Առաջին նոութբուքը, համալրված իրականությունն ու «խելացի» թևնոցը. Microsoft-ի կոնֆերանսի արդյունքները

Առաջին նոութբուքը, համալրված իրականությունն ու «խելացի» թևնոցը. Microsoft-ի կոնֆերանսի արդյունքները

Ամերիկյան հսկայի առանցքային արտադրանքը ծրագրային ապահովման ոլորտից չէ`դրանով Microsoft-ը կանխորոշում է հետագա զարգացման նոր ուղին

Հոկտեմբերի 6-ին ամերիկյան Microsoft ընկերությունը ներկայացրեց իր գլխավոր նորույթները Նյու Յորքում կայացած հատուկ կոնֆերանսի ժամանակ: Եվ քանի որ հիմնական մրցակիցները` Apple-ն ու Google-ը արդեն հասցրել են ցուցադրել սեփական նվաճումները, ապա Microsoft-ը հաստատեց նրանց հետ մրցելու պատրաստակամությունը նորարարական տեխնոլոգիաների բոլոր ոլորտներում: Ամերիկյան հսկայի առանցքային արտադրանքը վերաբերվում ոչ թե ծրագրային ապահովման ոլորտին, այլ նորագույն տեխնոլոգիական լուծումներին` դրանով Microsoft-ը կանխորոշում է հետագա զարգացման նոր ուղին:

PanARMENIAN.Net - Ուսումնասիրելով կոնֆերանսի նյութերը` PanARMENIAN.Net ը ներկայացնում է Microsoft-ի ամենահետաքրքիր նորույթները:

Windows 10 Mobile առաջին սմարթֆոնները

Microsoft-ը ներկայացրել է առաջին Lumia 950 և Lumia950 XL սմարթֆոնները, որոնք աշխատում են Windows 10 Mobile նոր օպերատիվ համակարգի կառավարմամբ: Ինչպես հայտնել է ընկերության ներկայացուցիչը, սարքերն ունեն բաղադրիչների հեղուկային սառեցում:

Երկու սմարթֆոնները կունենան 20-մեգապիկսելանոց PureView հիմնական տեսախցիկ: Lumia 950 մոդելն ունի 5,2-դյույմանոց դիսփլեյ և Snapdragon 6-միջուկանի պրոցեսոր, իսկ 950 XL-ը` 5,7- դյույմանոց դիսփլեյ և 8-միջուկանի պրոցեսոր: Նրանք ունեն 32-ական ԳԲ ներքին հիշողություն: Սարքերը հագեցած են արդիական USB-C-ով, որոնք առայժմ կիրառվում են միայն որոշ մոդելներում:

Microsoft-ը նաև ուշադրություն է դարձրել սմարթֆոնների համար Continuum գործառույթի վրա, որը թույլ է տալիս բջջային սարքը միացնել մեծ էկրանին և օգտագործել այն որպես անհատական համակարգիչ: Continuum-ի շնորհիվ ունիվերսալ հավելվածները հասանելի են դառնում ցանկացած վայրում: Այդպես, բեմի վրա ցուցադրվեց PowerPoint-ի և Word-ի աշխատանքը: Հատկանշական է, որ նույնիսկ երբ սմարթֆոնը միացած է մոնիտորին, այն կարելի է օգտագործել նաև ըստ նշանակության:

Նոր սմարթֆոններն ունեն նաև Hello գործառույթ, որը թույլ է տալիս հանել սմարթֆոնի արգելափակումն ուղղակի մոտեցնելով այն դեմքին:

Lumia 950 և 950 XL-ը վաճառքի կհանվեն ԱՄՆ-ում նոյեմբերին և կարժենան $550 (մոտ 260.000 դրամ ընթացիկ փոխարժեքով) և ավելի: Microsoft-ը նաև ներկայացրել է Lumia 550 սմարթֆոնը 5-դյույմանոց էկրանով և 5 մեգապիկսել թողունակությամբ հիմնական տեսախցիկով: Այն վաճառիք կհանվի ԱՄՆ-ում $140-ով (մոտ 66.000 դրամ):

Առաջին նոութբուքը

Ընկերությունը ներկայացրել է նաև Surface Book անվանումով իր առաջին նոութբուքը: Սարքը հագեցած է 13,5-դյույմանոց սենսորային էկրանով, որը կարելի է անջատել ստեղնաշարից և օգտագործել որպես պլանշետ: Surface Book-ի ստեղնաշարն այս պահի դրությամբ լավագույնն են համարում` ստեղների կարճ և անաղմուկ աշխատանքով (1,6 մմ):

