Հայկական մշակույթը՝ աշխարհի թանգարաններում. Լոնդոնի Բրիտանական թանգարան

Հայկական մշակույթը՝ աշխարհի թանգարաններում. Լոնդոնի Բրիտանական թանգարան

Բրիտանական թանգարանում պաշտոնապես հայկական մշակութային արժեքների թիվը ձեռագրերի տեսքով 175 է

Հայկական մշակույթը հազարամյակների հարուստ պատմություն ունի: Տարբեր պատճառներով հայկական նյութական մշակույթի բազմաթիվ նմուշներ տարածվել են աշխարհով մեկ և այժմ պահպանվում ու ցուցադրվում են տարբեր երկրների թանգարաններում: Դրանցից մեկն է Լոնդոնի Բրիտանական թանգարանը (British Museum):

PanARMENIAN.Net - «Անատոլիա և Ուրարտու» (սրահ 54). Հայկական մշակութային ժառանգության նմուշներով հագեցած Անգլիայի և աշխարհի արվեստի և պատմության թանգարաններից մեկն է Լոնդոնի Բրիտանական թանգարանը։ Դրա ֆոնդերի քանակը գերազանցում է 7 մլն-ը, որով այն դասվում է աշխարհի ամենամեծ թանգարանների շարքին։

Թանգարանի հիմքը 1753-ին տրվել է գիտնական և կոլեկցիոներ Հանս Սլոանի (Hans Sloane) անձնական հավաքածուով։ Առաջին անգամ հանրության համար այն բացվել է 1759-ի հունվարի 15-ին։ Թանգարանում ներկայացված են բոլոր մայրցամաքների մշակութային հիմնական շերտերը՝ պատմական և գեղագիտական զարգացմամբ։

Ձախից՝ Ուրարտուի բրոնզե մարդակերպ թևավոր ցլիկներ Ռուսախիլինիից, մ.թ.ա. 700 թ. Աջից՝ Աստծու բրոնզե արձանիկ, մ.թ.ա 8-7-րդ դարեր, Ուրմիա

Աշխարհահռչակ թանգարանում ուրարտական և հետուրարտական շրջանի պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող ցուցանմուշները երկար ժամանակ «Հնագույն Թուրքիա» անվան տակ են ցուցադրվել: Թանգարանի տնօրինության հետ մի քանի տարի բանակցություններ են տարվել: Եվրոպայի Հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) առաջարկում էր սրահը վերանվանել «Ուրարտու հնագույն Հայաստան»-ի: 2015-ի օգոստոսին միայն «Հնագույն Թուրքիա» սրահը Բրիտանական թանգարանում վերանվանվել է «Անատոլիա և Ուրարտու»-ի։

Սրահի վերանվանման պահանջով ստորագրահավաքին մասնակցել է 12.000 մարդ:

«Անատոլիա և Ուրարտու» բաժնում ցուցադրված առարկաների գրեթե 90%-ը բերված է Արևմտյան Հայաստանից՝ Հայկական լեռնաշխարհից, որը Անգլիայում համարվում է «Արևելյան Թուրքիա»: Դրանք Ուրարտուի շրջանի առարկաներ են՝ մետաղյա ու կավե սափորներ, զենքեր, գոտիներ, սաղավարտներ, զարդեր, քարից և օբսիդիանից պատրաստված գործիքներ:

Ցուցասրահի ուշագրավ նմուշներից են երեք կարմիր սափորը, բայց ավելի հետաքրքիր է դրանց պեղման վայրը` Կարմիր բլուր:

Ձախից՝ գինու հղկված կարմիր սափորներ Կարմիր բլրից, մ.թ.ա 7-րդ դար, Ուրարտու. մեջտեղում՝ Բրոնզե սաղավարտ, մ.թ.ա 9-8-րդ դդ., հավանաբար ժամանակակից Իրանի հյուսիս-արևմուտքից. աջից՝ Գլանաձև կնիք ու դրոշմ հրեշների ու կենդանիների գլուխների պատկերներով, Հայկական լեռնաշխարհ,. մ.թ.ա 8-րդ դար

Այսօր Բրիտանական թանգարանին կից գործող գրադարանում պաշտոնապես հայկական մշակութային արժեքների թիվը ձեռագրերի տեսքով 175 է: Թանգարանի ամենակարևոր մատյաններից է 1200-1201 թթ. թվագրվող՝ Երզնկայի մոտ գտնվող Ավագ վանքում Վարդան գրչի կողմից արված ձեռագիրը, ում վերագրում են նաև հայտնի Մշո Ճառընտրի ընդօրինակությունները, «Հայկական նկարազարդ ավետարանները» անվամբ գիրքը:

Թանգարանի նշանավոր ձեռագրերից է նաև Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսում 1280-ին Ստեփանոս Վահկացուընդօրինակած Ավետարանը: Ձեռագրի երբեմնի տերն էր Հեթում Առաջին թագավորի եղբայր Օշինի որդին` Թորոսը, իսկ հետագայում այն դարձել է Նոր Ջուղայի քաղաքապետի որդու` Խոջա Նազարի սեփականությունը:

Քառավետարան՝ հայերենով, 1434թ.

Բրիտանիայում են պահվում նաև հայկական մանրանկարչության ուշ շրջանի ծաղկողներից մեկի` Ջուղայեցու կողմից զարդարված 3 ձեռագիր մատյանները:

Դրանցից բացի, Լոնդոնի թանգարանում կան նաև կիրառական արվեստի նմուշներ, գավազաններ, խեցեղեն, վարագույրներ, գորգեր: Նշանալի են հատկապես Քյոթահիայում (Կուտինա) ստեղծված խեցեգործական իրերը, որոնք սխալմամբ վերագրում են թուրքական մշակույթին: Հարուստ են ներկայացված զանազան սկիհներն ու գավազանները, որոնք պատկանել են հոգևորականների և դրվագված են գույնզգույն քարերով, մանր, ասեղնագործական վարպետության հասնող զարդերով:

1872-ին՝ հողագործական աշխատանքների ժամանակ Փոքր Հայքի Սատաղ վայրում հայտնաբերված Անահիտ աստվածուհու կիսանդրին, որը պահվում է Բրիտանական թանգարանում` «Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհը» սրահում (սրահ 22), ցուցադրվում է հելենիստական բաժնում, ու ներկայացվում է որպես հունահռոմեական մշակույթի մաս:

Ձախից՝ Փոքր Հայքի Սատաղ վայրում հայտնաբերված Անահիտ աստվածուհու կիսանդրին, մեջտեղում՝ Արտավազդ IV, մ.թ. 4-6-րդ դդ.ձախից՝ Ուրարտու. Քաղաքի պատի բրոնզե մոդել Ռուսախիլինիից, մ.թ.ա. 8-րդ դար

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---