Teamable. Հայաստանյան ամենահաջողակ ստարթափերից մեկն օգնում է գտնել լավագույններին

Teamable. Հայաստանյան ամենահաջողակ ստարթափերից մեկն օգնում է գտնել լավագույններին

Սկսնակ ընկերության հաջողության գրավականը լավ գաղափարն է ու նպատակասլաց աշխատանքը։

Հայաստանյան ստարթափերի՝ սկսնակ ընկերությունների շուկայում առյուծի բաժինը կազմում են ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում աշխատող թիմերը։ Ոլորտը ահռելի քայլերով զարգանում է ողջ աշխարհում, և մրցունակ արտադրանք ներկայացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է նորարար մոտեցում․առաջարկել այն, ինչ յուրահատուկ է և, միաժամանակ, ֆունկցիոնալ։ Հետևաբար, ստարթափի հաջողության գրավականն առաջին հերթին լավ գաղափարն է, ապա՝ նպատակասլաց աշխատանքը։ 12 երիտասարդ մասնագետներից բաղկացած Teamable-ի թիմը կարողացել է հասնել թե առաջինին, և թե՝ երկրորդին՝ դառնալով Հայաստանյան ամենահաջողակ ստարթափերից մեկը, որի ծառայություններից օգտվում են համաշխարհային հսկաները։

PanARMENIAN.Net - Teamable-ի առաջարկած պրոդուկտի արդյունավետությունը հասկանալու համար անհրաժեշտ է հիշել, թե ինչպիսի բարդությունների հետ են առնչվում ընկերությունները նոր աշխատակից որոնելիս։ Հայտարարությունների տեղադրում, հարցուփորձ ծանոթների շրջանում, անվերջ հարցազրույցներ ու փնտրտուքներ։ Teamable ծրագրային պլատֆորմը ստեղծվել է այս խնդիրների արդյունավետ լուծման, ինչպես նաև կոնկրետ ընկերության պահանջներին համապատասխանող մասնագետների որոնման համար։ Կարևորագույնն այստեղ այն է, որ նոր մասնագետի որոնումները իրականացվում են միմյանց ծանոթ մարդկանց, այսինքն՝ կենդանի շփման միջոցով։

PanARMENIAN.Net ի հետ զրույցում Teamable-ի համահիմնադիր Մերուժան Դանիելյանը ներկայացրեց իրենց ստեղծած պլատֆորմի առավելությունները․եթե սովորական միջոցներով, օրինակ՝ էլեկտրոնային փոստով անծանոթ մարդկանց աշխատանքի հրավեր ուղարկելու պարագայում նրանցից պատասխան (անգամ՝ բացասական) ստանալու հավանականությունը կազմում է ընդամենը 10%, ապա գործիքն այն հասցնում է մինչև 90%-ի։

«Պլատֆորմն աշխատում է հետևյալ կերպ։ Առաջինը՝ Teamable-ից օգտվող ընկերության աշխատակիցները գրանցվում են պլատֆորմում՝ յուրաքանչյուրն ունենալով իր սեփական հաշիվը, դառնալով օգտատեր։ Ապա ծրագիրը այդ աշխատակցի թույլտվությամբ սքանավորում է նրա կոնտակտները տարբեր սոցիալական ցանցերում՝ Facebook, LinkedIn, Twitter, Github, Google+ և այլն։ Յուրաքանչյուր կոնտակտային անձի վերաբերյալ հավաքվում է նրա աշխատանքային ու մասնագիտական կարողություններին վերաբերող ամբողջական տեղեկատվություն․ այն, թե որտեղ է աշխատել, կամ աշխատում, մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունները և այլն»,- ասաց Դանիելյանը։

Սա առաջին փուլն է։ Այս ամբողջ տեղեկատվությունը հասանելի է Teamable-ից օգտվող ընկերության՝ կադրային քաղաքականություն իրականացնող անձին։ Եթե ընկերությունում առաջանում է թափուր աշխատատեղ, ապա որոնողական համակարգի միջոցով վերջինս կարող է վերոնշյալ կոնտակտների թվում փնտրել և գտնել այն մասնագետներին, որոնք իրեն անհրաժեշտ են։ Ապա կադրային քաղաքականություն իրականացնող անձը դիմում է այն աշխատակցին, ում կոնտակտների թվում գտնվել է աշխատանքի ընդունման թեկնածուն, և միայն աշխատակցի համաձայնության պարագայում և նրա իսկ կողմից թեկնածուի էլեկտրոնային հասցեին ուղարկվում է նամակ՝ աշխատանքի առաջարկով։ Հետևաբար, ընկերության աշխատակիցը դառնում է միջնորդ, ով նաև որոշակի առումով երաշխավորում է պոտենցիալ աշխատակցի համար։

«Կան ծրագրային համակարգեր, որոնք պոտենցիալ աշխատակիցներ գտնելուց հետո ավտոմատ կերպով նրանց էլեկտրոնային նամակներ են ուղարկում։ Teamable-ի դեպքում ընկերությունը գտնում է պոտենցիալ աշխատակցին վերջինիս ծանոթ անձի, այսինքն՝ պլատֆորմում գրանցված բուն ընկերության աշխատակցի միջոցով։ Հետևաբար, աշխատանքի առաջարկը իրականացվում է ոչ թե անծանոթ մարդու կողմից, այլ նրա, ում դուք ճանաչում եք ու վստահում»,- հավելեց ստարթափի համահիմնադիրը։

2013թ-ին Teamable ստարթափն արժանացել էր տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում STEP` «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհին։ Մրցույթը հաղթելուց հետո թիմը կարողացավ իրականացնել երեք կարևոր քայլ: Առաջինը՝ ձեռք բերվեց գումար ծրագիրը բարելավելու ու հետազոտությունները շարունակելու համար: Երկրորդ` թիմի անդամները կարողացան մեկնել ԱՄՆ, տեղում ուսումնասիրել շուկան ու մասնակցել SWOD կոնֆերանսին։ Երրորդ, արդյունքում նրանք կարողացան կապեր հաստատել ամերիկացի ներդրողների հետ։

Ներկայումս պլատֆորմի ծառայություններից օգտվում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Uber-ը, Yahoo!-ն, Oracle-ը, Intuit-ը և այլն։ Ընկերությունն առայժմ կենտրոնացած է ամերիկյան շուկայի վրա, սակայն հետագայում նպատակ ունի առավել ընդլայնվելու։ Հայաստանյան ընկերությունները ևս հետաքրքրված են Teamable-ի ծառայություններով։

«Մոտ ժամանակներս պատրաստվում ենք թողարկել նաև մոբայլ հավելվածը, որն ավելի դյուրին կդարձնի մեր գործընկերների աշխատանքը։ Նաև, մեր թիմը հրավիրվել է մասնակցելու Websuumit համաշխարհային կոնֆերանսին, որը կանցկացվի նոյեմբերին Իռլանդիայում»,- նշեց ստարթափի մյուս համահիմնադիրը՝ Վազգեն Հակոբջանյանը։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---