Սարքն աշխատում է վերջին սերնդի Intel Core պրոցեսորներով (հավանաբար, i3, i5 և i7 Broadwel միջուկով), ունի առանձնացված տեսահիշողություն (NVidia GeForce GDDR5-ով), 12 ժամ լիցքավորման կարիք չի ունենում և, ըստ Microsoft-ի հավաստիացումների, MacBook Pro-ից երկու անգամ արագ է: Surface Book-ը վաճառքի կհանվի հոկտեմբերի 26-ից` $1499-ից սկսած: Նախնական պատվերներն ընդունվում են հոկտեմբերի 7-ից:

«Խելացի» ֆիթնես-թրեկեր

Ինչպես և ակնկալվում էր, Microsoft-ը ներկայացրել է երկրորդ սերնդի Band 2 «խելացի» ֆիթնես-թրեկերը, որը թույլ կտա հետևել ֆիզիկական ակտիվությանը և կտեղեկացնի ծանուցումների մասին, որոնք եկել են սմարթֆոնին: Սարքը նաև ներկառուցված բարձրախոս ունի և կարող է արձագանքել խոսքին, հնարավոր է, միացած սմարթֆոնի հզորությունների շնորհիվ:

Band 2-ն ունի հետաքրքիր դիզայն, սենսորային էկրանը պատված է խազերի հանդեպ կայուն Gorilla Glass 3 ապակիով: Այն ներառում է զարկերակի ցուցիչ, բարոմետր, GPS տեղաշարժերի հեռավորությանը և արագությանը հետևելու համար, ուլտրամանուշակագույն սենսոր, աքսելերաչափ և հիրոսկոպ որոշելու համար օգտատերի գտնվելու վայրը, ինչպես նաև քնի ցիկլերի մոնիտորինգ կարող է իրականացնել:

Գաջեթը համատեղելի կլինի Android-ով և iOS-ով աշխատող սմարթֆոնների, ինչպես նաև Windows 10-ով կառավարվող բոլոր սարքերի հետ` Lumia սմարթֆոնների, Surface 4 միացվող ստեղնաշարով պլանշետի և 2-ը մեկում Surface Book նոութբուքի հետ: Սմարթֆոնի տվյալները համատեղելի են Microsoft Health հարթակի հետ, ինչը թույլ է տալիս անընդմեջ հետևել տիրոջ առողջությանը:

Սարքն ԱՄՆ-ում վաճառքում կհանվի հոկտեմբերի 30-ին $250 (մոտ 118.000 դրամ):

Համալրված իրականության ակնոց

Microsoft Hololens hամալրված իրականության ակնոցը մշակողների համար նախատեսված տարբերակով հասանելի կլինի 2016-ի առաջին եռամսյակում $3.000:

Համալրված իրականության տեխնոլոգիան (augmented reality) մարդու տեսադաշտ է բերում լրացուցիչ վիզուալ տվյալներ` համալրելով շրջապատի մասին տեղեկություններն ու բարելավելով տեղեկատվության ընկալումը: Այլ կերպ ասած, համակարգիչը համադրում է արհեստական վիզուալ օբյեկտները իրական շրջակա միջավայրի հետ, հնարավորություն տալով ստանալ լիարժեք կամ կողմնակի տեղեկատվություն:

Ըստ ընկերության ներկայացուցիչների, լինի դա աշխատանքի, առողջությանը հետևելու թե զվարճանալու համար նախատեսված հավելված, Hololens-ն այնպիսի զգացողություն կառաջացնի, որը հնարավոր չի ստանալ մեկ այլ սարքում կամ հարթակում: Մամուլի ասուլիսի ժամանակ ցուցադրվեց խաղերում ակնոցը կիրառելու հնարավոր սցենարը, երբ գաջեթի օգտատերը կարող է գնդակահարել թշնամիներին, որոնք հայտնվում են սենյակում իրականում գոյություն ունեցող օբյեկտների ֆոնին:

Windows 10-ով 110 մլն սարք

Ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ այս պահի դրությամբ Windows 10 նոր օպերացիոն համակարգի կառավարմամբ աշխատում է 110 մլն սարք: Ընդ որում օգտատերերը Windows Store են այցելել ավելի քան 1,25 մլրդ անգամ, իսկ Xbox One սարքից գաջեթների Windows 10 բազա է փոխանցվել արդեն գրեթե 120 տարվա «գեյմփլեյ»:

Հուլիսի 29-ին թողարկվելուց հետո առաջին 24 ժամում օպերացիոն համակարգը տեղադրվեց 14 մլն անգամ: 9 օր անց սարքերի քանակը հասավ 27 մլն, իսկ 2,5 շաբաթից` 53 մլն: Չորս շաբաթում մինչև Windows 10 թարմացվել է նոութբուքերի և պլանշետների 90 հազար տարբեր մոդել:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---