջոցով պատվիրել այն, ինչ անհրաժեշտ է։

Իրերի ինտերնետը (անգլ. Internet of Things, IoT) ֆիզիկական օբյեկտների («իրերի») հաշվիչ ցանցի հայեցակարգն է, որը հագեցած է ներկառուցված տեխնոլոգիաներով միմյանց կամ արտաքին միջավայրի հետ փոխգործակցելու նպատակով, որը դիտարկում է նման ցանցերի կազմակերպումը որպես մի երևույթ, որը կարող է վերափոխել տնտեսական ու հասարակական գործընթացները` բացառելով գործողությունների որոշ մասում մարդու մասնակցության անհրաժեշտությունը: Հայեցակարգը ձևավորվել է 1999 թ. որպես ռադիոհաճախականության նույնականացման միջոցների լայն կիրառման հեռանկարների իմաստավորում` ապահովելու համար ֆիզիկական օբյեկտների փոխգործակցությունը միմյանց և արտաքին աշխարհի հետ: «Իրերի ինտերնետի» հայեցակարգի հագեցումը բազմազան տեխնոլոգիական բովանդակությամբ և պրակտիկ լուծումների ներմուծումը 2010-ականներից սկսած, համարվում է վերընթաց թրենդ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, առաջին հերթին, անլար ցանցերի համատարած զարգացման, ամպային հաշվարկների, սարքերի միջև փոխգործակցության, IPv6-ին ակտիվ անցման և ծրագրային կոնֆիգուրատիվ ցանցերի յուրացման շնորհիվ:

Իր հերթին Panasonic ընկերությունը մշակել ու ներկայացրել է «խելացի» լվացքի մեքենա, որը կարող է ինքնուրույն պարզել լվացվող կտորի տիպը։ Ճիշտ է, AutoCare ռեժիմն առայժմ կարող է դա պարզել միայն այն դեպքում, երբ լվացքի մեքենայում տիպերով առանձնացված հագուս է ներբեռնված, կոմբինացիաները այն չի հասկանում։ Այդուհանդերձ, սա միայն առաջին քայլն է։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---