Սիրիայի մասին. Համոզելու շնորքը` նախագահի մակարդակով

Սիրիայի մասին. Համոզելու շնորքը` նախագահի մակարդակով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումից հետո Վաշինգտոնը հանկարծ հրաժարվեց Բաշար Ասադի անհապաղ հրաժարականի պահանջից և հազիվ թե ինչ-որ մեկը մտածի, որ այդ փոփոխությունները կապ չունեն այն հանգամանքի հետ, թե ինչ է ասել Պուտինն Օբամային Նյու Յորքում կայացած հանդիպմանը:

Բավականին տևական ժամանակ է, ինչ ամբողջ սիրիական գործընթացը հանգել էր գրոհայինների կողմից տարածքներ գրավել-հանձնելուն, ավելի շատ` գրավելուն, Ասադի հրաժարականը պահանջող ամերիկացիների անդադար պահանջներին, հրաժարականը բացառելու մասին Ասադի հայտարարություններին և հակաահաբեկչական կոալիցիայի հարվածներին, հիմնականում` անարդյունավետ: Գործընթացը դոփում Էր տեղում` սպառնալիք հանդիսանալով ամբողջ աշխարհի համար և հազարավոր մարդկանց կյանքեր խլելով:

PanARMENIAN.Net - Եվ ահա վերջին տարիներին առաջին անգամ սիրիական գործընթացում ինչ-որ փոփոխություններ նշմարեցին, ընդ որում Ռուսաստանի մասնակցությամբ:

Մոսկվան բազմիցս էր հայտարարել, որ Ասադին և նրա կառավարությանը պետք է հանգիստ թողնել, որ այն պետք է դառնա իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր մասը:

Ինչ-որ չափով նույն Մոսկվայի շնորհիվ էր, որն, անշուշտ, առաջնորդվում է բացառապես սեփական շահերով, որ Սիրիայում չստացվեց գործի դնել իշխանափոխության արդեն փորձված սցենարը, ինչպես դա արվեց Իրաքում, Եգիպտոսում, Լիբիայում և այլուր:

Բայց եթե ձախողվում է Ա պլանը, միշտ կա Բ տարբերակը: Այս դեպքում Բ տարբերակն «Իսլամական պետության» ստեղծումն էր, վարժեցումն ու զինումը, որը սակայն, դուրս եկավ վերահսկողությունից և սկսեց սպառնալ ոչ միայն հիմնական թիրախին` Ասադի կառավարությանն, այլ նաև արևմտյան աշխարհին:

Իսկ ԱՄՆ-ն շարունակում էր պահանջել Ասադի անհապաղ և աներկբա հրաժարականը:

Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ 70-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ուենցավ երկու գերտերությունների նախագահների` Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի երկար սպասված հանդիպումը: Հանդիպում, որը Պուտինն ինքն ավելի ուշ անվանեց կառուցողական, գործնական ու անկեղծ, տևեց 2 ժամ նախատեսված 1-ի փոխարեն: Խոսքը, բնականաբար Սիրիայի մասին էր: Ինչպես ասաց հանդիպումից հետո ՌԴ նախագահը, Օբամայի դիրքորոշման հետ համընկնող կետերը «զարմանալիորեն» շատ էին: Իսկ պաշտոնապես` նախագահները հասել են փոխըմբռնման, որ Սիրիայի հարցում «հարկավոր է ակտիվացնել աշխատանքը թեկուզ երկկողմ հիմքի վրա` ստեղծելու համար համակարգման անհրաժեշտ մեխանիզմներ»:

Հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը Պուտինը մեկնաբանեց ինչպես Օբամայի կտրուկ արտահայտությունները, այնպես էլ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կարծիքը Բաշար Ասադի վերաբերյալ: Առաջինն անվանել էր Սիրիայի նախագահին բռնակալ, իսկ երկրորդը` դահիճ: Պուտինն ասաց, որ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը, իսկ Ասադը պատրաստ է քաղաքական բանակցությունների: «Ռուսաստանը կպնդի, որ քաղաքական բարեփոխումներ իրականացվեն»,-խոստացավ նա:

Ավելի ուշ Սպիտակ տունը, անդրադառնալով հանդիպմանը, հայտնեց, որ նախագահները չեն կարողացել համաձայնության գալ Ասադի ապագայի հարցում, իսկ Օբաման իբր ասել է Պուտինին, որ այդ երկրում կայունացման հնարավորություն չի տեսնում, քանի դեռ Ասադը շարունակում է պաշտոնավարել:

Սակայն…

Սակայն, տառացիորեն հաջորդ օրը ԱՄՆ-ն ի դեմս պետքարտուղար Ջոն Քերիի անսպասելի հրաժարվեց Ասադի հրաժարականի պահանջից և սկսեց պնդել, որ իշխանափոխությունը Սիրիայում «կանոնակարգված լինի»: Իսկ Ասադը կարող է մնալ անցումային կառավարությունում:

Ինչպես նշեց Քերին, սիրիական հակամարտությունը հնարավոր չէ լուծել առանց Սիրիայի սունիների մասնակցության այդ երկրի քաղաքական կյանքին, ինչը «որոշ ժամանակ կպահանջի»: Ասադի անհապաղ հրաժարականը կարող է «կործանել» և կազմաքանդել Սիրիայի քաղաքացիական ինստիտուտները, ինչը հանկարծ շատ լավ ընկալեցին Վաշինգտոնում:

«Հարկավոր է ապահովել կանոնակարգված իշխանափոխություն, կառավարելի անցումային շրջան, որպեսզի վրեժխնդրության, կյանքի համար վտանգի մտավախություններ չառաջանան»,-նշել է Քերին` խոստովանելով, որ ԱՄՆ նախկին մոտեցումն իշխանափոխությանը Սիրիայում չաշխատեց:

Ինչպես հայտնի է, քաղաքականության մեջ համընկնումներ չեն լինում և հազիվ թե ինչ-որ մեկը մտածի, թե ԱՄՆ դիրքորոշման անսպասելի փոփոխությունը կապ չունի Պուտին-Օբամա հանդիպման հետ, և նրա հետ, թե ինչ է ասել Պուտինն Օբամային: Եվ ինչպես է կարողացել համոզել:

Չի բացառվում, որ ՌԴ նախագահը համոզել է ԱՄՆ-ին սպասել Ասադի պաշտոնանկության հարցում մինչ պատերազմի ավարտը, որին այս օրերին ակտիվորեն միացավ Ռուսաստանը: Եվ, հավանաբար, փաստարկները շատ ամուր էին, հեռանկարները` իրական, բայց մեզ, հասարակ մահկանացուներիս համար, անհայտ:

Չի բացառվում, որ նման սցենարը նախապես քննարկվել էր հենց Ասադի հետ, որին, հնարավոր է, ՌԴ նախագահը համոզել էր տալ իր համաձայնությունը: Նույն երկաթյա փաստարկներով ու իրական հեռանկարներով:

Սակայն այստեղ կա փոքր, բայց ամերիկյան կողմի համար տհաճ մի նրբություն: Եթե Բաշար Ասադը շարունակի զբաղեցնել պաշտոնը մինչև ԻՊ վերջնական ջախջախումը (ինչպես հուսով է համաշխարհային հանրությունը), ապա նա կդառնա հաղթանակած նախագահ, նույնիսկ եթե նրան օգնել են արտաքին ուժերը: Իսկ ժողովուրդը, որն առանց այդ էլ լավ է վերաբերվում իր նախագահին, գուցե չցանկանա փոխել նրան հաղթանակից հետո:

Թեև…

Թեև, ժողովրդին, հիմնականում երբեք չեն հարցնում:

Մարինա Անանիկյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---